Blog

  • Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան

    Ինչպես ասել ուխոստացել էին, մենք` «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներս, Անկախության օրվա կապակցությամբ ստացած մեր պարգևավճարներն ամբողջությամբ ուղղելու ենք Տիգրանաշենին՝ տիգրանաշենցիների համար առաջնային ու կարևոր խնդիրների լուծմանը։

  • Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է.

    «Պաշտպանության նախարարությունում, մեր տեղեկություններով, շարունակում են ուշադիր հետեւել այլ երկրներում անօդաչու տեխնոլոգիաների զարգացմանը։ Չնայած արդեն համագործակցում են անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրողների հետ, որոշել են ավելի զանգվածային մատակարարումներ ապահովել ՀՀ զինված ուժերի համար։ ՊՆ փորձագետների կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է հարվածային դրոնների (մինչեւ 500 կմ հեռահարությամբ) քանակը մեծացնել։

    Այս կապակցությամբ ՊՆ-ում իրականացվել է միջին հեռահարության ԱԹՍ-ների առավել հեռանկարային արտասահմանյան նմուշների համեմատական վերլուծություն՝ գնումների հարմար տարբերակները գտնելու համար։ Դիտարկվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Ուկրաինայում, Իսրայելում, Հնդկաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում արտադրվող անօդաչուները։ Ռազմական փորձագետներն առավել հարմար տարբերակ են համարել հնդկական Divyastra MK-1-ը։ Այն ռեկորդային ցածր արժեք ունի, արհեստական բանականության օգտագործման հնարավորություն եւ զանգվածային խմբերի կազմում կիրառում։

    Այս ցուցանիշներն այն դարձնում են առավել նախընտրելի նմուշ՝ համեմատած մյուս նմուշների հետ։ Օրինակ, ռուսական Orion-ն առանձնանում է միայն մեծ մարտական ծանրաբեռնվածությամբ, իրանական Meraj-532-ը՝ պատրաստման մեկնարկային արագությամբ, ամերիկյան LUCAS-ը՝ իր դասի ավելցուկային հեռահարությամբ, իսկ ուկրաինական Palianytsia-ն՝ թռիչքի ավելի մեծ արագությամբ։ Ընդ որում, զինվորականների կարծիքով, անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում այդ երկրների հետ համագործակցությունը որոշակի քաղաքական խնդիրներ է պարունակում։ Եթե Հայաստանը դրոններ գնի Ռուսաստանից, ապա դժգոհություն կառաջանա Եվրոպայից, եթե ԱՄՆ-ից` Իրանից, եթե Ուկրաինայից` Ռուսաստանից, եւ այլն։ Այնպես որ, Հնդկաստանի հետ համագործակցությունն առավել հավասարակշռված եւ շահավետ լուծում է»։

  • Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել․ «Ժողովուրդ»

    Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ցուցմունք տալուց հետո Աբրահամյանը նաև 26 միլիոն դրամ է վերականգնել՝ որպես վարույթով պատճառված վնասի մաս։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով այս հանգամանքները, Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը։

    Հիշեցնենք՝ երեկ վաղ առավոտյան ArmLur.am-ն առաջինն էր հայտնել, որ ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։

    Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթի շրջանակում Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել է։

    Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանն առաջին անգամ չէ իրավապահների տեսադաշտում։ Նա տարբեր տարիներին ղեկավարել է Արտաշատի գինու գործարանը, իսկ 1999-2008 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նրա անունը կապվել է գինու և շինանյութերի արտադրության, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտներում գործող մի շարք ընկերությունների՝ «Արտաշատ Վինկոն», «Ջաս-Բետոն Շին» և «Մերի Ֆիշ» ընկերությունների հետ։

    2018 թվականին Մխչյանի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքի գործով Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել էր։ 2022 թվականին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ դատապարտելով 2 տարվա ազատազրկման։ Սակայն համաներման կիրառմամբ նա ազատվել էր պատիժը կրելուց։

    «Ինքնախոստովանական ցուցմունք» ձևակերպումը թողել եմ որպես ձեր աղբյուրի տեղեկություն, ոչ թե հաստատված փաստ, քանի որ սա իրավական առումով կարևոր տարբերակում է»։

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»



    Տնտեսություն


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1220-Լ որոշման մեջ։ Հողատարածքների միավորման ծրագրի մեկնարկից մինչև 2026 թվականի օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում նախարարությունը ստացել է ծրագրին մասնակցության 28 հայտ։ Նշված շահառուների հետ կնքվել են փոխհատուցման տրամադրման պայմանագրեր, սակայն նրանցից 15-ի հետ պայմանագրերը լուծվել են իրենց դիմումների համաձայն, կամ ծրագրի պահանջները խախտելու ու ծրագրով սահմանված ժամկետում կոնսոլիդացում չիրականացնելու պատճառով։ Ծրագրի երկարաձգման արդյունքում մեկ շահառու ստացել է 11մլն 103 462 դրամ փոխհատուցում՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրում 5,94 հա (16 կտորից) ընդհանուր մակերեսով հողատարածք միավորելու համար։ Եվս մեկ շահառու դիմել է փոխհատուցում ստանալու համար Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում 4,26 հա (5 կտորից) ընդհանուր մակերեսով հողատարածք միավորելու նպատակով, որի փոխհատուցման գումարը կկազմի 17 մլն 439 437 դրամ։


    Ներկայում շահառուների փոխհատուցումը հաշվարկվում է կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով, որը հանրապետության շատ տարածքներում էապես զիջում է իրական շուկայական գներին՝ շահառուի վրա թողնելով ֆինանսական բեռի մեծ մասը։ Բացի այդ, տարբեր պատճառներով, այդ թվում՝ հողերի միավորման ծրագրի մասին տեղեկանալով, հարակից հողակտորների սեփականատերերը հաճախ արհեստականորեն բարձրացնում են հողի շուկայական գները, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է ծրագրի առաջընթացին։ Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքը ջրովի և անջրդի վարելահողերի համար միջինը կազմում է 2 մլն 293 հազար դրամ:


    Ներկայացված փոփոխությունների հիմնական նպատակն է պետական աջակցության մասնաբաժնի ավելացմամբ և որոշ պահանջների մեղմացմամբ բարձրացնել ծրագրի գրավչությունն ու արդյունավետությունը, նվազեցնել շահառուների ֆինանսական բեռն ու ներդրումային ռիսկերը, ինչպես նաև ապահովել ծրագրի շարունակականությունը երկարաժամկետ հատվածում։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքի փոխհատուցման չափը 50 տոկոսից բարձրացնել 70 տոկոսի, ինչը լրացուցիչ խթան կդառնա ֆերմերների համար՝ հարակից մասնատված հողակտորները գնելու և խոշոր հողատարածքներ ձևավորելու համար։ Հողերի կոնսոլիդացիայի գործընթացը խթանելու, ինչպես նաև հողային շուկան զարգացնելու նպատակով՝ պայմանագրի գործողության ընթացքում հողամասը նպատակային օգտագործելու, գյուղատնտեսական մշակաբույսերով մշակելու և չմասնատելու պահանջի ժամկետը հինգ տարուց կրճատվել է՝ դառնալով երեք տարի:

    Նախագծի ընդունմամբ 2026 և 2027թթ. պետբյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, ծրագիրը կիրականացվի էկոնոմիկայի նախարարությանը 2026 և 2027 թվականի համար պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ հետագա տարիների համար, կախված ստացված դիմումներից, անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի բյուջետային հայտի շրջանակում։ Մասնավորապես, ծրագրի շրջանակում թիրախային ցուցանիշ է սահմանվել 400 հա հողատարածքի միավորումը՝ միջին կադաստրային արժեքով հաշվարկված 70 տոկոս փոխհատուցման պարագայում աջակցության ընդհանուր գումարը կկազմի մոտ 642 մլն դրամ: Քանի որ հողերի միավորման համար ծրագրով սահմանված է երկու տարվա ժամկետ, կանխատեսվում է, որ այս միջոցները հիմնականում անհրաժեշտ կլինեն 2028 թվականից, ուստի ֆինանսավորման հայտերը կներկայացվեն՝ ըստ փաստացի ծախսերի:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան

    Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար` հանուն ուժեղ Հայաստանի:

  • Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ»

    Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ»

  • Մահացել է Բրիջիտ Մակրոնի սեռը կասկածի տակ դրած լրագրողը

    Մահացել է լրագրող Նատաշա Ռեյը, ով հայտնի էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել  Մակրոնի կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի  վերաբերյալ իրականացրած իր հետաքննությամբ։

    Նրա  մահվան մասին սոցիալական ցանց X-ում հայտնել է լրագրող Քսավյե Պուսարը։

    «Խոր ցավով տեղեկացանք Նատաշա Ռեյի մահվան մասին։ Նա սեպտեմբերի 13-ին մահացել է քաղցկեղից»,- հայտնել է Պուսարը։

    Լրագրողի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նաև Ռեյի փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը՝ 5-tv.ru-ին տված մեկնաբանությունում։

    Հիշեցնենք, որ 2021 թվականին Նատաշա Ռեյը  հետաքննություն էր անցկացրել, որտեղ Բրիջիտ Մակրոնին անվանել էր տրանսգենդեր՝ պնդելով, թե նա սեռափոխությունը  է կատարել, և նախկինում եղել է տղամարդ։  Հրապարակումներից հետո Ֆրանսիայի նախագահի կինը լրագրողի դեմ զրպարտության հայց էր ներկայացրել։

    2022 թվականին առաջին ատյանի դատարանը Ռեյին մեղավոր էր ճանաչել և պարտավորեցրել վճարել 500 եվրո տուգանք, ինչպես նաև 8 հազար եվրո՝ Բրիջիտ Մակրոնին բարոյական վնաս պատճառելու համար։ 

    2025 թվականի հուլիսին Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել էր Նատաշա Ռեյի բողոքը։ Դատարանը եզրակացրել էր, որ լրագրողի հայտարարությունների մեծ մասը չի համապատասխանում զրպարտության իրավական սահմանմանը։

    Դրանից հետո  Մակրոնի փաստաբանը հայտնել էր, որ պատրաստվում են դատարանի որոշումը բողոքարկել։ 

  • Նման հումորը սեքսիզմ կդիտվեր․ «Հրապարակ»

    Նման հումորը սեքսիզմ կդիտվեր․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր հաշվեհարդարը` բոլոր ուղղություններով: Տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրով, ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի՝ Սեւանի առանձնատան պարիսպը, որն իբրեւ թե բացարձակ նիշից ցածր է գտնվել, եւ դատարան են դիմել Սեւանի ափին «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող բնակելի տներն ու շենք-շինությունները խլելու պահանջով:

    Իսկ սորոսական թեւի կարկառուն ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ԱԺ ամբիոնից քննարկում էր ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը, վրդովվել էր, թե ինչու ոչ դաշինք, այլ՝ կուսակցություն, վերջում էլ հայտարարեց` «իսկը տրանսգենդեր ցուցակ»։

    Սա ասում է մեկը, որը տարիներ շարունակ հանդես է եկել սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ եւ իրեն արեւմտամետ է համարում, որտեղ նման հումորն անընդունելի ռասիզմ, սեքսիզմ եւ մարդու իրավունքների ոտնահարում կդիտվեր։

    Դրանից շատ չանցած՝ նրան արձագանքեց տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը. «Իսկ տիկին Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհի Ղազարյանին, կամ՝ բարեվարքության կանոններն այս կնոջը չե՞ն սովորեցրել, որ չի կարելի թիրախավորել մարդկանց։ Մեկի մայրենի ելույթը չմարսած` հիմա էլ՝ սա, դուք հատուկ ընտրվել եք, որ ԱԺ-ի բարձր ամբիոնն օգտագործեք մարդկանց թիրախավորելո՞ւ համար»։

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»



    Վերլուծական


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Երկրի անվտանգային միջավայրն ու առկա հրատապ խնդիրները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Առաջնագծում տիրող իրավիճակը, սահմանների պահպանության արդյունավետությունն ու ցուրտ ամիսների շեմին սպասվող մարտահրավերները պահանջում են հստակ հաշվարկներ և պետական պատասխանատվություն, ոչ թե լոկ հայտարարություններ։


    Այս հարցադրումների շուրջ «Փաստ» թերթի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։


    Անդրադառնալով անվտանգային հիմնական մարտահրավերներին՝ նա նկատել է, որ, չնայած առկա բարդություններին, պաշտպանական համակարգը որոշակիորեն գործում է և իրականացնում է, օրինակ, հայթուրքական սահմանի պահպանությունը։

    Սակայն խորհրդարանում ընթացող քննարկումների համատեքստում, թե ով պետք է պահի այդ սահմանը, Կարապետյանը հնչեցրել է կոշտ դիտարկում. «Այն պատասխանատուներին, ովքեր պնդում են, թե մեր սահմանապահները պատրաստ են ստանձնել այդ առաքելությունը, առաջարկում եմ նախ ապահովել հայ-ադրբեջանական սահմանի լիարժեք պահպանությունը։ Սա մեղադրանք չէ. այն պայմաններում, որոնք ստեղծվել են իշխանության գործողությունների հետևանքով, հայ զինվորը հերոսաբար իրականացնում է իր առջև դրված խնդիրները»։


    Պաշտպանության նախկին նախարարի համոզմամբ՝ սահմանի անձեռնմխելիության համար միայն զինվորի առկայությունն ու մարտական կամքը բավարար չեն. վճռորոշ են քաղաքական ճիշտ որոշումներն ու հավասարակշռված արտաքին հարաբերությունները։ Նա արձանագրել է, որ այսօր փաստացի կորսված են դիրքերը Մոսկվայում, առանձնահատուկ դիրքեր չեն ձևավորվել Վաշինգտոնում, իսկ Եվրոպայի հետ հարաբերությունները կրում են լոկ ձևական բնույթ։


    Հատուկ շեշտադրում է կատարվել առաջիկա ցուրտ ամիսներին պետության պատրաստվածության խնդրին։ Բանախոսը մտահոգություն է հայտնել, որ երկրի էներգետիկ և տնտեսական պատրաստվածության վերաբերյալ որևէ հստակություն չկա, մինչդեռ շատ պետություններ դեռ ամռանն են ամփոփում համապատասխան հաշվետվությունները։

    «Հայաստանում, կարծես, մոռացել են, որ ապրում ենք բարդ կլիմայական պայմաններում։ Կառավարությունը որդեգրում է եվրոպական օրենքներ, հայտարարում սահմաններ պահելու մասին, սակայն հստակեցված չէ, թե ինչպես ենք հաղթահարելու ձմեռը»,- ընդգծել է Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անհապաղ հրավիրել կառավարության նիստեր և հանրությանը ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր՝ հնարավոր ճգնաժամերին դիմակայելու համար։


    Եզրափակելով միտքը՝ Արշակ Կարապետյանը շեշտել է, որ, որպես հետախույզ, իր պարտքն է զգուշացնել հնարավոր վտանգների մասին, որպեսզի արվեն ճիշտ եզրակացություններ։ Նրա համոզմամբ՝ էներգետիկ անվտանգությունը ժամանակակից աշխարհի կարևորագույն սյուներից է, և պետության ղեկավարի առաջնային նպատակը պետք է լինի պետական շահի սպասարկումը, «այլ ոչ թե սեփական պաշտոնը պահելը»։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»



    Քաղաքական


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, երբ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն պաշտպանում է իր մասնակցությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեպի Արցախ կազմակերպված դիվանագիտական այցին, իսկ քննադատություններին պատասխանում է ոչ թե Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների, Լաչինի միջանցքի երկարատև շրջափակման, հումանիտար ճգնաժամի և ավելի քան 150 հազար հայերի հայրենազրկման փաստերի շեշտադրմամբ, այլ հայկական և ադրբեջանական կողմերի միջև հավասարազորության նշան դնելով։ Խոսքը ձևակերպումների մի «լեզվի» մասին է, որը արտաքինից ներկայանում է որպես չեզոքություն, հավասարակշռություն և միջնորդական զգուշավորություն, բայց իրականում հանգեցնում է պատասխանատվության լղոզման, զոհի և ուժ կիրառողի միջև սահմանների աղավաղման, փաստի և քարոզչության նույն հարթության վրա տեղադրման։


    Գրոնոյի այցը եղել է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած դիվանագիտական շրջայցի մաս, որի գլխավոր նպատակը Արցախում կատարվածի լեգիտիմացումն է միջազգային հանրության աչքում։ Քննադատության հիմնական առանցքը հենց այն էր, որ նման այցը տեղի է ունենում այն միջավայրում, որտեղ Արցախը բռնի հայաթափված է, իսկ միջազգային անկախ մոնիթորինգի, փախստականների վերադարձի երաշխիքների, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության մեխանիզմների հարցերը մնացել են օդում կախված։ Այսինքն, ԵՄ հատուկ ներկայացուցչի ներկայությունը ոչ թե պարզապես տեղում իրավիճակին ծանոթանալու տեխնիկական քայլ է ընկալվում, այլ փաստացի մասնակցություն մի բեմադրության, որի նպատակն է աշխարհին ցույց տալ «հետկոնֆլիկտային նորմալություն»՝ այդ նորմալության ամենակարևոր գործոնի՝ Արցախի բնիկ հայ բնակչության բացակայությամբ։


    Գրոնոյի ձևակերպումների ամենախնդրահարույց կողմն այն է, որ դրանք կրկնում են միջազգային դիվանագիտության մեջ վաղուց արմատացած այն մեխանիզմը, որով ասիմետրիկ բռնությունը ներկայացվում է որպես «երկու կողմի պատմություն»։ Երբ նրան ուղիղ հարց է տրվում Արցախում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների, մշակութային հուշարձանների ոչնչացման, վերանվանման կամ յուրացման մասին, նա խոսքը տեղափոխում է հակամարտության ավելի վաղ փուլերում կողմերին վերագրվող ավերածությունների դաշտ և նշում, որ հաղորդումները պետք է անկախ կերպով ստուգվեն մշակութային ժառանգության փորձագետների կողմից։

    Առաջին հայացքից սա կարող է թվալ պրոֆեսիոնալ դիվանագիտական պատասխան՝ որևէ կողմի վերջնական մեղադրանք չներկայացնել, հղում անել փորձագիտական ստուգման անհրաժեշտությանը, ընդգծել ժառանգության պահպանման կարևորությունը։ Սակայն քաղաքական և բարոյական մակարդակում ականատես ենք լինում շատ ավելի լուրջ իրողության։Փաստացի դատարկված Արցախում, որտեղ հայ բնակչություն այլևս չկա, որտեղ հայկական եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանոցները, արձանագրությունները մնացել են այն պետության վերահսկողության տակ, որի ղեկավարությունը տարիներ շարունակ առաջ է տարել հայկական հետքի ժխտման, «կովկասյան ալբանականացման» և պատմական հիշողության վերաձևման քաղաքականություն, եվրոպական ներկայացուցիչը պատասխանատվությունը չի կոնկրետացնում, այլ այն վերածում է ընդհանուր, երկկողմ, մշուշոտ և ապագա ստուգման ենթակա հարցի


    Սա հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ անկախ կազմակերպությունների և հետազոտողների կողմից արդեն արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման կամ ջնջման դեպքեր։ Այստեղ է, որ ի հայտ է գալիս եվրոպական դիվանագիտության հիմնարար հակասությունը։ Եվրամիությունը, որպես արժեքային միություն, իր ինքնությունը կառուցել է մարդու իրավունքների, ինքնորոշման, փոքրամասնությունների պաշտպանության, մշակութային ժառանգության պահպանման, ցեղասպանական կամ էթնիկ զտման քաղաքականությունների կանխարգելման գաղափարների վրա։ Բայց Հարավային Կովկասում՝ հատկապես Արցախի հարցում, այդ արժեքային լեզուն հաճախ զիջում է տեղը էներգետիկ, տրանսպորտային, աշխարհաքաղաքական և անվտանգության հաշվարկներին։


    Ադրբեջանը ԵՄ-ի համար էներգակիրների մատակարար է, Թուրքիայի հետ կապող աշխարհաքաղաքական օղակ, Ռուսաստանի ազդեցությունը շրջանցելու ենթադրյալ ուղի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապերի մաս, իսկ Ուկրաինայի պատերազմից հետո Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիայի քաղաքականության մեջ Բաքվի նշանակությունն էականորեն աճել է։ Գրոնոյի պարագայում առանձնապես կարևոր է այն, որ նա ոչ թե անտեղյակ պաշտոնյա է, այլ Հարավային Կովկասի հարցերին երկար տարիներ առնչված փորձառու գործիչ։ Նա ունի ավելի քան 25 տարվա փորձ արտաքին քաղաքականության, հակամարտությունների կարգավորման և դիվանագիտության ոլորտում՝ մասնագիտանալով հատկապես հետխորհրդային տարածաշրջանի և Հարավային Կովկասի հարցերում։ Ուստի, այն վարկածը, թե եվրոպական դիվանագետները չեն հասկանում Արցախի հակամարտության պատմական ակունքները, տեղում ժողովրդագրական իրականությունը, Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի արհեստական ընդգրկման խնդիրը, 1988 թվականից սկսված հայ բնակչության ինքնորոշման պահանջը, Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հակահայկական բռնությունների ազդեցությունը, 2020 թվականի պատերազմը, Լաչինի միջանցքի փակումը և 2023 թվականի վերջնական ռազմական ճնշման հետևանքները, համոզիչ չէ։

    Իրականում այսպիսի մոտեցումն արդեն ոչ թե չեզոքություն է, այլ կեղծ հավասարակշռություն։ Իսկ կեղծ հավասարակշռությունը հատկապես վտանգավոր է հետէթնիկ զտման և ցեղասպանական իրողությունների միջավայրում, որովհետև այնտեղ, որտեղ այլևս հայ բնակչություն չկա, «երկու կողմի» մասին խոսելը դառնում է ավելի անհեթեթ։Մի կողմը վերահսկում է տարածքը, նյութական միջավայրը, արխիվները, մուտքը, շինարարությունը, վերակառուցումը, պատմական ներկայացումը, իսկ մյուս կողմը զրկված է իր տներից, եկեղեցիներից, գերեզմաններից և նույնիսկ սեփական պատմության ֆիզիկական վկայություններին հասնելու հնարավորությունից։


    Այդպիսով, եվրոպական պաշտոնյաները, ելնելով երկակի չափորոշիչներից ու քաղաքական հաշվարկներից, ոչ միայն լեգիտիմացնում են Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործություններն, այլև անմիջական մասնակցություն են ունենում դրանց, իսկ դա շատ վտանգավոր ճանապարհ է, քանի որ Արցախի օրինակով իրադարձություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն աշխարհի տարբեր մասերում, այլև հենց Եվրոպայում։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում