Blog

  • Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օ

    Սիրելի՛ հայրենակիցներ,

    Նոյեմբերի 10-ին լրանում է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 30-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին։

    Իրապես բոլորս տեսնում ենք, որ զարգացած պետության հիմքում ամուր, կազմակերպված ու բարգավաճող համայնքներն են։ Այս գործում առանձնահատուկ նշանակություն ունի տեղական ինքնակառավարման համակարգը, որի արդյունավետ գործունեությունն անմիջականորեն պայմանավորված է ոլորտի աշխատակիցների պատասխանատու և հետևողական աշխատանքով։

    Համայնքային ծառայությունը բարձր պատասխանատվություն պահանջող առաքելություն է, որի առանցքում համայնքի համաչափ զարգացմանը, բնակիչների հոգսերի հասցեական լուծմանը և կյանքի որակի շարունակական բարելավմանը միտված աշխատանքներն են։ Այն պահանջում է խորը մասնագիտական պատրաստվածություն, սկզբունքայնություն, հետևողականություն և, որ ամենակարևորն է, հանրային շահին անձնվիրաբար ծառայելու պատրաստակամություն։

    Բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ ներդրումը համայնքային կյանքի կազմակերպման, տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման գործում։

    Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, ուժ ու եռանդ, մասնագիտական նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու ու կարևոր աշխատանքում։

  • Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին վարորդը «Օպել»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գայանե Ա․-ն իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում՝ բախվելով հաստաբուն ծառերի։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

    Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել:

  • Երևանում բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

    Նոյեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

    «Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Chevrolet Volt»-ի վարորդի սթափությունը բժշկական կենտրոնում արյան նմուշ է վերցվել , քանի որ կասկածվում է, որ նա եղել է ոչ սթափ։

    «Chevrolet Volt»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Hyundai Elantra»-ին։

  • ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ – ԱՄԲԻՈՆ NEWS

    ՓՈՔՐԻԿ ՓՈՂՈՑ, ՈՐԸ ԴԱՐՁԱՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՄԱՍԸ

    1969 թվականի նոյեմբերի 10-ին առաջին անգամ հեռարձակվեց «Սեզամի փողոց» («Sesame Street») մանկական կրթական հաղորդումը։

    Այն ստեղծվեց մի գաղափարով՝ երեխաներին կարելի է սովորեցնել տառերը, թվերն ու կյանքի կարևոր հմտությունները ոչ թե ձանձրալի դասերով, այլ խաղի, երաժշտության և հումորի միջոցով։

    Տասնամյակներ անց այս հաղորդումը դարձավ համաշխարհային հեռուստատեսության ամենահայտնի մանկական նախագծերից մեկը։

    Երբեմն մեկ փոքրիկ հեռուստափողոց կարող է միավորել աշխարհի տարբեր սերունդների մանկությունը։

  • 2020 թվականի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը Արցախի և ՀՀ որոշ հատվածների օկուպացման նախերգանքն էր

    ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

    «2020 թվականի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը ոչ միայն կապիտուլյացիա էր, այլ նաև Արցախի և ՀՀ որոշ հատվածների օկուպացման նախերգանքը:

    Ինչպես ավելի ուշ իշխանությունը խոստովանեց, իրենք ի սկզբանե Արցախը հայկական չէին համարել, մարդկանց խաբել էին, իսկ պատերազմը պարտության տարան, հազարավոր մարդկանց կյանքից զրկեցին, որպեսզի իրենց դավաճան չկոչեն:

    Թեպետ որևէ մեկը, վստահ եմ, չի կասկածում, որ պատմությունն իրենց հենց այդպես էլ արձանագրելու է:
    Գործող կառավարիչներն Արցախն Ադրբեջան հռչակեցին, իսկ ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին հեռու անորոշության, իսկ ավելի կոնկրետ՝ ադրբեջանական քմահաճույքների տիրույթում»:

    դիտվել է 7 անգամ

  • Բաքվի դիրքորոշումը Անկարային թույլ չի տալիս ինքնուրույն գործել Կովկասում

    Ադրբեջանական վարչակարգն այնքան է թեւավորվել արտաքին քաղաքական հաջողություններից, որ սկսում է շփոթել մանեւրելու ազատությունը ոչ մեկի հետ հաշվի չնստելու հետ։
    Այդ մասին լրագրող Բաշիր Կիտաչաեւը գրում է Carnegie Russia Eurasia Center-ի կայքում հրապարակված «Եղբայրությունից մինչեւ հավակնություններ. ինչո՞ւ վիճեցին Ադրբեջանն ու Թուրքիան» հոդվածում։
    «Գործընկերների հետ յուրաքանչյուր նոր բախման ժամանակ Բաքուն զսպվածություն ցուցաբերելու ավելի քիչ անհրաժեշտություն է զգում, ինչը որոշակի պահի կարող է մեկուսացման պատճառ դառնալ», – զգուշացնում է հեղինակը։
    Բաշիր Կիտաչաեւը նշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության աղբյուրներից մեկն են։
    «Թուրքիան տասնամյակներ ի վեր Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում էր Ղարաբաղյան հակամարտության լուծման հետ։ Ղարաբաղն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելուց հետո Անկարան հնարավորություն ստացավ բացել սահմանը, վերականգնել առեւտուրը եւ զարգացնել տրանսպորտային երթուղիները Հարավային Կովկասով։
    Թուրքիան ողջունեց 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, սակայն վերջնական պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվել, քանի որ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ առաջադրել, ներառյալ՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, ինչով բարդություններ է ստեղծում Թուրքիայի համար։ Փաստացի Բաքվի դիրքորոշումը թույլ չի տալիս Անկարային ինքնուրույն հարաբերություններ կառուցել Հարավային Կովկասում», – ասվում է հոդվածում։
    «Սակայն երկու երկրների միջեւ տարաձայնությունների հիմնական պատճառն այն է, որ Ղարաբաղում հաղթանակից հետո Բաքուն իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու շատ ավելի մեծ հնարավորություններ ստացավ։ Իսրայելը դարձավ կարեւոր ռազմական եւ տեխնոլոգիական գործընկեր, ԱՄՆ-ն ընդլայնեց մասնակցությունը տարածաշրջանային դիվանագիտությանը, Չինաստանն ամրապնդեց հարաբերությունները Բաքվի հետ, Ռուսաստանի հետ նույնպես ստորագրվեցին մի շարք ռազմավարական պայմանագրեր։ Անշուշտ, այս կապերը լիովին չեն փոխարինում Թուրքիային, բայց թույլ են տալիս Ադրբեջանին ավելի քիչ կախված լինել մեկ դաշնակցից, ուստի եւ նրա հետ ավելի համարձակ վարվել։
    Ալիեւը նմանատիպ մարտավարություն արդեն կիրառել է Ռուսաստանի հետ՝ իրավիճակի սրման գնալով 2024 թվականի դեկտեմբերին Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանումից հետո։ Նա հրապարակայնորեն պահանջում էր պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար եւ փոխհատուցում վճարել։ Արդյունքում Բաքուն Մոսկվայից ստացավ իր ուզածը, իսկ երկրների միջեւ տնտեսական կապերը անխաթար մնացին», – արձանագրում է հեղինակը։
    Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

  • «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է.

      Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։ Այս չորս կետի շուրջ են ընդդիմադիր ուժերն ու գործիչները համախմբվելու մասին հայտարարել։ Միավորումը սկսվեց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց նոր Սահմանադրության հարցում ընդդիմադիրներին «համոզելու», առաջարկներ ուղղելու մասին, և ստացավ նրանց մերժումը։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ Սահմանադրությունը դարձավ այն կետը, կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել։ «Հիմա Նիկոլը և նրա թիմը փորձում են պառակտել միավորված ուժերին ու անձանց, միևնույն ժամանակ քաղաքական դաշտ են նետել ինչ-որ անծանոթ երևույթների, որոնք հանդես են գալիս հայտարարություններով, թե միայն միավորվածները չեն ընդդիմությունը, մենք էլ ենք ընդդիմություն, բայց մենք չենք միացել նրանց և այլն։ Տեսնում ենք հիբրիդային պատերազմ ընդդիմադիրների դեմ, որը մղում է Նիկոլ Փաշինյանն իր «գրպանային» ընդդիմադիրների միջոցով։ Նա փորձում է այս կամ այն ընդդիմադիրին հակադրել մյուսի հետ, որոնք արդեն միավորվել են։ Ցավով պետք է նշել, որ մեր հասարակության մի մասը չի հասկանում, թե Փաշինյանն ուր է տանում Հայաստանի Հանրապետությունը, խնդիրն այդ է։ Այս գործընթացները ստիպեցին ընդդիմությանը միավորվել, դա շատ ողջունելի է, բայց խնդիրն այն է, որ հասարակության ինչ-որ մասը զուրկ է պետական մտածելակերպից, բացարձակ չի տիրապետում մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Ո՛չ 19-րդ դարն է, ո՛չ էլ 20րդ դարի սկիզբը։ Յուրաքանչյուր ոք կարող է, չէ՞, չհավատալով ինձ, որպես ընդդիմադիրի, չհավատալով Փաշինյանին, որպես իշխանության ներկայացուցչի, ստուգի, օրինակ՝ համապատասխանո՞ւմ է իրականությանն այն փաստը, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն առաջին անգամ բարձրաձայնել է Իլհամ Ալիևը 2021 թվականի սեպտեմբերի 27-ին «Անադոլու» թուրքական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ Կամ՝ այն մարդը, որը երկրպագում է Նիկոլին, չի՞ հիշում, որ երբ վերջինս 2020 թվականին ցանկանում էր, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, դա բացարձակ կապ չուներ Սահմանադրության մեջ ներառված Անկախության հռչակագրի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

      Ընդգծում է՝ երբ նայում ենք գործող իշխանությունների ջղաձիգ վարքագծին, ընդդիմադիրների նկատմամբ հիստերիկ հարձակումներին, հասկանում ենք, որ իշխանություններն ունեն մտահոգություններ ընդդիմության միավորման մասով։ «Ընդդիմադիր գրեթե բոլոր խոշոր գործիչները կալանավորված են։ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը բանտում են։ Նրանց թիմերի նկատմամբ հալածանքներ կան, հետապնդումներ ընդդիմադիր հասարակական գործիչների նկատմամբ ։ Զուգահեռ իշխանությունը տեսիլք է ձևավորել հասարակության շրջանում, թե իրենք այս ՏԻՄ ընտրությունների արդյունքում տարբեր համայնքներում 80, 90 տոկոս ձայն են հավաքել։ Բայց դա ինքնախաբեություն է։ Երբ նայում ես վիճակագրական տվյալները, 21 համայնքից, որտեղ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրությունները, 12-ում ընտրություններին մասնակցել է պարզ փոքրամասնությունը, այսինքն՝ ընտրողների 50 տոկոսից պակասը։ Այս մասին իրենք լռում են։ Հպարտանում են, որ Արմավիրում իրենց թեկնածուն ստացել է 90 տոկոսից ավելի ձայն։ Բայց կարևոր է այն, որ ընտրությանը մասնակցել է ընդհանուր ընտրողների 37 թե 36 տոկոսը, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ ընտրողների 63-64 տոկոսը չի մասնակցել ընտրություններին։ Եթե Նիկոլին երկրպագող զանգվածը սա չի հասկանում, ապա նա սա շատ լավ է հասկանում, և դրա համար նրա մոտ կան ջղաձգումներ։ Երկրորդ՝ Նիկոլին օդ ու ջրի նման անհրաժեշտ է «գրպանային» ընդդիմություն ունենալը, ասենք՝ Արամ Զավենի Սարգսյան, Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան։ Նմանօրինակ ևս մի քանի հոգի կա դաշտում, որոնք ընդդիմադիր են խաղում, բայց իրականում ամբողջությամբ ենթարկվում են Նիկոլին»,-նկատում է մեր զրուցակիցը։

      Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ թե մեր առաջնահերթությունը չէ, այլ մեր օրակարգում ընդհանրապես չկա։ Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի հիմնահարցերը այն երկու կարևորագույն հանգրվաններն են, որոնք միավորել են մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկյուններում։ Ընդ որում՝ դրանք ամրագրված են նաև Անկախության հռչակագրում, որը Նիկոլ Փաշինյանն ուզում է հեռացնել Սահմանադրության նախաբանից։ Քաղաքագետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց ոչ բանիմաց հատվածին համոզել, որ Ցեղասպանության թիվ մեկ մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ Ռուսաստանը։ «Ռուսաստանի անունը չտալով, իբր թե պատմական մեկնաբանություններ անելով (ի դեպ, նշեմ, որ տգետ և դիլետանտ մեկնաբանություններ)՝ նա առաջ է տանում այդ թեզը։ Ցանկացած մարդ, որը պատմությանը քիչ թե շատ ծանոթ է, գիտի, որ Հայոց ցեղասպանությունը պլանավորվել և իրագործվել է 19-րդ դարի վերջից։ Աբդուլ Համիդ 3-րդ սուլթանն այն սկսեց։ Իրենք առաջնորդվում էին հետևյալ կարգախոսով՝ չկա հայ, չկա Հայկական հարց, իսկ Հայկական հարցն անընդհատ հորջորջողները Նիկոլի այժմյան հովանավորներն են՝ ի դեմս Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի։ Փոքր ցեղասպանություն իրականացրեցին, 300 հազար հայի մորթեցին, 500 հազար հայի վռնդեցին Արևմտյան Հայաստանից, 200 հազարին էլ պարտադրեցին ընդունել մահմեդականություն։ 1911 թվականին «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության՝ Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի ժամանակ ամբողջությամբ որոշվեց և հաստատվեց ծրագիրը, թե ինչպես են իրականացնելու մնացած հայերի ոչնչացումը Օսմանյան կայսրության տարածքում։ Ընդամենը հարմար ժամանակ էր պետք այն իրագործելու համար։ Այդ առիթը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմը, որի քողի տակ էլ ոչնչացրեցին հայերին։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանն այդ ամենի հետ։ Ռուսամետ չեմ, ռուսներին չեմ պաշտպանում, բայց ես տգիտությունից եմ վախենում։ Մեր ժողովուրդը պատմական գործընթացներին միակողմանի է նայում՝ բաց թողնելով մեր պատմության ընթացքում տեղի ունեցած կարևորագույն դրվագները։ Վերադառնանք, սակայն, Փաշինյանին։ Նա փորձում է հայերի գիտակցության մեջ փոխել ցեղասպանության մեղավորին և դրանով նաև քարտ-բլանշ է տալիս թուրքերին, որպեսզի վերջիններս նոր ցեղասպանություն կազմակերպեն հայերի նկատմամբ, որովհետև չդատապարտված և չպատժված հանցանքը և հանցագործությունը, համապատասխանաբար, նոր հանցանքներ է ծնելու։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ տարբեր երկրներ ժամանակին Ցեղասպանության փաստը պետական մակարդակով ընդունելու սեփական շահերն են ունեցել։ Դա նորմալ է։ Բայց նա փորձում է այդ փաստը միակողմանի ներկայացնել, ասում է՝ բոլորը օգտվել են դրանից, բացի մեզանից, Թուրքիայի հետ ի՞նչ է եղել որ։ Բայց Թուրքիան հիմա իրեն ավելի լկտի է պահելու։ Ոչ ոք չի երաշխավորել, որ մենք այստեղ ապրելու ենք և պարտավոր էլ չէ երաշխավորել։ Կեղծում են պատմական գործընթացները հենց դպրոցական դասագրքում։ 1826-28 թթ. Ռուսպարսկական պատերազմի արդյունքում Արևել յան Հայաստանի վերջնական միավորումը Ռուսաստանին ներկայացնում են որպես բռնակցում։ Մեկը չկա՞, որ գրքի հեղինակներին հարցնի՝ Հայաստանը անկախ պետություն է եղել և բռնակցվե՞լ է, Հայաստանն անկախ պետություն լինելով՝ մի մասի՞ց են գրավել ու բռնակցել Ռուսաստանին։ 428 թվականից հետո բուն պատմական Հայաստանի տարածքում ընդամենը մեկ անգամ ենք անկախ երկիր ունեցել, դա էլ Բագրատունյաց Հայաստանն էր։ Գրեթե 1200 տարի Հայաստանը եղել է պարսիկների լծի տակ։ Ալեքսանդր Գրիբոյեդովը իր կյանքի գնով փոխեց ներկայիս Հայաստանի ժողովրդագրական պատկերը՝ ռուս-պարսկական պայմանագրում կետ մտցնելով, որ դարերի ընթացքում պարսիկների կողմից Պարսկաստան քշված հայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց պատմական հայրենիքը։ Մեր ժողովուրդը շարունակում է նույն կոպտագույն սխալներն անել, և դրանք ավելի մեծ աղետներ են բերում մեր գլխին։ Ժամանակին լինելով 360 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետություն՝ հիմա 30 հազարի վրա ենք ծվարել, և մինչև հիմա չենք սովորել, որ ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ։ Ուժեղները, որոնց հետ հարաբերվում ենք, ալտրուիստական նկրտումներով չեն այդ ամենն անում, նրանք էլ իրենց շահերն ունեն։ Բոլոր նրանք, որ ասում են՝ Ռուսաստանը մեր կողքին չկանգնեց և այլն, թող հետևեն, թե Մերձավոր Արևելքի գերհարուստ պետությունների կողքին կանգնած ԱՄՆ-ն ի՞նչ է անում նրանց համար։ Օգտագործելով նրանց տարածքը Իրանի դեմ՝ ԱՄՆ-ն, փաստորեն, նրանց դարձրել է թիրախ՝ իրանական հրթիռների և հարվածների համար։ ԱՄԷ-ն, Քաթարը, Քուվեյթը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան գլոբալ առումով ոչ մի խնդիր չունեն Իրանի հետ։ ԱՄՆ-ն, իբր լինելով այս երկրների պաշտպանը, օգտագործում է նրանց տարածքը Իրանի դեմ՝ իր և Իսրայելի շահերը սպասարկելու համար, և մեխանիկորեն այդ երկրներին դարձնում է թիրախ», – եզրափակում է Գագիկ Համբարյանը։

      ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն թիվ 17/66 ընտրատեղամասում 2026 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս՝ շահադիտական նպատակով լուսանկարել է իր քվեարկության արդյունքը բացահայտող՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ տեղադրելու պահը։ Այնուհետև՝ քվեարկության հաջորդ օրը, լուսանկարն ուղարկել է Ա.Ս.-ին՝ այդ կերպ վերջինիս հասանելի դարձնելով իր քվեարկության արդյունքի վերաբերյալ տեղեկությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

    «Ա.Ս.-ն, ստանալով Ա.Հ.-ի քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը, ստուգել է նրա քվեարկության արդյունքը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը։

    Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը), իսկ Ա.Ս.-ի նկատմամբ՝ 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ. Ավինյանը շնորհավորել է տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։

    «Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ, որոնք կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել, արդյունավետ տնօրինել իրենց ռեսուրսները և պատասխանատվություն ստանձնել սեփական զարգացման համար։

    Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է։ Համայնքային մակարդակում է ձևավորվում պետության և քաղաքացու ամենօրյա կապը։

    Այսօր մեր առաջնահերթություններից է ապակենտրոնացման գործընթացին գործնական բովանդակություն հաղորդելը։ Համայնքների ընդլայնվող լիազորությունները պետք է ապահովված լինեն համապատասխան ֆինանսական միջոցներով, կառավարման կարողություններով և արդյունավետ գործիքներով։ Կարևոր է նաև, որ համայնքները կարողանան իրենց փորձն ու խնդիրները ներկայացնել միասնական դիրքերից և մասնակցել ոլորտային քաղաքականությունների ձևավորմանը։

    Հայաստանի համայնքների միության կարևոր առաքելությունն այս գործընթացում համայնքների շահերի ներկայացումն ու պաշտպանությունն է, նրանց կարողությունների զարգացումը և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումը։

    Վստահ եմ, որ համայնքների հետևողական աշխատանքի, պետական կառույցների հետ արդյունավետ գործընկերության և բնակիչների ակտիվ մասնակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի ինքնուրույն, կենսունակ և զարգացող համայնքներ։

    Շնորհակալություն եմ հայտնում համայնքային կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար։

    Շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ»,-նշված է ուղերձում։

  • ՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՈՒՐԲ ՎԱՆԻԼԱՅԻՆ ՔԵՅՔԵՐ․ պարզ, համեղ և անուշաբույր – ԱՄԲԻՈՆ NEWS

    Բաղադրիչներ՝

    2 ձու

    150 գ շաքարավազ

    120 մլ կաթ

    100 գ կարագ

    200 գ ալյուր

    1 թեյի գդալ փխրեցուցիչ

    Վանիլին

    Պատրաստման եղանակը՝

    Ձվերն ու շաքարավազը հարել։

    Ավելացնել հալեցրած կարագը, կաթն ու վանիլինը։

    Ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը։

    Խմորը լցնել փոքրիկ կաղապարների մեջ։

    Թխել 180°C ջերմաստիճանում՝ մոտ 18-22 րոպե։Վերջում կարելի է զարդարել կրեմով կամ շաքարի փոշով։

    Փոքրիկ գաղտնիք․ ավելի նուրբ կառուցվածք ստանալու համար խմորը չափից շատ մի՛ հարեք։