«Այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ոչ այլ ինչ են, քան քաղաքական վենդետա և քաղաքական հաշվեհարդար»,-…
«Այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ոչ այլ ինչ են, քան քաղաքական վենդետա և քաղաքական հաշվեհարդար»,-…
Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան: Ադրբեջանը կշարունակի լրացուցիչ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Ստեփանակերտի Մշակույթի կենտրոն այցելած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղղված ուղերձում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում և առաջ ենք շարժվում այդ ուղղությամբ։ Մենք հասկացանք, որ խաղաղության մեջ ապրելն այնքան մեծ զգացմունք է, որն անհնար է արտահայտել բառերով։ Խաղաղությունը սկսվում է նաև տեղերում իրականացվող վերականգնողական աշխատանքներից։ Խաղաղությունը միայն առճակատման բացակայությունը չէ։ Խաղաղությունը նաև խաղաղաշինությունն է, վերակառուցման և վերականգնման գործընթացում վստահության և ապահովության ձևավորումը։
Ես ուրախ եմ նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում։ Երկու կողմերն էլ պայմանավորվել են սկսել երկկողմ փոխգործակցություն՝ նպատակ ունենալով հետագայում առաջ մղել խաղաղության օրակարգը, ամրապնդել վստահությունը երկու երկրների միջև, ինչպես նաև զարգացնել առևտրային կապերը, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածությունն ու հաղորդակցությունները երկու երկրների միջև և ավելի լայն տարածաշրջանում»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։
Նա նաև գոհունակություն է հայտնել եռակողմ հայեցակարգի զարգացման հարցում դրական նշանների առկայության կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերներին՝ այս նախագծի իրականացմանն իրենց լիակատար հավատարմության համար։
Սպորտի ոլորտի կառավարման տեղեկատվական համակարգի գործարկման համար հատկացվել է 20 մլն 400 հազար դրամ (56 հազար դոլար- խմբ.): Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին Հայաստանի կառավարության նիստում։
Նշվել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է համակարգի գործարկման ֆինանսական ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև պետական ռեեստրի մշակմամբ և ներդրմամբ՝ սպորտի ոլորտում միասնական տվյալների բազա ստեղծելու նպատակով։
Կապանը երկու օր կապրի շախմատային կյանքով։ Այս անգամ խաղատախտակների շուրջ կնստեն դպրոցականները։ Սեպտեմբերի 10-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էր 14 թիմ։ Նրանցից երկուսը ներկայացնում են Սյունիքը՝ Սիսիանի թիվ 4 և Կապանի թիվ 7 հիմանակն դպրոցները։ Մրցաշարի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ով դպրոցական շախմատիստներին հաջողություններ մաղթեց շախմատի տախտակի շուրջ։ Ցուցադրվեց կարճ տեսանյութ՝ նվիրված օլիմպիադայի պատմությանը։
Մրցաշարի կանոնակարգը ներկայացրեց և վիճակահանությունն իրականացրեց օլիմպիադայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը։
Երաժշտական կատարումներով հանդես եկան մշակույթի կենտրոնի մենակատարներ Էլեն Գրիգորյանը, Էմիլ Հարությունյանը, Ռազմիկ Հարությունյանը։
Առաջին երեք տեղեր գրաված թիմերն իրավունք կստանան մասնակցելու այս տարվա աշխարհի առաջնության եվրոպական փուլին, որ տեղի կունենա Ծաղկաձորում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը։
Արդեն 20 տարի է՝ օլիմպիադան իրականացվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Վահրամ Օրբելյան
Արարատի մարզում եղել է և կլինի Տիգրանաշեն անվանումով բնակավայր….
Գործադիրը սահմանել է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի և բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը։
Արդյունքում կապահովվի վերահսկող մարմնի կողմից ոլորտի նկատմամբ շարունակական վերահսկողության իրականացումը, կտրվի կազմակերպիչների գործունեության վերաբերյալ համադրելի և միասնական ձևաչափով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։
Որոշման ընդունումը կնպաստի ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը, խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի ձևավորման ապահովմանը։
Ինչպես նաև կստեղծվի իրավական և գործնական նախադրյալներ վերահսկողական միջոցառումների արդյունավետ իրականացման համար։
Որոշման ընդունումը կհանգեցնի խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման, օրենսդրական կարգավորումների գործնական կիրառելիության ապահովման և վերահսկողական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորման։
Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանին (նստավայրը՝ Աբու Դաբի)։
Ողջունելով դեսպանին՝ նախարար Միրզոյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր դիվանագիտական առաքելության իրականացման գործում։
Ընդգծվել է Հայաստանի և Պակիստանի միջև երկկողմ օրակարգը զարգացնելու կարևորությունը և այդ հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել այդ նպատակով նախանշված քայլերին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Ավելի վաղ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է դեսպան Շաֆքատ Ալի Խանին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի և Պակիստանի միջև 2025թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հիման վրա, երկու երկրների կառավարությունների կողմից կարևոր քաղաքական որոշում էր:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ երկկողմ իրավապայմանագրային բազայի ձևավորման միջոցով:
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման գործում ՀՀ մոտեցումները:
Միկալայ Վինիցկին (Mikalai Vinitski) 2026թ․ սեպտեմբերի 4-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID) Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական նպատակներով թիրախավորել են իր ներդրումները։ Վինիցկին իր պահանջը ներկայացրել է՝ հղում կատարելով 2001թ․ Բելառուս–Հայաստան երկկողմ ներդրումային համաձայնագրին, ինչպես նաև ԵԱՏՄ մասին պայմանագրին։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
«Վինիցկին Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացիություն ունեցող գործարար է և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի բիզնես գործընկերը։
Կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր, որ Վինիցկին Հայաստանի կառավարությանը վեճի վերաբերյալ ծանուցում է ուղարկել՝ հղում անելով նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ներդրումային համաձայնագրին և Եվրասիական տնտեսական միության պայմանագրին։ Գործարարի պնդմամբ՝ Հայաստանի կառավարությունը խախտել է այդ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։
Վինիցկին ներդրումներ է կատարել Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ընկերություններում, այդ թվում՝ «Արարատցեմենտ», «Մուլտի Գրուպ Կոնցեռն», «Մուլտի Վելնես Կենտրոն» և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերություններում, որոնց բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հակակոռուպցիոն դատարանի 2026թ․ հուլիսի 13-ի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։
Գործարարի շահերը ICSID-ում պաշտպանում է ԱՄՆ-ում գործող «Grigoryan Disputes» փաստաբանական գրասենյակը, որի հիմնադիրը Սարգիս Գրիգորյանն է։
2026թ.-ի փետրվարին Կարեն Անդրեասյանը ICSID-ին ներկայացրել էր արբիտրների (իրավարարներ) և հաշտարարների թեկնածուներ՝ մինչև 2032թ. փետրվարի 4-ը պաշտոնավարելու ժամկետով։ Նրանց թվում է «Ջի Փարթներս» ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Գրիգորյանը։ Վերջինս նույն կենտրոնում քննվող «Սանիթեք»-ն (Sanitek S.a.r.l.) ընդդեմ Հայաստանի գործով իրավաբանական խմբի կազմում ներկայացրել է ընկերության շահերը։ Ներկայացված բոլոր թեկնածուներն ընդգրկվել են ICSID-ի արբիտրների և հաշտարարների հանձնախմբերում։
Ի դեպ, Սարգիս Գրիգորյանը միջազգային կենտրոնին ներկայացվել է դեռևս այն ժամանակ (2026թ.–ի փետրվարի 4), երբ «Սանիթեքի» գործով վճիռ կայացված չէր (վճիռը կայացվել է 2026թ.–ի մայիսի 22-ին, իսկ նույն տարվա ապրիլի 24-ին տրիբունալը հայտարարել է վարույթը փակված):
Այդ ժամանակ Սարգիս Գրիգորյանը պարզաբանել էր, որ շահերի բախում չկա: Նրա խոսքերով՝ արդարադատության մատչելիությունը հասանելի է բոլորին, իսկ թե ում և երբ ես ներկայացնում, ICSID-ի պահանջների մեջ չի մտնում»,- գրում է կայքը։
ՀԵՐՔՈՒՄ
Ս․թ․ սեպտեմբերի 11-ին կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի կողմից ՀՀ վարչապետին հարց է ուղղվել ՎԻՎԱՌՈ ընկերության մասին: Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի պաշտոնյա, այդ թվում ՀՀ վարչապետը, կառավարության որևիցե անդամ, իշխանության որևէ գործիչ կամ նրանց հետ փոխկապված անձ, կապ չունի, չի ունեցել և չի էլ կարող ունենալ Բադալյաններին պատկանող որևէ ձեռնարկության հետ: Բոլոր կազմակերպությունների գործունեությունը պատկանում է և պատկանել է Բադալյան ընտանիքին, բոլոր ընկերությունները գործում են թափանցիկ, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, պատշաճ կատարում են օրենքով սահմանված պարտականությունները: Լրագրողի հարցը որակում ենք անհեթեթ, սադրիչ և իրականության հետ կապ չունեցող: Չենք բացառում հետագայում իրավական գործընթացներ նախաձեռնելը նման հայտարարությունների հետքերով: