Blog

  • Դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության





    Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացնում է՝ ՀՀ վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության․

    «Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի միջնորդությամբ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կիրառված հայցի ապահովման շրջանակներում հարկադիր կատարողը Մասյացոտնի թեմի հոգևորականին՝ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանին, պարտավորեցրել էր, որպեսզի վերջինս ստորագրությամբ օժանդակի Արման Սարոյանի կողմից կատարվող թեմի բանկային գործարքներներին:

    Տեր Աբրահամը իրավացիորեն հրաժարվել էր կատարել ապօրինի որևէ գործողություն և դիմել էր դատարան:

    Այսօր ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ռուզաննա Ազրոյան) բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության։

    Դատարանն անվավեր է ճանաչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2026 թվականի մայիսի 29-ի որոշումը, որով Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի վրա դրվել էր «Արդշինբանկում» որոշակի գործողություններ կատարելու պարտականություն։

    Դատարանի թիվ ՎԴ/9214/05/26 գործով 18.09.2026թ. վճռում արձանագրվել են սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք իրավական դիրքորոշումներ։

    Մասնավորապես, դատարանը նշել է, որ կատարողական վարույթը չի կարող դառնալ դատարանի կողմից արդեն իսկ լուծված վեճի բովանդակությունը կամ դատական ակտի հասցեատերերի շրջանակը ընդլայնելու միջոց։ Հարկադիր կատարողի խնդիրը դատական ակտն այն սահմաններում իրականացնելն է, որոնցում այն ընդունվել է, և ոչ թե նոր պարտավորություններ կամ նոր պարտապաններ ստեղծելը։

    Դատարանը նաև արձանագրել է, որ դատական ակտում օգտագործված «այլ անձանց» ձևակերպումը հարկադիր կատարողին չի տալիս անսահմանափակ լիազորություն՝ իր հայեցողությամբ որոշելու, թե ով է այդ անձանց շրջանակում և նրա նկատմամբ ստեղծելու անմիջական կատարողական պարտականություն։ Դրա համար անհրաժեշտ է օրենքով հստակ նախատեսված իրավական հիմք։

    Ըստ դատարանի՝ եթե դատական ակտի կամ կատարողական թերթի բովանդակությունը պարզ չէ, հարկադիր կատարողը պետք է դիմի այն կայացրած դատարան՝ պարզաբանում ստանալու, այլ ոչ թե սեփական որոշմամբ ընդլայնի դատական ակտի հասցեատերերի շրջանակը։

    Դատարանը եզրահանգել է, որ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի նկատմամբ նման պարտականություն սահմանելը եղել է օրենքով չնախատեսված լիազորության իրականացում և կատարողական ակտի բովանդակության ընդլայնում, ինչի հետևանքով Հարկադիր կատարողի որոշումը չի կարող համարվել օրինական և հիմնավորված։

    Այս դատական ակտը կարևոր է ոչ միայն կոնկրետ գործի համար։ Այն վերահաստատում է հիմնարար սկզբունք՝ պետական մարմինը չի կարող անձի համար նոր պարտականություն ստեղծել միայն սեփական մեկնաբանությամբ։ Անձի նկատմամբ հարկադրանք կարող է կիրառվել միայն Սահմանադրությամբ և օրենքով հստակ նախատեսված իրավական հիմքի առկայության դեպքում։

    Հիշեցնեմ նաև, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանի) հաղորդման հիման վրա՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կայացված հայցի ապահովման որոշմանն իբրև խոչընդոտելու հիմքով»:0



    դիտվել է 1 անգամ

  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան

    Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով իրականացնելու դեպքում կպահանջեր 7-ից 8 տարի և պետական բյուջեի խոշորածավալ ֆինանսական միջոցներ։ Պետություն-մասնավոր գործընկերության մոդելի կիրառման շնորհիվ այդ գործընթացը կիրականացվի շուրջ մեկ տարվա ընթացքում, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

     

    Նա նշել է, որ առկա համակարգի խնդիրներն ու արդիականացման անհրաժեշտությունը

    Համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ենթակառուցվածքների վիճակով․ «Պատճառն այն է, որ անձնագրային համակարգը հնամաշ է, իսկ ծառայությունների մատուցման համակարգը՝ ժամանակավրեպ»։

     

    Նախարարի խոսքով՝ համակարգի ամբողջական արդիականացման համար պահանջվում է իրականացնել մի շարք տեխնիկական և կազմակերպչական քայլեր

     

    -Նոր գրասենյակների կառուցում և դրանց դուրսբերում ոստիկանության տարածքներից,

    -Նոր սերնդի սերվերային տնտեսության և միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների կենտրոնի հիմնում․

    -Ժամանակակից ծրագրային ապահովման մշակում,

    -Մասնագիտացված աշխատակազմի հավաքագրում և վերապատրաստում,

     

    Բացի այդ, ըստ Սարգսյանի, արձանագրվել է, որ կենսաչափական համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջազգային փորձագիտական ներուժը Հայաստանում դեռևս բավարար չէր։

     

    Նախարարի խոսքով՝ պետություն-մասնավոր գործընկերության շնորհիվ հնարավոր է դարձել միջազգային առաջատար փորձն ու տեխնոլոգիաները ներդնել «ոչ թե յոթից ութ, այլ շուրջ մեկ գերհագեցած տարվա ընթացքում»։

     

    «Մասնավոր գործընկերը մատուցելու է բացառապես տեխնիկական ծառայություններ, բոլոր որոշումները կայացնելու է պետությունը»,-ասել է նա։

     

  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

    ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

    Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

    Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

  • Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ng.ru–ն «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը տասն օրով ընդհատած տեխնիկական սպասարկման աշխատանքները Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու վերաբերյալ քննարկումների տեղիք են տվել։ Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» հայտնել է, որ սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի։ «Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վրա նախատեսված կանխարգելիչ և հիմնանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 15-ից 25-ը ժամանակավորապես կդադարեցվի այդ գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հայտարարության մեջ։ Ընկերությունը նշել է, որ այդ ընթացքում հանրապետության սպառողներին գազի անխափան և հուսալի մատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից ստացվող բնական գազի հաշվին։


    Հայաստանն իր գազի պահանջարկը գրեթե ամբողջությամբ բավարարում է ռուսական գազով։ 2025 թվականին «Գազպրոմը» երկրին մատակարարել է մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Եվս մոտ 476 միլիոն խորանարդ մետր տարեկան ստացվում է Իրանից՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլար գնով։ Այդ գինը գործող պայմանագրով սահմանված է մինչև 2026 թվականի վերջը կամ 2027-ի սկիզբը։


    Հարկ է նշել, որ այս իրավիճակում արտառոց ոչինչ չկա։ Օրինակ՝ 2025 թվականին պլանային սպասարկման աշխատանքներն իրականացվել են սեպտեմբերի 16-ից 26-ը, իսկ 2024 թվականի նոյեմբերին մատակարարումն ընդհատվել էր մեկուկես օրով՝ Վրաստանի տարածքում իրականացված վերանորոգման աշխատանքների պատճառով։ Վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների շահագործման ընթացքում նման կարճաժամկետ ընդհատումները տեղավորվում են համաշխարհային պրակտիկայի շրջանակներում: Այնուամենայնիվ, այս անգամ լուրը մեծ ուշադրության է արժանացել, քանի որ տեխնիկական սպասարկման աշխատանքների մեկնարկից կարճ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր գազի մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով լրացուցիչ մատակարարներ գտնելու մտադրության մասին։ «Չկա մի ոլորտ, որտեղ մենք չենք դիվերսիֆիկացնում մեր գործունեությունը։ Մեր քաղաքական որոշումն է զարգացնել մեր անկախությունն ու պետականությունը։ Ընդհանուր առմամբ, մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ ենք անելու ցանկացած սցենարի դեպքում»,- ընդգծել էր Փաշինյանը։ Նրա խոսքով, եթե հնարավորություն ստեղծվի գազ ներկրել երկրորդ, երրորդ կամ չորրորդ աղբյուրից, կամ եթե գազատար անցնի Հայաստանի տարածքով, կառավարությունը կգնա այդ ճանապարհով։

    «Հայաստանում գազը էժան չէ։ Այլ երկրների համեմատ՝ սահմանից մինչև սպառող ընկած ճանապարհին գնի ամենակտրուկ աճը տեղի է ունենում հենց այստեղ՝ Հայաստանում։ «Գազպրոմ Արմենիան» զգալի շահույթ է ստանում։ Այս փաստը պետք է ընդունել»,հավելել էր վարչապետը։


    Նա նաև պարզաբանել էր, որ եթե գազի գինը բարձրանա, կառավարությունը կվերանայի ռուսական ընկերությանը նախկինում տրամադրված արտոնությունները կամ նպաստավոր պայմանները։ Փաշինյանը պատրաստ է այդ հարցը քննարկել Մոսկվայի հետ «հանգիստ, գործնական մթնոլորտում»։


    Հարկ է նշել, որ գազի գնի հնարավոր վերանայման թեման ակտիվորեն քննարկվում էր 2026 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի ղեկավարի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից ի վեր։ Մասնավորապես, Պուտինը մատնանշել էր Երևանի՝ դեպի եվրոպական ինտեգրում ձգտման անհամատեղելիությունը ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, ինչպես նաև հիշատակել էր եվրոպացիների համար գազի գինը։

    Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ ներկայիս «տեխնիկական դադարը» համընկել է գազի ոլորտում հետագա համագործակցության պայմանների, այդ թվում՝ գնագոյացման բանաձևի շուրջ Երևանի և Մոսկվայի միջև բարդ բանակցությունների ժամանակաշրջանի հետ։ Օրինակ՝ մայիսի վերջին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ էր ուղարկել Երևան՝ նշելով, որ Մոսկվան կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել 2013 թվականի համաձայնագիրը Հայաստանին բնական գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ մատակարարելու վերաբերյալ, եթե հանրապետությունը չդադարեցնի դեպի ԵՄ ընթացող շրջադարձը։ Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ անտրամաբանական է փորձել վախեցնել իր երկրին բարձր գներով, քանի որ ինքը շուտով բավարար միջոցներ կունենա անհրաժեշտ ամեն ինչ գնելու համար։ Նա, ի թիվս այլնի, նշել էր, որ Երևանն արդեն իսկ իր սպառազինությունն է վաճառում զարգացած երկրներին։


    Այնուամենայնիվ, Երևանն այս պահին գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու սահմանափակ հնարավորություններ ունի։ Ներկայում Ռուսաստանը մատակարարում է Հայաստանին անհրաժեշտ բնական գազի մինչև 85 %-ը։ Եվս 15–20 %-ը ստացվում է Իրանից Հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց, թեև կողմերը քննարկում են այդ ծավալների ավելացման հարցը։ Եվ այստեղ Ադրբեջանը նույնպես կարող է առաջարկել իր ծառայությունները։ Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ազեր Բադամովը Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու Երևանի ձգտումը դիտարկել է որպես Բաքվի հետ համագործակցության հնարավորություն։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման ֆոնին միանգամայն իրատեսական է, որ էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կառաջանան։ Եթե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, ապա Ադրբեջանը կարող է դառնալ ամենաեկամտաբեր և աշխարհագրական տեսանկյունից բնական այլընտրանքներից մեկը», – Modern.azին տված հարցազրույցում ասել է Բադամովը։ Նրա խոսքով, բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները կարող են կառուցվել «Թրամփի ճանապարհի» երկայնքով։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ նպատակը Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից կախվածությամբ փոխարինելը չէ։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան

    Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին: Երեկ.

    Գերմանական հանրային հեռուստատեսությունը նշել է .

    «51-ամյա նախկին լրագրողը Ադրբեջանին լայնածավալ զիջումներ էր արել&raqu

  • 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան

    2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով Արցախի ամբողջական օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից և հռչակած գաղափարախոսությունից:

  • Բաքուն ՄԻԵԴ–ին չի տրամադրել լուսանկարներ, որոնք կարտացոլեին հայ գերիների վիճակը. Սահակյան

    Ադրբեջանի` ՄԻԵԴ–ին տրամադրած զեկույցում կան բժշկական որոշ փաստաթղթեր` տեղի քրեակատարողական հիմնարկներում անցկացված բուժհետազոտությունների արդյունքներով, որոնք ամբողջական չեն և չեն արտացոլում այլ աղբյուրներից հայտնի տեղեկությունները։ Այս մնասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր մինչև 2026–ի օգոստոսի 31-ը զեկույց ներկայացնել գերիների պահման պայմանների, առողջական վիճակի դատական գործընթացների վերաբերյալ։ Սակայն Ադրբեջանը դա արել է սեպտեմբերին։

    Գերիների շահերի ներկայացուցիչները` անհատական գործերով և ՀՀ կառավարությունը` միջպետական գործի շրջանակներում, ՄԻԵԴ–ից ստացել են ադրբեջանական կողմի տրամադրած փաստաթղթերը։ Սահակյանի խոսքով` ադրբեջանական կողմը դատավճիռները չի տրամադրել, փոխարենը ներկայացրել է քաղվածք, որը չի պարունակում դատարանի կողմից պահանջված տեղեկատվությունը։

    «Ադրբեջանը ՄԻԵԴ–ին չի տրամադրել նաև լուսանկարներ, որոնք կներկայացնեին հայ գերիների փաստացի վիճակը։ Սահակյանն այս հանգամանքը խիստ մտահոգիչ է համարում` հաշվի առնելով, որ նախկինում թեկուզ սակավաթիվ, բայց նման լուսանկարներ ներկայացված եղել են։ Կարող եմ նշել, որ եթե ինչ֊որ չափով տվյալներ տրամադրվել են, դրանք առավելապես վերաբերում են հենց առողջականին, սակայն որքանով են ամբողջական, որքանով այն իրականացնող բժիշկներն անկախ և օբյեկտիվ են գործել, սրանք քննարկման ենթակա հարցեր են»,–ասաց Սահակյանը։

    Նրա խոսքով` այդ տեղեկությունները տրամադրվել են ընտանիքի անդամներին, և նաև նրանց աջակցությամբ իրենք վեր են հանել իրականությունը և իրենց դիտարկումները հայտնելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։

    Նշենք, որ Մարդու իրավունքներ Եվրոպական դատարանը հայկական կողմին մինչև հոկտեմբերի 6–ը ժամանակ է տվել` Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելու և ներկայացված տեղեկությունների վերաբերյալ իրենց դիտարկումները հայտնելու համար։

    Իրավապաշտպանը վստահեցնում է, որ ՄԻԵԴ ներկայացվող դիտարկումներն ու խնդիրները բազմաթիվ են և դեռ էլի են լինելու։

    Դրանից հետո եվրոպական դատարանը կարող է լրացուցիչ տվյալներ պահանջել Ադրբեջանից, կարող է արձանագրվել դատարանին զեկույց ներկայացնելու պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը։

    Նշենք, որ սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում:

    Վարդանյանի դիմումի վերաբերյալ Սիրանուշ Սահակյանը նշում է, որ ոչ միայն այս, այլև մյուս բոլոր ուղերձներում հայ գերիների բարձրացրած հարցերը առնչվում են մարդու իրավունքներին, որոնք Ադրբեջանը, ձևացնելով որպես ժողովրդավարական ձգտումներ ունեցող երկիր, ինկորպորացրել է, և այդ երաշխիքները դարձրել իր ներպետական իրավունք։ Իսկ դրանց հետևելու պարտականությունը հենց Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանինն է։

    «Ես կցանկանայի հատկապես շեշտադրել բացարձակ մեկուսացվածությունը։ Այս նկարագրված պայմանները մի կողմից հանգեցնում են հայ գերիների` արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության, ինչը առաջ է բերում հոգեբանական, ֆիզիկական խնդիրներ։ Այն համակցվում է բուժօգնություն չստանալու խնդրի հետ, որպիսի պայմաններում նպատակային վնաս է պատճառվում այս անձանց առողջությանը, իսկ մյուս կողմից` մարդկայնությանն առնչվող նվազագույն տարրերը հարգված չեն»,–ասաց Սահակյանը։

    Նա ընդգծեց, որ Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը իրավիճակի փաստագրում է, և չունենալով համապատասխան տվյալներ, միջազգային գործընկերները չեն կարող դիրքորոշումներ ձևավորել, ինչպես նաև Ադրբեջանի վրա ճնշում գործադրել։

    Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

    Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:

    arm.sputniknews.ru

  • Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ
    «Երեք տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց ավելի քան իննամսյա շրջափակման հետևանքով հյուծված Արցախի Հանրապետության դեմ:

    Այդ ռազմական հանցագործությունը, որն ուղեկցվեց քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ և խաղաղ բնակչության սպանություններով, դարձավ Արցախի հազարամյա բնիկ ժողովրդի դեմ նախապես ծրագրված էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության գագաթնակետը: Միջազգային հանրության լռության և գործուն մեխանիզմների բացակայության պայմաններում ավելի քան 120 հազար արցախցիներ ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը՝ փրկվելու ֆիզիկական բնաջնջումից:
    Այս ողբերգական օրը մեր խոնարհումն ենք բերում հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակների պայծառ հիշատակի առջև: Նրանց սխրանքն ու անձնազոհությունը մեր ժողովրդի պատվի և արժանապատվության հավերժական վկայությունն են:Անցած երեք տարիները չեն նսեմացրել և չեն կարող նսեմացնել մեր բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը։ Ուստի՝ Արցախի ժողովրդի անունից վերահաստատում եմ.

    • Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքը հանդիսանում է անսակարկելի: Այն պետք է իրականացվի միջազգային հուսալի երաշխիքների և մեր ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների լիարժեք ապահովման պայմաններում:
    • Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս բոլոր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից:
    • Բռնազավթված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը մշակութային ցեղասպանության շարունակությունն են, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտությունն ու կանխումը։
    • Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախահայության կենսական կարիքների բավարարումն առաջնահերթ հրամայական է։ Այս ուղղությամբ էական նշանակություն ունի միջազգային հանրության շարունակական ու նպատակային աջակցությունը՝ տեղահանված բնակչության սոցիալական կայունությունն ամրապնդելու և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու գործում:

    Չնայած այսօր ստեղծված ծանր աշխարհաքաղաքական իրավիճակին և բռնի տեղահանման դառնությանը՝ արցախցիների համախմբվածությունը, ինքնության պահպանումն ու պայքարի շարունակականությունն այլընտրանք չունեն:
    Մենք պարտավոր ենք համատեղել ողջ հայության ներուժը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի լեգիտիմ իրավունքներն ու հասնելու պատմական արդարության վերականգնմանը:
    Հավերժ փառք մեր նահատակներին:

    Տոկունություն և կամք Արցախի ժողովրդին և համայն հայությանը»։

  • Ամստերդամից՝ Հայաստան․ ՍՄՄՀաբ-ը և Juniper Networks-ը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության նոր հնարավորությունները

     Ամստերդամից` Հայաստան․ ՍՄՄՀաբ-ը և Juniper Networks-ը քննարկել են տեխնոլոգիաների և տեղական փորձագիտական ներուժի զարգացման հաջորդ փուլը

    Ամստերդամում կայացել է ՍՄՄՀաբ-ի և Juniper Networks-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացման հնարավորությունները, Juniper Networks-ի տեխնոլոգիական լուծումները, հայաստանյան պատվիրատուների պահանջները, ինչպես նաև Հայաստանում Juniper-ի լուծումների վերաբերյալ տեղական տեխնիկական փորձագիտական ներուժի զարգացման հնարավորությունները։

    Սեպտեմբերի 18-ին ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդիպել են Juniper Networks-ի թիմի հետ ընկերության՝ Ամստերդամում գտնվող գրասենյակում։

    ՍՄՄՀաբ-ի կողմից հանդիպմանը մասնակցել են Լիդա Նալբանդյանը՝ ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, և Արա Սարգսյանը՝ ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի B2B ուղղության տնօրեն։

    https://mediahub.am/post/5o2rewvjv2fmnd0z

  • ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Թեև իշխանության մոտեցումները շարունակում են մնալ մակերեսային, և նրանք անհոգ ժեստերով փորձում են ցույց տալ, թե իբր ամենևին մտահոգված չեն Հայաստանի առջև ծառացած տնտեսական ծանր մարտահրավերներով, իրականությունն այլ է։ Իշխանական պատգամավորների ճղաձիգ ելույթներից արդեն իսկ պարզ է դառնում, որ իրենք էլ են զգում օդում կախված վտանգը և հասկանում, թե ինչի կարող է հանգեցնել երկրում սպասվող հսկայածավալ տնտեսական անկումը։ Անշուշտ, տնտեսական ճգնաժամն իշխանափոխության լուրջ նախադրյալ է, սակայն սա այն դեպքը չէ, երբ կարելի է խնդրին նայել սոսկ քաղաքական շահի տեսանկյունից։ Տնտեսության նման գահավիժումն աղետալի է պետության համար, և դրա հետևանքները հաղթահարելու համար տարիներ են պահանջվելու։ Սա ընդդիմության համար պարզապես «նվեր» չէ, այլ մի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտը պետք է լիովին պատրաստ լինի վերցնելու պետական ղեկը և կառավարելու առկա հսկայական ռիսկերը:

    Խորհրդարանական համակարգերում ընդդիմությանը վերապահված վերահսկողական լծակները՝ հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների և սահմանադրական այլ պաշտոնների տեսքով, ծառայում են ոչ միայն որպես զսպման համակարգ, այլև նախապատրաստում են ապագա իշխանափոխությանը։ Տարբեր երկրների, օրինակ՝ Գերմանիայի կամ Լեհաստանի պրակտիկան ցույց է տալիս, որ երբ խորհրդարանական ընդդիմությունն արդյունավետորեն ստանձնում է իրեն վերապահված լծակները, դա հնարավորություն է տալիս կանխել քաղաքական վակուումը և ապահովել պետական ապարատի անխափան աշխատանքը իշխանափոխության անցումային փուլում:

    Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում նույնպես տեսանելի է դառնում իշխանափոխության հասունացման ինստիտուցիոնալ տրամաբանությունը: Օրենսդիր մարմնում ընդդիմության կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված պաշտոնների և հանձնաժողովների ղեկավարման ստանձնումը պետական կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու քայլ է։ Այս գործընթացն ընթանում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի ֆոնին, երբ անգամ ռուսական պատժամիջոցների ամբողջական փաթեթի ուժի մեջ չմտած հատվածում արդեն իսկ մեծ անկումներ էին գրանցվել, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում։

    Իսկ այժմ, երբ Ռուսաստանն արդեն ամբողջ թափով սկսել է պատժամիջոցներ կիրառել, ավելի քան պարզ է դառնում, թե ընթացիկ և առաջիկա եռամսյակներում ինչպիսի ապոկալիպտիկ պատկեր է սպասվում տնտեսության մեջ:

    Տնտեսական այս իրավիճակն էլ ավելի է ծանրանում արտաքին մարտահրավերների պատճառով: Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին Մոսկվայից հնչող հայտարարությունները՝ գազի և էներգակիրների գների հնարավոր թանկացման մասին, լրացուցիչ ծանր հարված են հասցնելու առանց այն էլ խոցելի տնտեսությանը։ Էներգակիրների թանկացումը շղթայական ռեակցիայով բերում է բոլոր ոլորտների կոլապսի, ինչն էլ, ինչպես ցույց է տվել 1970-ականների էներգետիկ ճգնաժամի փորձը Եվրոպայում, անխուսափելիորեն առաջ է քաշում իշխանությունների քաղաքական պատասխանատվության և փոփոխության հրամայականը:

    Այս ամբողջ պատկերի համատեքստում է պետք դիտարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ներկայացրած տվյալը, ըստ որի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80 %-ով ավելի շատ ձայն, քան 2021 թվականին։ Ընդդիմադիր ընտրազանգվածի փաստացի կրկնապատկումը վկայում է հանրային տրամադրությունների արմատական վերադասավորման մասին:

    Այնպես որ, անցած ընտրություններով իշխանությունն ամենևին էլ չի «պեչատել» իր հավերժական կառավարումը։ Ընդհակառակը՝ տնտեսական գահավիժման, արտաքին ռիսկերի և ընդդիմության ինստիտուցիոնալ ամրապնդման համադրումը կարող է քաղաքական համակարգում տեկտոնական ճաքեր առաջացնել։ Ամեն ինչ տանում է նրան, որ առաջիկա շրջանը ներքաղաքական կյանքում լինելու է չափազանց հետաքրքիր, դինամիկ և լուրջ փոփոխություններ խոստացող:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



    դիտվել է 80 անգամ