Category: YN.am

  • Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու դեմ հարուցված քրեական գործով։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի քննիչը դատարանից պահանջել և ստացել է սպանված հոգևոր հովիվ Սողոմ Վլասյանի հեռախոսը։ Մեզ հասած տեղեկությունների՝ հեռախոսի մեջ առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի և վերջինիցս հաղորդություն ստացած անձանց մասով։

    Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենով սպանվեց «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։ Սպանությունից ավելի քան երեք տարի անց գործը նոր շրջադարձ է ստացել։ Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ կալանքը կիրառվեց։ Ըստ ՔԿ-ի՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ն՝ Արգամ Աբրահամյանը, կասկածել է, որ իր կինը՝ Էմմա Ծառուկյանը, անձնական հարաբերություններ է ունեցել Սողոմոն Վլասյանի հետ և նրան խոշոր գումարներ տվել։ Քննչական կոմիտեի վարկածով՝ այդ հանգամանքը դարձել է վրեժխնդրության շարժառիթ, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։ Ըստ քննության՝ Աբրահամյանը Հակոբյանին հանձնարարել է սպանել Վլասյանին, իսկ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին Մյասնիկյան 2 հասցեի մոտ հրազենով կատարել է սպանությունը։ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։

    Քննչական կոմիտեի վարկածով՝ այդ հանգամանքը դարձել է վրեժխնդրության շարժառիթ, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։

    Հավելենք, որ Գեղամ Հակոբյանի մասով գործը 2024 թվականից դատարանում է, և դա է պատճառը, որ նախաքննական մարմինը սպանվածի հեռախոսը պահանջել է դատարանից»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կենտրոնական Ասիայի միանգամից չորս երկրում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել

    Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։

    Մասնավորապես, Բիշքեկի տարբեր շրջանների բնակիչները սկսել են բողոքել լույսի անջատումներից և էլեկտրամատակարարման խափանումներից։

    Բացի այդ, Ղազախստանում՝ միանգամից Ալմաթիի չորս շրջաններում և Ալմաթիի մարզի տասը շրջաններում, տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի անջատումներ։

    Դուշանբեում և Տաջիկստանի տարբեր շրջաններում նույնպես հաղորդել են, որ որոշ շրջաններում լույսն անջատվել է։

    Էլեկտրամատակարարման խափանումներ առաջացել են նաև Ուզբեկստանում։

  • ԶԼՄ-ներ․ Թուրքիայի С-400 համակարգերը Արաբական Միացյալ Էմիրություններին փոխանցելու բանակցությունները փակուղի են մտել

    Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը Արաբական Միացյալ Էմիրություններին փոխանցելու վերաբերյալ բանակցությունները՝ ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումների ապաշրջափակման դիմաց, փակուղի են մտել։ Այս մասին հայտնել է Semafor-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

    Անցյալ ամիս սկսված քննարկումները՝ ՆԱՏՕ առաջնորդների գագաթաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Թուրքիա այցի ֆոնին, դիտարկվում էին որպես Անկարայի կողմից ամերիկյան կործանիչների գնման ճանապարհին առկա խոչընդոտները հաղթահարելու միջոց։ Սակայն այսօրվա դրությամբ բանակցային գործընթացը կանգ է առել։

    Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Թուրքիային ինքնաթիռներ վաճառելու ծրագրերը մնում են սառեցված՝ դրանց հրապարակային հայտարարությունից ավելի քան մեկ ամիս անց, ինչի հետևանքով Կոնգրեսը կանգնած է ՆԱՏՕ դաշնակցի և Իսրայելի շահերի միջև մանևրելու անհրաժեշտության առաջ։

    Հիմնական խոչընդոտը С-400 համալիրների ճակատագիրն է

    Գայթակղության քարը ամերիկյան պատժամիջոցային օրենսդրության պահանջներն են։ Օրենքի համաձայն՝ F-35 կործանիչներին հասանելիություն ստանալու համար (որոնցից վեց միավորն արդեն վճարել է Թուրքիան, սակայն դրանք մնում են ԱՄՆ-ում՝ 2019 թվականին երկիրը ծրագրից դուրս մնալուց հետո) Անկարան պետք է լիովին ազատվի ռուսական С-400 համալիրներից։

    Բացի համակարգերը երրորդ կողմերին ամբողջությամբ վաճառելուց (մասնավորապես՝ ԱՄԷ-ին), քննարկվել է նաև դրանք պարզապես անջատելու տարբերակը։ Սակայն վերջին տարբերակը սպառնում է խորացնել լարվածությունը Վաշինգտոնի օրենսդիրների հետ, որոնք պնդում են սպառազինության ամբողջական օտարման վրա։

    Էմիրությունների հետ բանակցությունների դանդաղման ճշգրիտ պատճառները պարզ չեն, սակայն գործոններից մեկը կարող է լինել այն, որ С-400-ների տիրապետումն ինքնաբերաբար կփակի հենց Էմիրությունների համար ապագայում ամերիկյան F-35-ներ ձեռք բերելու հնարավորությունը։

    Կարծիքներ ամերիկյան Կոնգրեսում

    Օրենսդիրները շարունակում են թերահավատորեն վերաբերվել գործարքի հեռանկարներին։

    «Ես չեմ կարծում, որ նրանք պետք է ստանան F-35, եթե իսկական գործընկեր չեն… քանի դեռ նրանց մոտ կան С-400-ներ, նրանք չեն կարող ունենալ F-35-ներ»,- հայտարարել է հանրապետական սենատոր Ռիք Սքոթը։

    Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջիմ Ռիշը հաստատել է, որ այս պահին գործընթացը սառեցված է. «Լսեք, այս պահին նրանք չեն ազատվել С-400-ներից, ուստի ամեն ինչ մեռյալ կետում է»։

    Իրավիճակը բարդանում է նաև արտաքին քաղաքական գործոններով. Թրամփի՝ հնարավոր գործարքը հայտարարելուց անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել էր, որ Թուրքիային F-35-ների վաճառքը կարող է «քանդել ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում»։

    Չնայած հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսի հավատարմությանը Թրամփի բազմաթիվ նախաձեռնություններին՝ նրա երկրորդ ժամկետի ընթացքում, կործանիչների հնարավոր վաճառքը վտանգում է բախվել կոշտ հակազդեցության՝ Իսրայելի դաշնակիցների դիրքորոշումների և ռուսական ռազմական տեխնոլոգիաների դեմ պատժամիջոցների խիստ պահպանման կողմնակիցների պատճառով։

  • ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը ևս ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատցել է զբաղեցրած պաշտոնից։

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,–ասված է որոշման մեջ։

    Անահիտ Շիրինյանն ինքն է ցանկացել հեռանալ, քանի որ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից։

    Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար է նշանակվել Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։

  • Սեուլն առաջ է անցել Դուբայից և դարձել աշխարհի ամենածանրաբեռնված միջազգային օդանավակայանը

    Հարավկորեական «Ինչհոն» օդանավակայանը հայտարարել է, որ ընթացիկ տարում առաջ է անցել Դուբայից և դարձել աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը միջազգային ուղևորների թվով։ Դա տեղի է ունեցել Մերձավոր Արևելքի այս հանգույցով ուղևորահոսքի անկման ֆոնին՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով։

    Հարավկորեական հանգույցի տվյալներով՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին այն սպասարկել է 38,4 միլիոն միջազգային ուղևորի, ինչը թույլ է տվել առաջ անցնել Լոնդոնի «Հիթրոուից» և Սինգապուրի «Չանգիից», գրել է FT-ն։

    Անցյալ ողջ տարվա արդյունքներով «Ինչհոնը» միջազգային հոսքի ծավալով զբաղեցնում էր միայն երրորդ տեղը՝ Դուբայից և «Հիթրոուից» հետո, որոնց հաջորդում էին Սինգապուրի «Չանգին», Ամստերդամի «Սհիպհոլը» և Ստամբուլի IGA օդանավակայանը։ Աշխարհում ընդհանուր ուղևորահոսքի (ներառյալ ներքին չվերթները) առաջատարը շարունակում է մնալ Ատլանտայի «Հարթսֆիլդ-Ջեքսոն» օդանավակայանը (ԱՄՆ)։

    Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) նախնական տվյալները ցույց են տվել, որ Դուբայը դուրս է մնացել առաջատարների շարքից՝ ժամանողների թվի կտրուկ կրճատման պատճառով։ ACI-ում նշել են, որ ցուցանիշները ենթակա են «վերջնական ստուգման», պաշտոնական զեկույցը կհրապարակվի հաջորդ ամիս։

    Իրանում պատերազմի ազդեցությունը և հոսքերի վերաբաշխումը

    Դուբայի օդանավակայանը գործնականում դադարեցրել էր աշխատանքը փետրվարի վերջին Իրանի հետ հակամարտության սկսվելուց հետո առաջին օրերին։ Թեև Emirates ավիաընկերությունը ընդամենը մի քանի օր անց վերսկսել էր թռիչքները, դեպի այս հանգույց և դրա միջոցով ճանապարհորդող ուղևորների թիվը մինչ այժմ չի վերականգնվել նախապատերազմական մակարդակին։

    ACI-ի տվյալները ցույց են տալիս, որ Դուբայի միջազգային ուղևորահոսքը փետրվարի 7,4 միլիոնից մարտին ընկել է մինչև 2,5 միլիոն։ Հունիսին այս ցուցանիշը վերականգնվել է միայն մասամբ՝ հասնելով մոտ 4,7 միլիոն մարդու։

    Ճգնաժամի ֆոնին եվրոպական և ասիական ավիաընկերություններն արձանագրել են այն ուղևորների թվի աճ, որոնք նախընտրում են ուղիղ թռիչքներ կատարել երկու տարածաշրջանների միջև՝ Մերձավոր Արևելքում տարանցիկ կանգառներ անելու փոխարեն։ «Ինչհոնն» այս միտումից ուղղակիորեն շահել է․ ավելացել է այն ճանապարհորդների հոսքը, որոնք Հարավային Կորեա են թռչում՝ տարածաշրջանի այլ երկրներ հետագա տեղափոխությամբ։

    Եվրոպայից «Ինչհոն»՝ միացվող չվերթների համար տարանցիկ անցնող ուղևորների թիվը տարվա առաջին կեսին աճել է երկու երրորդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

    «Քանի որ Մերձավոր Արևելքի օդանավակայանների, ինչպիսին է Դուբայը, տարանցիկ գործառույթը թուլացել է ամերիկա-իրանական հակամարտության պատճառով, Դուբայի միջոցով թռիչքների ավանդական պահանջարկը՝ ներառյալ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև երթուղիները, վերակողմնորոշվել է դեպի ուղիղ և միացվող չվերթներ «Ինչհոն» օդանավակայանի միջոցով», — նշվել է օդանավակայանի հայտարարության մեջ։

    Բացի աշխարհաքաղաքական գործոններից, Հարավային Կորեան ապրում է զբոսաշրջային լայնածավալ բում։ Դա պայմանավորված է Չինաստանից և Ճապոնիայից ժամանող այցելուների թվի աճով, կորեական փոփ-մշակույթի ժողովրդականությամբ (ներառյալ KPop Demon Hunters ֆիլմի վերջին հաջողությունը), ինչպես նաև գեղեցկության արդյունաբերության և տեխնոլոգիական հատվածի սրընթաց զարգացմամբ։

  • Իսպանիայում անտառային հրդեհի պատճառով տարհանել են Արագոնի միջնադարյան թագավորների աճյունները

    Իսպանական իշխանությունները վանքից, որին սպառնում էր անտառային հրդեհը, դուրս են բերել XI դարում Արագոնի տարածաշրջանը կառավարած երեք թագավորների աճյունները։

    Ինչպես հայտնել է հյուսիսարևելյան տարածաշրջանի փոխնախագահ Մար Վակերոն, աճյունները տեղափոխվել են վանքից 80 կմ հարավ Ուեսկայի նահանգային թանգարան, որպեսզի ապահովվի դրանց անվտանգությունը մինչև իրավիճակի բարելավումը։

    Երբ երկուշաբթիից մոլեգնող անտառային հրդեհը հինգշաբթի ուշ երեկոյան սկսեց մոտենալ X դարում կառուցված Սան Խուան դե լա Պենյա վանքին, մտավախությունը, որ այն կարող է հայտնվել կրակի մեջ, իշխանություններին ստիպեց փրկարարական գործողություն սկսել։

    Արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանման խումբը կարողացել է ներթափանցել լեռնազանգվածում գտնվող վանք և վերցնել այնտեղ թաղված XVIII դարի կոմսի արարողակարգային հագուստը, նախքան կրակի մոտենալը նրանց ստիպել է նահանջել։

    Թիմը երկրորդ անգամ վերադարձել է ոստիկանության աշխատակիցների և մշակութային ժառանգության պահպանության մասնագետների ուղեկցությամբ և վանքի դամբարանից դուրս է բերել Արագոնի՝ 1035-1104 թվականներին իշխած առաջին երեք թագավորների աճյունները, ինչպես նաև մի քանի պատմական նկարներ։

    Անտառային հրդեհը հինգշաբթի ավելի վաղ ուժգնացել էր բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամու պատճառով։ Այն ոչնչացրել է ավելի քան 9000 հեկտար և ստիպել տարհանել 16 բնակավայր, թեև ուրբաթ առավոտվա դրությամբ բուն վանքը չէր տուժել։

    Մինչ այդ Իսպանիայի հարավում մեկ այլ՝ անհամեմատ ավելի լայնածավալ անտառային հրդեհի հետ կապված իրավիճակը նույնպես վատթարացել է։ Ներկա պահին Ուելվայի նահանգում այրվել է 31 հազար հեկտար անտառ և հանգեցրել մոտ 700 մարդու տարհանման։

  • ԱՄՆ ռազմածովային ուժերի USS George Washington ավիակիրը USS Abraham Lincoln-ում առաջացած խնդիրների պատճառով շտապ ուղևորվում է Մերձավոր Արևելք

    ԱՄՆ ռազմածովային ուժերի USS George Washington ավիակիրը ուղևորվում է Մերձավոր Արևելք՝ փոխարինելու USS Abraham Lincoln ատոմային ավիակրին, որի երկարաձգված առաքելությունն Իրանի հետ պատերազմի ֆոնին բախվել է լուրջ խնդիրների, հայտնել է AP-ը։

    Նավը դուրս է եկել Վիետնամի Դանանգ նավահանգստից, անցել Սինգապուրի և Մալակայի նեղուցներով՝ ուղևորվելով դեպի Հնդկական օվկիանոս, ապա՝ Մերձավոր Արևելք։

    Վերատեղակայումը տեղի է ունենում USS Abraham Lincoln-ում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, անձնակազմի հյուծվածության և մատակարարման խնդիրների շուրջ աճող անհանգստության ֆոնին։ Այս նավը ռեկորդային երկար ժամանակ է անցկացրել ծովում՝ առանց նավահանգիստներ մտնելու, ինչը կտրուկ քննադատության է արժանացել զինծառայողների ընտանիքների և ամերիկացի օրենսդիրների կողմից։

    USS George Washington-ի մեկնումը անորոշ ժամկետով Խաղաղ օվկիանոսի ջրային տարածքը թողնում է առանց ամերիկյան ավիակիրների ներկայության։

    ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ այս քայլը կոչված է նվազեցնելու մերձավորարևելյան հակամարտության մեջ ներգրավված ԱՄՆ ռազմածովային ուժերի վրա ընկած հսկայական ծանրաբեռնվածությունը։

  • «Ինքն իր ամենավատ թշնամին է». ինչու է Թրամփը հրաժարվում աջակցել Նեթանյահուին

    Երբ երկու շաբաթ առաջ Բենիամին Նեթանյահուն և Դոնալդ Թրամփը հանդիպեցին Օվալաձև աշխատասենյակում, ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես են նրա վարկանիշները ընտրություններից առաջ, որոնք նշանակված են հոկտեմբերի 27-ին։

    Նեթանյահուն շփոթվեց։ Այնուհետև նրա խորհրդականներից մեկը շտապեց միջամտել. «Պարոն նախագահ, նա հաղթում է», — հայտարարեց օգնականը։

    Նեթանյահուն չի հաղթում։ Եվ այս պահին Թրամփը դեռ չի ցուցաբերել նրա համար այդքան ցանկալի աջակցությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ լրագրողների բազմակի հարցումներին։ ԱՄՆ նախագահը դեռ կարող է փոխել միտքը։ Սակայն մինչև ընտրությունները մնացել է ընդամենը 75 օր, և Նեթանյահուի ժամանակն արագ սպառվում է, գրել է Axios-ը։

    Հարցումների համաձայն՝ Նեթանյահուի ներկայիս կոալիցիան կարող է հույս դնել միայն 49–53 մանդատի վրա․ դա զգալիորեն պակաս է այն 68 տեղից, որոնք նա այժմ ունի, և կառավարության ձևավորման համար անհրաժեշտ 61 մանդատից։

    Իսրայելի ընդդիմադիր կուսակցությունները, ընդհակառակը, ստանում են 67-ից 70 տեղ։ Նեթանյահուի գլխավոր մրցակիցը՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) նախկին շտաբի պետ Գադի Այզենկոտը, հարցումների մեծ մասում ունի ավելի բարձր ժողովրդական աջակցություն։

    Այնուամենայնիվ, Նեթանյահուի համար հաղթելը պարտադիր չէ։ Նրան բավական է, որ չպարտվի։ Նրա գլխավոր խնդիրն այս պահին բավարար թվով ձայներ ապահովելն է, որպեսզի թույլ չտա հակառակորդներին ձևավորել կառավարություն առանց արաբա-իսրայելական կուսակցությունների աջակցության։

    Եթե դա նրան հաջողվի, և կողմերից ոչ մեկը չկարողանա ձևավորել կոալիցիա, Նեթանյահուն ևս մի քանի ամիս կմնա վարչապետի պաշտոնակատար՝ մինչև նոր ընտրությունների անցկացումը։ Այս պահին նման սցենարը լիովին իրատեսական է։

    Իրանի հետ պատերազմի առաջին շաբաթներին Թրամփի որոշ մերձավոր խորհրդականներ վստահ էին, որ նա կաջակցի Նեթանյահուին։ Այդ շրջանում Թրամփը բարձրաձայն հանդես էր գալիս այն բանի օգտին, որ Նեթանյահուին շնորհվի ներում, որը կփակի նրա դեմ կոռուպցիոն մեղադրանքներով դատավարությունը։

    Սակայն ժամանակի ընթացքում, երբ պատերազմը ձգձգվեց, Թրամփի և Նեթանյահուի արտաքին քաղաքական նպատակներն ու ներքաղաքական շահերը սկսեցին տարամիտվել։

    Վերջին երեք ամիսների ընթացքում նրանց միջև լուրջ ճեղք է առաջացել՝ ոչ միայն Իրանի, այլև Լիբանանի և Գազայի հարցերում։

    Ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ թեև Թրամփը անձնական մակարդակում լավ է վերաբերվում Նեթանյահուին, նա հիասթափված է նրա որոշումներից և քաղաքականությունից։ «Բիբին ինքն իր ամենավատ թշնամին է», — ասել է Թրամփն ըստ երկու անձանց, որոնք վերջերս նրա հետ քննարկել են Իսրայելի վարչապետին։

    Նրանց հարաբերությունները բարդացրած վերջին դրվագը դարձավ Նեթանյահուի հրապարակային հրաժարումը Գազայի վերաբերյալ Թրամփի խաղաղության ծրագրին աջակցելուց, որը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինաթափումը։

    ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Սպիտակ տանը Նեթանյահուի կիրակի արած հայտարարությունը գնահատում են որպես նախընտրական պայքարի տարր, այլ ոչ թե որպես քաղաքականության պաշտոնական հայտարարություն։

    «Մենք հասկանում ենք Բիբիի քաղաքական կարիքները։ Մենք դրա հետ խնդիր չունենք, քանի դեռ նա շարունակում է կատարել մեր պահանջները՝ հատկապես Գազայի հատվածին հասցվող հարվածները զսպելու մասով», — ասել է ամերիկացի պաշտոնյան։

    Անցյալ շաբաթ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ և խոստացել է հնարավորություն տալ խաղաղության ծրագրին՝ չնայած իր թերահավատությանը։ Նա նաև պարտավորվել է սահմանափակել Գազային հասցվող հարվածները, որպեսզի սկսվի ապառազմականացման գործընթացը, հայտնել է ԱՄՆ ներկայացուցիչը։

    Այդ ժամանակից ի վեր Իսրայելը զգալիորեն ավելի քիչ հարվածներ է հասցրել Գազային, իսկ ՑԱԽԱԼ-ը հետ է քաշվել դեպի «Դեղին գիծ»՝ այն սահմանը, որտեղ պետք է գտնվեր համաձայնագրի շրջանակում։

    Չորս աղբյուրների տվյալներով՝ հաջորդ շաբաթ Քուշները ծրագրում է այցեր կատարել Իսրայել՝ Նեթանյահուի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների համար, Գազայի ծրագրի քննարկման նպատակով։

    Նեթանյահուի մի քանի քաղաքական հակառակորդներ՝ ներառյալ Գադի Այզենկոտը, ինչպես նաև նախկին վարչապետեր Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը, անհանգստություն են հայտնել, որ Թրամփը, այնուամենայնիվ, կաջակցի գործող վարչապետին,

    Ընդդիմադիր գործիչներն ընդհանուր ընկերների, հովանավորների և այլ քաղաքական դաշնակիցների միջոցով Թրամփին և նրա շրջապատին ոչ պաշտոնական ազդակներ են փոխանցել՝ կոչ անելով պահպանել չեզոքությունը։

    Իրավիճակին տեղյակ ԱՄՆ նախկին պաշտոնյան ասել է, որ հարցումներում Նեթանյահուի դիրքերի թուլությունը Թրամփին հետ է պահել ուղիղ միջամտությունից։

    Թրամփն Իսրայելում վայելում էր հսկայական ժողովրդականություն, սակայն վերջին երեք ամիսների ընթացքում նրա հեղինակությունն այնտեղ խարխլվել է Իրանի հետ գործարքի և դրա խախտումից հետո էսկալացիայից հետ կանգնելու որոշման պատճառով։ Իսրայելցիները նաև դժգոհություն են հայտնում այն սահմանափակումներից, որոնք Թրամփը դրել է Իրանում, Գազայում, Սիրիայում և Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների վրա։

    Վերջին շաբաթներին լրագրողները չորս անգամ հարցրել են Թրամփին՝ մտադի՞ր է արդյոք աջակցել Նեթանյահուին։ Ամեն անգամ նա խուսափել է ուղիղ պատասխանից։

    «Իսրայելում կա՞ նրանից լավ մեկն այս աշխատանքի համար», — հուլիսին հարցրել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթը։ Նախագահը խուսափել է պատասխանից. «Դե, նրանց մեծ մասին ես չեմ ճանաչում։ Ոմանց, իհարկե, ճանաչում եմ, բայց մեծ մասին չեմ ճանաչում», — ասել է նա՝ նկատի ունենալով Նեթանյահուի ընդդիմախոսներին։

    Վերջին մի քանի հարցազրույցներում Թրամփը գովել է Նեթանյահուին այն բանի համար, որ նա «պատերազմական ժամանակների մեծ վարչապետ» էր, բայց ամեն անգամ նրա մասին խոսել է անցյալ ժամանակով։

    Թեև իսրայելցի պաշտոնյաները պնդում էին, որ վերջին հանդիպման ժամանակ Թրամփը մասնավոր կարգով բարձրացրել էր ներում շնորհելու հարցը, նախագահը հրապարակավ այդ մասին արդեն մի քանի ամիս է՝ չի հիշատակում։

    Ինչ պետք է հաշվի առնել

    Իսրայելի ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն Թրամփի մերձավորարևելյան օրակարգի համար՝ իշխանության իր մնացած երկու տարիների ընթացքում, հատկապես հաշվի առնելով, որ իրանական ճգնաժամը մնացել է «ո՛չ գործարք, ո՛չ պատերազմ» կախյալ վիճակում։

    Թրամփը նաև մտադիր է առաջ մղել Գազայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը, հասնել առաջընթացի Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններում, կնքել անվտանգության համաձայնագիր Իսրայելի և Սիրիայի միջև և, ամենակարևորը, պատմական խաղաղության գործարք կնքել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև։

    Թրամփը և նրա թիմը հիշում են 2019 թվականի Իսրայելի քաղաքական ճգնաժամը, որը հանգեցրեց երեք անընդմեջ ընտրությունների և տևեց Մերձավոր Արևելքում դիվանագիտական ջանքերի մի ամբողջ տարի։

    ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Սպիտակ տունը չի կրկնի անցյալի սխալները և թույլ չի տա, որ Իսրայելի ներքին քաղաքականությունն արգելակի տարածաշրջանային օրակարգը։

  • Հայրի՛կ, դեռ չեմ կարողանում հավատալ, որ հեռացել ես․ Մեսսիի հուզիչ գրառումը

    Լիոնել Մեսսին ինստագրամյան իր էջում հուզիչ գրառում է կատարել հոր մահվան կապակցությամբ: Ֆուտբոլիստը նաև ակնարկել է կարիերան մոտ ապագայում ավարտելու հավանականության մասին: Իր գրառման մեջ Մեսսին անդրադարձել է հոր հետ ունեցած ամուր կապին և վերջին Աշխարհի առաջնության դժվարին օրերին։

     

    «Հայրի՛կ, դեռ չեմ կարողանում հավատալ, որ հեռացել ես։ Դու այնքան էիր խնդրում ինձ խաղալ վերջին աշխարհի առաջնությունում, և դրա մեկնարկից օրեր առաջ քո վիճակը վատացավ։ Յուրաքանչյուր խաղից հետո սպասում էի քո հաղորդագրությանը, և հենց այդ ժամանակ հասկացա, որ իրավիճակն իսկապես վատ է։ Ուզում էի հաղթել քեզ համար, … բայց ոտքերս այլևս չէին ենթարկվում։

     

    Չգիտեմ՝ ինչ եմ անելու առանց քեզ, չգիտեմ՝ ինչպես շարունակել։ Ես միայն ֆուտբոլ էի խաղում, և հիմա բավականին մեծ կասկածներ ունեմ, որ էլի երկար ժամանակ կշարունակեմ դա անել։ Դու իմ կողքին էիր հենց սկզբից, այնքան քիչ էր մնացել մինչև ավարտը։ Ինչո՞ւ մի փոքր էլ չդիմացար, որպեսզի ավարտեինք միասին։ Դու հայր էիր, ընկեր և ներկայացուցիչ։ Հանգչի՛ր խաղաղությամբ… Սիրում եմ քեզ, հայրիկ»,-գրել է Մեսսին։

     

    Հիշեցնենք, որ Խորխե Մեսսին կյանքից հեռացել է 68 տարեկան հասակում տևական ծանր հիվանդությունից հետո: Հուղարկավորությունը կայացել է օգոստոսի 9-ին՝ անվտանգության խիստ միջոցառումների ներքո:

  • Սաուդյան Արաբիա–Թուրքիա–Պակիստան դաշինք. սպառնո՞ւմ է բախում Իրանի և Իսրայելի հետ՝ «մուսուլմանական ՆԱՏՕ»-ի նշանի տակ

    Մեքքայում ստորագրված նոր պաշտպանական համաձայնագիրը վկայում է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի աճող ձգտման մասին՝ ամրապնդելու զսպումը և խորացնելու ռազմական համագործակցությունը՝ շրջանցելով Միացյալ Նահանգներին, գրում է EUobserver-ը։

    «Այս երկրները պատրաստվում են մի աշխարհի, որտեղ նրանք ավելի քիչ կախված կլինեն Վաշինգտոնից, սակայն տարածաշրջանի կերպարը ձևավորող շարունակվող իրանական և իսրայելական ագրեսիայի պատճառով դաշինքը դեռ պետք է բախվի խիստ աշխարհաքաղաքական իրականության հետ։

    Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի մեծությամբ երկրորդ բանակը և արագ զարգացող պաշտպանական արդյունաբերություն։ Սաուդյան Արաբիան իսլամի գլխավոր սրբավայրերի պահապանն է և աշխարհի խոշորագույն նավթ արտահանողներից մեկը։ Իսկ Պակիստանը աշխարհի միակ մահմեդական երկիրն է, որն ունի միջուկային զենք։

    Տարածաշրջանի ապակայունացմանն ի պատասխան, որի վերջին դրսևորումը ԱՄՆ-իսրայելական պատերազմն էր Իրանի դեմ, երեք հիմնականում սուննի մահմեդական երկրները ձգտում են խորացնել պաշտպանական համագործակցությունը՝ զսպում ապահովելու համար։ Հարձակման դեպքում դա տեսականորեն կարող է Անկարային և Իսլամաբադին ներքաշել երկարատև և թանկարժեք հակամարտության մեջ։

    Օգոստոսի 7-ին Մեքքայում ստորագրված փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը երբեմն համեմատում են ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես՝ նրա 5-րդ հոդվածի, որը վերաբերում է կոլեկտիվ պաշտպանությանը։ Նույնպիսի զուգահեռներ էր անցկացնում անգամ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

    Այնուամենայնիվ, բացի այն կանխադրույթից, որ մասնակիցներից մեկի դեմ զինված հարձակումը կդիտվի որպես հարձակում բոլոր երեքի դեմ, ինչպես նաև նրանից, որ դրա մեջ ներառված է ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակը, նոր համաձայնագիրը առայժմ քիչ ընդհանրություն ունի արևմտյան դաշինքի հետ։

    Առաջին հերթին, դեռևս պարզ չէ, թե որքանով է այն իրականում պարտավորեցնում ստորագրող երկրներին հարձակման դեպքում ձեռնարկել կոնկրետ ռազմական գործողություններ։

    Մինչ ՆԱՏՕ-ն գործում է ռազմական հրամանատարության ինտեգրված կառուցվածքի շրջանակում, Էր-Ռիադի, Անկարայի և Իսլամաբադի միջև եռակողմ դաշինքից բխող պայմանավորվածությունների մանրամասները նույնպես մնում են անհասկանալի։

    Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի խոսքով՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որը ստեղծվել էր Խորհրդային Միության էքսպանսիային արձագանքելու համար, այս համաձայնագիրը ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ։

    Ինչ էլ որ հայտարարեն քաղաքական ներկայացուցիչները, միանգամայն ակնհայտ է, որ դաշինքը կնքվել է տարածաշրջանում ընթացող իրադարձություններին ի պատասխան՝ առաջին հերթին Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմին, որն անդրադառնում է Պարսից ծոցի երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային։

    Այս երեք հիմնականում սուննի երկրները նաև երկար ժամանակ կիսել են Իսրայելի ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ մտահոգությունները։

    Ինչպես Reuters-ի վկայակոչմամբ սոցիալական ցանցերում հայտարարել է Սաուդյան Արաբիայի հանրային դիվանագիտության փոխնախարար Ռայեդ Քրիմլին, համաձայնագիրը նպատակ չունի ստեղծել նոր ռազմական առանցք կամ աղանդավորական բլոկ։ «Այն նաև կապված չէ որևէ միջուկային հավակնությունների կամ սպառազինությունների մրցավազքի հետ», — հավելել է նա։

    «Համաձայնագիրը չի չեղարկում և չի փոխարինում այս երկրների միջև, ինչպես նաև այլ պետությունների կամ կազմակերպությունների հետ գործող որևէ երկկողմ կամ բազմակողմ պայմանավորվածություն», — հավելել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը՝ ընդգծելով, որ իր երկիրը դաշինքը դիտարկում է բացառապես որպես պաշտպանական։

    Թեև սա ՆԱՏՕ-ի տիպի կառույց չէ և ոչ էլ նոր տարածաշրջանային կրոնական բլոկ, մահմեդական աշխարհի երեք ամենաազդեցիկ պետությունների մերձեցումը նշանակալից տեղաշարժ է նշանավորում տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մոտեցումներում։

    Սա շատ ավելի մեծ բան է, քան պարզապես համաձայնագրով մի թուղթ, ինչպես փորձում է ներկայացնել Թեհրանը։

    Հենց այդ պատճառով կարևոր է բացատրել, թե ինչ է նշանակում մեքքայական համաձայնագիրը յուրաքանչյուր երկրի համար, ով դեռ կարող է միանալ դրան, ինչ արձագանք է այն առաջացրել Իսրայելում և որոնք են դրա սահմանափակումները։

    Սաուդյան Արաբիան՝ որպես կայունացնող ուժ

    Մեքքայում տեղի ունեցած արարողությանը մասնակցել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

    Ի թիվս այլ արարողակարգային պահերի՝ քաղաքական գործիչները մի պահ միասին աղոթել են՝ դեմքով դեպի Քաաբան՝ իսլամի գլխավոր սրբավայրը, ստեղծելով միասնության հզոր պատկեր։

    Սաուդյան Արաբիայի ընտրությունը որպես համաձայնագրի ստորագրման վայր պատահական չէր։ Այս երկիրը մյուսներից ավելի ծանր է տուժել Իրանի դեմ շարունակվող ԱՄՆ-իսրայելական պատերազմից։

    Թագավորությունը նաև լրջորեն տուժել է կենսական նշանակության նավթային զարկերակների՝ Հորմուզի և Կարմիր ծովի Բաբ էլ-Մանդեբի նեղուցների շրջափակումից։

    Էր-Ռիադի համար նոր համաձայնագիրը ուժեղացնում է ինչպես տարածաշրջանում իր սեփական ազդեցությունը, այնպես էլ Իրանի զսպումը, որը սպառնացել էր թագավորությանը նոր հարվածներով՝ Միացյալ Նահանգների հետ հակամարտության շարունակման դեպքում։

    «Սաուդցիները պետք է հասկանան, որ Թուրքիայի և Պակիստանի հետ թղթի վրա առկա համաձայնագիրը նրանց անվտանգություն չի բերի, ճիշտ այնպես, ինչպես ձախողվեց նրանց միակողմանի կախվածությունը ամերիկացիներից», — գրել է X սոցիալական ցանցում Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ռեզային։ «Փոխեք ձեր քաղաքականությունը, որպեսզի ստիպված չլինեք ուրիշներից անվտանգություն մուրալ», — հայտարարել է նա Էր-Ռիադին։

    Այնուամենայնիվ, համաձայնագիրը Սաուդյան Արաբիային ապահովում է պաշտպանության լրացուցիչ մակարդակ՝ ի լրումն ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում նրա վաղեմի գործընկերության, որի՝ իր գործընկերներին պաշտպանելու կարողությունը վերջին ամիսների մարտերից հետո բարձրաձայն կասկածի տակ է դրվել։

    Սա ոչ այնքան Վաշինգտոնից հրաժարում է, որքան Էր-Ռիադի հնարավորությունների դիվերսիֆիկացում. ի վերջո, սեփական անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելը նաև համապատասխանում է Վաշինգտոնի վաղեմի պահանջներին։

    Անվտանգության վերաբերյալ համաձայնագրի մասին հայտարարությունը հնչեց ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև գործարքի ստորագրումից ընդամենը մի քանի շաբաթ անց, որը պետք է թույլ տա թագավորությանը զարգացնել սեփական քաղաքացիական միջուկային ծրագիրը։

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետագայում ավելացրեց պայման, որը պարտավորեցնում է Էր-Ռիադին կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, ինչից երկիրը երկար ժամանակ հրաժարվում էր, քանի դեռ պաղեստինյան պետության ստեղծման հստակ ճանապարհ չէր բացվել։

    Վերջիվերջո, հենց Վաշինգտոնն էր, որ կարող էր ակամայից մերձեցնել Սաուդյան Արաբիային Պակիստանի և Թուրքիայի հետ, թեև նմանատիպ պայմանավորվածությունները քննարկվում էին դրանից շատ առաջ։

    Այսպիսով, Էր-Ռիադի մերձեցումը Անկարայի և Իսլամաբադի հետ հակասում է տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թրամփի պատկերացմանը։

    Սակայն, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ և իսրայելական ռազմական հետախուզության նախկին սպա Դենիս Ցիտրինովիչի կարծիքով, ընթացիկ իրադարձությունները պարտադիր չէ, որ կանխորոշեն երկրների միջև հարաբերությունների ապագա զարգացումը։

    Այս դեպքում Էր-Ռիադը չի գործում Թել Ավիվին հակառակ, թեև Իսրայելում դա երբեմն հենց այդպես է մեկնաբանվում։

    «Եթե Իսրայելը պաղեստինյան դիվանագիտական ուղու վրա հասներ դրամատիկ առաջընթացի, շատ հավանական է, որ Սաուդյան Արաբիան կրկին հետաքրքրություն կցուցաբերեր կարգավորման առաջմղման նկատմամբ։ Այս համաձայնագիրը հիմնարար կերպով չի փոխում այդ հաշվարկը», — նշել է Ցիտրինովիչը։

    Համատեքստի համար հարկ է հիշեցնել, որ Սաուդյան Արաբիան դեռևս 2025 թվականի սեպտեմբերին Պակիստանի հետ կնքել էր փոխադարձ պաշտպանության մասին նմանատիպ համաձայնագիր, իսկ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց երկրների հետ՝ հազարամյակների սահմանագծից անմիջապես հետո։

    Սակայն այս համաձայնագրերից ոչ մեկը էապես չօգնեց Էր-Ռիադին վերջին ամիսներին պաշտպանվել իրանական հարվածներից, մինչդեռ Պակիստանի ներկայացուցիչներն անցյալ տարի ուղղակիորեն հայտարարել էին, որ դաշինքը թագավորության վրա չի տարածում միջուկային հովանոցը։

    Ինչպես նշել է Ատլանտյան խորհրդի Ռաֆիկ Հարիրիի անվան կենտրոնում Մերձավոր Արևելքի ինտեգրման նախագծի տնօրեն Էլիսոն Մայնորը, վերջին ամիսներին Պակիստանը Սաուդյան Արաբիայում տեղակայել է հազարավոր զինծառայողներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր։

    «Միևնույն ժամանակ Էր-Ռիադը օգտագործում է այս տուրբուլենտ շրջանը տարածաշրջանում իր առաջնորդող դերը հաստատելու համար. իր մոտ ընդունելով անվտանգության նոր համաձայնագրի ստորագրման արարողությունը մեկ այլ հզոր տարածաշրջանային խաղացողի՝ Թուրքիայի հետ միասին, Սաուդյան Արաբիան իրեն դիրքավորում է որպես տարածաշրջանային կայունության խորհրդանիշ այն ժամանակ, երբ այլ տերություններ՝ Իրանը և Իսրայելը, ընկալվում են որպես ապակայունացնող ուժեր», — ընդգծել է Մայնորը։

    Անվտանգության նոր համաձայնագիրը Թուրքիային հնարավորություն է տալիս ամրապնդել իր աշխարհաքաղաքական դերը՝ որպես անվտանգության առաջատար ճարտարապետ ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հարավային Ասիայում, ինչպես նաև միավորել իր ռազմական ազդեցությունը (որը հիմնված է ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակի, աճող ռազմարդյունաբերական համալիրի և սպառազինության ոլորտում աճող ինքնաբավության վրա) Սաուդյան Արաբիայի ֆինանսական հնարավորությունների և Պակիստանի միջուկային զսպման հետ։