Blog

  • Հայաստանի քաղաքացիների արտաքսումն ու վերադարձը․ ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

    Օտարերկրյա քաղաքացիները կարող են արտաքսվել, երբ այլևս չունեն տվյալ երկրում գտնվելու օրինական հիմք, օրինակ՝ լրացել է նրանց կեցության ժամկետը կամ մերժվել է ապաստանի դիմումը։ Արտաքսման հիմքերն ու ընթացակարգերը սահմանվում են տվյալ երկրի օրենսդրությամբ՝ միջազգային պարտավորությունների պահպանմամբ։ 

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2018 թվականից մինչև 2026 թվականի նոյեմբեր ամսի դրությամբ հասանելի տվյալները՝ փորձելով պարզել ԵՄ երկրներից, ԱՄՆ-ից արտաքսված ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև արտաքսման որոշում ունեցող, բայց դեռ չարտաքսված անձանց թվաքանակը և բացահայտել վիճակագրության առկա բացերը։

    Արտերկրից արտաքսված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալու համար պետք է առանձնացնել երկու տարբեր տվյալ՝ փաստացի վերադարձվածների թիվը և այն անձանց թիվը, որոնց նկատմամբ կա որոշում, սակայն վերադարձը դեռ չի կատարվել։ 

    Հայաստանը վիճակագրություն չի վարում

    Օտարերկրյա պետությունից ՀՀ քաղաքացուն հեռացնելու հիմքերն ու ընթացակարգերը նախևառաջ սահմանվում են տվյալ պետության օրենսդրությամբ․ Հայաստանի մասնակցությունը հիմնականում վերաբերում է քաղաքացիության հաստատմանը, վերադարձի փաստաթղթերի տրամադրմանը և հետընդունման կազմակերպմանը։

    Մասնավորապես, ԵՄ-ի հետ հարաբերություններում գործում է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից։ Այն սահմանում է անձանց նույնականացման, հետընդունման դիմումների և փոխանցման ընթացակարգերը։

    Ռուսաստանի հետ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 20-ին։ 

    ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ի պատասխան FIP.am-ի հարցմանը, հայտնում է, որ արտաքսման և հարկադիր վերադարձի գործընթացներն իր իրավասությունների շրջանակից դուրս են․ ծառայությունը զբաղվում է հետընդունման շրջանակում նույնականացման, քաղաքացիության հաստատման, դիմումների քննարկման և հարակից հարցերով։

    Փաստացի, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը չի վարում արտերկրից վերադարձված ՀՀ քաղաքացիների ամբողջական հաշվառումը, որի մասին FIP.am-ը հարցրել էր։ 

    Պատասխանի մեջ չեն պարզաբանում՝ արդյո՞ք այլ պետական մարմիններում կան առանձին տվյալներ։ Նաև չի ներկայացվում միասնական հաշվառման բացակայության իրավական կամ տեխնիկական պատճառաբանությունը։ 

    Եվրոպական Միություն․ արտաքսվածների թիվը վերջին 7 տարում

    ԵՄ օրենսդրությունը տարբերակում է վերադարձի որոշումն ու հարկադիր հեռացումը։

    Մասնավորապես, թիվ 2008/115/ԵՀ հրահանգով վերադարձի որոշումը սահմանվում է որպես վարչական կամ դատական ակտ, որը պարտավորեցնում է անձին վերադառնալ, իսկ հեռացումը՝ որպես այդ պարտավորության փաստացի կատարում․ հետևաբար վերադարձի որոշում ստացած բոլոր անձանց չի կարելի անվանել արդեն արտաքսված։ 

    Eurostat-ի վիճակագրությունը կազմվում է անդամ պետությունների վարչական տվյալներից՝ քաղաքացիության տարանջատմամբ․ այն ներառում է արտաքսվածների տվյալները ու նաև այն անձանց տվյալները, ովքեր դեռ արտաքսվել, բայց նրանց վերաբերյալ կայացվել է արտաքսման որոշում։

    Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ամփոփված են ԵՄ արտաքսված կամ արտաքսվելու վճիռ ունեցող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ 2018-2026 թվականի նոյեմբերի սկիզբ։

    ԱՄՆ․ 189 արտաքսում՝ 2018-2024 ֆինանսական տարիներին

    ԱՄՆ-ում պահման և հեռացման հիմնական դրույթները սահմանված են 8 USC §1231 օրենքում։

    ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (U.S. Immigration and Customs Enforcement, ICE) տարեկան հաշվետվության համաձայն՝ 2018 թվականից 2024 թվականը ԱՄՆ-ից արտաքսվել է 189 ՀՀ քաղաքացի․ 2025 և 2026 թվականների տվյալները հասանելի չեն։ 

    ICE-ի՝ 2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ կազմված փաստաթղթում նշվում է, որ գործակալության՝ պահման վայրերից դուրս հաշվառվող անձանց ցանկում եղել է 2808 ՀՀ քաղաքացի՝ վերջնական հեռացման որոշումով․ նույն փաստաթուղթը բացատրում է, որ հեռացմանը կարող են խոչընդոտել պաշտպանության իրավական հիմքերը, փաստաթղթավորման և ընդունող պետության հետ համագործակցության խնդիրները։

    Ստորև բերված քարտեզում ներկայացված է ՀՀ քաղաքացիների արտաքսումների կամ նման որոշումների վիճակագրությունը ըստ ԵՄ երկրների ու ԱՄՆ-ի՝ 2018-ից ի վեր։  

    Այսպիսով, ուսումնասիրված աղբյուրներն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պատասխանը չեն տալիս արտերկրից արտաքսված ՀՀ քաղաքացիների ամբողջական ու ընթացիկ թիվը։

    Բացի այդ, ծառայությունը մասնակցում է հետընդունման գործընթացին՝ նույնականացնում անձանց, հաստատում քաղաքացիությունը և քննարկում դիմումները։ Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչպե՞ս են հաշվառվում այս գործընթացում ստացվող տվյալները, և արդյո՞ք հետընդունման համաձայնություն տալուց հետո հայկական կողմին տեղեկացնում են անձի փաստացի վերադարձի մասին։ 

    ՆԳՆ Միգրացիայի ծառայության պատասխանը չի ներկայացնում՝ ինչ տվյալներ են պահպանվում, և ինչու դրանց հիման վրա հնարավոր չէ ներկայացնել վերադարձների ամբողջական վիճակագրություն։

    Նանե Մանասյան

  • ԶՊՄԿ-ն երկրորդ անգամ հովանավորում է CASE KEY կրթական ծրագիրը

    «ԶՊՄԿ» ՓԲԸ–ն կրթության և մասնագիտական զարգացման խթանումը դիտարկում է որպես իր կորպորատիվ պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկը՝ շարունակաբար աջակցելով կրթական հաստատություններին և ծրագրերին, ինչպես նաև նպաստելով կրթական նախաձեռնությունների իրականացմանը։

    Ընկերությունը կարևորում է հատկապես այն կրթական նախաձեռնությունները, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս ոչ միայն ձեռք բերել տեսական գիտելիքներ, այլև զարգացնել գործնական հմտությունները, ծանոթանալ բիզնես միջավայրի առանձնահատկություններին և կիրառել իրենց գիտելիքները իրական խնդիրների լուծման ընթացքում։

    Այս մոտեցման օրինակներից է CASE KEY կրթական ծրագիրը։ Ծրագրի առանձնահատկությունը կայանում է  նրանում,որ մասնակիցներն աշխատում են իրական գործնական խնդիրների և մարտահրավերների շուրջ՝ առաջարկելով դրանց լուծման սեփական տարբերակները։

    Ձևաչափը հնարավորություն է տալիս ուսանողներին ավելի մոտիկից ծանոթանալ բիզնես գործընթացներին, զարգացնել վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքի և որոշումների կայացման հմտությունները։ 

    Այս փուլում ծրագրի մասնակից ուսանողներն արդեն ստացել են իրենց առաջադրանքները, և առաջիկայում  նրանք պետք է աշխատեն առաջադրված խնդիրների շուրջ, սահմանված ժամկետներում` ներկայացնեն իրենց արդյունքները։

    Մրցող թիմերը պետք է առաջարկեն ԶՊՄԿ–ի արտադրական ծավալների ընդլայնման իրենց նախագծերը։ Բոլոր առաջարկներից ժյուրին կընտրի բնապահպանական և տնտեսական տեսակետներից ամենաարդյունավետ տարբերակը։

    Ծրագրի ավարտին աշխատանքները կամփոփվեն մրցութային կարգով՝ հնարավորություն տալով գնահատելու մասնակիցների առաջարկած լուծումների արդյունավետությունն ու կիրառելիությունը։

    ԶՊՄԿ–ի համար կրթական ծրագրերին աջակցությունը մեկանգամյա նախաձեռնություն չէ։ Ընկերությունը կարևորում է կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև կապի ամրապնդումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության և պահանջարկի ավելացմանը։ Այս համատեքստում կարևոր են այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, գիտելիքների զարգացմանը և ապագա մասնագիտական հնարավորությունների ընդլայնմանը։

    CASE KEY ծրագրին հովանավորությունը ևս մեկ քայլ է այս ուղղությամբ։ ԶՊՄԿ–ն կարևորում է կրթական նախագծերի այնպիսի ձևաչափերը, որոնք ուսանողներին ներգրավում են ակտիվ աշխատանքի, խրախուսում ինքնուրույն մտածողությունն ու նախաձեռնողականությունը և հնարավորություն տալիս կրթական միջավայրում ձեռք բերված գիտելիքները կապել իրական բիզնես խնդիրների հետ։

    Ընկերությունը շարունակելու է աջակցել կրթական նախաձեռնություններին՝ նպաստելով որակյալ կրթության զարգացմանը, մասնագիտական ներուժի ձևավորմանը և հատկապես հանքարդյունաբերության ոլորտի համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների ամրապնդմանը։

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա․10․11․26/11․30/

    Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա․10․11․26/11․30/

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ․ մի գյուտ, որն այսօր էլ մեզ հետ է – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԿԻՆԸ, ՈՐԻ ԳՅՈՒՏԸ ՓՈԽԵՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    1903 թվականի նոյեմբերի 10-ին ամերիկացի Մերի Անդերսոնը արտոնագրեց մեքենայի ապակին մաքրող մեխանիկական սարքը՝ ապագա ապակեմաքրիչի նախատիպը։

    Նրա գաղափարը ծնվել էր ձմեռային ուղևորության ժամանակ, երբ վարորդները ստիպված էին կանգ առնել՝ ձյունն ու անձրևը դիմապակուց մաքրելու համար։

    Սկզբում գյուտը լուրջ ընդունողներ քիչ էին։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ երբեմն աշխարհը փոխում են ամենապարզ թվացող գաղափարները։

    Այսօր գրեթե յուրաքանչյուր մեքենայի վրա կա Մերի Անդերսոնի գաղափարի ժառանգը։

  • Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին


    Քաղաքականություն



    Էդգար Շաթիրյանի հրաժարականն ու Վլադիմիր Վարդանյանի ընտրությունը, Մարուքյանի գնահատմամբ, ՀՀ դատական իշխանության խնդիրների լուրջ ինդիկատոր են։

    «Այսինքն՝ դատական իշխանությունը անկախ չէ Հայաստանում գործադիր իշխանությունից և անկախ չէ իշխող քաղաքական ուժից։ Ակնհայտ երևում է, որ ինչ-որ կուլիսային բաներ տեղի ունեցել են, որովհետև ՍԴ նախագահը 3–րդ անգամից է ընտրվել, փոխնախագահն էլ հրաժարական է տվել։ Կարծում եմ, եթե մամուլում նման տեղեկություն կա, ապա հաղորդում է և հիմք է, որ քրեական գործ հարուցվի և քննություն իրականացվի Սահմանադրական դատարանում տեղի ունեցածի վերաբերյալ»,–@ArmeniaSputnik–ի հետ զրույցում նշում է Մարուքյանը։

    Զրույցի մանրամասները` այստեղ։



  • Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. Արամ Շահնազարյան

    Ինքնիշխանության դեգրադացիայի Սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը, գրել է Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը:

    «Նոյեմբերի 9-ը հայկական պետականության ռազմավարական սնանկության և սուբյեկտայնության համակարգային կազմաքանդման ելակետն է։ 44-օրյա պատերազմի աղետալի ելքն ամփոփած փաստաթուղթը, ոչ թե կասեցրեց պետության աշխարհաքաղաքական ու անվտանգային գահավիժումը, այլ գործնականում լեգիտիմացրեց այն կործանարար քաղաքական դոկտրինը, որտեղ միակողմանի ու շարունակական զիջումները աստիճանաբար վերածվեցին պետական քաղաքականության գերակա մեթոդաբանության։ Կապիտուլյացիայից 6 տարի անց այդ նույն զիջողական ընթացքը հասել է իր օրինաչափ, չափազանց վտանգավոր հանգրվանին՝ թիրախավորելով Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական գոյության հիմնասյունը՝ Սահմանադրությունը։ Գործող վարչախմբի կողմից Մայր օրենքի ձևախեղման կամ նոր Սահմանադրության պարտադրման հրատապ օրակարգը ոչ այլ ինչ է, քան նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն կուրսի իրավական ձևակերպում և պետական ինքնիշխանության անկման վերջնական ու անդառնալի ամրագրում։

    Հասկանալու համար, թե ինչպես հետկապիտուլյացիոն գործընթացները վերաճեցին սահմանադրական ճգնաժամի, հարկ է վերլուծել այն զիջողական դիսկուրսը, որն իշխանությունը որդեգրեց հետպատերազմյան շրջանում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո պաշտոնական Երևանը հրաժարվեց դիմադրության և ինքնապաշտպանության գրեթե բոլոր հնարավորություններից՝ որպես արտաքին քաղաքականության հիմնական դոկտրին ընտրելով «զիջիր, որպեսզի ապրես» կործանարար թեզը։ Միջազգային փորձը սակայն ապացուցել է՝ ագրեսորին բավարարելու քաղաքականությունը (appeasement) երբեք խաղաղության չի հանգեցնում։ 1938 թվականի Մյունխենի համաձայնագրի պատմական փորձը ցույց տվեց, որ պատերազմից խուսափելու նպատակով Նացիստական Գերմանիային Չեխոսլովակիայի Սուդետյան երկրամասը զիջելը ոչ միայն չկանխեց հետագա ագրեսիան, այլև չխոչընդոտեց Գերմանիայի նոր տարածքային նվաճումներին։ Ավելին, ընդամենը մի քանի ամիս անց՝ 1939 թվականի մարտին, գերմանական զորքերը գրավեցին Չեխիայի մնացած տարածքը։ Այս պատմական նախադեպը վկայում է, որ ագրեսորի պահանջներին միակողմանի զիջումները կարող են ոչ թե չեզոքացնել սպառնալիքը, այլ խրախուսել նորանոր ոտնձգությունները։ Հայաստանի գործող իշխանությունների վարած այս նույն քաղաքականությունը երկիրը վերածեց աշխարհաքաղաքական սակարկությունների կամազուրկ օբյեկտի։ Արցախի ամբողջական հայաթափումը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ սողացող օկուպացիան և սահմանազատման ու սահմանագծման անվան տակ իրականացվող միակողմանի տարածքային զիջումները գործնականում ապացուցեցին, որ յուրաքանչյուր նահանջ ոչ թե չեզոքացնում է սպառնալիքը, այլ հակառակորդի համար ստեղծում է նորանոր, էլ ավելի կործանարար առավելապաշտական պահանջներ ներկայացնելու և պարտադրելու քաղաքական նախադեպեր։

    Այս խորապատկերում Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալվող իշխանական նախաձեռնությունը պետք է դիտարկել ոչ թե ներքին բարեփոխումների կամ ժողովրդավարական կառուցակարգերի կատարելագործման տիրույթում, այլ որպես արտաքին պարտադրանքի և ուղղակի ճնշման արդյունք։ Բաքվից հնչող բացահայտ սպառնալիքներն ու հայտարարությունները, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ չի փոխվել նրա Սահմանադրությունը, ուղղակիորեն մատնում են գործընթացի իրական շարժառիթները։ Իշխանությունը, փորձելով հանրությանը համոզել, որ Մայր օրենքի «սրբագրումը» բխում է «Իրական Հայաստանի» շահերից, իրականում գնում է պետական սուբյեկտայնության ինքնակամ կազմաքանդման՝ սեփական քաղաքական վերարտադրությունը պետության կենսական շահերի հաշվին երաշխավորելու համար։ Սա աննախադեպ երևույթ է համաշխարհային պատմության մեջ, երբ պետությունն իր հիմնարար արժեքներից, Անկախության հռչակագրից և ազգային իղձերից հրաժարվում է ոչ թե ներքին հասունացման, այլ հարևան ավտորիտար վարչախմբի թելադրանքով։

    Սահմանադրական փոփոխությունների այս օրակարգն իշխանության կողմից ներկայացվում է որպես պետության «կենսունակության» և «անվտանգության» ապահովման միակ միջոց, սակայն խորքային վերլուծությունը բացահայտում է տրամագծորեն հակառակ պատկերը։ Պետության հիմնարար օրենքի ձևախեղումը՝ արտաքին պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, հարվածում է պետականության լեգիտիմության միջուկին։ Դրանով իսպառ ոչնչացվում է պետության իրավահաջորդության և հիմնադիր հայեցակարգի շարունակականությունը (continuitas), և պետությունը զրկվում է իր պատմական ու բարոյական հենասյուներից։ Այն պահին, երբ Հայաստանը կհրաժարվի իր Սահմանադրության մեջ ամրագրված հիմնարար սկզբունքներից, նա աշխարհին կհայտարարի, որ իր ինքնիշխանությունն այլևս բացարձակ արժեք չէ, այլ աշխարհաքաղաքական սակարկությունների առարկա, որը կարելի է խմբագրել որևէ նոր արտաքին պարտադրանքի կամ սպառնալիքի դեպքում։ Սա հենց ինքնիշխանության դեգրադացիայի սահմանադրական ամրագրումն է, որտեղ պետության ներքին ինքնիշխան կամքը փոխարինվում է արտաքին ճնշումների առջև ընկրկելու և տեղի տալու կործանարար գործելաոճով։

    Այս իրավիճակը հստակորեն բացահայտում է գործող վարչախմբի գաղափարական և ռազմավարական սնանկությունը։ Նրանք չունեն ո՛չ հեռանկարային տեսլական, ո՛չ էլ դիմադրության ներքին ներուժն ու ազգային հավաքական հնարավորությունները համախմբելու կամք։ Պարտվողականության բարդույթն ու կապիտուլյացիոն մտածողությունը դարձել են նրանց գործունեության մշտական ուղեկիցը, ինչի պատճառով նրանք այլևս ունակ չեն արտաքին աշխարհի հետ իրավահավասարության դիրքերից հարաբերվելու։ Միակողմանի զիջումների տրամաբանությունը նրանց տարել է մի փակուղի, որտեղ յուրաքանչյուր հաջորդ քայլ է՛լ ավելի է մոտեցնում պետականության անվտանգային հիմքերի վերջնական փլուզումը։ Իշխանության որդեգրած այս քաղաքական կուրսը Հայաստանին դուրս է մղում միջազգային իրավաքաղաքական գործընթացների տիրույթից՝ երկիրը վերածելով սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից զրկված, կամազուրկ մի կազմավորման, որի կենսական շահերը միջազգային ասպարեզում ազդեցիկ աշխարհաքաղաքական դերակատարների կողմից այլևս հաշվի չեն առնվում։

    Պետականության կենսունակության հիմնարար օրենքը փաստում է, որ հարկադրված ու շարունակական նահանջը երբեք չի կարող վերածվել կայունության կամ անվտանգության երաշխիքի։ Սեփական իրավունքների և հիմնարար արժեքների հաշվին արտաքին պահանջների բավարարման որևէ փորձ տրամաբանորեն հանգեցնում է ոչ թե հանգուցալուծման, այլ պետական սուբյեկտայնության համակարգային կազմաքանդման։ Այս հարթությունում խնդիրը դուրս է սովորական իրավիճակային շահերի կամ ներքաղաքական դիմակայության տիրույթից։ Սա պետության գոյության իրավունքի և սեփական ճակատագիրը տնօրինելու ինքնիշխան կամքի պահպանման բացարձակ սահմանագիծն է։ Թույլ տալ պետականության իրավաքաղաքական հիմքերի ձևախեղում արտաքին թելադրանքի ներքո՝ նշանակում է ինքնակամ հրաժարվել սեփական ապագան ինքնուրույն տնօրինելու իրավունքից։ Հայաստանի գոյության և ֆիզիկական անվտանգության երաշխավորումը հնարավոր է բացառապես պետականության հիմնադիր հայեցակարգի վերաիմաստավորման և այնպիսի ռազմավարական դիսկուրսի ձևավորման միջոցով, որտեղ երկրի կենսական շահերը կպաշտպանվեն ոչ թե արտաքին պարտադրանքի ու զիջողականության, այլ սեփական իրավունքների անբեկանելիության և պետական կամքի գերակայության տիրույթում»,-գրել է նա:

    դիտվել է 5 անգամ

  • Բանտում մшհացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը

    Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։

    Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:

  • Կալանավայրում ինֆարկտից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

    Քրեակատարողական հիմնարկում սրտի կանգից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավան համայնքի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը:

    Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

    «Նոյեմբերի 10-ին՝ առավոտյան 07:55-ի սահմաններում, 1980 թվականի ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08:30-ի սահմաններում շտապօգնության աշխատակիցները արձանագրել են կենսաբանական մահը»,- հայտնել է նա:

  • Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ։

    «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց շինծու մեղադրանքներով։ Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են։

    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ցավակցում է Արսեն Գևորգյանի ընտանիքին»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Դավիթ Սարգսյանը շնորհավորել է դիլիջանցիներին ՏԻՄ օրվա առթիվ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սիրելի՛ դիլիջանցիներ, հարգելի՛ գործընկերներ,

     

    Շնորհավորում եմ բոլորիս՝ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։

    Ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն հիմքերից է, որի արդյունավետությունը դրսևորվում է համայնքի բնակիչների շահերի ներկայացմամբ, հանրային մասնակցությամբ, պատասխանատու որոշումներով և հետևողական աշխատանքով։

     

    Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բարելավվում են ենթակառուցվածքները, ընդլայնվում կրթական, մշակութային և տնտեսական հնարավորությունները, իսկ զարգացման արդյունքները հասանելի են համայնքի յուրաքանչյուր բնակչի։

     

    Շնորհակալություն եմ հայտնում համայնքային ծառայողներին, ավագանու անդամներին, վարչական ղեկավարներին և բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց աշխատանքով ու նախաձեռնություններով նպաստում են Դիլիջանի զարգացմանը։

     

    Մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի նպաստ մեր համայնքի կայուն զարգացման ու բնակիչների բարեկեցության։

     

    Հարգանքով՝

    Դավիթ Սարգսյան

    Դիլիջան համայնքի ղեկավար