«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, գտնվելով «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով երկրի տնտեսական ռիսկերին, արտահանման շուկաների փոփոխությանը և ներքին քաղաքական համերաշխության անհրաժեշտությանը:
Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է իր դիրքորոշումը ներքին համերաշխության անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով, որ տնտեսությունը «ռուսամետի» և «արևմտամետի» բաժանելն անթույլատրելի է․
«Անկախ բոլոր անարդարություններից, որոնք կատարվել են իմ և իմ թիմի նկատմամբ, ես այսօր պնդում եմ նույնը։ Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի․ դա թշնամու երազանքն է։ Այս պայմաններում մենք կարիք ունենք բոլոր կարող ուժերի և անհատների ներուժի՝ Հայաստանից և Սփյուռքից»,- նշված է ուղերձում:
Անդրադառնալով արտաքին առևտրին՝ Ծառուկյանը նշել է, որ կողմ է արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացմանը (Եվրոպա, ԱՄՆ, արաբական երկրներ), սակայն դա չպետք է անել ավանդական շուկաների և տնտեսական կապերի ավերման հաշվին․
-
«Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու։ Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս»։
-
Նա ցավով արձանագրել է, որ աշխատող հիմնարկներն ու ձեռնարկությունները կանգնեցվել են՝ հազարավոր աշխատակիցների կանգնեցնելով անորոշության առջև, սակայն հույս է հայտնել, որ արդարությունը վերականգնվելու է:
Ուղերձում ընդգծվում է, որ Հայաստանը կանգնած է լուրջ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների առջև, այդ թվոմ՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, տնտեսական սուր ռիսկերը և Ադրբեջանի հավակնությունները, որոնք պահանջում են ոլորտային մասնագետների համախմբում:
Leave a Reply