Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ) երկրի նախագահի պաշտոնի համար պաշտոնապես առաջադրել է Իլզե Այգների թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
Այգները, որը ՔԴՄ-ի քույր կուսակցության՝ Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) անդամ է, ներկայում զբաղեցում է Բավարիայի լանդթագի (երկրամասային խորհրդարանի) նախագահի պաշտոնը։ Անգելա Մերկելի կառավարման տարիներին նա զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։
Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մերցը հայտարարել է, որ ինքն ու Այգները միմյանց ճանաչում են արդեն տասնամյակներ շարունակ, և բարձր է գնահատել նրա մարդկային հատկանիշները։
«Իլզե Այգների ընտրությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կունենա արժանապատիվ և սրտացավ նախագահ, նախագահ, որը կմիավորի մարդկանց, կուղղորդի նրանց և կնախաձեռնի բանավեճեր», – ասել է Մերցը։
61-ամյա Այգներն իր հերթին Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ «շատ զգացված է» առաջադրման կապակցությամբ և ցանկանում է ապացուցել, որ արժանի է իրեն ցուցաբերված աջակցությանը։
Այսպիսով, Այգները կարող է դառնալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում նախագահի պաշտոնում առաջին կինը և Քրիստոնեասոցիալական միության առաջին ներկայացուցիչը։
2027 թ. հունվարի 30-ին հատուկ մարմինը՝ Դաշնային ժողովը, կհավաքվի հաջորդ նախագահին ընտրելու համար։ Դաշնային ժողովը բաղկացած է 1260 պատվիրակներից, որոնց մի կեսը Բունդեսթագի պատգամավորներն են, իսկ երկրորդ կեսը բաղկացած է դաշնային երկրամասերի խորհրդարանների կողմից առաջադրված ընտրիչներից։
Գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնավարման երկու ժամկետի ավարտվելուց հետո այլևս չի կարող առաջադրվել։
դիտվել է 4 անգամ
Leave a Reply