Category: YN.am

  • Իրանը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ լոգիստիկ կենտրոնի խոցման մասին

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան լոգիստիկ կենտրոնին։ Այս մասին հաղորդում է իրանական պետական IRIB հեռուստաալիքը։

    ԻՀՊԿ-ից հայտնում են, որ ի պատասխան ամերիկյան նոր հարձակումների՝ իրենք հրկիզել ու ոչնչացրել են Մինա Աբդուլլա նավահանգստի շրջանում գտնվող այդ կենտրոնը, որին իրանական կողմը բնորոշում է որպես «Արևմտյան Ասիայում ամերիկյան զինվորականների գլխավոր լոգիստիկ և օժանդակ բազա»։

    Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին, հայտնել էր, որ չորեքշաբթի գիշերը ԱՄՆ զինված ուժերը Քուվեյթին օգնություն են ցուցաբերել՝ իրանական անդադար հարձակումներից պաշտպանվելու համար։

    Ըստ այդ տվյալների՝ ամերիկացի զինվորականներն իրանական օդային թիրախները որսալու համար գործարկել են Patriot զենիթահրթիռային համալիրները։

    Քուվեյթի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երկրի ռազմածովային ուժերի նավի վրա իրանական հարձակման հետևանքով Քուվեյթի զինված ուժերի չորս զինծառայող է վիրավորվել։ Բացի այդ, իրանական հարվածների պատճառով հրդեհներ են բռնկվել երկրի մի շարք օբյեկտներում։

  • Ազովի ծովի ուկրաինական շրջափակման պատճառով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ

    Ազովի ծովում ռուսական ավելի քան 100 նավերի թիրախավորած ուկրաինական հարվածները կաթվածահար են արել Ազովի և Տամանի նավահանգիստների գործունեությունը։ Հենց այս ուղիներով էր արտահանվում միլիոնավոր տոննա ռուսական հացահատիկ։

    «ԱգրոԹրենդի» կառավարող գործընկեր Նիկոլայ Լիչովի գնահատմամբ՝ այս երկու նավահանգիստներին բաժին է ընկնում ռուսական հացահատիկի արտահանման 15%-ը և բուսական յուղերի արտասահմանյան մատակարարումների 17-21%-ը։ «Սովէկոնի» վերլուծաբաններն այս մասնաբաժինն էլ ավելի բարձր են գնահատում՝ հացահատիկի և արևածաղկի ձեթի համախառն արտահանման մինչև 25%։ Կերչի նեղուցից այն կողմ գտնվող ոչ խորանիստ նավահանգիստներով առևտուր է իրականացվում Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ, որը գնում է ռուսական հացահատիկի գրեթե յուրաքանչյուր հինգերորդ տոննան։

    Անցած շաբաթվա վերջին, Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանի իշխանությունները նավագնացային ընկերություններին տեղեկացրել են Ազովի և Սև ծովերը միացնող Կերչի նեղուցով անցնելու հայտերի ընդունումը դադարեցնելու մասին։ Երեքշաբթի օրը Ռոստովի մարզի տրանսպորտի և գյուղատնտեսության նախարարությունները հայտնել են, որ այլընտրանքային երթուղիներ են փնտրում հացահատիկ արտահանողների համար, որոնց մոտ վերջերս է մեկնարկել բերքահավաքի արշավը։

    Բերքահավաքի ուշ մեկնարկի և լոգիստիկ սահմանափակումների պատճառով հուլիսին հացահատիկի արտահանումը նախատեսվածից 20%-ով պակաս կլինի, կանխատեսում են Ագրարային շուկայի հետազոտությունների ինստիտուտի (ИКАР) վերլուծաբանները (2,5 միլիոն տոննայի փոխարեն 2 միլիոն տոննա)։ Ազովի ծովում կաթվածահար եղած արտահանման մի մասը հնարավոր է վերակողմնորոշել դեպի խորանիստ նավահանգիստներ․ դրանք ունակ են ամսական 4-4,5 միլիոն տոննա բեռնել։ Հուլիսին սա բավարար կլինի, նշում է «Սովէկոնի» գլխավոր տնօրեն Անդրեյ Սիզովը, սակայն օգոստոսին՝ արտահանման սեզոնի պիկին, բեռնափոխադրումները հասնում են ամսական 5-6,5 միլիոն տոննայի։

    Հացահատիկի արտահանման համակարգը ստիպված կլինեն վերակառուցել «ճանապարհին»՝ այսինքն սեզոնի ամենաթեժ պահին՝ բերքահավաքի ուշացման և վառելիքային ճգնաժամի պայմաններում, իսկ սա «գրեթե անիրականանալի խնդիր է», կարծում է «ԱգրոԹրենդից» Լիչովը․ «Որպեսզի հոսքը գնա նոր երթուղով, անհրաժեշտ է, որ կայարանները, տերմինալներն ու նավահանգիստները պատրաստ լինեն ընդունել այդ ծավալները։ Եթե ինչ-որ տեղ առաջանա «թույլ օղակ» (բեռնաթափման կամ փոխաբեռնման հզորությունների պակաս և այլն), ապա դա կդանդաղեցնի մատակարարման ողջ գործընթացը»։

    Լիչովի խոսքով՝ առանց սուբսիդավորման բիզնեսը «չի ձգի» «Ռուսական երկաթուղիների» սակագներն ու «Պլատոն» համակարգի նման լրացուցիչ ծախսերը։ Բացի այդ, դեռ փաստ չէ, որ «Ռուսական երկաթուղիները» կունենա ազատ լրացուցիչ վագոններ, ընդգծում է փորձագետը։

    Լոգիստիկայի վերակառուցմամբ ստիպված կլինեն զբաղվել վառելիքի դեֆիցիտի պայմաններում, «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում դժգոհել է գյուղատնտեսական ընկերություններից մեկի աղբյուրը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսները գուցե ստիպված լինեն բերքը կուտակել գծային էլևատորներում (հացահատիկի պահեստարաններում), ինչը կհանգեցնի հացահատիկի ավելցուկի և ներքին շուկայում դրա գների անկմանը։

  • Yerevannews.am | Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

    ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

    «Շնորհակալություն եմ հայտնում հանրային գործիչների այն մեծ ու հեղինակավոր ցանկին, որոնք հանդես եկան ինձ աջակցող հայտարարությամբ։ Նման քայլը երբեք չի մոռացվում։Ձեզնից ոմանց հետ անձամբ եմ ծանոթ, ոմանց հետ եղել ենք Քրիստոսի արձանի շինհրապարակում, շատերիդ ծանոթ չեմ, բայց դա անպայման տեղի կունենա։ Անկեղծ ասած, առաջին միտքը, որ մոտս ծագեց ձեր հայտարարությունը լսելուց հետո, հետևյալն էր. ինչպե՞ս կարող է մի ազգ ունենալ այսքան հանրահայտ, հեղինակավոր դեմքեր, իրենց ոլորտներում լուրջ հաջողության հասած մարդիկ, ու մեր երկիրը լինի այս վիճակում։ Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու՝ թե´ մշակույթում, թե´ գիտության մեջ, թե´ սպորտում, բոլոր բնագավառներում։Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են. հասկանո՞ւմ եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար՝ երկրի կտրվածքով, և ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող, աշխատող մարդկանց համար։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ, բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին ընդհանրապես։Այս օրերին ես մտքով շատ հաճախ եմ լինում Քրիստոսի արձանի շինհրապարակում. ամեն քարը, ամեն աստիճանը, ամեն մետրն ինձ համար թանկ է ու կարևոր։ Վերջերս մտածում էի, որ ժամանակն է՝ ստեղծել արձանի բացման արարողության աշխատանքային խումբ։ Պլանավորում եմ, որ ներկա կգտնվեն հեղինակավոր հյուրեր աշխարհի բոլոր ծայրերից, հանրահայտ դեմքեր, համաշխարհային հեղինակություն ունեցող գործիչներ, պաշտոնական պատվիրակություններ, իմ երկրի ու ժողովրդի բարեկամներ, տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներ։ Ասեմ, որ արդեն իսկ ունեմ բազմաթիվ հեղինակավոր անձանց հավաստիացումները, որ բացմանը կգան մեր երկիր՝ տեսնելու աշխարհի նոր հրաշալիքը։ Այս ամենը պետք է մշակել, պլանավորել, քննարկել, բանակցել։ Մի խոսքով, շատ գործ կա անելու։ Աստծո կամոք, ամեն ինչ կարվի։Ես ունեմ այն խոր, անխախտելի զգացողությունը, որ այդ արձանի կառուցումը մեր երկրի համար նոր, լուսավոր շրջան է բացելու։ Այդ արձանը մեր երկրի համար պետք է բացի նոր էջ, նոր հաջողություն։ Այն պիտի դառնա մեր ներքին համերաշխության, ազգային վերածննդի ու աշխարհին ներկայանալու մեր նոր խորհրդանիշը»։

  • Սա իմ կարիերայի ամենամեծ ու ամենակարևոր հանդիպումն է. Յամալը՝ Ֆրանսիա-Իսպանիա խաղի մասին

    Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը Ֆրանսիայի դեմ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ խոսել է իր սպասելիքների մասին։

    «Գոլերն ինձ այնքան էլ չեն հուզում, բայց նման խաղում աչքի ընկնելը միշտ առանձնահատուկ է։ Ես ընդունում եմ մարտահրավերը։ Այդ իսկ պատճառով ես այստեղ եմ, և սպասվող օրն առանձնահատուկ է լինելու։

    Սա իմ կարիերայի ամենամեծ ու ամենակարևոր հանդիպումն է։ Պետք է պահպանել հանգստություն։ Գիտեմ, թե ինչի եմ ընդունակ և անհանգստության նշույլ անգամ չեմ զգում։ Մենք չենք վախենում. մենք Եվրոպայի չեմպիոնն ենք», — Յամալի խոսքերն են մեջբերում RMC Sport-ն։

    Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակչի Ֆրանսիա-Իսպանիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին, ԱՄՆ-ի Դալաս քաղաքում։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին։ Ընթացիկ աշխարհի առաջնությունում 19-ամյա Յամալն առայժմ դարձել է մեկ գոլի հեղինակ։

  • Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին

    Քուվեյթում պայթյուններ են տեղի ունեցել։ Հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, այս մասին հայտնում է Fars-ը։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի խնդրանքով բանակցութոյւնները վերսկսում են, բայց ռազմական գործողությունները չեն դադարի։ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։

  • Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վերականգնմանը

    Չնայած ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հունիսին տրամադրված և իրանական նավթային հատվածի դեմ պատժամիջոցները թուլացրած գլխավոր արտոնագրի չեղարկմանը՝ Թեհրանը շարունակում է նավթի արտահանման գործընթացը։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը։

    «Նավթի նախարարությունն արդեն երկար տարիներ է, ինչ կառուցում է անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս չեզոքացնել ամերիկյան անարդար պատժամիջոցների հետևանքները։ Քանի որ նավթի անխափան արտահանումն ապահովելու համար նախատեսված մեխանիզմները պահպանվել են, իրանական նավթի արտահանումը շարունակվում է նախկին ռեժիմով»,- նրա խոսքերն է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը։

    Պակնեժադը նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել նախկինում մշակված բոլոր մեխանիզմներից, քանի որ ակնկալում է, որ Վաշինգտոնը չի պահի իր տված խոստումը։

    Հուլիսի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել է հունիսին տրամադրված գլխավոր արտոնագիրը, որը մինչև օգոստոսի 21-ը թուլացնում էր Իրանի նավթային հատվածի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, և արգելել է նոր գործառնություններ իրականացնել այս ոլորտում։

  • Իրանը «հաղթել է» ԱՄՆ-ին հուշագրի ստորագրման հարցում․ FT

    Իրանի հետ կարգավորման հուշագրի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ն հայտնվել է նվազ նպաստավոր պայմաններում՝ սեփական բանակցողների անփորձության պատճառով։ Այս մասին գրում է «Financial Times» (FT) թերթը։

    Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրում է արտաքին քաղաքական գործարքների կնքումը վստահել իր մերձավորներին, այլ ոչ թե տարածաշրջանի փորձագետներին։ Թրամփի շատ քննադատներ կարծում են, որ ընդունված կարգավորման հուշագիրը կենսունակ չէ, քանի որ ԱՄՆ նախագահը «փորձագետներին մղել է երկրորդ պլան»։ «Մեզ հաղթեցին։ Իրանցիները փորձառու բանակցողներ են. նրանք ներգրավել էին փորձագիտական թիմեր, որոնք իրենց ոլորտներին տիրապետում են 100%-ով։ ԱՄՆ-ն այդպես չվարվեց և միակողմանիորեն իրեն դրեց նվազ նպաստավոր դրության մեջ»,- կարծում է Հորդանանում ԱՄՆ նախկին դեսպան Յաել Լեմպերտը, ով աշխատանքից ազատվել էր Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի սկզբում։

    «Որպեսզի կարողանանք մրցակցել՝ տվյալ դեպքում իրանցի բանակցողների հետ, որոնք, ինչպես գիտեմ սեփական փորձից, հիանալի տիրապետում են այս հարցերին, անհրաժեշտ է հենց ապաքաղաքական պրոֆեսիոնալիզմ կիրառել»,- թերթին հայտնել է ԿՀՎ նախկին տնօրեն Ուիլյամ Բըրնսը, ով անցյալում մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։

    ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Օդային հարվածների հետևանքով զոհվել է նաև հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների անհապաղ դադարեցում։ Դրանից հետո Բյուրգենշտոկում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ կայացել են ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ հուշագրի իրագործման շուրջ։ Ինչպես նշվում էր երկխոսության առաջին փուլից հետո Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում, արձանագրվել է հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ հիմք է ստեղծվել հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։

    Այնուամենայնիվ, հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներ հասցնել Իրանին՝ վերջինիս մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող մասով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ։ Իսլամական հանրապետության ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հուլիսի 13-ին հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի անգամ չի խախտել Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը, իսկ դրա չկատարման ողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։

  • Հայաստանում ծնելիությունը շարունակ նվազում է․ երկու տարում ավելի քան 4,500-ով պակաս երեխա է ծնվել

    Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց։

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում այս մասին ահազանգեց նախարար Արսեն Թորոսյանը։

    Նախարարի խոսքով՝ նվազում է նաև պտղաբերության գործակիցը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։

    «Ծնելիության անկումը շարունակվում է։ Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ՝ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն, եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- ասաց Թորոսյանը։

    Թորոսյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։

    «Պետք է մտածողության փոփոխության և պետական ծրագրերի միջոցով փորձենք փոխել այս իրավիճակը»,- նշեց նախարարը։

  • ԱՄՆ-ում ավելի քան 3 հազար մարդ է թունավորվել

    ԱՄՆ-ի երկու նահանգներում ավելի քան 3 հազար մարդ է սննդային թունավորում ստացել՝ ցիկլոսպորա մակաբույծով վարակված աղցանային կանաչեղեն օգտագործելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։

    Ըստ տեղեկությունների՝ Միչիգան և Օհայո նահանգներում գրանցվել է հիվանդանոց դիմելու 3001 դեպք, 90 մարդ հոսպիտալացվել է։ Բժիշկները կարծում են, որ զանգվածային լուծի բռնկման պատճառը ցիկլոսպորոզն է՝ աղիքային վարակ, որը հարուցվում է ցիկլոսպորա մակաբույծով։ Այն հանդիպում է տերևավոր կանաչեղենի, մասնավորապես՝ հազարի մեջ, կամ լողավազանի ջրում։

    Այնուամենայնիվ, հիվանդության ստույգ աղբյուրը որոշելու համար փորձագետներից ժամանակ կպահանջվի։ Ինչպես հաղորդում է «CNN»-ը, սա պայմանավորված է վարակի երկարատև ինկուբացիոն շրջանով, հարուցիչի թեստավորման բարդությամբ, ինչպես նաև ԱՄՆ հանրային առողջապահական հաստատությունների հաստիքների ու ֆինանսավորման կրճատմամբ։

  • Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

    Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։

    «Այս պահին փաստաբանների խումբն աշխատում է։ Նրանք չեն սահմանափակվելու միայն Հայաստանի դատական համակարգով՝ առավել ևս հաշվի առնելով, որ մեր իրավապահ համակարգը ծառայում է բացառապես մեկ անձի։ Եվ միջազգային տարբեր ատյաններ կուղարկվեն համապատասխան հայցեր, բողոքներ և դիմումներ»,- ասաց Վարդանյանը։

    Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, հակաիրավական է։ Եվ դժվար է դրա դեմ պայքարել հայաստանյան իրավական համակարգում, որը խեղաթյուրվել է գործող իշխանությունների կողմից։

    Վարդանյանը նշեց, որ այդ բոլոր ձեռնարկություններում երկար տարիներ ստուգումներ են իրականացվել, և հանկարծ հիմա են ինչ-որ խախտումներ են հայտնաբերվել։ Սա վկայում է ակնհայտ քաղաքական ենթատեքստի մասին։

    «Դիմումներ են լինելու նաև միջազգային արբիտրաժներին, որովհետև խնդիրը ոչ միայն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն է, այլև նրա՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունը։ Եվ այս ոլորտում իրավունքների պաշտպանության համար դիմելու ենք նաև միջազգային ատյաններ»,- մշեց Վարդանյանը։