Category: YN.am

  • ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ նոր խորհրդարանի աշխատանքային առօրյայում հետաքրքիր պատկեր է ձևավորվել ոչ միայն նիստերի դահլիճում, այլև Ազգային ժողովի ճաշարանում։

    Նոր գումարման խորհրդարանի աշխատանքը մեկնարկելուց շուրջ տասներկու օր անց արդեն կարելի է նկատել, թե ովքեր են ակտիվորեն օգտվում ԱԺ ճաշարանից, ովքեր են նախընտրում բացօթյա սրճարանը, իսկ ովքեր էլ ընդմիջման ժամանակ անգամ չեն հեռանում իրենց աշխատասենյակից։

    Մեր թղթակիցը նկատել է, որ ընդմիջումների ժամանակ ԱԺ ճաշարանում կարելի է հանդիպել գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների։ Այստեղ հաճախ են ճաշում նաև ԱԺ փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը։ Ընդհանուր առմամբ՝ ճաշարանը դարձել է պատգամավորների ոչ պաշտոնական շփումների վայր, որտեղ, նիստերի դահլիճից դուրս, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները հնարավորություն են ունենում ավելի անկաշկանդ շփվելու։

    Հետաքրքիր է նաև կառավարության կազմից խորհրդարան տեղափոխված Արայիկ Հարությունյանի վարքագիծը։ Նա ևս պարտաճանաչ օգտվում է ԱԺ ճաշարանից, սակայն նրա պահվածքից կարծես թե դեռ նկատվում է խորհրդարանական նոր միջավայրին հարմարվելու փուլը։ Հարությունյանը համեմատաբար զուսպ է, քիչ է շփվում նոր գործընկերների հետ և հիմնականում ժամանակ է անցկացնում իր նախկին օգնական, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանի հետ, որի հետ նախկինում աշխատել է կառավարությունում։

    Իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորներն ակտիվորեն օգտվում են նաև խորհրդարանի բացօթյա սրճարանից։ Ստացվում է՝ ՔՊ-ականների համար ընդմիջումը միայն սնվելու ժամանակ չէ, այլ նաև միմյանց հետ շփվելու և աշխատանքային հարցերը քննարկելու առիթ։

    Իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության դեպքում պատկերն էապես այլ է։

    Նոր խորհրդարան մտած 29 հոգանոց խմբակցության անդամները, մեր դիտարկմամբ, ընդմիջման ժամանակ հիմնականում միասին են մնում խմբակցության աշխատասենյակում։ Ավելին՝ նրանց պատվիրած սնունդը ճաշարանից տեղափոխվում է հենց խմբակցության աշխատասենյակ։

    Պատճառը, ըստ ամենայնի, միայն ճաշարանի նկատմամբ նախապատվությունը չէ։ Նորաստեղծ խմբակցությունը դեռևս ամբողջությամբ չի հարմարվել խորհրդարանական աշխատանքային ռեժիմին, իսկ պատգամավորների մեծ մասը շարունակում է հիմնական ժամանակը միասին անցկացնել նույն տարածքում։ Խմբակցության համար նախատեսված առանձին աշխատասենյակների հարցն էլ դեռ ամբողջությամբ կարգավորված չէ, ինչի հետևանքով 29 պատգամավորների առօրյան այս փուլում բավականին սերտորեն կապված է մեկ ընդհանուր աշխատանքային տարածքի հետ։

    Այսպիսով, խորհրդարանի ճաշարանը, սրճարանն ու աշխատասենյակները կարծես թե դարձել են նոր ԱԺ-ի փոքրիկ «քարտեզը»։ Մի տեղում իշխանական պատգամավորներն են ակտիվ շփվում, մյուսում՝ փոխնախագահներն ու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչները, իսկ նոր ընդդիմադիր ուժը նախընտրում է ընդմիջումն անցկացնել գրեթե ամբողջ կազմով՝ մեկ հարկի տակ։

    Թե որքան արագ կփոխվի այս պատկերը, ցույց կտա առաջիկա ամիսների խորհրդարանական առօրյան։ Բայց այս պահին ԱԺ-ի ընդմիջման ժամերը ոչ պակաս հետաքրքիր են, քան նիստերի դահլիճում տեղի ունեցող քաղաքական գործընթացները»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • «Կրկեսի» խաչմերուկում ուժեղ քամուց հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհի 3 երթևեկելի գոտիները

    Ժամը 20։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Կրկեսի» խաչմերուկում, ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհի 3 երթևեկելի գոտիները։

     

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։

     

    Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

  • ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնյաների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հայտարարագրերը և ներկայացնում ենք, թե տարիների ընթացքում ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ ու պարտավորություններ է ունեցել նա։

    Արմեն Սմբատյանը ԿԸՀ համակարգում է երկար տարիներ։ 2011 թվականի հուլիսին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԿԸՀ անդամ և ընտրվել հանձնաժողովի քարտուղար։ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ կրկին ընտրվել է ԿԸՀ անդամ, իսկ հոկտեմբերի 11-ին՝ ԿԸՀ քարտուղար։ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին կրկին ընտրվել է ԿԸՀ անդամ, իսկ հոկտեմբերի 12-ին՝ ԿԸՀ քարտուղար։

    2021 թվական

    2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա վերջում Արմեն Սմբատյանն ունեցել է չորս անշարժ գույք՝ երեք հողամաս և մեկ բնակարան։ Հողամասերից մեկը գտնվել է Եղեգնաձորում, երկուսը՝ Վայոց ձորի Եղեգիս համայնքում։ Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում, նա ունեցել է բնակարան, որը 2017 թվականին ստացել է նվիրատվությամբ։

    Տրանսպորտային միջոց 2021 թվականին չի հայտարարագրվել։

    Բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել 289 եվրո, 29 դոլար և 305 հազար դրամ։ Տարվա վերջին մնացորդները կազմել են 284 եվրո, 105 դոլար և ընդհանուր 1 մլն 50 հազար դրամ։

    Կանխիկ միջոցները տարվա սկզբին կազմել են 2200 դոլար, 970 հազար դրամ և 2000 եվրո, իսկ տարեվերջին՝ 2700 դոլար, 1 մլն 370 հազար դրամ և 3300 եվրո։

    2021 թվականին Սմբատյանի հայտարարագրված եկամուտը կազմել է 9 մլն 977 հազար 986 դրամ։ Դրանից 9 մլն 764 հազար 958 դրամը ստացել է ԿԸՀ-ից, իսկ 213 հազար 28 դրամը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։

    2022 թվական

    2022 թվականի սկզբում Սմբատյանի անունով եղել է երեք հողամաս Վայոց ձորի մարզում և բնակարան Երևանում։ Տարվա ընթացքում նա հունվարի 5-ին 3 մլն 500 հազար դրամով վաճառել է հողամաս։ Տարվա վերջում նրա սեփականության ներքո մնացել են երկու հողամաս Վայոց ձորի Եղեգիս համայնքում և բնակարանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

    Տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել։

    «Եղեգնաձորի ԲԿՏ» ԲԲԸ-ում նրա 7.62 տոկոս մասնակցությունը շարունակել է մնալ հայտարարագրում։

    Բանկային ավանդի չափը տարվա սկզբին և վերջում կազմել է 11 հազար դոլար։

    Կանխիկ միջոցները տարվա սկզբի 1 մլն 370 հազար դրամից տարվա վերջին դարձել են 1 մլն 570 հազար դրամ, 3300 եվրոյից՝ 5000 եվրո, իսկ հայտարարագրված դոլարային միջոցների մասով տարվա սկզբի 2700 դոլարի դիմաց տարեվերջին նշվել է 3700 դրամ։

    2022 թվականին Սմբատյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 12 մլն 217 հազար 333 դրամ։ Դրանից 11 մլն 314 հազար 237 դրամը ստացել է ԿԸՀ-ից, 119 հազար 730 դրամը՝ քաղաքացիաիրավական պայմանագրից, իսկ 783 հազար 366 դրամը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։

    Հատկանշական է, որ Սմբատյանի բաժնեմաս ունեցող «Եղեգնաձորի ԲԿՏ» ԲԲԸ-ն 2022 թվականին պետական և համայնքային կառույցների հետ ունեցել է խոշոր պայմանագրեր։ Վայոց ձորի մարզպետարանի հետ ընկերությունը կնքել է 27 մլն 900 հազար դրամի պայմանագիր, իսկ Եղեգիս համայնքի հետ՝ 11 մլն դրամի պայմանագիր։ Ըստ հայտարարագրի՝ երկու պայմանագրերն էլ կնքվել են մրցույթի արդյունքում, և դրանց ամբողջ գումարները վճարվել են։

    2023 թվական

    2023 թվականի սկզբին Սմբատյանի անունով եղել են երկու հողամաս Վայոց ձորի Եղեգիս համայնքում և բնակարան Երևանում։ Տարվա ընթացքում նա նվիրատվությամբ ստացել է ևս մեկ հողամաս։ Այսպիսով, տարեվերջին ունեցել է երեք հողամաս և մեկ բնակարան։

    2023 թվականին նա նաև ձեռք է բերել 2007 թվականի Toyota ավտոմեքենա՝ 6 մլն 478 հազար 777 դրամով։

    Սմբատյանը 2023 թվականին «Օրդ դեվելոպմենթ» ՍՊԸ-ին տրամադրել է 14 մլն 982 հազար դրամ, իսկ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին՝ 22 մլն 500 հազար դրամ փոխառություն։

    2023 թվականի ընթացքում նրա ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 80 մլն 212 հազար 861.7 դրամ։ Դրանից ԿԸՀ-ից ստացած աշխատավարձը կազմել է 13 մլն 906 հազար 366 դրամ, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ստացած աշխատավարձը՝ 1 մլն 449 հազար 914 դրամ։ Բացի այդ, հայտարարագրվել է 13 մլն 378 հազար դրամ այլ եկամուտ Սոնա Միրզոյանից, 11 մլն 575 հազար դրամ փոխառություն՝ Արթուր Միրզոյանից և 38 մլն 150 հազար դրամ վարկ՝ IDBank-ից։

    2023 թվականի վերջում Սմբատյանի պարտավորությունները կազմել են 48 մլն 344 հազար 667 դրամ։ Դրանցից 11 մլն 575 հազարը փոխառության մնացորդն էր, իսկ բնակարանի հիպոթեքային վարկի մայր գումարի մնացորդը՝ 36 մլն 769 հազար 667 դրամ։

    Նույն տարվա շահերի հայտարարագրից պարզվում է, որ Սմբատյանը «Եղեգնաձորի ԲԿՏ» ԲԲԸ-ում ունի 7.62 տոկոս մասնակցություն։ Ընկերությունը 2023 թվականին Եղեգիս համայնքի հետ աղբահանության սպասարկման համար կնքել է 13 մլն 200 հազար դրամի պայմանագիր։

    2024 թվական

    2024 թվականի սկզբին Սմբատյանի անունով եղել է մեկ բնակարան Երևանում և երեք հողամաս Վայոց ձորի Եղեգիս համայնքում։ Դեկտեմբերի 28-ին նա համատեղ սեփականությամբ բնակարան է ձեռք բերել Երևանում։ Գույքի գնման արժեքը կազմել է 54 մլն 500 հազար դրամ։

    Նույն տարվա դեկտեմբերի 16-ին Սմբատյանը վաճառել է 2007 թվականի Toyota-ն՝ 10 մլն 746 հազար դրամով։ Տարվա վերջում նրա անունով տրանսպորտային միջոց չի մնացել։

    2024 թվականի վերջում նրա բանկային ավանդներում առկա է եղել 10 հազար դոլար և 4 մլն դրամ։ Կանխիկ միջոցները տարվա սկզբի 1 մլն 300 հազար դրամից և 3500 եվրոյից տարեվերջին նույն չափով են մնացել, իսկ կանխիկ դոլարը 8700 դոլարից հասել է 29 հազար դոլարի։

    Բանկային հաշիվների մնացորդների շարքում տարվա վերջում առկա է եղել ընդհանուր 41,307 դոլար, 6 մլն 480 հազար 585 դրամ և 40 եվրո։

    2024 թվականին Սմբատյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 95 մլն 350 հազար 537 դրամ։ Այդ գումարի մեջ ներառված է ԿԸՀ-ից ստացած 12 մլն 266 հազար 698 դրամ աշխատավարձը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ստացած 471 հազար 256 դրամը, 3 մլն 706 հազար 410 դրամ եկամտային հարկի վերադարձը և Toyota-ի վաճառքից ստացած 10 մլն 746 հազար դրամը։

    Նա նաև հայտարարագրել է 74 հազար 900 դոլարի այլ եկամուտ՝ տարբեր բարեգործական հիմնադրամներից։ Բացի այդ, ստացել է 5 մլն դրամ փոխառություն Տիգրան Բաբիկյանից, 11 մլն 365 հազար դրամ՝ Արթուր Միրզոյանից, 7 մլն 700 հազար դրամ՝ Սոնա Մարգարյանից և 40 հազար դոլարի նվիրատվություն կամ օգնություն՝ Արման Սմբատյանից։

    Տարվա վերջում նրա վարկային և փոխառությունների պարտավորությունները կազմել են 31 մլն 347 հազար 61 դրամ, իսկ բնակարանի հիպոթեքային վարկի մայր գումարի մնացորդը՝ 34 մլն 500 հազար դրամ։

    2024 թվականին Սմբատյանը ուսման կամ դասընթացների համար ծախսել է 25 հազար և 64 հազար 396 դոլար, որոնք հայտարարագրում հաշվարկվել են ընդհանուր 34 մլն 307 հազար 502.92 դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարները կազմել են 6 մլն 555 հազար դրամ, իսկ բնակարանի վերանորոգման համար ծախսվել է 9 մլն 500 հազար դրամ։

    2025 թվական

    2025 թվականի սկզբին Սմբատյանի անունով եղել է երկու բնակարան և երեք հողամաս։ Բնակարաններից մեկը համատեղ սեփականությամբ է, մյուսը՝ միանձնյա։ Հողամասերից երկուսը համատեղ սեփականությամբ են, մեկը՝ միանձնյա։

    2025 թվականին նա ձեռք է բերել երկու ավտոկայանատեղի՝ համապատասխանաբար 10 մլն և 10 մլն 500 հազար դրամով։ Երկու գործարքների մյուս կողմը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն է։ Տարվա վերջին երկու ավտոկայանատեղիներն էլ մնացել են նրա սեփականության ներքո։

    Տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել։

    Սմբատյանի հայտարարագրում առկա է նաև 1997 թվականին ձեռք բերված բաժնետոմս, որի արժեքը տարվա սկզբում կազմել է 290 հազար դրամ, իսկ տարվա վերջին՝ զրո դրամ։

    Բանկային ավանդների մասով տարվա սկզբին առկա է եղել 10 հազար դոլար և 4 մլն դրամ, իսկ տարվա վերջին երկու ավանդների մնացորդներն էլ զրոյական են եղել։

    Բանկային հաշիվների մնացորդները տարվա վերջում համապատասխան մնացորդները կազմել են 22 դոլար, 200 դոլար, 12 հազար 400 դոլար, 2 եվրո, 7 մլն 437 հազար 427 դրամ, 958 դրամ, 87 հազար 168 դրամ, 677 դոլար և 177 հազար դրամ։

    Կանխիկ միջոցները տարվա սկզբին կազմել են 1 մլն 300 հազար դրամ, 3500 եվրո և 29 հազար դոլար։ Տարվա վերջին դրանք դարձել են համապատասխանաբար 1 մլն 500 հազար դրամ, 3800 եվրո և 27 հազար դոլար։

    2025 թվականի ընթացքում Արմեն Սմբատյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 29 մլն 652 հազար 716 դրամ։ Դրանում ներառված է ԿԸՀ-ից ստացած 13 մլն 84 հազար 951 դրամ աշխատավարձը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ստացած 240 հազար 96 դրամը, եկամտային հարկի վերադարձից ստացած 2 մլն 741 հազար 697 դրամը, 4 մլն 350 հազար դրամ այլ եկամուտը, Duke University-ից 4306 դոլարի նվիրատվությունը, ինչպես նաև 7 մլն 463 հազար դրամ ստացված փոխառություն և IDBank-ից 187 հազար 460 դրամ տոկոսային եկամուտ։

    2025 թվականի վերջում նրա վարկային և փոխառության պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 38 մլն 810 հազար դրամ, որից 31 մլն 860 հազարը բնակարանի հիպոթեքային վարկի մայր գումարի մնացորդն է։

    Ծախսերի մասով հայտարարագրում նշված է 6000 դոլարի ուսման կամ դասընթացի վարձ, որը հաշվարկվել է 2 մլն 209 հազար 260 դրամ։ Բացի այդ, Սմբատյանը հայտարարագրել է 25 հազար դոլարի այլ միանվագ ծախս՝ 9 մլն 204 հազար 500 դրամ արժեքով։

    Արմեն Սմբատյանի կնոջ՝ Սոնա Միրզոյանի անունով հայտարարագրված է «Հին գյուղ» ընկերության 50 տոկոս և «Սոնասոլա» ընկերության 100 տոկոս մասնակցություն։

    Այսպիսով, 2021-2025 թվականների հայտարարագրերից երևում է, որ այդ ժամանակահատվածում Արմեն Սմբատյանի գույքային պատկերը զգալիորեն փոխվել է․ 2021 թվականին հայտարարագրված չորս անշարժ գույքին հետագա տարիներին ավելացել են նոր գույքեր, 2023 թվականին ձեռք է բերվել Toyota, 2024 թվականին՝ 54.5 մլն դրամանոց բնակարան, իսկ 2025 թվականին՝ ընդհանուր 20.5 մլն դրամ արժեքով երկու ավտոկայանատեղի։ Միաժամանակ, տարբեր տարիներին էական փոփոխություններ են արձանագրվել նրա եկամուտների, փոխառությունների, վարկային պարտավորությունների և դրամական միջոցների մասով»։

  • «Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ առաջիկա օրերին նա ելույթներով հանդես չի գա․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում վերջին միջադեպից հետո լուրջ քննարկում է տեղի ունեցել խմբակցության անդամների և պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկման առանցքում եղել է նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, որը վերջին օրերին դարձել է իշխանության քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը։

    Խմբակցության ներսում Ղազարյանին հիշեցրել են, որ խորհրդարանի աշխատանքի մեկնարկից առաջ պայմանավորվածություն է եղել պահպանել խորհրդարանական էթիկայի և վարքագծի կանոնները, ուստի անհրաժեշտ է առավել զգուշավոր լինել և չխախտել այդ պայմանավորվածությունները։

    Միաժամանակ, քննարկումներից հետո խմբակցությունը որոշել է ներողություն չհնչեցնել, քանի որ դրան կտրականապես դեմ է եղել հենց Էդգար Ղազարյանը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում նման քայլի գնալ, քանի դեռ իշխանության ներկայացուցիչներն էլ իր հասցեին վիրավորական և կոշտ արտահայտություններ են հնչեցնում։

    Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խմբակցության ներսում Ղազարյանի պահվածքը միանշանակ չի ընդունվել։

    Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա մի քանի օրերին Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի ամբիոնից հարցերով կամ ելույթներով հանդես չի գա։ Այս մոտեցումը կիրառվում է երեկվանից և, ըստ մեր տեղեկությունների, կպահպանվի նաև երկուշաբթի՝ մինչև խորհրդարանում ստեղծված լարվածությունը որոշ չափով հանդարտվի։

    Հիշեցնենք՝ նախօրեին իշխանության ներկայացուցիչները տարբեր ձևաչափերով կոշտ արձագանքել էին Ղազարյանի օգտագործած արտահայտությանը՝ նրան անգամ «սրիկա» անվանելով։

    Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում տրամադրված են Էդգար Ղազարյանի հարցում գործել առավել կոշտ և անզիջում»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Երբ և որտեղ տեղի կունենա «Եվրատեսիլ-2027» մրցույթը

    «Եվրատեսիլ-2027» երգի մրցույթը կանցկացվի 2027 թվականի մայիսի 12-15-ը Բուլղարիայի Սևծովյան ափին՝ Բուրգասում։ Դրա մասին հայտնել են Եվրոպական հեռարձակողների միությունը և Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը, փոխանցում է BBC-ն։

    Այս տարվա մայիսին «Եվրատեսիլը» անցկացվել էր Վիեննայում։ Հաղթել էր բուլղարացի երգչուհի Դարան՝ «Bangaranga» վառ պարային հիթով։ Սա այս մրցույթում երկրի առաջին հաղթանակն է։

  • Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է դիտարկումների պատմության ամենաշոգ օրերից մեկըՖրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է դիտարկումների պատմության ամենաշոգ օրերից մեկը

    Օգոստոսի 13-ը Ֆրանսիայում դիտարկումների պատմության ընթացքում գրանցված «ամենաշոգ օրերից մեկն է եղել»՝ զիջելով միայն այն օրերին, երբ սահմանվել են բացարձակ ռեկորդներ՝ 2003 թվականի օգոստոսին, 2019 թվականի հուլիսին և 2025 թվականի հունիսին։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը՝ Météo-France-ը։

     

    Ծառայության տվյալներով՝ հինգշաբթի Ֆրանսիայի 30 օդերևութաբանական կայաններում նվազագույն և առավելագույն ջերմաստիճանների միջին ցուցանիշը կազմել է 28,8 աստիճան։ Բացի այդ, նախորդ օրը գրանցվել են «ամսական մի քանի ռեկորդներ», մասնավորապես՝ Նանտում, Ռեննում և Պուատիեում։ Արդեշ դեպարտամենտում օրվա ընթացքում ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի։

     

    Ուրբաթ օրը հանրապետության եվրոպական հատվածի 96 դեպարտամենտներից 75-ում հայտարարվել է վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակը։

  • Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ

    Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում են լրատվամիջոցները։

    Նա հավելել է, թե մտադիր չէ ներողություն խնդրել այն բանի համար, որ ԱՄՆ քաղաքացիները ստիպված են բենզինի համար «մի փոքր ավելի թանկ» վճարել։

    «Ես ճիշտ եմ վարվել։ Շատ չար երկիրը չի կարող միջուկային զենք ունենալ»,- նշել է Թրամփը։

    Նա վստահեցրել է նաև, որ զինծառայողների ընտանիքների անդամները մտահոգված են Մերձավոր Արևելքում գտնվող USS Abraham Lincoln ավիակրի հետ կապված իրավիճակով։

  • Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ալ-Ահլիի կազմում առաջին խաղում

    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տպավորիչ նորամուտ է նշել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում։

     

    Առաջնության 2026/2027 մրցաշրջանի անդրանիկ տուրում Սպերցյանի նոր ակումբը՝ «Ալ-Ահլին», Էր Ռիյադի «Արքայազն Ֆեյսալ բին Ֆահդ» մարզադաշտում մրցում է «Ալ Դիրիայի» հետ։ Հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր իր թիմի մեկնարկային կազմում և արդեն առաջին խաղակեսում աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ։

    Հանդիպման 25-րդ րոպեին Սպերցյանը գրավեց մրցակցի դարպասը՝ խփելով իր անդրանիկ գոլը սաուդյան ակումբի մարզաշապիկով։

     

    Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» նախկին ավագի տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել էր հուլիսի 7-ին: Սպերցյանը ռուսական ակումբի ակադեմիայի սան է, որի հիմնական կազմում հանդես էր գալիս 2021 թվականից՝ անցկացրած 185 խաղում դառնալով 58 գոլի և 50 արդյունավետ փոխանցման հեղինակ։

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խմբակցությունում կրքերը հատկապես թեժացել են երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո, որի կենտրոնում հայտնվել էր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

    Երեկ ԱԺ ամբիոնից իր ելույթի ավարտին Ղազարյանը օգտագործել է վիրավորական բնույթի բառապաշար, ապա լքել նիստերի դահլիճը։

    Դրանից հետո խորհրդարանում իրավիճակը լարվել է, և միջադեպին արձագանքել են նաև նրա խմբակցության պատգամավորները։ Ղազարյանի՝ դահլիճից դուրս գալուց անմիջապես հետո նրա հետևից դուրս է եկել նաև ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը և փորձել Ղազարյանի հետ պարզաբանել ստեղծված իրավիճակը, ինչից հետո միջադեպը վերածվել է լուրջ լարվածության, իսկ որոշ պահերի՝ նաև քաշքշոցի ու ծեծկռտուքի։

    Ակնհայտորեն միջադեպի ընթացքում առավել ակտիվ դերակատարում է ունեցել հենց Վահե Ղալումյանը։

    Դեպքից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, խիստ զրույց է ունեցել Էդգար Ղազարյանի և խմբակցության մյուս ներկայացուցիչների հետ։ Կարապետյանը հորդորել է պահպանել խորհրդարանում սահմանված կանոնները և չգնալ այնպիսի գործողությունների, որոնք կարող են նոր լարվածության առիթ դառնալ։

    Սակայն դրանով պատմությունը չի ավարտվել։ Որոշ ժամանակ անց Էդգար Ղազարյանը, առանց խմբակցության անդամներին տեղեկացնելու, վերցրել է իր պայուսակն ու լքել Ազգային ժողովի շենքը։

    Այս պահին «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում Ղազարյանի հետ կապված վերջնական որոշում դեռ չկա։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այսօր խմբակցությունը պետք է հավաքվի՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Խմբակցության ներսում կարծիքները տարբեր են։ Մի մասը կարծում է, որ Ղազարյանը պետք է ներողություն խնդրի տեղի ունեցածի համար և պահպանի իր դիրքը խմբակցության կազմում։ Մյուսները առավել կոշտ դիրքորոշում ունեն և կարծում են, որ պատգամավորն արդեն պետք է վայր դնի մանդատը, քանի որ նրա շուրջ վերջին շրջանում պարբերաբար առաջանում են լարվածության և տարաձայնությունների իրավիճակներ։

    Վերջնական որոշումը, ամենայն հավանականությամբ, կախված է լինելու խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի դիրքորոշումից։ Այս պահին, սակայն, Կարապետյանը վերջնական որոշում դեռ չի կայացրել։

    Միաժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության օրակարգում այլ կարևոր հարցեր էլ կան։ Շարունակվում են քննարկումները Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների՝ Եվրոպական ինտեգրման հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ։

    Տարբեր փուլերում շրջանառվել են մի քանի անուններ, այդ թվում՝ Արեգա Հովսեփյանի, Դավիթ Ղազինյանի և Մամիկոն Ասլանյանի։ Սակայն այս պահին վերջնական որոշում դեռ չկա, և առաջիկայում խմբակցությունը պետք է քննարկի ու հաստատի իր առաջադրումները այդ պաշտոններում։

    Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն այս պահի դրությամբ մտադիր է չընտրել «Ուժեղ Հայաստան»-ի կողմից Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը։ Այդ դեպքում «Ուժեղ Հայաստանը» ստիպված կլինի կրկին քննարկել և առաջադրել նոր թեկնածու։

    Այսպիսով, նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից դեռ կարճ ժամանակ անց «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում միանգամից մի քանի հարց է կուտակվել՝ ներքին կարգապահությունից և Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակից մինչև մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների հարցը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել․ «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի փոքր որդին` Զարեհը, օրեր առաջ ավարտել է զինվորական ծառայությունը եւ վերադարձել տուն: Մեզ պատմեցին, որ Ղազարյաններն այդ կապակցությամբ մեծ խնջույք են կազմակերպել Իջեւանում, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Մասնակցել են նաեւ Հայկ եւ Վահե Ղալումյանները: Խնջույքը տեղի է ունեցել Իջեւանի ռեստորաններից մեկում»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: