Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան լոգիստիկ կենտրոնին։ Այս մասին հաղորդում է իրանական պետական IRIB հեռուստաալիքը։
ԻՀՊԿ-ից հայտնում են, որ ի պատասխան ամերիկյան նոր հարձակումների՝ իրենք հրկիզել ու ոչնչացրել են Մինա Աբդուլլա նավահանգստի շրջանում գտնվող այդ կենտրոնը, որին իրանական կողմը բնորոշում է որպես «Արևմտյան Ասիայում ամերիկյան զինվորականների գլխավոր լոգիստիկ և օժանդակ բազա»։
Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին, հայտնել էր, որ չորեքշաբթի գիշերը ԱՄՆ զինված ուժերը Քուվեյթին օգնություն են ցուցաբերել՝ իրանական անդադար հարձակումներից պաշտպանվելու համար։
Ըստ այդ տվյալների՝ ամերիկացի զինվորականներն իրանական օդային թիրախները որսալու համար գործարկել են Patriot զենիթահրթիռային համալիրները։
Քուվեյթի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երկրի ռազմածովային ուժերի նավի վրա իրանական հարձակման հետևանքով Քուվեյթի զինված ուժերի չորս զինծառայող է վիրավորվել։ Բացի այդ, իրանական հարվածների պատճառով հրդեհներ են բռնկվել երկրի մի շարք օբյեկտներում։
Leave a Reply