Category: ArmPulse

  • Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը | Քաղաքականություն

    Հուլիսի 28-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։

    Հայ ռազմաքաղաքական գերիների բողոքի քննության շրջանակում վերաքննիչ դատարանում կողմերի ելույթներն ավարտվել են։Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին:

  • Նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է Firebird AI ընկերության արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոն | Էկոնոմիկա

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 28-ին այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոն։  ԲՏԱ նախարարությունից տեղեկացրին, որ նախարարին շրջայցի ընթացքում ուղեկցել է Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

     Այցի շրջանակում նախարար Հայրապետյանը ծանոթացել է «ԱԲ գործարանի» ընթացիկ վիճակին, շահագործման նախապատրաստական աշխատանքներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բարձր արտադրողականությամբ հաշվարկային համակարգերին, ինչպես նաև բացման հանդիսավոր արարողությունից առաջ իրականացվող վերջին տեխնիկական աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև նախագծի հետագա զարգացման փուլերը։

    Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Firebird-ի իրականացրած այս ռազմավարական նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից՝ ձևավորելով նոր հնարավորություններ գիտահետազոտական համայնքի, ստարտափների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և պետական հատվածի համար։

    Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար (6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ), իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ շահագործման հանձնելով ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։

    ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները:

     

     

  • Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել | Տարածաշրջան

    Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել։Հրդեհները բռնկվել Արցախի մի քանի գյուղերի մոտ,  ականապատ տարածքներում, ինչը բարդացնում է հրշեջների աշխատանքը, երեքշաբթի օրը հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական« Ռիա Նովոստի»-ից։

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են ականապատ տարածքների և քամոտ եղանակի պատճառով։
    Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշ տարածքներում լսվում են հողում մնացած զինամթերքի պայթյուններ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

  • ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ | Քաղաքականություն

    Եվրամիությունը մտադիր է ստիպել Երևանին հրաժարվել Մոսկվայի հետ համագործակցությունից, հայտարարել է Ռուսաստանի  Արտաքին հետախուզության ծառայության (SVR) մամուլի ծառայությունը։
    «Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա արդեն ճնշում է գործադրվում՝ ռազմավարական ոլորտներում ռուսական բիզնեսի ներկայությունը նվազեցնելու, մարդասիրական կապերը խզելու և դրա ներքին հակառակորդներին ճնշելու համար», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

    Եվրոպացի բյուրոկրատները մտադիր են մանիպուլյացիաների միջոցով պարգևատրել Հայաստանին նման քայլերի համար. նրանք կխոստանան վիզային ռեժիմի ազատականացում և վերածվել «աշխարհի բարգավաճ խաչմերուկի», – նշել է հետախուզական ծառայությունը։

    Ռուսաստանի  Արտաքին հետախուզության ծառայությունն ընդգծել է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, երկիրը կբախվի խորը տնտեսական ճգնաժամի։ Միևնույն ժամանակ, Բրյուսելն ինքն էլ հասկանում է, որ չի կարողանա փոխհատուցել Երևանին միլիարդավոր դոլարների ծախսերի համար։ Շատ եվրոպական երկրներ արդեն իսկ ազդանշան են տվել, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները նրա արտադրանքի համարասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

  • ԱՄՆ-ն մտահոգված է Վրաստանի կառավարության կողմից Ատելության խոսքի դեմ պայքարի գրասենյակի ստեղծմամբ | Քաղաքականություն

    Մենք մտահոգված ենք Վրաստանի կառավարության կողմից Ատելության խոսքի դեմ պայքարի գրասենյակի ստեղծմամբ։ Ստին և սխալ տեսակետներին լավագույն պատասխանը խոսքի ազատությունն է, այլ ոչ թե պարտադրված լռությունը։ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը այս հայտարարությունն արել է ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Վահո Սանայայի կալանավորման վերաբերյալ հարցի, գրում են վրացական լրատվամիջոցները։

    Դեսպանատունը բացատրել է, որ ԱՄՆ-ն կտրականապես դեմ է գրաքննությանը և սահմանափակող օրենքներին, որոնք օգտագործվում են անցանկալի տեսակետներ ունեցողներին լռեցնելու համար։

    «Թրամփի վարչակազմը հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները խոսքի ազատությունը համարում է  հասարակության գործունեության հիմք, և մենք կտրականապես դեմ ենք գրաքննությանը և սահմանափակող օրենքներին, որոնք օգտագործվում են անցանկալի հայացքներ ունեցողներին լռեցնելու համար: Ինչպես մենք արդեն հայտարարել ենք մեր վրացի գործընկերներին, կայունությունը պահանջում է քաղաքական ընդդիմություն, որը համագործակցում է պետական ինստիտուտների հետ այն քաղաքացիների անունից, ովքեր քվեարկել են դրա օգտին: Քաղաքական կայունությունը, որն ապահովվում է բազմազան հայացքների լայն ներկայացուցչությամբ, այն գործոններից մեկն է, որը Վրաստանը դարձնում է ԱՄՆ ներդրումների, անվտանգության համագործակցության և երկարաժամկետ ռազմավարական գործընկերության հուսալի գործընկեր:

    Մենք մտահոգված ենք Վրաստանի կառավարության կողմից ատելության խոսքի դեմ պայքարի գրասենյակի ստեղծմամբ: Կեղծիքներին և թյուրըմբռնումներին լավագույն արձագանքը խոսքի ավելի ազատությունն է, այլ ոչ թե պարտադրված լռությունը», – նշել է ԱՄՆ դեսպանատունը:

  • «ԵՄ-ում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը» | Քաղաքականություն

     Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն հայտարարել է, որ Եվրամիությունում գիտակցում են, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ երկրում խորը տնտեսական ճգնաժամ կսկսվի, գրում է ռուսական «Ռիա Նովոստի»-ն։

    «ԱՀԾ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը ճանաչում է Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս։ Ընդգծվում է, որ եվրասիական ինտեգրացիային մասնակցությունից ստացված եկամուտների զրոյացումը թույլ չի տա կայունություն ապահովել ՀՀ իշխանությունների համար, որոնք «թիավարում են» դեպի ԵՄ՝ ԵԱՏՄ անդամների հաշվին», – ասվում է ԱՀԾ-ի հայտարարության մեջ։

  • Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու հերթական դեպքը | Հայաստան

    Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու հերթական դեպքը։

    «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող, վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը՝ գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

    ՀՕՀ վարչության աշխատակիցները ձեռնարկել և  իրականացրել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:  Ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել  և հետազոտվել են իրացման վերաբերյալ տվյալները: Միաժամանակ ուսումնասիրվել են նաև վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումներ պարունակող տետրերը։ Ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ:  Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-2026 թթ-ին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 մլն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 մլն ՀՀ դրամ։

    Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման արատավոր վարքագծից և չկատարել ապօրինություններ, իսկ գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

  • Բոլիվիայում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը | Քաղաքականություն

    Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքի Ֆրանս-գերմանական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայաստանին՝ որպես նոր և գրավիչ զբոսաշրջային ուղղության: Միջոցառումը կազմակերպվել էր Ուրուգվայում ՀՀ դեսպանության և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության համատեղ նախաձեռնությամբ։

    Բացման խոսքով հանդես են եկել համատեղության կարգով Բոլիվիայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարսելո Օրտուստե Գոնսալեսը։

    Դեսպան Գևորգյանն իր ելույթում ներկայացրել է․

    • Հայաստանի զբոսաշրջային գրավչություններն ու պատմամշակութային ժառանգությունը,

    • Վերջին տարիներին ոլորտում արձանագրված տեսանելի առաջընթացը,

    • Միջազգային շուկայում Հայաստանի դիրքավորման հաջողությունները։

    Միջոցառման շրջանակում ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները լուսաբանող տեսանյութեր, ինչպես նաև կազմակերպվել է լուսանկարչական ցուցահանդես, որին հաջորդել է պաշտոնական ընդունելություն:

    Մասնակիցների թվում էին․

    • Բոլիվիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ,

    • Խորհրդարանականներ, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ,

    • Զբոսաշրջության ոլորտի, ակադեմիական և գործարար շրջանակների գործիչներ,

    • Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

     

  • 2026թ. հունվար-հունիսի հարկային մուտքերն աճել են՝ գերազանցելով 1.1 տրիլիոն դրամը | Հայաստան

    ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:

    1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ  895 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 123 միլիարդ 824 միլիոն դրամ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ:

    Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 939 միլիարդ 957 միլիոն դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 120 միլիարդ 537 միլիոն դրամ։

    Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 169 միլիարդ 938 միլիոն դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 3 միլիարդ 286 միլիոն դրամ։