Category: ArmPulse

  • Գլենդելում 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության եվ խարդախության կասկածանքով | Հասարակություն

    Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը հայտնել է, որ բազմաբնակարան շենքերից մեկում վերջիններս փոխարինել են փոստարկղերի բանալիները կեղծերով՝ գողանալով բնակիչների նամակները։ Բնակիչների տվյալներն օգտագործվել են՝ վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։

    Կատարվել են խուզարկություններ, ձերբակալվել են Գլենդելի բնակիչներ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։
    5-ն էլ տեղափոխվել են ոստիկանության բանտ։ Հետաքննությունը շարունակվում է։

  • Ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Հասարակություն

    Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։

    Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։

     Նոր կարգավորմամբ՝ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի՝ որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։ Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կստեղծվեն իրավական հիմքեր, որոնք հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին հնարավորություն կտան դառնալ խնամատար ծնող և երեխայի խնամքն իրականացնելու համար ստանալ վարձատրություն»,- ասվում է հաղորդագրությունում։

  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը համարում են կազմակերպության դաշնակից. գլխավոր քարտուղար | Քաղաքականություն

    ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

    «Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ-ի անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից»,-հայտարարել է Մասադիկովը։

    Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքը դադարեցնելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։  

  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որպես առաջնահերթություն չկա և չպետք է լինի․Սարգիս Խանդանյան | Քաղաքականություն

    ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը Աժ-ում  անդրադարձել է ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից արված այն հայտարարություններին, թե Հայաստանի իշխանությունները դեմ են, որպեսզի այլ պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ 

    Նա ասել է, որ ողջունելի է այն պետությունների մոտեցումը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և նաև կշարունեկեն այդ գործընթացը։

    Խանդանյանի  խոսքով՝ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցներում։ Նա հիշեցրեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը։

    Միաժամանակ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որպես առաջնահերթություն չկա և չպետք է լինի։

     

  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28.650 դրամ, նույնականացման քարտը՝ 5.950 դրամ | Հայաստան

    Հայաստանում այս աշնանից կմեկնարկի կենսաչափական անձը հաստատող նոր փաստաթղթեր, ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը

    Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ, նախկին 25,000-ի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5,950 դրամ, նախկին 3,000-ի փոխարեն՝ 5 տարի վավերականությամբ։ 

  • Վերջին տարիներին Հայաստանից քաղաքացիություն ստանալու դիմումների քանակն էականորեն ավելացել է | Հայաստան

    Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանից քաղաքացիություն ստանալու դիմումների քանակն էականորեն ավելացել է։

    Արմեն Ղազարյանն  ասել է, որ առաջին նպատակը ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելն է։

    «Եթե ուշադրություն դարձնեք այն տարիներին, երբ սփյուռքի մեր համայնքներում կային խնդիրներ, օրինակ, որոշակի երկրների հետ, որտեղ մեր հայրենակիցներն այդ երկրի քաղաքացիներ էին և չէին կարողանում ճամփորդել, ունեին ճամփորդական բարդություններ։ Ներկայում ևս կա նման իրողություն, ակնհայտ է, Ռուսաստանի հայ համայնքի հետ կապված։ Եվ մենք նկատում ենք Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու դիմումների կտրուկ աճ։ Եթե նայեք 2025 թվականի քաղաքացիություն ստանալու դիմումներին, դրանց քանակը գերազանցել է 32 հազարը, դա Հայաստանի գոյության պատմության ամբողջ ընթացքի պատմական մաքսիմումն է։

    Նրա խոսքով՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիությունն այս դեպքում գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար։

    Նա մատնանշել է քաղաքացիության ինստիտուտի հետ կապված ևս մեկ խնդիր, որը հասցեագրման կարիք ունի։

    «Այն անձը, ով դադարեցնում է Հայաստանի քաղաքացիությունը, հնարավորություն ունի 10 րոպե հետո դիմել այդ քաղաքացիությունը վերականգնելու համար։ Արդյոք սա տրամաբանակա՞ն է և նորմա՞լ է։ Կրկին՝ իմ համեստ մասնագիտական կարծքով, ոչ, նորմալ չէ և տրամաբանական չէ։ Եթե անձը դադարեցնում է իր քաղաքացիությունը, իր կամքով ասում է, որ ես այլևս չեմ ցանկանում լինել ՀՀ քաղաքացի, դա նշանակում է, որ քաղաքացին դադարեցնում է այն սոցիալական պայմանագիրը, որն ունի պետության հետ, ասում է՝ ես չեմ ուզում այլևս այդ պայմանագրի մաս լինել։ 

    Բայց շենքի շուրջ մեկ պտույտից հետո քաղաքացին կարող է ասել, չէ, հիմա ես արդեն ցանկանում եմ լինել ՀՀ քաղաքացի։ Ակնհայտ է, որ այստեղ կան այլ դրդապատճառներ, մասնավորապես, անչափահասների քաղաքացիության դադարեցման մասով»,- ասել էՀՀ ՆԳ նախարարի տեղակալը։

     

     

  • Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Վարդաձոր բնակավայրում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել | Հասարակություն

    Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մարտունու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Վարդաձոր բնակավայրի դաշտամիջյան հատվածից էլեկտրահարված վիճակում տեղափոխել է տղամարդու դի։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

    Տեղում համայնքային ոստկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Հ.-ն է, ով նույն օրը ժամը 21:10-ի սահմաններում Վարդաձոր բնակավայրի 33-րդ փողոցում արտաքին լուսավորության աշխատանքներ իրականացնելու ժամանակ հոսանքահարվել է և տեղում մահացել։Մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատանքներ էին կատարում, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Մարտունու բաժին, որ նշված վայրից իրենց մոտ է տեղափոխվել ևս 1 հոգի Համայնքային ոստիկաննեւն ու պարեկները լաըզւեկ են որ տեղաձոիվաժը նույն բնաբակավրի բնակիչ 14-ամյա տղա է, ով ըստ բժիշկների, նույնպես հոսանքահարված է եղել, սակայն օպերատիվ տեղեկություններով երեխան այնտեղ է եղել, երբ նկատել է դեպքը ու հոգեբանական սթրես է տարել։

    Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի, Մարտունու քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Քոչար Քոչարյանի և օրվա պատասխանատու հերթապահավագ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

  • Սա միայն գործարարների խնդիրը չէ․ սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը․ Գագիկ Ծառուկյան | Բիզնես

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ–ից ուղերձ է հղել, որում ասվում է․

    «Նախորդ ուղերձում ես իմ մտորումներն էի ներկայացրել բարեգործության թեմայով։ Հիմա ուզում եմ կիսվել իմ մտքերով՝ գործարարության մասին։ Ես կայացել եմ զրոյից՝ առանց որևէ ազդեցիկ բարեկամի, ժառանգված կապիտալի։ Սկսել եմ փոքր բիզնեսից, անցել եմ բոլոր դժվարությունների միջով։ Սա ասում եմ մեկ պարզ պատճառով. հայաստանյան գործարարության ամբողջ բովանդակությունը ես իմ մաշկի վրա գիտեմ։

    Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում։ Անկախության հենց սկզբից՝ 90-ականների ահռելի դժվարությունների փուլից՝ շրջափակում, վտանգավոր ճանապարհներ, տնտեսական համակարգի փլուզում, ֆինանսական ճգնաժամ, պատերազմ, մեծապես մեր գործարարների տաղանդի, աշխատասիրության և հայրենասիրության շնորհիվ է, որ Հայաստանը դիմացավ փորձություններին ու բռնեց զարգացման ճանապարհը։

    Մեր գործարարներն անհավանական հաջողությունների են հասնում աշխարհի տարբեր ծայրերում, վայելում հարգանք և հեղինակություն։ Բազմաթիվ անգամներ հրապարակային ասել եմ, որ Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է։ Որքան այս խավը պինդ լինի, ունենա զարգանալու հնարավորություն, այնքան մեր երկիրը ամուր կլինի։ Եվ պետության խնդիրն է՝ ճիշտ տնտեսական քաղաքականությամբ օգնել այս շերտին։ Ասել եմ նաև, որ բիզնեսի կայացումը կարող է տևել տարիներ, պահանջել երկար տարիների դժվար աշխատանք, բայց քանդվելը կարող է լինել ամիսների, եթե ոչ՝ շաբաթների հարց։ Առանձնահատուկ ուզում եմ խոսել դրսի, արտահանման շուկաների մասին։

    Ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչ մեկին չի սպասում։ Շուկա գտնելը, հարմարվելը չափազանց բարդ խնդիր է։ Ապրանքի որակը, գինը անշուշտ կարևոր են, բայց կարևոր են նաև անձնական կապերը, վստահությունը, ձևավորված հարաբերությունները։ Հիմա մեր բազմաթիվ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։  Մեծագույն սխալ է մտածելը, թե իբր հարցերը միևնույն է՝ մի օր կկարգավորվեն, ու հայ արտահանողները կվերադառնան իրենց ավանդական շուկաները։ Բիզնեսում ժամանակը կանգ չի առնում։ Զգուշացնում եմ՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ։

    Շուկայում մեր տեղերն արդեն իսկ գրավում են ուրիշները։ Չեն էլ թաքցնում, դա անում են հրապարակայնորեն և ցուցադրաբար։ Բազմաթիվ հայկական ապրանքների տեղերում այսօր արդեն ադրբեջանական ապրանքներ են։ Այս պրոցեսի մասին դեռևս մեկ-երկու ամիս առաջ եմ ասել։ Չկան մշտական շուկաներ։

    Այսպես շարունակվելու դեպքում, խնդիրները չկարգավորելու դեպքում վաղը հայկական կոնյակների, գինիների, օղիների , պանրի, ձկնեղենի, գյուղմթերքի, ծաղիկների, ցանկացած արտադրանքի տեղը  վերցնելու են վրացական, ադրբեջանական, մոլդովական, ուզբեկական և այլ երկրների արտադրողները։ Սա կյանքն է, սա բիզնեսի դաժան օրենքն է։ Ու պետք է լավ պատկերացնել, որ սա միայն գործարարների խնդիրը չէ։ Սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը։ Բոլորը կզգան սրա հետևանքները։

    Մենք իսկապես ունենք տաղանդավոր գործարար շերտ։ Ես միշտ մեծ ուրախությամբ շփվում եմ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանց հոգսը, խնդիրները գիտեմ 100 տոկոսով։ Ինձ համար անասելի ցավ է այս շերտի դժվարությունները տեսնելը։ Ես տեսնում եմ խնդիրները, ու շատ հարցեր ինձ լրջորեն մտահոգում են։ Ես տեսնում եմ նաև լուծումները, որոնք թույլ կտան խուսափել վատագույնից։ Ես մի կողմ եմ դնում քաղաքական ենթատեքստերը։ Իմ մեջ խոսում է այն մարդը, որի հանդեպ կատարվում է ակնհայտ  անարդարություն։

    Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հայրենիքում իմ ստեղծածը, կառուցածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք։ Ինչ սարքել եմ՝ սարքել եմ զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր, կիսաքանդ, ու ես  դրանք սարքել եմ ժամանակակից, ամենաբարձր ստանդարտի ձեռնարկություններ։ Փառք Աստծո, բոլոր փաստերը պահպանված են։ Բայց իմ մեջ հիմա խոսում է նաև զրոյից կայացած մարդը, որը սկզբում չուներ ոչինչ՝ բացի իր աշխատասիրությունից ու հավատից, և որն անցնելով շատ դժվար ճանապարհ՝ հասել է մեծ հաջողությունների։

    Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև։ Այս մարդկանց վրա է պահվում մեր պետությունը, այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են։ Նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։ Այս գիտակցությամբ պիտի շարժվի պետությունը»։  

  • ՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկությունները | Հասարակություն

    ՆԳՆ ոստիկանությունը հերքում է Դավիթաշենում կրակոցի վերաբերյալ տարածված տեղեկությունները՝ նշելով, որ նման փաստ հաստատված չէ։

    Գերատեսչությունից հայտնել են, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության մասին։ Միաժամանակ, կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։

    ՆԳՆ-ն լրատվամիջոցներին կոչ է արել հրապարակել ճշտված տեղեկություններ և զերծ մնալ մանիպուլացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։

  • TRIPP-ում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի լինելու. Սարգիս Խանդանյան | Քաղաքականություն

    TRIPP-ը ենթակառուցվածքային նախագիծ է, ոչ թե տարածք կամ ռազմաբազա, և դրա շրջանակում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի նախատեսվում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասել է Ազգային ժողովում ունեցած ելույթում։

    «Շատ խոսվեց TRIPP-ի մասին, և ես երեկ հարցուպատասխանի ընթացքում մի քանի անգամ այս միտքն ասացի։ Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ TRIPP-ը ենթակառուցվածքային նախագիծ է։ Երեկվա քննարկման և հատկապես «Հայաստան» դաշինքի կողմից հնչած հարցերի համատեքստն այնպիսին էր, որ TRIPP-ը Լաչինի միջանցքի նման մի բան է, բայց դա այդպես չէ։ Այդ մասին վկայում են TRIPP-ի վերաբերյալ մինչ օրս հրապարակված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համաձայնագիրը, որը խորհրդարանը կքննարկի»,- ասել է Խանդանյանը։

    Նա ընդգծել է, որ TRIPP-ը նաև ինքնիշխան ռազմաբազա չէ։«Ընդհանրապես, TRIPP-ում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի լինելու։ Ինչպես համաձայնագիրն է փաստում, անվտանգային ամբողջ գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին»,- հայտարարեց Խանդանյանը։Պատգամավորը նաև անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ նշելով, որ այն արդեն սկսվել է, թեև դեռ ոչ բավարար ծավալով։«Հայաստանն արդեն մի քանի ամիս օգտվում է Ադրբեջանի երկաթուղիներից, նաև հանվել է Ախալքալաք–Կարս երկաթուղուց օգտվելու արգելքը։ Սրանք ևս լայն ապաշրջափակման գործընթացի դետալներ են»,- ասել է Խանդանյանը։