Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ այն շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան գործընկերության կարեւոր բաղադրիչներից է։
Լուսանկարը` ԱՄՆ դեսպանություն
«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները եւ ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սերժանտական կազմի ներկայացուցիչները փոխանակվել են գիտելիքներով եւ փորձով սերժանտական առաջնորդության ու մարտավարական պլանավորման ոլորտներում։
Լուսանկարը` ԱՄՆ դեսպանություն
Վերապատրաստումն ավարտվել է մի քանի օր տեւած գործնական վարժանքներով, որոնք միտված էին անհատական եւ թիմային առաջնորդության հմտությունների զարգացմանն ու հայ եւ ամերիկացի զինծառայողների միջեւ համագործակցության խորացմանը», – ասված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ ու խնդրահարույց պնդումներ է արել։
«Փաստերի ստուգման հարթակը» առանձնացրել է ճեպազրույցի ընթացքում նրա բարձրաձայնած խնդրահարույց պնդումները ու ստուգել դրանք՝ հակադրելով փաստական տվյալներ։
«ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը» պնդումը սխալ է
«Ռուսական սահմանապահ զորքերը ՀՀ-ում գործունեություն են ծավալում 1992 թվականի սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրով, որով Հայաստանը պաշտոնապես ճանաչում է ԽՍՀՄ և Թուրքիայի միջև կնքած պետական սահմանի մասին համաձայնագիրը։ Եթե ռուսական սահմանապահ զորքերը հանվեն Հայաստանից և չեղարկվի այդ համաձայնագիրը, ըստ էության կչեղարկվի Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը իրավաբանորեն։ Եվ դա կարող է Թուրքիային իրավունք տալ իրավաբանորեն հիմնավոր փոխել Հայաստանի հետ իր սահմանային շփումները», —հայտարարել է Ղազարյանը։
Այո, ճիշտ է Ղազարյանի պնդումը, որ ռուս սահմանապահները Հայաստանում են 1992 թ. սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրի հիման վրա։ «ՀՀ տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրի 2-րդ հոդվածով Հայաստանը Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը պատվիրակում է Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերին։
Արտապատկերումը՝ հայ-ռուսական պայմանագրից
Բայց իրավաբանորեն անհրաժեշտ է տարբերել, որ պայմանագիրը վերաբերում է սահմանի պահպանությանը, ոչ թե հայ-թուրքական սահմանի ստեղծմանը կամ ճանաչմանը։ Այդ պայմանագրի չեղարկումը կարող է փոխել միայն սահմանը ֆիզիկապես պահպանողներին, սակայն դրանից պետական սահմանը չի վերանում։
Ղազարյանի նույն խոսքում մեկ այլ սխալ ձևակերպում ևս կա։ Մասնավորապես, նա ասում է․ «1992-ի պայմանագրով Հայաստանը ճանաչել է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև պետական սահմանի մասին համաձայնագիրը»։
Արտապատկերումը՝ հայ-ռուսական պայմանագրից
1992-ի պայմանագրի 3-րդ հոդվածում գրված է, որ ՌԴ սահմանապահ զորքերը պետական սահմանը պահպանելիս, ի թիվս այլնի, առաջնորդվում են գործող նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի ու Իրանի միջև միջպետական պայմանագրերով։ Բացի այդ, պայմանագրում թվարկվում է, թե ինչ իրավական ակտերով պետք է առաջնորդվեն ռուս սահմանապահ զորքերը իրենց գործունեության ընթացքում։
Հետևաբար պայմանագրում չի ասվում, որ Հայաստանը ճանաչում է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև կնքված պետական սահմանի մասին համաձայնագիրը։
Ռուս սահմանապահները աստիճանաբար հեռանում են
Էդգար Ղազարյանի այս հայտարարությունից, թե «եթե ՌԴ սահմանապահները հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը» տպավորություն է, թե ամբողջ հայ-թուրքական սահմանը պահպանվում է ռուսական ուժերի կողմից։ Սակայն իրականությունն այլ է՝ այս պահին վերահսկողությունը մասնակիորեն արդեն փոխանցված է հայկական սահմանապահներին։
Մասնավորապես՝ 2025 թ. մարտի 1-ից Մարգարայի անցման կետում ռուս սահմանապահներն այլևս սահմանային ծառայություն չեն իրականացնում, և այն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ է։
Ավելին՝ կառավարության՝ 2025 թվականի գործունեության հաշվետվության համաձայն, 2026 թվականի սկզբից հայ-թուրքական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ևս ծառայությունն իրականացնում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Միաժամանակ, սա չի նշանակում, որ ռուս սահմանապահներն ամբողջությամբ հեռացել են հայ-թուրքական սահմանից․ սահմանի այլ հատվածներում պահպանությունը շարունակվում է ռուսական և հայկական սահմանապահ ուժերի մասնակցությամբ։
Ուշագրավ է, որ ռուս սահմանապահների՝ առանձին անցակետերից հեռանալը չի հանգեցրել 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի չեղարկմանը կամ վերանայմանը, ինչպես կանխատեսում կամ վստահեցնում է Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանի այս պնդումը, թե ռուս սահմանապահների հեռանալով Հայաստանի և նրա հարևանի հետ «սահմանը կչեղարկվի» չի դիմանում նախադեպային իրողություններին ևս։ Ագարակի դեպքում իրականությունն արդեն ցույց է տվել, որ 1992-ի պայմանագրով նախատեսված ռուսական ներկայությունը կարող է հատվածաբար փոփոխվել՝ առանց պայմանագիրը չեղարկելու և, առավել ևս, առանց պետական սահմանի իրավական կարգավիճակի որևէ փոփոխության։ Հիշեցնենք՝ 2024-ին Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել էին, որ հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետից ռուս սահմանապահները դուրս կգան, և 2025-ի հունվարի 1-ից այնտեղ ծառայությունը կիրականացնեն միայն հայկական ուժերը։ Դրանից հետո ՀՀ ԱԳՆ-ն հատուկ պարզաբանել էր, որ այդ փոփոխության հետևանքով 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի լինելու։
Այսպիսով, Էդգար Ղազարյանը ճիշտ է, երբ ասում է, որ ռուսական սահմանապահ զորքերի գործունեությունը Հայաստանում, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի պահպանությանը նրանց մասնակցությունը, կարգավորվում է 1992 թվականի սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրով։ Սակայն նա այդ փաստից սխալ իրավական հետևություն է անում։
1992 թվականի պայմանագիրը չի սահմանել հայ-թուրքական պետական սահմանը․ այն կարգավորում է Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեության պայմանները։ Հետևաբար պայմանագրի հնարավոր դադարեցումը կարող է փոխել սահմանի պահպանության ձևաչափը և ռուս սահմանապահների ներկայության իրավական հիմքը։ Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ դրանից վերանում կամ չեղարկվում է Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը։
Ավելին՝ հայ-թուրքական սահմանի պահպանությունն արդեն ամբողջությամբ ռուսական կողմի վերահսկողության տակ չէ։ Մարգարայի, այնուհետև նաև Ախուրիկի անցման կետերում ծառայությունն իրականացվում է հայկական սահմանապահների կողմից, մինչդեռ սահմանի մյուս հատվածներում ռուս սահմանապահների ներկայությունը պահպանվում է։
Հետևաբար ռուս սահմանապահների ներկայությունը, 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի գործողությունը և հայ-թուրքական պետական սահմանի իրավական գոյությունը փոխկապակցված, բայց նույնական հարցեր չեն։ Դրանց նույնացումը և այն պնդումը, թե ռուս սահմանապահների հեռացմամբ ու 1992 թվականի պայմանագրի չեղարկմամբ «կչեղարկվի» նաև հայ-թուրքական պետական սահմանը, իրավական հիմք չունի։
Գյումրիում ունենք անիշխանություն, այսինքն՝ այն մարդիկ, որոնք այս պահի դրությամբ փաստացիորեն քաղաքն են կառավարում, այդ կառավարումը ձախողել են: Արտահերթ ընտրությունները հրամայական են, բայց, բնականաբար, բացառապես օրինական եղանակով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Առաջիկայում ունենք հերթական ՏԻՄ ընտրությունները գրեթե 40-ից ավելի համայնքներում: Կարծում եմ՝ այս գործընթացը պետք է ավարտ ունենա, իրավական ինչ-որ եղանակ պետք է գտնվի»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ով է իշխող ուժի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Քանի որ չկան հայտարարված ընտրություններ, կարծում եմ՝ որևէ քաղաքական ուժ չի խոսում թեկնածուի մասին, բայց միանշանակ է այն հանգամանքը, որ Գյումրիում պետք է իշխանափոխություն: Ցավով եմ տեսնում, թե ինչ է կատարվում [Գյումրիում]»:
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետարանի աշխատանքներին՝ Նազելի Բաղդասարյանը հորդորեց լրագրողներին հետևել քաղաքապետարանի պաշտոնական էջին, որտեղ, ըստ պատգամավորի, տարածվում են Կոմունիստական կուսակցության հայտարարությունները:
«Կարծում եմ՝ Լենինը դագաղում շուռ է գալիս, և այնտեղ տարածվում են անհեթեթ հայտարարություններ, որոնք բոլորի ուշադրությանն են արժանի»,- ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Ծավ համայնքում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել․ իշխանական աղբյուրները պնդում են՝ Փաշինյանը վրդովված է, իսկ պատասխանատուները դեռ փնտրում են՝ որտեղից է հայտնվել թույնը։
Առողջապահության նախարարությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի ջրում սնդիկ է հայտնաբերվել և հորդորեց բնակիչներին չօգտագործել այդ ջուրը խմելու նպատակով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում։
Մեր տեղեկություններով՝ առողջապահական համակարգում ջրի վտանգավորության մասին ահազանգը ստացվել է անակնկալ, ինչից հետո միայն համապատասխան կառույցները սկսել են ակտիվորեն պարզել, թե որտեղից կարող էր սնդիկը հայտնվել բնակիչների կողմից օգտագործվող ջրի մեջ։ Այս պահին մի քանի վարկած է քննարկվում, և ուսումնասիրությունները շարունակվում են։ Ընդհուպ՝ հարևան, բայց ոչ բարեկամների կողմից կողմնակի միջամտության թեման։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցն արդեն հասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս խիստ վրդովված է ստեղծված իրավիճակից և հանձնարարել է հնարավորինս արագ պարզել, թե ինչպե՞ս է հնարավոր դարձել, որ քաղաքացիների խմելու ջրի մեջ սնդիկ հայտնվի, և ո՞վ է դրա համար պատասխանատու։
Որտե՞ղ էին վերահսկողները
Այս պատմության ամենակարևոր հարցը, սակայն, շարունակում է մնալ անպատասխան․ եթե ջրի անվտանգության վերահսկողությունը պետական համակարգի պարտականությունն է, ապա ինչո՞ւ վտանգը հայտնաբերվեց միայն այն բանից հետո, երբ համապատասխան մարմիններին ահազանգ ստացվեց։
Ավելին՝ «ԱրմԼուր»-ի հետ զրույցում Ծավի համայնքապետի պահվածքն ու արձագանքը ևս հարցեր են առաջացնում։ Փոխանակ հանրությանը հստակ պարզաբանումներ տալու՝ համայնքապետը զրույցի ընթացքում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել և, ըստ էության, չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։
Բյուրեղավանից՝ Ծավ
Խնդիրն առավել մտահոգիչ է այն պատճառով, որ ջրի անվտանգության հետ կապված սա առաջին լուրջ դեպքը չէ։
Բյուրեղավանի դեպքից հետո ևս բազմաթիվ հարցեր մնացին հանրության համար անպատասխան։ Մինչ օրս էլ ամբողջությամբ հստակ չէ՝ ինչն էր մարդկանց թունավորումների պատճառը և ինչու համապատասխան մարմինները ժամանակին չեն կանխել վտանգը։
Հիմա արդեն սնդիկ է հայտնաբերվում Սյունիքի բնակավայրի խմելու ջրում։ Եվ սա արդեն միայն առողջապահական խնդիր չէ։ Սա ազգային անվտանգության բաղադրիչ ունեցող հարց է։
Որովհետև եթե պետությունը չի կարող երաշխավորել անգամ քաղաքացու խմելու ջրի անվտանգությունը, ապա առաջանում է շատ ավելի լուրջ հարց՝ ո՞ր փուլում է ձախողվում վերահսկողության համակարգը։
Առողջապահության նախարարությունը, անվտանգության ոլորտի պատասխանատու մարմինները, ջրամատակարարման կառույցները և համայնքային իշխանությունը պետք է պատասխանեն՝ ովքե՞ր են պատասխանատու ջրի որակի պարբերական վերահսկողության համար, ե՞րբ է վերջին անգամ Ծավի ջուրը ստուգվել, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, և ինչո՞ւ վտանգը հայտնաբերվեց միայն ահազանգից հետո։ Բայց որևէ պատասխանատվություն չկա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան:
Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Պաշտպանության նախարարի ուրախ-զվարթ տեսանյութերն ես նայում՝ զորամասեր, դիրքեր է գնում:
Երևի նոր են պարզել, որ այդ ամենն իրենց պարտականությունն է, այլ ոչ թե նոր բարեփոխում կամ տեխնոլոգիական լուծում:
Բայց այլ բանի համար գրեցի: Ի՞նչ արժեք ունի կամ որքանո՞վ են անկեղծ այդ շփումները սպայակազմի, շարքային անձնակազմի, առհասարակ դիրքապահների հետ, եթե այդ նույն մարդիկ տեսնում են, գիտեն ձեր վերաբերմունքը հայրենիքի պաշտպանի, մեր նահատակների նկատմամբ:
Ձեզ թվում է, որ բանակում, զինծառայողների շրջանում հարց չի առաջանում, թե ինչու է իրենց վերադաս հրամանատարությունը, ԳՇ պետը, նախարարն անտեսում սրանից 4 տարի առաջ ՀՀ նկատմամբ ագրեսիան ու դրա հետևանքով զոհված իրենց համածառայակիցներին, հայրենակիցներին:
224 մարդ է զոհվել 2022-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով. այդ մարդիկ նահատակվել են հայրենիքը պաշտպանելիս, իսկ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը չտեսնելու, չլսելու տալով՝ անարգում են մեր սուրբ նահատակների հիշատակը:
Իրենց ղեկավարն էլ, նույն օրը, հեծանվավազք է կազմակերպում, անհոգ դեմքով ժպտում, ուտում-խմում ու կյանքը վայելում:
Իրենց բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար, իսկ երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան:
Միացյալ Նահանգներն առաջին անգամ խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել երկնային ուղեծրում․ հայտնում է BBC-ին։
Օդային, տիեզերական և կիբեռպատերազմի համաժողովում ելույթ ունենալով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնկը հայտարարել է, որ այս զենքերն անհրաժեշտ են ամերիկյան ուժերը «զարգացող սպառնալիքներից» պաշտպանելու համար։ Նա չի մանրամասնել զենքի հնարավորությունները կամ դրանց ուղեծիր դուրս բերման ժամանակը։
Մինչ օրս ԱՄՆ պաշտոնյաները խոսել են միայն տիեզերքում ռազմական կարողություններն ամրապնդելու իրենց մտադրության մասին՝ մատնանշելով ռուսական և չինական ծրագրերը, որոնք նախատեսված են ռազմական հակամարտության դեպքում ԱՄՆ արբանյակների վրա հարձակվելու և խափանելու համար։
Թրամփի վարչակազմը նշել է, որ ԱՄՆ-ին սպառնացող հրթիռների և այլ թիրախների խափանման համար նախատեսված «Ոսկե գմբեթ» համակարգը կներառի տիեզերական բաղադրիչ, այդ թվում՝ խափանող հրթիռներ։
1967 թվականին ԽՍՀՄ-ը և Միացյալ Նահանգները ստորագրել են պայմանագիր, որն արգելում էր զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումը տիեզերքում։
Սակայն դա չի վերաբերում սովորական զենքերին, և վերջին տարիներին Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները զարգացնում են թշնամու արբանյակներին հարձակվելու տարբեր հնարավորություններ, որոնք կարևոր են կապի, հետախուզության և նավիգացիայի համար։
2019 թվականին Միացյալ Նահանգները 70 տարվա ընթացքում առաջին անգամ ստեղծել է զինված ուժերի նոր ճյուղ՝ «Տիեզերական ուժերը»։ Անցյալ տարի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով «Տիեզերական ուժերը» սահմանվել են ոչ միայն որպես պաշտպանական, այլև հարձակողական առաքելություններ ունեցող։
«Տիեզերական ուժերի» խոսնակը բացատրել է, որ նրանք ունեն «կինետիկ և ոչ կինետիկ հնարավորություններ» այդ նպատակների համար։
Եթե ՌԴ-ն ուզում է հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից, պիտի հայտարարեն դրա մասին, եթե չեն ուզում հանել, դա քննարկման հարց է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե ՌԴ-ն ռուսական ռազմաբազան դուրս հանելու վերաբերյալ դիմում չի ստացել ՀՀ-ից:
Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է դիմել պաշտոնական Մոսկվային 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցով:
«Ինչքանով ես եմ տեղյակ, ՀՀ-ն էլ, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը և խորհրդարանն էլ նման դիմում, տեղեկանք կամ հաղորդում չեն ստացել ՌԴ-ից, որ ՌԴ-ն պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան:
Եթե ցանկանում են դուրս բերել ռազմաբազան, կարելի է քննարկել: Մենք էլ չենք ստացել իրենցից նման դիմում: Չգիտեմ էլ՝ նրանք առաջիկայում կդիմե՞ն, թե՞ չէ:
Հարցը հետևյալն է, եթե նրանք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին, եթե չեն ուզում հանել ռազմաբազան, դա քննարկման հարց է»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ իրականում ռազմաբազան պահելը թանկ է նստում ՀՀ-ի համար, բայց միևնույն է, այդ հարցը քննարկման հարց է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել։
Գերիների վերադարձը պետք է լինի ամենափակ հարցերից մեկը, կարծում է Վահագն Ալեքսանյանը։
«Հանրային քննարկման տեսանկյունից գերիների հարցը պետք է փակել, դնել դարակում, բայց հարցը միշտ մեր սեղաններին է ու մեր աշխատանքային քննարկումների անբաժան մասն է։
Հանրային ոչ մի քննարկում այս հարցին ոչ մի օգուտ չի բերում, եթե չասեմ՝ վնասում է, ոչ մի օգուտ չի բերում, երբեք»,-ասաց նա։
Անդրադառնալով Բաքվի բանտից հայերի ուղերձներին՝ Ալեքսանյանն ասաց, որ չի կարելի գերիների ասածը դարձնել հանրային քննարկման առարկա. «Ակնհայտ է, որ երբ գերիներն ինչ-որ բան հայտարարում են, դա միշտ չէ, որ գերիների կամքն է, որ իրենք ինչ-որ բան հայտարարեն»։
ՔՊ-ականի խոսքով՝ հաճախ գերիների հայտարարածն իրենց սեփական մտքերը չեն։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Հարություն Ք.-ն և հայտնել, որ 2025 թվականի ապրիլ ամսին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցուցումով Երևանում իր հետ համատեղ բնակվող իր քրոջ՝ Ալլա Ք.-ի անվամբ Հայաստանում հիմնել են «Սմարթ Կարգո» ընկերությունը, որը պետք է զբաղվեր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան շաքարավազ ներկրելով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հարություն Ք.-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը գլուխ բերելու համար գումարը պետք է ներդներ Հ. Աբրահամյանը, ով սակայն չնչին գումար է ներդրել, իսկ որոշ ժամանակ անց ընկերությունից հանել է ողջ գումարը։Նա հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանի ցուցումով և միջնորդությամբ վերցված 470 միլիոն դրամ վարկը, դիտավորությամբ ստեղծելով սնանկության հատկանիշներ, իրեն պատճառվել է գույքային վնաս՝ բաց թողնված օգուտի ձևով, որը կազմել է շուրջ 6-7 միլիոն դոլար, և այդ ամենը պատճառվել է պայմանագրերով նախատեսված 100 հազար տոննա շաքարավազի խմբաքանակը չներմուծելու արդյունքում օրական շուրջ 16 միլիոն դրամ տուժելու ձևով։
Հարություն Ք.-ն հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանը 2026 թ. մայիս ամսից իրենից պահանջել է, որ առհասարակ չզբաղվի շաքարավազի ներկրմամբ, միայն միջնորդ հանդիսանա, որ շաքարավազ ներկրի ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որի դիմաց առաջարկել է 15-20 հազար դոլար գումար, քանի որ դա 30 տարուց ավելի համարվել է Ս. Ալեքսանյանի բիզնեսը, հակառակ դեպքում իրեն սպառնացել է, որ ոտքերը կջարդեն կամ մի օր մի տեղ կխփեն։