Blog

  • Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն թիվ 17/66 ընտրատեղամասում 2026 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս՝ շահադիտական նպատակով լուսանկարել է իր քվեարկության արդյունքը բացահայտող՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ տեղադրելու պահը։ Այնուհետև՝ քվեարկության հաջորդ օրը, լուսանկարն ուղարկել է Ա.Ս.-ին՝ այդ կերպ վերջինիս հասանելի դարձնելով իր քվեարկության արդյունքի վերաբերյալ տեղեկությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

    «Ա.Ս.-ն, ստանալով Ա.Հ.-ի քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը, ստուգել է նրա քվեարկության արդյունքը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը։

    Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը), իսկ Ա.Ս.-ի նկատմամբ՝ 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ. Ավինյանը շնորհավորել է տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։

    «Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ, որոնք կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել, արդյունավետ տնօրինել իրենց ռեսուրսները և պատասխանատվություն ստանձնել սեփական զարգացման համար։

    Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է։ Համայնքային մակարդակում է ձևավորվում պետության և քաղաքացու ամենօրյա կապը։

    Այսօր մեր առաջնահերթություններից է ապակենտրոնացման գործընթացին գործնական բովանդակություն հաղորդելը։ Համայնքների ընդլայնվող լիազորությունները պետք է ապահովված լինեն համապատասխան ֆինանսական միջոցներով, կառավարման կարողություններով և արդյունավետ գործիքներով։ Կարևոր է նաև, որ համայնքները կարողանան իրենց փորձն ու խնդիրները ներկայացնել միասնական դիրքերից և մասնակցել ոլորտային քաղաքականությունների ձևավորմանը։

    Հայաստանի համայնքների միության կարևոր առաքելությունն այս գործընթացում համայնքների շահերի ներկայացումն ու պաշտպանությունն է, նրանց կարողությունների զարգացումը և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումը։

    Վստահ եմ, որ համայնքների հետևողական աշխատանքի, պետական կառույցների հետ արդյունավետ գործընկերության և բնակիչների ակտիվ մասնակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի ինքնուրույն, կենսունակ և զարգացող համայնքներ։

    Շնորհակալություն եմ հայտնում համայնքային կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար։

    Շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ»,-նշված է ուղերձում։

  • ՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՈՒՐԲ ՎԱՆԻԼԱՅԻՆ ՔԵՅՔԵՐ․ պարզ, համեղ և անուշաբույր – ԱՄԲԻՈՆ NEWS

    Բաղադրիչներ՝

    2 ձու

    150 գ շաքարավազ

    120 մլ կաթ

    100 գ կարագ

    200 գ ալյուր

    1 թեյի գդալ փխրեցուցիչ

    Վանիլին

    Պատրաստման եղանակը՝

    Ձվերն ու շաքարավազը հարել։

    Ավելացնել հալեցրած կարագը, կաթն ու վանիլինը։

    Ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը։

    Խմորը լցնել փոքրիկ կաղապարների մեջ։

    Թխել 180°C ջերմաստիճանում՝ մոտ 18-22 րոպե։Վերջում կարելի է զարդարել կրեմով կամ շաքարի փոշով։

    Փոքրիկ գաղտնիք․ ավելի նուրբ կառուցվածք ստանալու համար խմորը չափից շատ մի՛ հարեք։

  • Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջնական տվյալների համաձայն, 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը դանդաղել է՝ կազմելով տարեկան 6,9 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 7,6 տոկոսի դիմաց։

    Թեև առաջին հայացքից տնտեսական ակտիվության տեմպի նման նվազումը կարող է մեկնաբանվել որպես տնտեսական ներուժի որոշակի սպառում կամ նախորդ տարիների բարձր բազայի ազդեցության մարում, իրական պատկերը շատ ավելի բազմաշերտ է, քանի որ ընդհանուր ցուցանիշի արգելակումը պայմանավորված չէ տնտեսության համատարած թուլացմամբ, այլ արտացոլում է սպառողական ու վերավաճառքային հոսքերի հագեցումը՝ զուգորդված իրական հատվածի՝ մասնավորապես արդյունաբերության վերականգնմամբ և ծառայությունների ու շինարարության ոլորտների շարունակական էքսպանսիայով։

    Տնտեսական զարգացումների ամենաուշագրավ և ռազմավարական նշանակություն ունեցող իրողությունն արդյունաբերական հատվածի շրջադարձային վարքագիծն է, որին անդրադարձել ենք նախորդ համարներից մեկում: Արդյունաբերության այս վերակենդանացումը սերտորեն փոխկապակցված է արտաքին տնտեսական գործունեության միտումների փոփոխության հետ։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ արտաքին առևտրի դինամիկան ևս էական անկումից անցում է կատարել աճի, ինչը տեղի է ունեցել գլխավորապես ներմուծման ցուցանիշների բարելավման հաշվին։ Մակրոտնտեսական վերլուծության տեսանկյունից ներմուծման աշխուժացման և արդյունաբերական աճի զուգադիպումը վկայում է այն մասին, որ ներմուծման կառուցվածքում մեծացել է արտադրական նշանակության հումքի, միջանկյալ սպառման ապրանքների, սարքավորումների ու տեխնոլոգիական բաղադրիչների տեսակարար կշիռը, որոնք սնուցում են տեղական վերամշակող ձեռնարկությունների աշխատանքը և նպաստում ներքին արտադրական շղթաների վերագործարկմանը։

    Այդուհանդերձ, արդյունաբերության դրական տեղաշարժը բավարար չի եղել ամբողջությամբ չեզոքացնելու այն բացասական ազդակները, որոնք ձևավորվել են տնտեսության ամենախոշոր՝ առևտրի հատվածում, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում։

    Հայաստանի տնտեսական կառուցվածքում առևտուրը շարունակում է պահպանել իր բացարձակ գերիշխող դիրքը՝ ինն ամիսների ընթացքում գերազանցելով 5 տրիլիոն դրամի կամ 13,5 միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է արդյունաբերության ծավալները և զգալիորեն առաջ է անցնում մյուս բոլոր ճյուղերից։ Հենց այս հսկայական կշռով է պայմանավորված այն հանգամանքը, որ առևտրի շրջանառության տարեկան աճի կտրուկ դանդաղումը՝ 3,5 տոկոսից մինչև գրեթե լճացում խորհրդանշող 0,6 տոկոս, վճռորոշ արգելակող ազդեցություն է ունեցել ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա։

    Առևտրի ոլորտի նման պասիվացումը ունի մի քանի խորքային պատճառներ։ Առաջին հերթին ներքին սպառողական շուկան հասել է հագեցվածության որոշակի շեմի, երբ տնային տնտեսությունների ընթացիկ սպառման ծախսերն այլևս չեն կարողանում ապահովել նախկին երկնիշ կամ բարձր միանիշ տեմպերը՝ պայմանավորված թե՛ վարկային բեռի կուտակմամբ, թե՛ եկամուտների վերաբաշխմամբ դեպի անշարժ գույքի սպասարկում և ծառայություններ։ Բացի այդ, առևտրի վիճակագրության վրա ազդում է նաև արտաքին վերավաճառքային և տարանցիկ առևտրային գործառնությունների վերաձևավորումը, որոնք նախորդ ժամանակահատվածներում արհեստականորեն ուռճացնում էին առևտրաշրջանառության թվերը, իսկ այժմ ենթարկվում են շուկայական ճշգրտման ու կայունացման։

    Տնտեսական աճի դանդաղման երկրորդ լուրջ գործոնը ագրոհատվածի խորացող հիմնախնդիրներն են, որտեղ դինամիկան ոչ միայն դանդաղել է, այլև դրական դաշտից տեղափոխվել է բացասական տիրույթ՝ նախորդ տարվա 6 տոկոս աճի փոխարեն արձանագրելով 4,8 տոկոս անկում։ Թեև գյուղատնտեսությունը բացարձակ ծավալով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ կազմելով 677,1 միլիարդ դրամ կամ 1,8 միլիարդ դոլար, դրա անկումը պարունակում է սոցիալ-տնտեսական և պարենային անվտանգության զգայուն ռիսկեր։ Ագրոհատվածի նման հետընթացը կրկին ի ցույց է դնում Հայաստանի գյուղատնտեսության կառուցվածքային խոցելիությունը՝ սկսած բնակլիմայական անբարենպաստ երևույթներից, ոռոգման համակարգերի մաշվածությունից ու հողային ռեսուրսների մասնատվածությունից մինչև ինտենսիվ տեխնոլոգիաների դանդաղ ներդրում, գյուղատնտեսական հումքի մթերման շղթաների անկատարություն և ինքնարժեքի բարձրացում։ Երբ գյուղատնտեսությունը մեկ տարվա ընթացքում աճի տիրույթից հայտնվում է զգալի անկման մեջ, դա անմիջականորեն հարվածում է մարզային բնակչության գնողունակությանը՝ իր հերթին սահմանափակելով նաև ներքին առևտրի շրջանառությունը և նվազեցնելով տեղական սննդարդյունաբերության համար անհրաժեշտ հումքային բազան։

    Ի հակադրություն առևտրի լճացման և ագրոհատվածի անկման՝ տնտեսության կենսունակությունն ու բարձր տեմպերը պահպանվել են ծառայությունների և շինարարության ոլորտների տպավորիչ արագացման շնորհիվ։

    Ծավալային ցուցանիշով տնտեսության երկրորդ խոշորագույն հենասյունը հանդիսացող ծառայությունների ոլորտը, որի համախառն ծավալը հասել է 3,5 տրիլիոն դրամի կամ 9,3 միլիարդ դոլարի, ցուցաբերել է բացառիկ դիմադրողականություն՝ տարեկան աճի տեմպը 9,9 տոկոսից հասցնելով 13 տոկոսի։ Ծառայությունների հատվածի նման երկնիշ ընդլայնումը վկայում է այն մասին, որ ներքին և արտաքին պահանջարկը ապրանքային սպառումից աստիճանաբար տեղաշարժվում է դեպի ոչ նյութական արժեքների ստեղծում. ֆինանսաբանկային և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, տրանսպորտային ու լոգիստիկ սպասարկումը, հանրային սնունդն ու զբոսաշրջային ենթակառուցվածքները շարունակում են գեներացնել բարձր հավել յալ արժեք։ Ծառայությունների ոլորտը, ունենալով զգալի տեսակարար կշիռ համախառն թողարկման մեջ, փաստացիորեն իր վրա է վերցրել առևտրի թուլացումից առաջացած բացը լրացնելու հիմնական բեռը՝ ապահովելով զբաղվածության և հարկային մուտքերի կայուն հոսք։

    Աճի տեմպերի տեսանկյունից անգերազանցելի առաջատարը շարունակում է մնալ շինարարության ոլորտը, որտեղ արդեն իսկ բարձր՝ 20,7 տոկոսանոց աճը էլ ավելի է արագացել՝ հասնելով 24,9 տոկոսի։ Բացարձակ մեծությամբ շինարարությունը զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 583,8 միլիարդ դրամ կամ 1,6 միլիարդ դոլար ծավալով, սակայն դրա աճի դինամիկան ունի հզոր մուլտիպլիկատիվ ազդեցություն հարակից ճյուղերի վրա։

    Շինարարական բումի շարունակականությունը սնուցվում է ինչպես պետական կապիտալ ծախսերի իրականացմամբ՝ ճանապարհաշինական, կրթական, ջրամբարաշինական և ենթակառուցվածքային ծրագրերի տեսքով, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից բնակարանային և առևտրային կառուցապատման չմարող իներցիայով։ Շինարարության գրեթե քառորդով աճը ուղղակիորեն խթանում է շինանյութերի տեղական արտադրությունը և ներմուծումը, ակտիվացնում է բանկային հիփոթեքային ու կորպորատիվ վարկավորումը և ձևավորում է մեծ պահանջարկ ինժեներական ու նախագծային ծառայությունների նկատմամբ։

    Միևնույն ժամանակ, տնտեսագիտական տեսանկյունից կարևոր է նկատել, որ շինարարության բացարձակ ծավալը դեռևս անհամեմատ փոքր է առևտրի և ծառայությունների ծավալներից, ուստի նույնիսկ նման գերարագ աճի պարագայում այն միայնակ չի կարող որոշել ամբողջ տնտեսության աճի թվաբանությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում կապիտալ ներդրումների կենտրոնացումը միայն անշարժ գույքի կառուցապատման մեջ պարունակում է շուկայի գերտաքացման ռիսկեր, եթե դրան զուգահեռ համաչափորեն չզարգանան արտադրական և արտահանելի հատվածները։ 

    ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

    Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է։

    Զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։ Ալեքսանյանը և նրա ընտրյալը՝ Անին, որը նույնպես Գյումրիից է, պսակադրվել են Լիմասոլի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Համացանցում հայտնվել է լուսանկար նորապսակների պսակադրության արարողությունից։

    24news.am

     

    դիտվել է 14 անգամ

  • Հռոմի պապի այցին ընդառաջ Պերուում բացվել է նրա 14-մետրանոց արձանը

    Երեւան: Մեդիամաքս: Պերուի Կալյաո նավահանգստային քաղաքում բացվել է Հռոմի Լեւոն XIV պապի 14 մետրանոց արձանը։

    Պապը նոյեմբերի 11-ին ժամանելու է Պերու, որը կլինի Հարավային Ամերիկա կատարած իր առաջին այցի վերջին կանգառը։
    Կալյաոյի քաղաքապետարանը հայտնել է, որ սա աշխարհում Հռոմի պապի ամենամեծ արձանն է։
    Քանդակագործներ Ռաֆայել Գուտիերեսը եւ Դեյվի Վոնգն այն ավարտել են ընդամենը 45 օրում։
    Մինչեւ Հռոմի պապ ընտրվելը Ռոբերտ Ֆրենսիս Պրեւոստը 2020-2021 թվականներին եղել է Կալյաոյի թեմի առաքելական կառավարիչը։
    Պապը Պերուում կգտնվի նոյեմբերի 11-ից 16-ը։ Այդ այցով կավարտվի նրա լատինաամերիկյան շրջագայությունը, որի ընթացքում նա եղել է նաեւ Ուրուգվայում եւ Արգենտինայում։

  • Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է.

     ng.ru–ն «Հայաստանի նոր Սահմանադրության համար պայքարը հասել է դատարան» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեկամսյա նախնական կալանքի տակ է առել Սամվել Կարապետյանին՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդին։ Քննչական կոմիտեի տվյալներով, ընդդիմադիր գործիչը 2016-2024 թվականներին իր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը պատճառել է 64,5 միլիարդ դրամի (178,8 միլիոն դոլար) վնաս։

     Ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը գործում է Ադրբեջանի հրամաններով, և կոչ է արել ազգին պայքարել կառավարության դեմ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պնդում են, որ Կարապետյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը խոշոր չափի հափշտակություններ և փողերի լվացում կատարելու համար։ Նրանց հետաքննության համաձայն, ընկերության գործունեությունը ֆինանսավորվել է՝ անհրաժեշտից ավելի փոխառություններ վերցնելով, որոնք հետագայում անհիմն կերպով վճարվել են բաժնետերերին որպես դիվիդենտներ կամ փոխանցվել են տարբեր կազմակերպությունների։ Կարապետյանից բացի, այս գործով ձերբակալվել է ևս 35 անձ։

    Հիշեցնենք, որ դեռ 2025 թվականի հունիսի կեսերին էր Կարապետյանը ձերբակալվել պետական հեղաշրջում հրահրելու մեղադրանքով, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հարձակումներից Հայ առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու խոստման պատճառով։ Կարճ ժամանակ անց նրանից ՀԷՑ-ն առգրավվել էր։ «Ուժեղ Հայաստանը» կարծում է, որ քրեական հետապնդման վերջին փուլը կապված է Փաշինյանի՝ հնարավորինս արագ նոր Սահմանադրություն ընդունելու ցանկության հետ։ Վարչապետը խոստացել էր հրապարակել օրենքի նախագիծը և ընդդիմությանը առաջարկել է այնպիսի առաջարկ, որը նրանք չեն կարող մերժել, իսկ եթե կառավարության հակառակորդները չփոխեն իրենց միտքը, ապա նա սպառնացել էր հասարակության և իշխանությունների համատեղ ճնշմամբ։ «Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները,-հայտարարել է «Ուժեղ Հայաստանը»:– Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է։ Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից։ Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը։ Նա նույնն արեց 2025 թվականին և ձախողվեց։ Այդ ժամանակ Փաշինյանը ձերբակալեց Սամվել Կարապետյանին, քանի որ վերջինս պաշտպանում էր Հայ առաքելական եկեղեցին։ Սակայն Փաշինյանին չհաջողվեց կազմաքանդել ու կործանել Եկեղեցին։ Այժմ Փաշինյանը կրկին ձախողվելու է։ Նրան չի հաջողվելու պարտադրել Ալիևի Սահմանադրությունը, քանի որ հայ ժողովուրդը դեմ է դրան, իսկ միասնական ընդդիմությունը չի ընկրկելու Փաշինյանի ճնշումների առաջ և թույլ չի տալու, որ երկիրը տանի զիջումների»։

    Հայաստանում նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեով, բայց դրա ընդունումը պետք է հաստատվի 70 պատգամավորի կողմից։ Իշխող «ՔՊ» կուսակցությունն ունի ընդամենը 64 մանդատ։ Փաշինյանն անգամ պնդում է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել՝ որպես վերջին միջոց։ Ազգային ժողովում կա երեք քաղաքական ուժ՝ Փաշինյանի «ՔՊ»–ն, Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։ Քոչարյանի պատգամավորները կտրականապես հրաժարվում են աջակցել Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության պայմանագրին, նոր Հիմնական օրենքի ընդունման գաղափարին կամ «Թրամփի ճանապարհին»։ Նրանք դրանք համարում են հանրապետությունը Ադրբեջանի և Թուրքիայի խամաճիկ պետության վերածելու նշաններ։ Կարապետյանի պատգամավորներն էլ կարծում են, որ Երևանը չափազանց շատ զիջումների է գնում բանակցություններում՝ վտանգելով, որ վերջնական արդյունքում կկորցնի իր անկախությունը։ Նրանք նաև համոզված են, որ Փաշինյանը ցանկանում է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ Ալիևի պահանջով, որն ուղղակիորեն կոչ է արել հանել Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբանից։ «ՔՊ»-ն մերժում է նման պնդումները։ Ըստ Փաշինյանի, հռչակագիրը Սահմանադրությունում իսկապես չպետք է հիշատակվի, բայց ոչ թե որովհետև Ալիևն է այդպես ասել, այլ որովհետև այն թշնամական միջավայր է ստեղծում Հայաստանի շուրջ։ Իշխող կուսակցությունը նաև կարծում է, որ «Թրամփի ճանապարհը» կարող է զարգանալ՝ անկախ խաղաղության պայմանագրի առկայությունից, քանի որ Բաքվի հետ տնտեսական համագործակցությունն ինքնին կամրապնդի անվտանգությունը և փոխըմբռնումը։

    «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի վերջին ձերբակալությունից հետո ընդդիմադիր կազմակերպությունները որոշել են դաշինք կազմել Փաշինյանի դեմ և հայտարարել են համազգային համախմբման մասին։ Քոչարյանի ու Կարապետյանի ուժերին են միացել «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Ժողովրդավարական այլընտրանք», «Հայ ազգային կոնգրես», «Դաշնակցություն», «ՀայաՔվե», «Հայաստանի հանրապետական», «Հայաստանը ես եմ», «Ժառանգություն» և «Նոր դարաշրջան» կուսակցությունները։ Իրենց նպատակների թվում նրանք նշել են «ալիևյան Սահմանադրության» մերժումը, խաղաղության հաստատումը առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը և ժողովրդավարության վերականգնումը։

    «Մենք տեսնում ենք, որ այսօր հիմնական խնդիրները տարածքային զիջումներն ու «ալիևյան Սահմանադրությունն» են։ Ես կոչ եմ անում բոլոր հասարակական գործիչներին միավորվել այս գաղափարների շուրջ։ Մենք կարող ենք տարբեր ճանապարհներ ընտրել և տարբեր առաջնահերթություններ ունենալ, բայց մենք պետք է միավորվենք այս սկզբունքների շուրջ և կանխենք «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում և երկրի վերածումը Ալիևի արբանյակ պետության», – հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու

    Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։

    Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

    Տրանսպորտային միջոցներն արգելափակվել են հիմնականում ձյան, մերկասառույցի, ցեխակույտերի, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու և ճամփեզրյա հատվածներում հայտնվելու հետևանքով։

    Մասնավորապես՝ Սյունիքի մարզում՝ Գորիս-Հարժիս, Գորիս-Երևան, Տաթև-Լծեն, Աղվանի-Լծեն, Սիսիան-Գորիս և այլ ճանապարհահատվածներում, փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի տարբեր հատվածներում մերկասառույցի պատճառով արգելափակված 7 բեռնատար է դուրս բերվել։

    Արգելափակումներից դուրսբերման աշխատանքներ են իրականացվել նաև Մարտունի-Գավառ, Ճամբարակ-Աղբերք, Վարդաղբյուր-Տաշիր, Վայք-Հեր-Հեր և այլ ճանապարհահատվածներում։

  • Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»

    ՊՆ-ն առաջարկում փոփոխել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը՝ ռազմական ոստիկանության խնդիրների լուծման, հանցագործություններին արագ հակազդելու և արդյունավետ հետաքննության նպատակով։

    Նախագիծը ռազմական ոստիկանությանը նաև իրավունք է տալիս իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը՝ նույն ընդհանուր պահանջներով, ինչպես ոստիկանության, քրեակատարողական ծառայության և հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում։

    Առաջարկվում է նաև ռազմական ոստիկանությանը, սահմանված կարգով, ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ և օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր՝ գաղտնիությունն ու կոնսպիրացիան ապահովելու համար։

  • Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերի

    Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գայանե Ա․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում՝ բախվելով հաստաբուն ծառերի։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի, դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի և դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Արթուր Գինոսյանի գլխավորությամբ։

    Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

    դիտվել է 4 անգամ