Իսպանիայում անտառային հրդեհի պատճառով տարհանել են Արագոնի միջնադարյան թագավորների աճյունները

Written by

in

Իսպանական իշխանությունները վանքից, որին սպառնում էր անտառային հրդեհը, դուրս են բերել XI դարում Արագոնի տարածաշրջանը կառավարած երեք թագավորների աճյունները։

Ինչպես հայտնել է հյուսիսարևելյան տարածաշրջանի փոխնախագահ Մար Վակերոն, աճյունները տեղափոխվել են վանքից 80 կմ հարավ Ուեսկայի նահանգային թանգարան, որպեսզի ապահովվի դրանց անվտանգությունը մինչև իրավիճակի բարելավումը։

Երբ երկուշաբթիից մոլեգնող անտառային հրդեհը հինգշաբթի ուշ երեկոյան սկսեց մոտենալ X դարում կառուցված Սան Խուան դե լա Պենյա վանքին, մտավախությունը, որ այն կարող է հայտնվել կրակի մեջ, իշխանություններին ստիպեց փրկարարական գործողություն սկսել։

Արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանման խումբը կարողացել է ներթափանցել լեռնազանգվածում գտնվող վանք և վերցնել այնտեղ թաղված XVIII դարի կոմսի արարողակարգային հագուստը, նախքան կրակի մոտենալը նրանց ստիպել է նահանջել։

Թիմը երկրորդ անգամ վերադարձել է ոստիկանության աշխատակիցների և մշակութային ժառանգության պահպանության մասնագետների ուղեկցությամբ և վանքի դամբարանից դուրս է բերել Արագոնի՝ 1035-1104 թվականներին իշխած առաջին երեք թագավորների աճյունները, ինչպես նաև մի քանի պատմական նկարներ։

Անտառային հրդեհը հինգշաբթի ավելի վաղ ուժգնացել էր բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամու պատճառով։ Այն ոչնչացրել է ավելի քան 9000 հեկտար և ստիպել տարհանել 16 բնակավայր, թեև ուրբաթ առավոտվա դրությամբ բուն վանքը չէր տուժել։

Մինչ այդ Իսպանիայի հարավում մեկ այլ՝ անհամեմատ ավելի լայնածավալ անտառային հրդեհի հետ կապված իրավիճակը նույնպես վատթարացել է։ Ներկա պահին Ուելվայի նահանգում այրվել է 31 հազար հեկտար անտառ և հանգեցրել մոտ 700 մարդու տարհանման։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *