Ադրբեջանական վարչակարգն այնքան է թեւավորվել արտաքին քաղաքական հաջողություններից, որ սկսում է շփոթել մանեւրելու ազատությունը ոչ մեկի հետ հաշվի չնստելու հետ։
Այդ մասին լրագրող Բաշիր Կիտաչաեւը գրում է Carnegie Russia Eurasia Center-ի կայքում հրապարակված «Եղբայրությունից մինչեւ հավակնություններ. ինչո՞ւ վիճեցին Ադրբեջանն ու Թուրքիան» հոդվածում։
«Գործընկերների հետ յուրաքանչյուր նոր բախման ժամանակ Բաքուն զսպվածություն ցուցաբերելու ավելի քիչ անհրաժեշտություն է զգում, ինչը որոշակի պահի կարող է մեկուսացման պատճառ դառնալ», – զգուշացնում է հեղինակը։
Բաշիր Կիտաչաեւը նշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության աղբյուրներից մեկն են։
«Թուրքիան տասնամյակներ ի վեր Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում էր Ղարաբաղյան հակամարտության լուծման հետ։ Ղարաբաղն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելուց հետո Անկարան հնարավորություն ստացավ բացել սահմանը, վերականգնել առեւտուրը եւ զարգացնել տրանսպորտային երթուղիները Հարավային Կովկասով։
Թուրքիան ողջունեց 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, սակայն վերջնական պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվել, քանի որ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ առաջադրել, ներառյալ՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, ինչով բարդություններ է ստեղծում Թուրքիայի համար։ Փաստացի Բաքվի դիրքորոշումը թույլ չի տալիս Անկարային ինքնուրույն հարաբերություններ կառուցել Հարավային Կովկասում», – ասվում է հոդվածում։
«Սակայն երկու երկրների միջեւ տարաձայնությունների հիմնական պատճառն այն է, որ Ղարաբաղում հաղթանակից հետո Բաքուն իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու շատ ավելի մեծ հնարավորություններ ստացավ։ Իսրայելը դարձավ կարեւոր ռազմական եւ տեխնոլոգիական գործընկեր, ԱՄՆ-ն ընդլայնեց մասնակցությունը տարածաշրջանային դիվանագիտությանը, Չինաստանն ամրապնդեց հարաբերությունները Բաքվի հետ, Ռուսաստանի հետ նույնպես ստորագրվեցին մի շարք ռազմավարական պայմանագրեր։ Անշուշտ, այս կապերը լիովին չեն փոխարինում Թուրքիային, բայց թույլ են տալիս Ադրբեջանին ավելի քիչ կախված լինել մեկ դաշնակցից, ուստի եւ նրա հետ ավելի համարձակ վարվել։
Ալիեւը նմանատիպ մարտավարություն արդեն կիրառել է Ռուսաստանի հետ՝ իրավիճակի սրման գնալով 2024 թվականի դեկտեմբերին Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանումից հետո։ Նա հրապարակայնորեն պահանջում էր պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար եւ փոխհատուցում վճարել։ Արդյունքում Բաքուն Մոսկվայից ստացավ իր ուզածը, իսկ երկրների միջեւ տնտեսական կապերը անխաթար մնացին», – արձանագրում է հեղինակը։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply