Category: TIV 1

  • Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը, որը 2008 թվականի Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի քույրն է, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին:

    «Երեկ Ազգային ժողովի ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի որդին հերթական ցինիկ հայտարարությունն արեց։ Անկեղծ ասած, դա ինձ չզարմացրեց. ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Այդ պատճառով էլ կրկին հրապարակում եմ իմ նախկին գրառումը՝ նրանց հիշողությունը թարմացնելու համար։

    Սակայն մինչ այդ մի քանի կարևոր հիշեցում։

    2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ուժայինները հարձակվեցին վրաններում գտնվող մարդկանց վրա։ Մարդիկ ենթարկվեցին բռնության, ծեծի և հետապնդումների։ Ժողովուրդը չէր գրոհել պետական նշանակության որևէ օբյեկտ, առավել ևս նախագահի նստավայրը։ Այդ դեպքում հարցը մնում է անպատասխան. ինչո՞ւ քաղաքացիների նկատմամբ կիրառվեց մահաբեր ուժ, ինչո՞ւ կրակ բացվեց ժողովրդի վրա։

    Ես բազմիցս դիտել եմ Մարտի 1-ի տեսագրությունները։ Գոռ Քլոյանը կանգնած էր ձկան խանութի խաչմերուկի մոտ։ Նրա ձեռքին չկար ո՛չ զենք, ո՛չ փայտ, ո՛չ քար։ Նա պարզապես հետևում էր տեղի ունեցող իրադարձություններին։ Այդուհանդերձ, նա զոհվեց կրակոցից։ Միայն մեկ հարց՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ մի մարդ, որը չէր սպառնում որևէ մեկին, զրկվեց կյանքի իրավունքից։

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճռում արձանագրել է, որ պետությունը խախտել է կյանքի իրավունքի և արդյունավետ քննության հետ կապված իր պարտավորությունները, իսկ խաղաղ ցույցերի բազմաթիվ մասնակիցներ ենթարկվել են հետապնդումների, ձերբակալությունների և դատապարտումների։

    Եվ հիմա հարց ունեմ Ռոբերտ Քոչարյանի որդուն.

    Այս ամենից հետո իսկապե՞ս հպարտանում եք ձեր հորով։ Մի մարդու, որի կառավարման շրջանը հանրության հիշողության մեջ կապվում է Մարտի 1-ի ողբերգության, Հոկտեմբերի 27-ի հետևանքների, «գույք՝ պարտքի դիմաց» գործարքի, Հյուսիսային պողոտայի բնակիչների տեղահանման, Մեղրիի վերաբերյալ տարիներ շարունակ քննարկված նախաձեռնությունների և երկրում արմատացած քրեաօլիգարխիկ համակարգի հետ։

    Պատմությունը հնարավոր չէ վերաշարադրել։ Հիշողությունը հնարավոր չէ ջնջել, իսկ արդարության պահանջը ժամանակի ընթացքում միայն ավելի է ուժեղանում։

    Այս ամենից հետո իսկապես՞ հպարտանալու բան եք տեսնում»,- գրել է Անուշ Քլոյանը:

  • Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն ԱԺ իր ելույթում խոսքն ուղղելով ՔՊ-ին՝ ասել է. «Դուք լայքերի համար մարդկանց աշխատանքից ազատում եք, դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հասարակ տեղեկանք չեք տրամադրում. քարոզարշավին ասում ենք՝ եկեք նկարվենք, ասում է՝ չէ, հենց նկարվեցի, տեսնելու են, որ ձեզ հետ եմ, գնալու եմ համայնքապետարան, տեղեկանք չեն տալու»:

  • ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը

    ԱՄՆ կառավարությունը կրկնապատկել է TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամի ֆինանսավորումը՝ այն սկզբնական 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոն դոլարի։

    Տվյալները հրապարակվել են ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի տվյալների բազայում՝ USAspending.gov-ում, որտեղ Հայաստանը նշված է որպես նախագծի իրականացման հիմնական վայր։

    Ֆինանսավորումը կապված է «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) կապի նախաձեռնության հետ, որը նախատեսում է Հայաստանի հարավային մասի միջով տրանսպորտային երթուղու զարգացում՝ Հարավային Կովկասը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքին միացնելու նպատակով։

    Հրապարակված տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամին տրամադրել է 201 միլիոն դոլարի դրամաշնորհ, որի իրականացման ժամկետը սահմանվել է մինչև 2036 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հուլիսի 16-ին դրամաշնորհային համաձայնագրում կատարված փոփոխությունը ֆինանսավորման պարտավորությունը մեծացրել է մինչև 402 միլիոն դոլար՝ առանց նախագծի ավարտի ժամկետը երկարաձգելու։

    Տվյալները ցույց են տալիս, որ նախագծի համար արդեն գրանցվել է 402 միլիոն դոլարի ամբողջական ֆինանսական պարտավորությունը։

    TRIPP+ ձեռնարկությունների հիմնադրամը ստեղծվել է 2026 թվականի հունվարի 26-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից երկու շաբաթ անց։

    Հանդիպման ավարտին կողմերը հրապարակել են փաստաթուղթ, որում նշվում է, որ ստեղծելու են TRIPP զարգացման ընկերությունը՝ կազմակերպություն, որը պատասխանատու է TRIPP նախագծի ենթակառուցվածքների զարգացման և իրականացման ապահովման համար։ Հայաստանի Հանրապետությունը կունենա ընկերության 26% բաժնեմաս, իսկ Միացյալ Նահանգները՝ 74%։

    TRIPP+ ձեռնարկությունների հիմնադրամը և TRIPP զարգացման ընկերությունը առանձին կազմակերպություններ են։ Վերջինս նախատեսված է ենթակառուցվածքային նախագծի մշակման և իրականացման վերահսկման համար։

    TRIPP զարգացման ընկերությունը, ինչպես սպասվում է, կգործի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) հովանու ներքո։

    Զարգացման ընկերության համեմատ, TRIPP+ ձեռնարկությունների հիմնադրամը ստեղծվել է որպես առանձին ներդրումային հիմնադրամ։ Գործարար Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է դրա ղեկավար։

    ԱՄՆ ֆինանսավորման աճը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում՝ աջակցելով տրանսպորտային և տնտեսական կապի զարգացմանը, ինչպես նաև առաջ մղելով տարածաշրջանը Տրանսկասպյան միջանցքին կապող նախագծերը։

  • Իսրայելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի. Աբրահամյան

    «Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա մոլեռանդների հարձակումը Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ անթույլատրելի է, և դրա պարբերական բնույթը խիստ մտահոգիչ հարցեր է առաջացնում»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.

    «Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ 6 հրեաներ հավաքվել էին Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի դիմաց, թքել էին դռան վրա, ապա հայհոյել ու քարեր շպրտել՝ այդ ամենը հեռախոսով ֆիքսելով հայի ուղղությամբ։

    Թեպետ ոստիկանությունը հայտնել է ձերբակալված անձանց մասին, սակայն նման դեպքերը եզակի չեն, ինչը ցույց է տալիս, որ դրանք կամ հովանավորվում են, կամ իշխանությունները նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ առանձնապես ջանքեր չեն գործադրում։

    Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի նմանօրինակ գործընթացների նկատմամբ»:

  • Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

    Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը:

    Երկուստեք ընդգծվել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումներն ու ձեռքբերումները: Ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի զարգացման ներուժի առավելագույնս իրացման հարցում՝ զրուցակիցները քննարկել են նաև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը:

    Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան և պայմանավորվածությունները, ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում առկա շոշափելի ձեռքբերումները, որոնք  նաև ընդամենը մեկ տարի առաջ՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրված երեք հուշագրերի իրականացման արդյունք են: Ի թիվս մի շարք նախաձեռնությունների, ընդծվել է արհեստական բանականության ոլորտում ակտիվորեն զարգացող փոխգործակցությունը և «Firebird AI» ընկերության մեգանախագծի առաջին փուլով կառուցվող տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») գործարկումը: 

    Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը:

    Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված և այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացման հարցեր: Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը: Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների և ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ:

    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: 

  • ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN

    CNN-ը գրում է, որ ԱՄՆ-ի ռազմական պաշարները, հատկապես հակահրթիռային պաշտպանության համակարգերի գծով, վտանգավոր մակարդակի են նվազել Իրանի հետ պատերազմի հետևանքով։ Վերջին տվյալների համաձայն՝ երկիրը սպառել է THAAD համակարգերի հրթիռների գրեթե 80 տոկոսը և Patriot արկերի մոտավորապես կեսը։

    Սա անհանգստություն է առաջացրել ինչպես ամերիկյան հրամանատարության, այնպես էլ Պարսից ծոցի դաշնակիցների շրջանում։ Այս սպառման և հնարավոր հարվածների բացասական հետևանքների մասին զգուշացումները ստիպել են նախագահ Դոնալդ Թրամփին վերջերս չեղարկել Իրանի ուղղությամբ ծրագրված լայնածավալ հարվածները, չնայած Սպիտակ տունն ու Պենտագոնը պնդում են, որ բանակն ունի բավարար միջոցներ երկրի շահերը պաշտպանելու համար։

  • Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Ազգային ժողովի իններորդ գումարման նստաշրջանի հերթական նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձել է պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հոր հետ կապված քրեական վարույթին։

    «Երբ Ազգային ժողովում մեր գործընկերների կանանց հայտարարագրերը զննելու, քուջուջ անելու ցանկություն է առաջանում, նախ արժե շրջվել ու սեփական նստատեղին նայել»,- ասել է Վարդանյանը։

    Նրա խոսքով՝ Մեսրոպ Մանուկյանի հորը մեղադրանք է առաջադրվել բիզնեսների հետ կապված դատական գործերով։ Ըստ պատգամավորի՝ գործի շրջանակում պետությանը պատճառվել է 439 միլիոն 199 հազար 694 դրամ վնաս։

    Վարդանյանը չի բացառել, որ, եթե գործի շրջանակում քննություն իրականացվի նաև Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ՝ որպես տվյալ ընկերության ֆինանսական բաժնի տնօրենի, ապա նա ևս կարող է հայտնվել քրեական հետապնդման ներքո և հետագայում իրեն քաղբանտարկյալ հայտարարել։

  • Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ

    Արագածոտնի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 11 միլիոն 186 հազար դրամ:

    Արագածոտնի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ:

    Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:

  • «ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան

    «Այն, ինչ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվում է, հասկանում ենք, որ կարող է բոլորիս հետ լինել, հատկապես մեզ հետ։ Բայց այս պայքարն ունեցվածքի մասին չէ, ինչ-որ բան ավել ունենալու մասին չէ, այլ ավելի խորը գաղափարական պայքար է գնում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե «մտավախություն չունե՞ք, որ այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, կարող է նաև ձեզ հետ կատարվել»։
    «2018թ․ հետո մեր կյանքը շատ ուրիշ ռեժիմի մեջ է, շատ բաների մասին մենք չենք բարձրաձայնում, չենք խոսում, սրտաճմլիկ չենք ներկայացնում, բայց շատ հստակ ճնշում կա։ Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո գրեթե բոլոր այն ընկերությունները, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, հարկայինը մտել է։ ՊԵԿ ծառայողները՝ իրենց ամբողջ հանդերձանքով, նույնիսկ կնոջս՝ Սիրուշոյի խանութներն են մտել։ Ոչ մի բան չեն հայտնաբերել, ավելի շատ՝ աչք վախեցնելու գործողություն է եղել»,- ասաց պատգամավորը

  • Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատմել է, թե ինչպես է Ադրբեջանը հասել նրան, որ Իսրայելը հրաժարվի «Հայոց ցեղասպանությունը» ճանաչելու մտադրությունից։

    «Թեև շատ հարցերում մենք խորհրդակցում ենք Անկարայի հետ, այս դեպքում քայլ ենք ձեռնարկել առանց Թուրքիայի հետ նախնական քննարկման: Դա է պահանջում «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը: Մենք Իսրայելին ասացինք. «Այն, ինչ դուք անում եք, սխալ է: Եթե կարծում եք, որ այս քայլով կկարողանաք վնասել Թուրքիային, ապա սխալվում եք»»,- ասել է Հաջիևը։

    Նրա խոսքով, ադրբեջանական կողմը նախազգուշացրել է Իսրայելին, որ նման որոշումը ոչ միայն չի հասնի դրված նպատակին, այլև վնաս կհասցնի Իսրայելի հարաբերություններին Թուրքիայի հետ, ինչպես նաև կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների և ադրբեջանական հասարակության կողմից Իսրայելի ընկալման վրա:

    «Մենք բացատրեցինք, որ դա Իսրայելին ոչ մի օգուտ չի բերի, և խորհուրդ տվեցինք հրաժարվել այդ գաղափարից: Նրանք ընդունեցին, որ դա սխալ որոշում էր, և հասկացան դրա շուտափույթ հետկանչման կարևորությունը»։

    Հաջիևը շեշտել է՝ Ադրբեջանը երախտագիտություն չի ակնկալում այս գործողությունների համար:

    «Դա մեր պարտքն է: Մենք դրա համար երախտագիտության չենք սպասում. դա մեր եղբայրական պարտքն է»։