Հայաստանի քաղաքացիների արտաքսումն ու վերադարձը․ ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

Written by

in

Օտարերկրյա քաղաքացիները կարող են արտաքսվել, երբ այլևս չունեն տվյալ երկրում գտնվելու օրինական հիմք, օրինակ՝ լրացել է նրանց կեցության ժամկետը կամ մերժվել է ապաստանի դիմումը։ Արտաքսման հիմքերն ու ընթացակարգերը սահմանվում են տվյալ երկրի օրենսդրությամբ՝ միջազգային պարտավորությունների պահպանմամբ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2018 թվականից մինչև 2026 թվականի նոյեմբեր ամսի դրությամբ հասանելի տվյալները՝ փորձելով պարզել ԵՄ երկրներից, ԱՄՆ-ից արտաքսված ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև արտաքսման որոշում ունեցող, բայց դեռ չարտաքսված անձանց թվաքանակը և բացահայտել վիճակագրության առկա բացերը։

Արտերկրից արտաքսված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալու համար պետք է առանձնացնել երկու տարբեր տվյալ՝ փաստացի վերադարձվածների թիվը և այն անձանց թիվը, որոնց նկատմամբ կա որոշում, սակայն վերադարձը դեռ չի կատարվել։ 

Հայաստանը վիճակագրություն չի վարում

Օտարերկրյա պետությունից ՀՀ քաղաքացուն հեռացնելու հիմքերն ու ընթացակարգերը նախևառաջ սահմանվում են տվյալ պետության օրենսդրությամբ․ Հայաստանի մասնակցությունը հիմնականում վերաբերում է քաղաքացիության հաստատմանը, վերադարձի փաստաթղթերի տրամադրմանը և հետընդունման կազմակերպմանը։

Մասնավորապես, ԵՄ-ի հետ հարաբերություններում գործում է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից։ Այն սահմանում է անձանց նույնականացման, հետընդունման դիմումների և փոխանցման ընթացակարգերը։

Ռուսաստանի հետ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 20-ին։ 

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ի պատասխան FIP.am-ի հարցմանը, հայտնում է, որ արտաքսման և հարկադիր վերադարձի գործընթացներն իր իրավասությունների շրջանակից դուրս են․ ծառայությունը զբաղվում է հետընդունման շրջանակում նույնականացման, քաղաքացիության հաստատման, դիմումների քննարկման և հարակից հարցերով։

Փաստացի, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը չի վարում արտերկրից վերադարձված ՀՀ քաղաքացիների ամբողջական հաշվառումը, որի մասին FIP.am-ը հարցրել էր։ 

Պատասխանի մեջ չեն պարզաբանում՝ արդյո՞ք այլ պետական մարմիններում կան առանձին տվյալներ։ Նաև չի ներկայացվում միասնական հաշվառման բացակայության իրավական կամ տեխնիկական պատճառաբանությունը։ 

Եվրոպական Միություն․ արտաքսվածների թիվը վերջին 7 տարում

ԵՄ օրենսդրությունը տարբերակում է վերադարձի որոշումն ու հարկադիր հեռացումը։

Մասնավորապես, թիվ 2008/115/ԵՀ հրահանգով վերադարձի որոշումը սահմանվում է որպես վարչական կամ դատական ակտ, որը պարտավորեցնում է անձին վերադառնալ, իսկ հեռացումը՝ որպես այդ պարտավորության փաստացի կատարում․ հետևաբար վերադարձի որոշում ստացած բոլոր անձանց չի կարելի անվանել արդեն արտաքսված։ 

Eurostat-ի վիճակագրությունը կազմվում է անդամ պետությունների վարչական տվյալներից՝ քաղաքացիության տարանջատմամբ․ այն ներառում է արտաքսվածների տվյալները ու նաև այն անձանց տվյալները, ովքեր դեռ արտաքսվել, բայց նրանց վերաբերյալ կայացվել է արտաքսման որոշում։

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ամփոփված են ԵՄ արտաքսված կամ արտաքսվելու վճիռ ունեցող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ 2018-2026 թվականի նոյեմբերի սկիզբ։

ԱՄՆ․ 189 արտաքսում՝ 2018-2024 ֆինանսական տարիներին

ԱՄՆ-ում պահման և հեռացման հիմնական դրույթները սահմանված են 8 USC §1231 օրենքում։

ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (U.S. Immigration and Customs Enforcement, ICE) տարեկան հաշվետվության համաձայն՝ 2018 թվականից 2024 թվականը ԱՄՆ-ից արտաքսվել է 189 ՀՀ քաղաքացի․ 2025 և 2026 թվականների տվյալները հասանելի չեն։ 

ICE-ի՝ 2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ կազմված փաստաթղթում նշվում է, որ գործակալության՝ պահման վայրերից դուրս հաշվառվող անձանց ցանկում եղել է 2808 ՀՀ քաղաքացի՝ վերջնական հեռացման որոշումով․ նույն փաստաթուղթը բացատրում է, որ հեռացմանը կարող են խոչընդոտել պաշտպանության իրավական հիմքերը, փաստաթղթավորման և ընդունող պետության հետ համագործակցության խնդիրները։

Ստորև բերված քարտեզում ներկայացված է ՀՀ քաղաքացիների արտաքսումների կամ նման որոշումների վիճակագրությունը ըստ ԵՄ երկրների ու ԱՄՆ-ի՝ 2018-ից ի վեր։  

Այսպիսով, ուսումնասիրված աղբյուրներն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պատասխանը չեն տալիս արտերկրից արտաքսված ՀՀ քաղաքացիների ամբողջական ու ընթացիկ թիվը։

Բացի այդ, ծառայությունը մասնակցում է հետընդունման գործընթացին՝ նույնականացնում անձանց, հաստատում քաղաքացիությունը և քննարկում դիմումները։ Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչպե՞ս են հաշվառվում այս գործընթացում ստացվող տվյալները, և արդյո՞ք հետընդունման համաձայնություն տալուց հետո հայկական կողմին տեղեկացնում են անձի փաստացի վերադարձի մասին։ 

ՆԳՆ Միգրացիայի ծառայության պատասխանը չի ներկայացնում՝ ինչ տվյալներ են պահպանվում, և ինչու դրանց հիման վրա հնարավոր չէ ներկայացնել վերադարձների ամբողջական վիճակագրություն։

Նանե Մանասյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *