Line of State խորհրդատվական ընկերության հիմնադիր եւ ղեկավար Շայ Գալը “Azerbaijan is giving Turkey a veto it never had” հոդվածում գրում է, որ ճնշում գործադրելով Հայաստանի վրա՝ Ադրբեջանը նպաստում է Թուրքիայի ճնշման լծակների պահպանմանը Բաքվի նկատմամբ։
Israel Hayom պարբերականում հրապարակված հոդվածում Գալն այդ իրավիճակը «կործանարար պարադոքս» է անվանում։
Նա ընդգծում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերություններում վետոյի ֆորմալ իրավունք չունի, սակայն «Բաքուն ինքն է տալիս այդ իրավունքը Թուրքիային՝ վերջինիս Հայաստանի հետ իր խաղաղության անփոխարինելի մասնակից դարձնելով»։
Գալը հիշեցնում է, որ 2009 թվականին Բաքուն սպառնում էր բարձրացնել գազի գինը եւ Թուրքիան շրջանցող արտահանման նոր երթուղիներ ստեղծել, եթե վերջինս բացի Հայաստանի հետ սահմանը։
«Անցել է 17 տարի. Ադրբեջանը վերահսկում է Ղարաբաղը եւ նախաստորագրել է խաղաղության պայմանագիրը, սակայն պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Սահմանը մինչ օրս փակ է։ Պահպանելով ճնշումը Երեւանի վրա՝ Բաքուն դրանով իսկ պահպանում է Անկարայի ազդեցությունը խաղաղության գործընթացի վրա», – գրում է Շայ Գալը։
Հեղինակը նշում է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները ճանաչում է որպես միջազգային սահմաններ, արգելում է ցանկացած տարածքային պահանջ եւ թույլ չի տալիս կողմերին հղում անել ներքին օրենսդրությանը՝ պարտավորությունների կատարումից խուսափելու համար։
Այնուամենայնիվ, Բաքուն չի ստորագրում պայմանագիրը, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը, թեեւ համաձայնեցված տեքստում նման պայման չկա։
«Ադրբեջանը պահանջում է լրացուցիչ երաշխիքներ այն տարածքային պահանջների վերաբերյալ, որոնք առանց այդ էլ արգելված են հենց պայմանագրով։ Արդյունքում Ադրբեջանի պայմանը երկարաձգում է Թուրքիայի մասնակցությունը մի կարգավորման մեջ, որի շուրջ Բաքուն եւ Երեւանն արդեն համաձայնության են եկել», – գրում է Շայ Գալը։
Եզրափակելով՝ նա նշում է, որ Բաքուն պետք է ստորագրի խաղաղության պայմանագիրը, վերջ դնի Անկարայի փաստացի վետոյին եւ դադարի աջակցել Թուրքիային այն հարցերում, որոնք վնասում են հենց Ադրբեջանի շահերին։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply