Հյուսիսային Կորեայի ժողովրդական բանակը հեռահար հրետանու և հրթիռային զորքերի համատեղ զորավարժություններ է իրականացրել՝ կիրառելով ռազմավարական թևավոր և մարտավարական բալիստիկ հրթիռներ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ЦТАК):
Զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 12-ին, որոնց մասնակցել են հինգ հրետանային և հրթիռային միավորումներ։ Ներգրավված են եղել նաև հարվածային ԱԹՍ-ներ և ջերմաճնշումային ռազմամթերքով զինված խոշոր տրամաչափի համազարկային կրակի հրթիռային համակարգեր։
Վարժանքները ղեկավարել են Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ, մարշալ Պակ Չոն Չհոնը և Գլխավոր շտաբի հրետանային վարչության պետ, գեներալ-մայոր Յու Չհան Սոնը։
Գործակալության փոխանցմամբ՝ ներգրավված բոլոր հարվածային համակարգերը միաժամանակ ու «հարյուրտոկոսանոց ճշգրտությամբ» խոցել են նախանշված թիրախները։
Վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր»։ Ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր»։ Շահը մեզ ասում է՝ «Մոռացի՛ր»։ Բայց Քրիստոս այլ բան է ասում․ «Վերցրո՛ւ քո խաչը և արի՛ Իմ հետևից», Խաչվերացի տոնի առիթով հղած պատգամում նշել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
«Խաչի խորհուրդն այսօր կրկին մեր առջև է՝ Խաչվերացի տաղավար տոնի միջոցով` սրբագրելու այն տիրապետող մտայնությունը, որը խաչի խորհրդի ժխտումն է կամ խեղաթյուրումը։ Ինչպե՞ս ենք վերաբերվում մերօրյա խաչյալներին՝ քաղցածներին ու անօթևաններին, գաղթականներին ու աքսորյալներին, պատերազմի և ռասիզմի անմեղ զոհերին, շահագործվող ու բռնության ենթարկվող կանանց, իրենց տարրական իրավունքներից զրկված երեխաներին, մահամերձ հիվանդներին և անթիվ ուրիշների։
Նրանց ընդունո՞ւմ ենք որպես այստեղ և այսօր խաչված Քրիստոսի կենդանի ներկայություն, թե՞ փորձում ենք հեռացնել մեր տեսադաշտից, կանգ առնո՞ւմ ենք նրանց աչքերի մեջ նայելու և նրանց ցավին պատասխանելու։ Երբեմն նույնիսկ Աստծուց ենք խնդրում ազատել մեզ նրանցից՝ կարծես ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիր մեր ապահով Եգիպտոսից, որպեսզի այս անապատում մեռնենք»։ Ուզում ենք ապրել մեր «Եգիպտոսում»՝ ապահովությունների ու երաշխիքների աշխարհում, առանց ամեն օր խաչին առերեսվելու։ Բայց Քրիստոսի խաչը մեզ թույլ չի տալիս շրջանցել ուրիշի ցավը։
Ուստի, երբ մեր ճանապարհին հայտնվում են «կրակոտ օձերը»՝ մեր աշխարհի վերքերը, մենք կրկին աղաղակում ենք Աստծուն՝ խնդրելով հեռացնել դրանք մեզնից։ Մինչդեռ Աստծո պատասխանը ոչ թե խաչը մեր տեսադաշտից հեռացնելն է, այլ մեզ սովորեցնելը՝ խաչված մարդու կողքին կանգնել և նրա մեջ Քրիստոսին տեսնել։
Տիրոջ պատասխանը մեր աղաչանքին ապշեցուցիչ է. մենք կփրկվենք միայն այն դեպքում, եթե քաջություն ունենանք նայելու խաչին՝ երես առ երես…։
Անապատում հին ուխտի ժողովուրդը փրկվում էր օձերի խայթոցից՝ նայելով Մովսեսի բարձրացրած պղնձե օձին։ Այն Սուրբ Խաչի նախապատկերն էր, որի վրա Գողգոթայում պիտի բարձրացվեր Մարդու Որդին՝ «որպեսզի նա, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհ. Գ 14-15)։
Ուստի մեր տառապանքի ու մահվան խաչերից փրկվելու ճանապարհը դրանք մեր տեսադաշտից հեռացնելը չէ, այլ խաչին նայելը, նրա առջևից չփախչելը և հավատքով առերեսվելը։ Ով չի համարձակվում նայել խաչին, չի կարող ճանաչել նաև Խաչյալին…։
Աստված մահը չի վերացրել մեր կյանքից, այլ իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով անձնապես մտել է մարդու տառապանքի, միայնության, հիվանդության և մահվան բավիղները՝ ցույց տալու, որ մենք այլևս միայնակ չենք, այսօր էլ նա շարունակում է կրել ամեն տառապող մարդու խաչը՝ առավելապես անմեղ և անարդարացիորեն տառապողի։ Աստվածային այս կարեկցանքն է, որ մեր ցավի մեջ դառնում է հույսի և նոր կյանքի աղբյուր։ Գողգոթայից ի վեր մարդն այլևս միայնակ չէ իր տառապանքի մեջ։ Աստված մեզ հետ է…։
«Ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց պղնձե օձը, նույնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա»։ Պետք է բարձրանա։ Այս երկու բառերի մեջ է լավագույնս բացահայտվում Խաչի խորհուրդը։ Քրիստոս պետք է բարձրանար Խաչի վրա, որովհետև Աստծո սերը պիտի հանդիպեր աշխարհի ատելությանը, ճշմարտությունը պիտի հանդիպեր կեղծիքին, արդարությունը պիտի հանդիպեր անարդարությանը։ Եվ այդ բախումից ծնվում է Խաչը, որ Աստծո պատասխանն է մարդկային չարիքին։ Այդ պատասխանը սերն է։
«Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց»։
Ահա Խաչի խորհուրդը։ Խաչը Աստծո անսահման սիրո թարգմանությունն է։ Սեր՝ մինչև վերջ, այնպիսի սեր, որը չի հաշվարկում, չի սակարկում, չի ասում՝ «մինչև այստեղ»։ Քրիստոս սիրեց մինչև վերջ։ Ահա թե ինչու Խաչը մեզ համար պարզապես նշան չէ, Խաչը կյանքի չափանիշ է…։
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Քրիստոս ասում է. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից»։ Ի՞նչ է նշանակում վերցնել սեփական խաչը։
Նշանակում է՝ երբ գալիս է դժվար պահը, ընտրել ճշմարտությունը։ Երբ ճշմարտությունը գին է պահանջում՝ վճարել այդ գինը։ Երբ արդարությունը դժվար է՝ մնալ արդար։ Երբ վախը փորձում է մեզ լռեցնել՝ պահպանել հոգու ազատությունը։ Աշխարհը մեզ ասում է՝ «սակարկի՛ր», քրիստոնյան հիշում է Խաչը, որովհետև Խաչի վրա Քրիստոս չսակարկեց սիրո հետ, չսակարկեց ճշմարտության հետ, չսակարկեց արդարության հետ։ Նա մինչև վերջ հավատարիմ մնաց իր առաքելությանը։
Ահա այստեղ Խաչվերացի պատգամը հասնում է մեզ։ Մենք՝ հայերս, մեր ամբողջ երկրում խաչեր ունենք՝ խաչքարեր, խաչեր՝ եկեղեցիների գմբեթներին, խաչեր՝ ճանապարհների եզրերին, խաչեր՝ մեր կրծքին։ Բայց պարտված ենք թե՛ պատերազմում, թե՛ ներհասարակական կյանքում։ Պարտված ենք, որովհետև խաչի խորհուրդը պարպել ենք բովանդակությունից և միայն ձևն ենք որդեգրել։ Խաչը մեզ սովորեցնում է սիրել, ներել, ծառայել, զոհաբերել, ճշմարտությունը պահել, արդարությունը պաշտպանել և սեփական անձը Աստծո կամքին հանձնել…։
Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,
Այսօր մենք ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են։ Վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր»։ Ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր»։ Շահը մեզ ասում է՝ «Մոռացի՛ր»։ Բայց Քրիստոս այլ բան է ասում․ «Վերցրո՛ւ քո խաչը և արի՛ Իմ հետևից»։
Եվ այստեղ մենք պետք է շատ լուրջ մտածենք մեր սերունդների մասին։ Ամեն սերունդ ունի իր խաչը։ Մեր սերունդն ունի իր խաչը՝ հայրենիքի խաչը, պետական կյանքի խաչը, համազգային իրավունքների խաչը, արժանապատվության խաչը, ճշմարտության և արդարության խաչը։ Եթե խույս ենք տալիս մեր բաժին խաչից՝ մեր այսօրվա կյանքը հեշտացնելու համար, այդ խաչը չի վերանում, փոխանցվում է հաջորդ սերունդներին։ Այն անցնում է մեր երեխաներին։ Վաղը նրանք պիտի կրեն մեր չկրած խաչը՝ իրենց սեփական խաչի հետ միասին։ Եվ սա մեր սերնդի ամենածանր պատասխանատվություններից մեկն է»,- նշել է Սրբազան Հայրը։
Երեւան: Մեդիամաքս: Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունն այսօր հրապարակել է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, որոնք տեղի կունենան 4 մարզում եւ Երեւանում:
Ստորեւ ներկայացնում ենք ԿԳՄՍ հաղորդագրությունը:
***
Սեպտեմբերի 17
Իջեւանի Շատրվանների հրապարակ
Ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։
Սեպտեմբերի 18
Վանաձորի Հայքի հրապարակ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն արդեն սիրված եւ ճանաչված «Սիմֆոնիկ ռոք» եւ «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերը։ Համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։
Սեպտեմբերի 19
Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակ
Տոնական տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն բենդերը։
Սեպտեմբերի 20
Գյումրու թատերական հրապարակ
Ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հանրապետության լավագույն կատարողների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը։
Բոլոր մարզային համերգների սկիզբը՝ 19:30:
Սեպտեմբերի 21
Երեւանի Հանրապետության հրապարակ
Ժամը 20:00-ին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն Սեւակ» բենդը եւ այլ սիրված արտիստներ::
Առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստն այն հիմնավորմամբ, որ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է տեքստում կիրառել «հանուն ՀՀ հարատևության, ինքնիշխանության և զարգացման», «պաշտպանել պետական շահը», «ծառայել հանրային շահին» և այլ ձևակերպումներ:
«Արդյունքում կունենանք երդման հետևյալ տեքստը.
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»»,- ասաց նախարարը:
Լիազորությունները ստանձնած Կառավարության անդամների երդման հին տեքստն է.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
ԱԺ նիստի ժամանակ Սասուն Միքայելյանը դիմեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ խնդրելով կարգի հրավիրել ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին. «Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի»:
«Մենք մեր երկրի, մեր պետության, ժողովրդի համար ենք ծառայում, չենք եկել մարտի դաշտ, դաժան հետևանք կունենա, չի կարելի»,- ասել է նա:
Երկօրյա պայքարից հետո Կապանի մշակույթի կենտրոնում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը։
Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցան մրցաշարի փակման արարողությունը և մրցանակների հանձնումը։ Մրցաշարի արդյունքներն ամփոփեց օլիմպիադայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը: Հաղթող դարձավ Երևանի թիվ 77 դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն էր, երրորդը Այնթապի միջնակարգ դպրոցի հավքականն էր։ Բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրերի տնօրեն Ինեսա Մարգարյանը, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արտուր Խոջաբաղյանը։ Միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը սպորտային բաղադրիչից զատ կարևորեց նաև այն, որ պատանի շախմատիստները հաղորդակցվում են միմյանց հետ, ձեռք բերում նոր ընկերներ, այցելում Կապանի տեսարժան վայրեր։
Սմբատ Լպուտյանը և Ինեսա Մարգարյանը հատուկ մրցանակներ հանձնեցին առանձին խաղատախտակների վրա լավագույն արդյունքներ ցույց տված շախմատիստներին։ Մեդալներ, հուշանվերներ և հավաստագրեր հանձնեցին մրցանակակիր թիմերին և նրանց մարզիչներին։ Իսկ ընդհանուր առմամբ՝ հավաստագրեր և Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից հուշանվերներ ստացան մրցաշարի մասնակից 14 թիմերի շախմատիստները։
Այնուհետև առաջիկա կարևոր մրցաշարին՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը, Ծաղկաձորում կայանալիք ՖԻԴԵ-ի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության եվրոպական մրցումային փուլին հաջող մասնակցելու մաղթանքներ եղան։ Ամենավերջում շնորհակալություն հայտնվեց հայ բարեգործական ընդհանուր միությանը, Կապանի համայնքապետարանին և այն մարդկանց, ովքեր նպաստեցին օլիմպիադայի եզրափակիչ փուլի կայացմանը։
Ընդդեմ ընտանեկան բռնության շարժումն այնպիսի մասշտաբներ է ստացել, որ այն կենտրոնացված համակարգելու անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով ստեղծել ենք «Այլևս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման կենտրոն։ Այստեղից այլ կանանց օգնությամբ փորձելու ենք ղեկավարել շարժումը։ Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Այս ընթացքում հազարավոր կանայք դիմում են՝ բարձրաձայնելով իրենց հետ տեղի ունեցած անարդարության մասին և փորձում են մեզնից աջակցություն ստանալ։ Մեր ռեսուրսները բավարար չեն ձեզ օգնելու համար, որովհետև ձեր թիվը չափազանց մեծ է։
Ես ձեզ խնդրում եմ անպայման դիմել նաև ձեր ընտրատարածքներից ընտրված պատգամավորներին։ Նրանք կարող են նույնպես այս հարցում ձեզ օգնել։ Իսկ եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, անպայման դիմեք շարժման կենտրոն»,- նշել է նա:
Ընդդեմ ընտանեկան բռնության շարժման կենտրոնի հետ կապ հաստատելու համար պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
Հաշվի առնելով Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակչի դիմումը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրապարակվել է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագիր, ինչպես նաև տրվել է կարգադրագիր՝ ջրամատակարարումը դադարեցնելու և բնակչության կենցաղային ու ֆիզիոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջրով ապահովելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:
Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև բնակչության առողջության և անվտանգության ապահովման առաջնահերթությամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 13-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմն այցելել է Սյունիքի մարզ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով։
Միաժամանակ, տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ջրի ախտահանման հետ կապված խնդրի պատճառները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրը հայտնաբերվել է բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։
Հաշվի առնելով արդյունքները՝ իրականացվել են կրկնակի նմուշառումներ, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Մինչև ջրի որակի խնդրի կարգավորումը բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը՝ խմելու և կենցաղային նպատակներով: ՀՀ առողջապահության նախարարը հորդորել է այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը:
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում։ Գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Խոր ցավով ու ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած այս տեսանյութերը։ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» դիտում ու լսում՝ մեր սուրբերի աղոթքով, նահատակների արյունով ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնած մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները որպես աղվանական կառույցներ։ Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում մեր աչքերի առջև…։
Արդարև, ընդվզեցուցիչ մի երևույթ, որ հետևանք է մեր անմիաբանության ու անհեռատես քաղաքականության։ Ցավալի երևույթ, որ մեզ պետք է մղի ինքնագիտակցության և համախմբվելու մեր հայրենիքի ու ազգի գերագույն ու ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ։
Ուսումնասիրում ենք, հույս ունենք ու աղոթում, որ «իրական» Հայաստանից մասեր Շուշիի ճակատագրին չենթարկվեն՝ խաղաղության կեղծ շպարի ետևում…»։