Category: ArmPulse

  • Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել ՔԿՀ-ից․ անդրադարձ տնտեսությանն ու ներքին համերաշխությանը | Քաղաքականություն

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, գտնվելով «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով երկրի տնտեսական ռիսկերին, արտահանման շուկաների փոփոխությանը և ներքին քաղաքական համերաշխության անհրաժեշտությանը:

    Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է իր դիրքորոշումը ներքին համերաշխության անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով, որ տնտեսությունը «ռուսամետի» և «արևմտամետի» բաժանելն անթույլատրելի է․

    «Անկախ բոլոր անարդարություններից, որոնք կատարվել են իմ և իմ թիմի նկատմամբ, ես այսօր պնդում եմ նույնը։ Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի․ դա թշնամու երազանքն է։ Այս պայմաններում մենք կարիք ունենք բոլոր կարող ուժերի և անհատների ներուժի՝ Հայաստանից և Սփյուռքից»,- նշված է ուղերձում:

    Անդրադառնալով արտաքին առևտրին՝ Ծառուկյանը նշել է, որ կողմ է արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացմանը (Եվրոպա, ԱՄՆ, արաբական երկրներ), սակայն դա չպետք է անել ավանդական շուկաների և տնտեսական կապերի ավերման հաշվին․

    • «Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու։ Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս»։

    •  Նա ցավով արձանագրել է, որ աշխատող հիմնարկներն ու ձեռնարկությունները կանգնեցվել են՝ հազարավոր աշխատակիցների կանգնեցնելով անորոշության առջև, սակայն հույս է հայտնել, որ արդարությունը վերականգնվելու է:

    Ուղերձում ընդգծվում է, որ Հայաստանը կանգնած է լուրջ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների առջև, այդ թվոմ՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, տնտեսական սուր ռիսկերը և Ադրբեջանի հավակնությունները, որոնք պահանջում են ոլորտային մասնագետների համախմբում:

  • Խորհրդարանական ընդդիմությունը, աշխատավարձերը չհաշված, ավելի քան 1 միլիարդ դրամ է ստացել՝ պայքարի իմիտացիա ստեղծելու համար․ Էդմոն Մարուքյան | Քաղաքականություն

    Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում  թվերով անդրադարձել է ընդդիմության ստացած պարգևավճարներին և հայտարարել, որ մարդիկ  ահռելի միջոցներ են ստացե իրենց անարդյունք աշխատանքի համար։

    «Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել…

    ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ 8-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, աշխատավարձերից բացի, ստացել է մոտ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ) պարգևավճար։ Մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 107 մլն 440 հազար 920 դրամ։

     

    Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար։ Որքան ավելի շատ են «պայքարել», այնքան Հայաստանն ավելի շատ է կորցրել, մինչդեռ նրանք այդ ընթացքում կանոնավոր կերպով հարստացել են։

     

    Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարան մտնելուց առաջ էլ այդ ընդդիմությունը բոլորովին աղքատ չէր։

    Նշված գումարների մեջ ներառված չէ նաև պատգամավորներին ամսական վճարվող 250 000 դրամը, որը նույնպես ստացել են հինգ տարի շարունակ։ Այսինքն՝ մոտավորապես ևս կես միլիարդ դրամ է հատկացվել «ընդդիմությանը»։ Սակայն մինչև ԱԺ մտնելը նրանք բողոքում էին, թե իբր նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավորները «անիմաստ» 50 հազար դրամ էին ստանում։

     

    Վերջնահաշվարկում ստացվում է, որ հինգ տարվա ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը, աշխատավարձերը չհաշված, ավելի քան 1 միլիարդ դրամ է ստացել՝ պայքարի իմիտացիա ստեղծելու համար»,- գրել Մարուքյանը։

  • Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել | Հասարակություն

    Հուլիսի 26-ին՝ ժամը 11:13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է և վնասել ոտքը:

    Ահազանգով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    • Փրկարարներն առաջին օգնություն են ցուցաբերել 52-ամյա կնոջը և նրան մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

    • Նույն օրը մատուռի հարակից տարածքում օգնություն է ցուցաբերվել ոտքը վնասած 70-ամյա մեկ այլ քաղաքացու, ում պատգարակով (մոտ 200 մետր) տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության մեքենային:

    Անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում սահմանել են հերթապահություն։

  • Կանայք, ներգրավված լինելով տնային գործերում, ֆիզիկապես ավելի ծանրաբեռնված են, քանի տղամարդիկ․հետազոտություն | Հասարակություն

    «Արմենպրեսս»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրել է, որ  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվերով, ՄԹ ֆինանսավորմամբ «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք շաբաթական միջինը 15.3 ժամ տրամադրում են տնային գործերին՝ խոհանոց, մաքրություն, լվացք և 8.6 ժամ՝ խնամքին՝ երեխաներ, ավագ սերունդ և այլն։

    Կանայք, ներգրավված լինելով տնային գործերում, ֆիզիկապես ավելի ծանրաբեռնված են, քանի տղամարդիկ։

    Տիգրան Ջրբաշյանի տեղեկացմամբ՝տղամարդիկ տնային գործերին տրամադրում են շաբաթական միջինը 3.6 ժամ, իսկ խնամքին՝ 2.2 ժամ, ինչը 30-40 տարեկանում հասնում է իր բարձրակետին՝ ընդամենը 8-11 ժամի:

    Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատանքային տարիքում կանայք մոտ 4-5 անգամ ավելի աշխատանք են կատարում, քան տղամարդիկ։

    «Սա չմոնետիզացված աշխատանք է, այսինքն, չի վճարվում, սակայն կանայք, նման աշխատանք կատարելով, արդյունքն են ստեղծում, ինչը շատ կարևոր է և պետք է գնահատվի»,-ասել է Տիգրան Ջրբաշյանը։

    Վերլուծելով արդյունքները՝ Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ կանայք, ընդհանուր առմամբ կատարած աշխատանքի 78 տոկոսի համար չեն վճարվում։ Այսինքն, սա ծանրաբեռնվածության այն տոկոսն է, որը կինը ծախսում է տանը՝ ընտանիքի խնամքի վրա։ Փաստացի ստացվում է , որ կանայք վճարվում են իրենց կատարած աշխատանքի 22 տոկոսի դեպքում։ Տղամարդկանց պարագայում մոտ 11 տոկոսը չվճարվող է, 89 տոկոսը՝ վճարվող։

    ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի Լուսինե Սարգսյանը նշել է, որ 

    կանայք այսպիսի ծանրաբեռնվածությամբ շատ հաճախ ընտրության առաջ են կանգնում։ Ֆորմալ աշխատանք գտնե՞լ, մասնագիտական առաջխաղացում ունենա՞լ, թե՞ ընտանիք կազմել, երեխա ունենալ։

    Բանախոսները նշել են, որ կանայք հասարակության մեջ շատ ավելի արտադրողական են, որովհետև շատ ավելի կրթված են։ Հետևաբար, ըստ նրանց, պետք է կանայք ունենան հնարավորություն աշխատելու, որ տնտեսությունը չզրկվի ավելի բարձր ավելացված արժեք ստեղծելուց։

     

  • ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը | Սպորտ

    Հայտնի է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը 2028 թվականի Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

    Ընտրական 1-ին խմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին պայքարը կսկսի Հունգարիայի հավաքականի դեմ տնային հանդիպումով: Հանդիպումները կմեկնարկեն 2026 թվականի հոկտեմբերին և կավարտվեն 2027 թվականի մարտին։

    Հայաստանի հավաքականի խաղացանկը (1-ին խումբ)

    • 15.10.2026 | Հունգարիա – Շվեդիա

    • 20.10.2026 | Հայաստան – Հունգարիա

    • 07.11.2026 | Շվեդիա – Հայաստան

    • 09.12.2026 | Հայաստան – Շվեդիա

    • 27.02.2027 | Շվեդիա – Հունգարիա

    • 03.03.2027 | Հունգարիա – Հայաստան

     ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլում 36 հավաքականներ բաժանվել են 12 խմբի՝ յուրաքանչյուրում 3-ական թիմ։

     

  • Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին վեց ամիսներին աճել է 7․9 տոկոսով | Էկոնոմիկա

    Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում 7․9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

    Հունիսին այն 4․4 տոկոսով բարձր է եղել մայիսի և 7․7 տոկոսով՝ 2025 թվականի ամռան առաջին ամսվա ցուցանիշից:Աճի տեմպերով առաջատար է մնում շինարարության ոլորտը, որի զարգացման ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին 24․5 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից՝ գնահատվելով 282 մլրդ 220 մլն դրամ։ Հունիսին՝ մայիսի համեմատ շինարարության ծավալներն աճել են 19․5 տոկոսով՝ գնահատվելով 74 մլրդ 883․4 մլն դրամ։

    Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 25․4 տոկոս է: Առաջընթացի ցուցանիշներով երկրորդ հորիզոնականում է հայտնվել ծառայությունների ծավալը (առանց առևտրի)։ Ոլորտն առաջին կիսամյակում 11 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 148 մլրդ 598․5 մլն դրամ: Հունիսին՝ մայիսի համեմատ, աճել է 5․7, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 19․7 տոկոսով: Հունիսին ծառայությունների ծավալը գնահատվում է 414 մլրդ 966․7 մլն դրամ:Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հունիսին 10․8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 522 մլրդ 502․1 մլն դրամ:

    Ընդ որում, հունիսին՝ մայիսի համեմատ արտադրանքի ծավալը կրճատվել է 3․1 տոկոսով, սակայն 4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը: Հունիսին արտադրվել է 256 մլրդ 702․6 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: Առևտրի շրջանառությունը տարվա առաջին վեց ամիսներին 0․9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ հասնելով 3 տրլն 155 մլրդ 866 մլն դրամի: Հունիսին՝ մայիսի համեմատ, աճել է 6․3 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է 0․1 տոկոսով։ Հունիսին իրականացվել է 585 մլրդ 949․6 մլն դրամի առևտուր:

    Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն առաջին կիսամյակում 11․9 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և գնահատվում է 310 մլրդ 50․5 մլն դրամ։Սպառողական գների ինդեքսը հունվար-հունիսին 4.6 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Հունիսին՝ մայիսի համեմատ, նվազել է 0.5, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 5․1 տոկոսով:

    Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-հունիսին 8․9 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Հունիսին՝ մայիսի համեմատ, աճել է 0․2, իսկ 2025-ի հունիսի համեմատ՝ 8․8 տոկոսով:Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է 4 մլրդ 657․5 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 7.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

    Հունիսին՝ մայիսի համեմատ արտադրությունն աճել է 1, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 7․7 տոկոսով: Հունիսին արտադրվել է 663․5 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:Սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (մայիս՝ 579.8, հունիս՝ 616.2) այն ևս ներառված չէ:

    Հաշվետու ժամանակաշրջանում միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։

  • WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում | Սպորտ

    Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) թարմացված դասակարգման աղյուսակում 47 աստիճան առաջընթաց է գրանցել և այժմ զբաղեցնում է 161-րդ տեղը։

    Առաջխաղացմանը նպաստել է անցյալ շաբաթ 23-ամյա թենիսիստուհու աջող ելույթը Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացված WTA 250 շարքի մրցաշարում, որտեղ նա հասել էր մինչև կիսաեզրափակիչ:

    Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ալինա Չառաևան, զբաղեցնում է 112-րդ տեղը:

    WTA-ի առաջատարների տասնյակը

    WTA-ի վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

    1. Արինա Սաբալենկա (Բելառուս)

    2. Ելենա Ռիբակինա (Ղազախստան)

    3. Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)

    4. Կորի Գաուֆ (ԱՄՆ)

    5. Միրա Անդրեևա (Ռուսաստան)

    6. Կարոլինա Մուխովա (Չեխիա)

    7. Լինդա Նոսկովա (Չեխիա)

    8. Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)

    9. Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ)

    10. Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)

     

  • Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ | Հայաստան

    Հայաստանում նախատեսվում է սահմանել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման միասնական կարգ։

    Համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

    Նախագծով սահմանվում են հակակարկտային աշխատանքների, տեղումների խթանման, մառախուղի ցրման, ցածր ամպամածության վերացման և այլ օդերևութաբանական երևույթների վրա ներգործության իրականացման նպատակները, մեթոդներն ու անվտանգության պահանջները։

    Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունները նախատեսվում է իրականացնել բնակչության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի՝ վտանգավոր օդերևութաբանական երևույթներից պաշտպանության նպատակով։

    Դիտված և կանխատեսվող չորային եղանակային պայմաններում կարող են իրականացվել տեղումների խթանման աշխատանքներ։ Մառախուղի ցրումը և ցածր ամպամածության վերացումը նախատեսվում է իրականացնել օդանավակայանների, ավտոմոբիլային ճանապարհների և ռազմավարական նշանակության այլ օբյեկտների անվտանգ գործունեությունն ապահովելու համար։

    Ակտիվ ներգործությունները կարող են իրականացվել հրթիռային և ավիացիոն եղանակներով, հակակարկտային կայանքների, քիմիական ռեագենտների, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ։Նախագծով նախատեսվում է, որ աշխատանքները կիրականացվեն օդերևութաբանական դիտարկումների, ռադիոլոկացիոն և արբանյակային տվյալների ու կանխատեսումների վերլուծության հիման վրա՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։Նախքան ներգործություն իրականացնելը մասնագիտական կառույցը պետք է գնահատի դրա նպատակահարմարությունը, հնարավոր ռիսկերն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև բնակչության, շրջակա միջավայրի և հարակից տարածքների վրա հնարավոր ազդեցությունը։

    Յուրաքանչյուր ներգործության դեպքում պետք է գրանցվեն դրա ամսաթիվը, ժամանակահատվածը, աշխարհագրական կոորդինատները, կիրառված մեթոդներն ու սարքավորումները, օգտագործված նյութերի տեսակն ու քանակը և կատարված աշխատանքի արդյունքները։Գազային կամ պայթյունավտանգ նյութերով գործող կայանքները պետք է համալրված լինեն գազի արտահոսքի հայտնաբերման և վերահսկման ավտոմատ համակարգերով։

    Տեխնիկական անսարքության, գազի արտահոսքի կամ հրդեհավտանգ իրավիճակի դեպքում աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն։Նախագծի հիմնավորման համաձայն՝ ոլորտում ներկայում բացակայում է մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման համալիր կարգավորումը։

    Որոշման ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի և պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի փոփոխություն չի նախատեսում։Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 6-ը։

     

  • Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի հուլիսի 27-ից։