Category: YN.am

  • Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

    Հուլիսի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

    Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 35-րդ փողոցում գտնվող շենքերից մեկի բակում դի կա։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ, 27-ամյա Միսակ Վ.-ի դին։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը գտնվում էր տնային կալանքի տակ և 6-րդ կամ 8-րդ հարկի պատուհանից անզգուշաբար ընկել է։

  • Ուկրաինան ընդլայնել է անօդաչու թռչող սարքերի արշավը դեպի Սև ծով, հարվածել 20 ռուսական նավի

    Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին հայտարարել է, որ ուկրաինական ծովային դրոնները գիշերը Սև ծովում հարվածել են ռուսական 20 նավի։

    Նրա խոսքով՝ «MoLoChKa» գործողությունը Ազովի ծովից տեղափոխվել է Սև ծով։ Բրովդին հայտնել է, որ հարվածների թիրախում եղել են 17 նավթատար, 2 գազատար և 1 քարշակ։

    Ուկրաինական կողմը պնդում է, որ այդ նավերը ներգրավված են Ռուսաստանի ռազմական լոգիստիկայում։ Հայտարարությունները անկախ կերպով չեն հաստատվել, իսկ Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել դրանք։

  • Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am

    Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

    «Շենքը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, կառուցված է խախտումներով, կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրն ու շենքը ամբողջությամբ անցել է քաղաքապետարանին»,- ասել է նա։

    Ավինյանը նշել է, որ առաջիկայում այս մասին հայտարարությամբ հանդես կգան։

    «Այնտեղ մարզվողների իրավունքները պետք է պաշտպանվեն, կարծում եմ՝ շարունակելու է դեռևս գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,- ասել է Ավինյանը։

  • «Սրանք շատանում են»․ Արամ Մանուկյան

    Ակտիվիստ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով քաղաքապետ Տիգրան Ավինյանի տարածած տեսանյութին՝ գրել է․ «Սրանք շատանում են»։

  • «Նկարելն ինձ համար ինքնարտահայտման միջոց է»․ Տիգրան Ղևոնդյան

    Օրերս Նկարչի տանը տեղի ունեցավ սկսնակ նկարիչ Տիգրան Ղևոնդյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը ինքնուս է և նկարելը համարում է ինքնարտահայտման միջոց։ 

    Ձեզ ենք ներկայացնում նկարչի աշխատանքներից մի քանիսը՝ վերջինիս մեկնաբանությամբ։ 

    1)Նկարը կոչվում է «Զույգ»։ Երբ զույգը ձևավորված է, այն դառնում է մի ամբողջություն, դրա համար կնոջ և տղամարդու կիսադեմեր են պատկերված։ Նրանք գտնվում են ձվաձև մարմնի մեջ, իսկ ձուն, ինչպես հայտնի է, ամենաամուր կոնստրուկցիաներից մեկն է, որ արարել է մայր բնությունը։ Այն խորհրդանշում է իրական զույգի սիրո ամրությունը՝ պաշտպանված կյանքի ցանկացած հորձանուտներից։

    2) Նկարը կոչվում է «Կյանքի ծաղիկներ»։ Միտքն առաջացել է «երեխաները կյանքի ծաղիկներն են» ռուսական արտահայտությունից։ Նկարի ստորին հատվածում պատկերված կանաչ բույսերը խորհրդանշում են ընտանիքներ, մանկատներ, տատ ու պապեր, մայրեր և հայրեր, ովքեր դաստիարակչության, կրթության առաջին աղբյուրներն են։ Դրանք ներկայացված են տարատեսակ ծաղիկների տեսքով, իսկ նրանցից պոկվող թերթիկները հենց իրենք` երեխաներն են, որոնք կերպարանափոխվում են փոքրատեսակ թռչունների, ապա ոչ հզոր թռչունների` դպրոցական, ուսանող, այնուհետև անցնելով ուսման և կյանքի փորձությունները՝ կայանում են որպես հզոր թռչուններ` արծիվ, ալբատրոս և բազե։

    3) Նկարը կոչվում է «Ծնունդ»։ Այնտեղ պատկերված է հղի կին, որն իր արգանդում անգամ մանուկին գրկած է պահում ։ Այս խորհուրդը կնոջ ողջ կյանքում իր հետ է լինում․ մայրը նույնիսկ զառամյալ տարիքում գրկում, փայփայում, պաշտպանում է իր զավակին։ Նկարի միջոցով փորձում եմ երախտագիտությունս փոքր-ինչ հայտնել մորս, իմ ճանաչած բոլոր մայրերին, որոնց առաջ խոնարհվում եմ ընդմիշտ։

    4) Նկարը կոչվում է «Իրականությունների բազմություն»։ Ոգեշնչվել եմ ֆանտաստիկ գրականություն ընթերցելիս և նույն ժանրի ֆիլմեր դիտելիս։
    Նկարը պատկերելիս փորձում էի միաձուլված և միևնույն ժամանակ միմյանցից փոքր-ինչ տարբերվող նախշեր զետեղել, ինչի արդյունքում ծագեց պատկերը, որն ինձ հիշեցնում է «Միջաստղային ճամփորդություն» (անգլ՝․ Interstellar) գիտաֆանտաստիկ ֆիլմից դրվագներ։
    Մենք բոլորս առօրյա կյանքում հանդիպում ենք տարբեր իրականությունների, երազներում տեսնում սեփական կյանքն այլ կերպ․․․

    5) Նկարը կոչվում է «Առօրյա կյանք» , որտեղ պատկերված են մանկական խաղալիք, հեռուստացույց, ավտոմեքենա, դրամապանակ, թեյնիկ, սանր, կաթսա․․․ Դրանք բոլորն առօրյա կյանքում մեզ անհրաժեշտ իրեր են։ Նկարի միջոցով առաջարկում եմ դիտել այդ ամբողջն այլ տեսանկյունից, որը միգուցե թույլ տա կտրվել առօրյա իրականությունից, մի քիչ վեր ճախրել, այսինքն` գտնել հանդարտություն, գիտակցել, որ դրանք ընդամենը իրեր են և առօրյա երևույթներ, որ ուժեղ հոգու համար ցանկացած իրադրություն հաղթահարելի է։

     

  • Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

    Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ, ջերմաստիճանը կնվազի 4-ից 5 աստիճանով։ Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ Այս մասին հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

  • Թրամփ. ԱՄՆ-ն բարձր է գնահատում Իրանի բարի կամքի դրսևորումը

    Իրանը թույլ է տվել ԱՄՆ քաղաքացուն, որը 2024 թվականի դեկտեմբերին անօրինական կերպով ձերբակալվել էր քնկոտ Ջո Բայդենի «նախագահության» ժամանակ, լքել երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    «Նա այժմ անվտանգ է Իրանից դուրս և լավ վիճակում է։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Իրանի այս բարի կամքի դրսևորումը», – նշել է նա։

  • ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների երկրորդ շարքը

    ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների երկրորդ շարքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

    «Արևելյան ժամանակով ժամը 15:00-ին ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների երկրորդ ալիքը։ Հարվածները ուղղված են իրանական ռազմական ակտիվներին, որոնք օգտագործվում են Հորմուզի նեղուցով ազատորեն անցնող նավերին սպառնալու համար», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

  • Իրանի դատավորից ավելի «իրանցի» ՀՀ քննիչները. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Գագիկ Ծառուկյանի ձեռնար­կություններում իրականացված լայնածավալ խուզարկություններից հետո Հայաստանում սոցիալական ճգնաժամ է հասունանում։ «Մուլտի գրուպ» հոլդինգի աշխատողները հերթով բողոքի ակցիաների են դուրս գալիս ու պահանջում, որ բացեն իրենց փակված աշխատավայրերը: Մի քանի օր առաջ փողոց էին դուրս եկել «Մուլտի Վելնես» համալիրի աշխատողները, «Մուլտի ռեստ հաուզի», «Մուլտի տաբակի», «Մուլտի ստոունի»:
    «Մուլտի տաբակի» աշխատողներն ասում էին, որ 9 օր է՝ զրկված են աշխատելու հնարավորությունից: Մարդիկ ունեն վարկեր, ապրուստ վաստակելու խնդիր: «Եթե գործարանը չբացեցին, ամեն ինչի ընդունակ ենք»,- «Հրապարակին» ասել էր աշխատողներից մեկը: Ակցիաներ էին անում նաեւ Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի, «Փարավոն» ռեստորանի, Օլիմպավանի աշխատողները, իսկ «Մուլտի Վելնես»-ի ակցիային միացել էին նաեւ սրահում մարզվողները: Իրավապահները կապարակնքել են ոչ միայն բիզնես օբյեկտների, այլ նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռները:

    Այն, ինչ կատարվում է «Մուլտիգրուպ հոլդինգի» շուրջ, դուրս է եկել սովորական քննչական գործողությունների շրջանակից: Հարվածի տակ են հազարավոր շարքային քաղաքացիներ, հաճախորդներ, զբոսաշրջիկներ, որոնք, մեծ հաշվով, կապ չունեն Ծառուկյանի հետ, սակայն տուժում են նրա դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարից: Նրանց տագնապը լավագույնս արտահայտեց «Փարավոն» ռեստորանից ավտոմատավոր ջոկատայինների կողմից դուրս շպրտված նորահարսը, որը փեսայի հետ ֆոտոսեսիա էր անում «Փարավոնում». «Մենք ամիսներով պատրաստվել ենք այս օրվան, հսկայական գումարներ վճարել տարածքի համար։ Մեր կյանքի ամենակարեւոր օրն է, մենք ի՞նչ կապ ունենք ձեր քաղաքական կամ քրեական հարցերի հետ։ Ինչո՞ւ եք հարսանիքս տապալում, ինչո՞ւ եք մեզ պատժում ուրիշի արածի կամ չարածի համար»:

    Ուրիշի՝ Ծառուկյանի արած-չարածի համար պատժվում են նաեւ «Մուլտի Վելնես» կենտրոնի հաճախորդները, որոնք թանկարժեք փաթեթներ են գնել՝ այստեղ հաճախելու համար, բայց հուլիսյան մի գեղեցիկ օր եկել տեսել են դռները «պլոմբած», բակում՝ ավտոմատավորներ: Տարեկան (All Inclusive) փաթեթն արժե 400 հազար դրամ: «Եթե Ծառուկյանի հետ հարցեր ունեք, գնացեք՝ իր հետ լուծեք, իմ վճարած փողն ու իմ առողջությունն ինչո՞ւ եք պատանդ վերցնում», «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ սովորական մարդու իրավունքը ոչ մի արժեք չունի, սա ի՞նչ խայտառակություն է»,- հարցնում ու զայրանում էին մարզասրահներից դուրս շպրտված հաճախորդները: Ոմանց նույնիսկ լողավազանից էին հանել: Երեւի, ջրի տակն էին խուզարկում:

    Օլիմպավանից դուրս շպրտվածների թվում մոտ 30 երեխա կար՝ աուտիզմ եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող: Ասում են՝ իրենց ամենօրյա բուժական ֆիզկուլտուրայի վայրում տեսնելով ավտոմատավորների, նրանք սարսափ են ապրել, իսկ նրանց ծնողները՝ շոկ: Սպորտսմենների մարզիչներն իրենց հերթին են ահազանգում՝ միայն մեկ խմբում 107 երեխա զրկվել է մարզվելու հնարավորությունից, իսկ առջեւում աշխարհի առաջնությունն է: Այսպես է սիրում իր քաղաքացիներին ամեն օր «սրտիկներ» ցույց տվող իշխանությունը:

    Բայց ինչո՞վ է «օգնելու» շարքային քաղաքացու նկատմամբ իրականացվող այս տեռորը Ծառուկյանի դեմ հարուցված քրեական վարույթին: Հիշեցնենք․ նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի` նա 2022-2024 թվականներին, Իրան-Հայաստան կապերը զարգացնելու պատրվակով, համատեղ ընկերություններ է հիմնել, ապա փաստաթղթեր կեղծելով՝ իրանական կողմից հափշտակել 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա եւ ապրանքներ՝ շուրջ 22 միլիոն դոլարի: Իրանցի գործարարները, որոնց թվում են հայր եւ որդի Օլամաեինները, ցուցմունք են տվել, որ իրենց կողմից Հայաստան ուղարկված ապրանքները Ծառուկյանը յուրացրել է: Ծառուկյանի փաստաբանները փաստաթղթեր են ներկայացնում, որոնցով մի բան էլ իրանցիներն են պարտք Գագիկ Ծառուկյանին, եւ մեջբերում են Իրանի դատարանի վճիռը:

    Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է՝ վեճը համարելով քաղաքացիաիրավական: Ուրեմն Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են գտնվել ՀՀ քննիչները: Անգամ՝ Իրանի դեսպանից էլ «իրանցի», որն իր ասուլիսում անդրադարձել է այս միջադեպին: «Երբ որեւէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է ստեղծվում, ապա դա երբեք չի կարող բերել լավ արդյունքի»,- ասել է նա, եւ դեսպանի այս արտահայտությունը չի կորել դիվանագիտական ձեւակերպումներում:

    Հետաքրքիր է, որ դեռ 2023 թվականին են իրանցիները բողոքել Փաշինյանին, բայց դատախազությունը դա միայն հիմա է հիշել` Ծառուկյանի հասցեին Նիկոլի հնչեցրած սպառնալիքներից հետո: Արդյո՞ք քննիչները չէին կատարի իրենց աշխատանքը, եթե մարզիկները շարունակեին մարզվել, իսկ Ծառուկյանի հոլդինգի աշխատողները՝ գնալ աշխատանքի, եւ ո՞րն է առյուծների ու կոկորդիլոսների մեղքը, որոնք «էկզոտիկ» այս վարույթի շրջանակում` քննիչների որոշմամբ պաշտոնապես ճանաչվել են «իրեղեն ապացույց»։

    «Կենդանին դարձել է թիրախ: Ամեն ինչ մեկ է իշխանության համար: Չարաշահում են մինչեւ վերջ, որքան կարող են: Այն, ինչ կատարվում է, օրինականության հետ կապ չունի: Լավ, մեղադրանք ես առաջադրել, քրեական գործ եք հարուցել, զբաղվեք դրանով, ի՞նչ կապ ունեն հասարակ քաղաքացիները: Ծառուկյանի դեմ բռնանում են, բայց այս պառակտված հասարակությունը սկսում է պաշտպանել բռնացողին՝ հիշելով Ծառուկյանի ինչ-ինչ հատկանիշները: Իրոք, ինչ ուզում են, անում են»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

     

  • Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի ողջ ենթակառուցվածքը

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն իրականություն դառնան, երկրի զինված ուժերը հարվածներ կհասցնեն տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։

    «Եթե ԱՄՆ բանակի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի կողմից վերջերս հնչեցված սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, այսինքն՝ տարածաշրջանի ողջ ենթակառուցվածքը, կոչնչացվի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որի բովանդակությունը մեջբերում է իրանական «Fars» գործակալությունը։

    Հայտարարության տեքստի համաձայն՝ Հորմուզի նեղուցն Իրանի համար կարմիր գիծ է, և երկիրը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն միջամտի դրա կառավարմանը։

    Ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել Իրանի ենթակառուցվածքները ոչնչացնելու սպառնալիքներով, սակայն հայտարարել էր գործարքի հասնելու պատրաստակամության մասին։