Category: TIV 1

  • Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան

    «ԱԺ-ում իշխանությունը բարեվարքության կանոնները օրակարգ բերեց, բայց երեկ միջադեպը ցույց տվեց, որ եթե անհրաժեշտություն լինի, կարող է լարվածություն ստեղծել։ Չե՞ք բացառում, որ կարող եք բարեկեցության օրակարգից շեղվել և ինչպես 8-րդ գումարման ԱԺ-ում, խոսքն անցնի ձեռքի ուժին»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողն այս հարցով դիմեց ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին։

    «Միջադեպը հարթված է, բայց եթե ասում եք, որ կարելի է մեզ վիրավորել, և մենք պետք է շարունակենք մնալ բարեկիրթ՝ ոչ։ Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են, մենք չենք մնալու հեզ ու բարեկիրթ, երբ որ մեզ հարվածում են»,- պատասխանեց Ալեքսանյանը։

    «Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ անգամ ավելի շատ հարգանք, մեր նկատմամբ կցուցաբերեն անհարգալից վերաբերմունք, կստանան շատ ավելի շատ անհարգալից վերաբերմունք։ Ինձ թվում է՝ շատ պարզ կանոն է, որը պահելը չափազանց հեշտ է և որի պայմաններն առավել շատ հստակ են»,- շարունակեց ՔՊ-ական գործիչը։

  • Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան |

    Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության 2/3-ով կրճատումը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը համարում է Հայաստանի «անկարող կառավարության հաջողությունները»։

    «Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին»,-դատարանի բակում մինչ դատական նիստի մեկնարկը ասաց նա լրագրողների հետ զրույցում։

    Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր հայտարարել էր՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կտրուկ նվազում է, 2026 թվականին այն նվազել է 2/3-ով՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ և կշարունակի նվազել։

    Լրագրողները հետաքրքրվեցին նաև ԱԺ-ում հնչող այն հայտարարությունների մասին, ըստ որոնց ՀԷՑ հավելագրումներով փորձել են կտրել բանակի, մանկապարտեզների հացը։ Սամվել Կարապետյանն ասաց՝ ՔՊ-ականները ստիպված կրկնում են այն հայտարարությունները, որոնք անում է իրենց քաղաքական ղեկավարը։

    «Արդեն 1 տարի 2 ամիս ՀԷՑ-ը կառավարում են, դրա վերաբերյալ չկա ոչ մի ապացույց։ ՀԷՑ-ը գործող մարմին է, այնտեղ մոտ 3 հազար մարդ հնարավորություն ունի այդպիսի ապօրինություններ անելու։ Հիմա Փաշինյանը մսխել է 8.5 մլրդ դոլար, հիմա ի՞նչ, կանգնենք ասենք, կերե՞լ է՝ չնայած, գուցե ինչ-որ մասից օգտվել է, բայց այդպիսի հայտարարություններն անպատասխանատու են, առավել ևս երբ իրենց կառավարած դատարանը հերքել է այդ ամեն ինչը»,-ասաց Կարապետյանը։

  • Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան |

    Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմադիրների հետ իրենց համագործակցությանը։

    «Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք։ Քննարկումներ եղել են և լինում են։ Ասեմ՝ ում հետ, բռնել կտաք»,- նշել է ռուսաստանահայ գործարարը։

    Կարապետյանը նաև նշել է. «Գործուն քայլերը դու հո չեք տեսնելու»։ 

  • ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանձնվելու է հավատարմագրային կառավարման»։

    Այս մասին Կառավարության օգոստոսի 6-ի նիստին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանց մանրամասնելու, թե որ կառույցի հավատարմագրային կառավարմանը հանձնելու մասին է խոսքը։

    «ՀԷՑ-ի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք՝ այն դառնալու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրային կառավարման»,- ասել է Փաշինյանը

  • ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ

    ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

    «ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում զարգացող իրավիճակը կանխատեսելի էր»,-լրագրողների հետ Չոլպան-Աթայում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ վերջին 3–4 տարիների ընթացքում ռուսական կողմը բազմիցս զգուշացրել էր Երևանի գործընկերներին նման զարգացումների հնարավորության մասին։

    2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային՝ մոտ 12 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը շատ մեծ ցուցանիշ էր։ Անցյալ տարի այն նվազել էր մինչև 8 միլիարդ դոլար։

  • Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջը պետք է հանվի ՀՀ-ի սահմանադրությունից. Հաջիև

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է բացառվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ նախատեսող հոդվածը։ 

    Թուրքական Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանությունում նա նշել է, որ այդ պահանջների վերացումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար խնդիրներ չի տեսնում՝ հավելելով, որ տարածաշրջանում դե-ֆակտո արդեն խաղաղ իրավիճակ է գոյություն ունի։ 

    Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական հարաբերություններին՝ Հաջիևն ընդգծել է, որ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, և հակառակը, և երկրները վճռականորեն են պատասխանելու իրենց շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին։

  • Ստացվել է 1141 հայտ, դիմորդների 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ. վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է.

    «Հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Ուրախ եմ արձանագրել, որ նախաձեռնությունն արժանացել է մեծ հետաքրքրության։

    Ստացվել է 1141 հայտ։ Դիմումների ուսումնասիրության եւ նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։

    Հարցազրույցների եւ մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձեւավորվի Կառավարության կադրային բանկ, որտեղ ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ։

    Ծրագրի մեկնարկին նշել էի, որ կադրային բանկում ընդգրկված թեկնածուներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են առաջարկվել պետական կառավարման համակարգում աշխատանքի հնարավորություններ կամ համագործակցության այլ ձեւաչափեր։ Պիտի արձանագրեմ, որ այսօր արդեն մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում եմ կայացրել եւ առաջիկայում կտեսնեք այդ որոշումների դե յուրե իրագործումը։

    Շնորհակալ եմ իմ հրավերին արձագանքած բոլոր թեկնածուներին եւ հանրությանը՝ այս նախաձեռնությանը ցուցաբերած մեծ աջակցության համար»։

  • Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի

    Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի։ Այս մասին գրել է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի։

    Մի օր հայկական ինքնությունը կուրանան, մի օր Հայ Առաքելական Եկեղեցուն կդավաճանեն, մի օր երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ կդնեն, իսկ մի օր էլ սեփական քաղաքացիների անվտանգությունը կզոհաբերեն։

    Ամեն ինչ կանեն` միայն թե բավարարեն Բաքվի և Անկարայի ծավալապաշտական ու այդպես էլ չզսպվող քաղաքական ախորժակը»,- գրել է նա։

  • ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք

    Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով, 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջներով։

    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 22-ի և 24-ի վճիռներով՝ Տավուշի մարզի դատախազության հայցերը բավարարվել են:

    Վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասերի կառուցապատման իրավունքը կդադարեցվի, «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքները կվերադարձվեն Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:

  • Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի

    Օգոստոսի 5-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Տուլայի մարզում և Թաթարստանում գտնվող Wildberries մարքեթփլեյսի լոգիստիկ կենտրոնների վրա։

    Տուլայի մարզի Ալեքսին քաղաքում գտնվող խոշորագույն պահեստներից մեկի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել և մեկ մարդ վիրավորվել է, իսկ Թաթարստանի Զելենոդոլսկի շրջանում ընկած բեկորներից տեղային հրդեհ է առաջացել, որն արագորեն մարվել է։

    Երկու մարզերի ղեկավարներն ու Wildberries-ի ներկայացուցիչները հաստատել են միջադեպերը՝ նշելով, որ անձնակազմը ժամանակին տարհանվել է, և հարվածների հետևանքով վնասվել են նաև հարակից քաղաքացիական այլ օբյեկտներ։