Category: TIV 1
-
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան |
«Ասացիք՝ ո՞վ ա ավելի շատ տվել Ղարաբաղին, քան Սամվել Կարապետյանը․ ցնցվել եմ այդ նախադասությունից»,- ԱԺ ամբիոնից դիմելով «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանին՝ ասաց ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը։ Դահլիճից հնչեց Վարդևանյանի՝ «նկատի ունեի բարեգործությունը» արտահայտությունը։ Ղազարյանը շարունակեց․ «Ելույթով կպատասխանեք, ձեր ասածը չի լսվում էդտեղից, իմ ասածն է էստեղից լսվում եթերում։ Էդ զգայունությունը չունենալը, տենց արտաբերելը․․․մարդիկ իրենց կյանքն են տվել էդ խնդրի կարգավորման համար։ Զգում եմ, որ մենք լրիվ տարբեր սոցիալական խմբերից ենք։ Իմ ընտանիքը փող չուներ, որ տար Ղարաբաղին, բայց իմ հայրը կամավորագրվել, գնացել ու մինչև վերջին րոպեն եղել է պատերազմի դաշտում, եղբայրս 44 օր կռվել է պատերազմի դաշտում։ Չեմ ուզում պատկերացնել էն մարդկանց վիրավորանքը, որոնք ընտանիքի անդամները չեն վերադարձել։ Ճիշտ է՝ ծանր ապրումներով, բայց իմը վերադարձել են։ Հորս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, ոչ թե հիվանդանոցներում, այլ դիահերձարաններում եմ փնտրել։ Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին։ Հույս ունեմ՝ դա նկատի չեք ունեցել, որովհետև մարդիկ ձեզ լսում են»։ -
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան |
«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատմության ընթացքում լինում են իրադարձություններ, որոնց նշանակությունը շատ ավելի լայն է, քան պարզապես մեկ դատական գործընթաց: Դրանք վերածվում են մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշի՝ արտացոլելով տվյալ ժամանակի քաղաքական, իրավական և հասարակական իրողությունները։ Այդպիսի իրադարձություն կարող է դառնալ նաև այն քրեական դատավարությունը, որի ընթացքում դատարանի առջև կհայտնվի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Գրեթե երկու հազարամյա պատմության ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին վերապրել է թագավորությունների անկում, կայսրությունների արշավանքներ, ցեղասպանություն, բռնի տեղահանում, խորհրդային բռնաճնշումներ և քաղաքական իշխանությանը ենթարկվելու անհամար փորձեր։ Կաթողիկոսներին զրկել են ազդեցությունից, ստիպել են գնալ ծանր փոխզիջումների, ենթարկել են հալածանքների ու աքսորի, իսկ երբեմն նրանք մահացել են առեղծվածային հանգամանքներում։
Սակայն նույնիսկ հայ ժողովրդի պատմության ամենամռայլ էջերում դժվար է գտնել հաստատված դեպք, երբ Հայ Առաքելական Եկեղեցու գործող Գահակալը կանգնած լինի դատարանի առջև: Դա մեզ հատկապես զրկում է Եկեղեցու միջոցով նաև ազգային խնդիրները լուծելու կարևոր հնարավորություններից, առավել պառակտում է ու թուլացնում դիմադրողականությունը:
Հենց այդ պատճառով այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ։ Սա պատմական սահմանագիծ է։
Այս դատավարության հիմքում դրված հարցերը շատ ավելի լայն են, քան կոնկրետ մեղադրանքները։ Դրանք առնչվում են պետության և Եկեղեցու հարաբերությունների հիմնարար սկզբունքներին։ Կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը քրեական դատարանի միջոցով իրավական գնահատական տալ Կաթողիկոսի՝ իր կանոնական լիազորություններն իրացնելիս կայացրած որոշումներին։ Իհարկե, չի կարող: Որտե՞ղ է ավարտվում պետության իրավազորությունը և սկսվում աշխարհի ամենահին քրիստոնեական Եկեղեցու ներքին ինքնավարությունը։
Նման հարցերը հազվադեպ են մնում զուտ իրավական հարթության մեջ։ Դրանք դառնում են պատմական հիշողության հարցեր։ Տարիներ անց մարդիկ կհիշեն ոչ թե «քրեական մեղադրանքի» հիմքում դրված առանձին հոդվածներ, այլ փաստ, որ պատմության մի որոշակի պահի գործող Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետության դատարանի դահլիճ մտավ ոչ թե որպես հոգևոր առաջնորդ։ Անկախ Կաթողիկոսի անձի, գործող իշխանության կամ ներկայացված մեղադրանքների նկատմամբ որևէ մեկի վերաբերմունքից՝ այս օրն արդեն իսկ հատուկ մռայլ տեղ է զբաղեցնում Հայաստանի պատմության մեջ․ նման դատավարությունները պարզապես անցողիկ չեն լինում. դրանք վտանգավոր ուղղությամբ փոխում են պետության և ազգային Եկեղեցու հարաբերություններում թույլատրելիի սահմանների մասին պատկերացումները»։ -
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը։
Հիշեցնենք՝ այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի քրեական գործով նախնական դատալսումների առաջին նիստը
-
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Չորրորդ օրն է՝ նոր գումարումը ձևավորում է խորհրդարանը, և այժմ քննարկում ենք պարոն Վարդևանյանին որպես ընդդիմության՝ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուի հարցը: Պարո՛ն Վարդևանյան, ահագին մեծ առաջընթաց կա ընդդիմության մոտ, իմ համեստ պնդմամբ, որովհետև ես չէի կարող չնկատել, որ դուք ձեր խոսքի սկզբից մինչև ելույթի վերջ արդարացնում էիք ինքներդ ձեզ, թե ինչու եք այսպես կոչված թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ձևավորված, Հայաստանում ներդրված իշխանության մոտ ուզում փոխխոսնակ լինել»:
Այս մասին խորհրդարանում իր ելույթում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Վարդևանյանը դրա համար շատ մեծ ջանք էր գործադրում, բայց ինքն ուզում է, որ Վարդևանյանը նկատի, որ դա մի բանի մասին է վկայում, որ ընդդիմությունը, ի վերջո, նկատում է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը:
«Սա մեծ առաջընթաց է, որովհետև երբ ես հիշում եմ 2021 թվականը, երբ դուք էնտեղ էիք և փորձում էիք ստիպել գործող խմբակցությանը՝ մեզ, ընտրել Վազգեն Մանուկյանին, էդ ժամանակ ընդհանրապես չէիք նկատում, որ կա ժողովուրդ: Հիմա դուք նկատում եք՝ կա ժողովուրդ, որին խոստացել էիք մեծամասնություն ձևավորել, չեք կարողացել և հիմա արդարանում եք»,- ասել է Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Վարդևանյանը երևի թե չի տեսել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ռիլը 300 հազար ադրբեջանցիների մասին, հակառակ դեպքում իր ելույթում կխոսեր գոյութենական սպառնալիքների մասին:
-
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով |
Իրանի խորհրդարանը քննարկում է օրինագիծ, որով կարգելվի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ առնչվող նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ալիռեզա Սալիմին։
«Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության ու կայուն զարգացման ապահովման ռազմավարական միջոցառումների մասին» օրինագիծը ներկայումս քննարկվում է Ազգային անվտանգության հանձնաժողովում»,- Tasnim-ը մեջբերում է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) նախագահության անդամ Ալիռեզա Սալիմիի խոսքը։
Սալիմիի խոսքով՝ օրինագիծը նախատեսում է արգելել Հորմուզի նեղուցով ԱՄՆ-ին, Իսրայելին և «թշնամական» համարվող այլ պետություններին պատկանող նավերի անցումը։
Նա նշել է, որ Իրանին վնաս պատճառած պետությունները չեն կարողանա թույլտվություն ստանալ Հորմուզի նեղուցով և Պարսից ծոցով անցնելու համար, քանի դեռ ամբողջությամբ չեն փոխհատուցել հասցված վնասը։
-
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը ԱԺ ամբիոնից անդրադառնալով Գարեգին Երկրորդի վերաբերյալ գործին, ասել է․ ««Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ու սրբազան հայրերի դեմ նախաձեռնված այն ստոր հետապնդումները, որն իրականացնում է այս իշխանությունը։ Մենք այսօր մեր ներկայությունն ենք ունենալու՝ ի պաշտպանություն ՀԱՍԵ-ի»։
-
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Այսօր ավելի քան 500մլն ՀՀ դրամի խնայողություն ունեցանք 25 հազար հատ էլեկտրոնային հաշվիչների ձեռք բերման մրցույթի արդյունքները ՀԷՑ-ում ամփոփելիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ընդ որում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող այն նույն ընկերությունը, որը վերջին տարիներին «մենաշնորհային» մատակարարումներ էր անում ՀԷՑ-ին, սակայն այս անգամ «ստիպված էր» վերասակարկել մատակարարման գնի շուրջ, քանի որ բաց և թափանցիկ մրցութային գործընթացին այժմ արդեն մասնակցում էր ՀՀ-ում գործող մեկ այլ էներգատեխնիկական ոլորտի արտադրանք տվող հսկա ձեռնարկություն, ում մուտքն այս ոլորտ տարիներ ի վեր «փակ էր» ՀԷՑ-ի օրվա սեփականատերերի «թեթև ձեռամբ»։
Պետության կողմից լեգիտիմ միջամտության և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման մեկնարկից ի վեր, ըստ իս, սա ամենաակնառու և խոսուն փաստն է, որ վերահաստատում է ընթացիկ գործընթացների խիստ անհրաժեշտությունն ու արդարացվածությունը մեր երկրի ու ժողովրդի համար։
Հ.Գ. Նշեմ, որ 25 հազար հաշվիչների ձեռք բերման համար ՀԷՑ-ի տարեկան գնումների պլանով նախատեսված էր շուրջ 2մլրդ ՀՀ դրամ, իսկ մրցույթի նախահաշվային արժեքը սահմանված էր շուրջ 1,944մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարիներին նմանատիպ հաշվիչների ձեռք բերման միջինացված արժեքի հիման վրա է ձևավորվել Սակայն ՀԷՑ-ում գնումների թափանցիկության և մրցակցայնության ապահովման շնորհիվ նույն կազմակերպությունը վերասակարկման արդյունքում պատրաստակամություն հայտնեց՝ մատակարարելու նույն խմբաքանակը 1,430մլրդ ՀՀ դրամով և հաղթող ճանաչվեց։
Հ.Գ.Գ. Խնայված միջոցները վերաբաշխման արդյունքում կուղղվեն բաշխման ցանցի արդիականացման անհետաձգելի աշխատանքների իրականացմանը հաճախակի վթարներ ունեցող բնակավայրերից մեկում։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողորդին»,- գրել է նա։
-
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Գարեգին Բ-ն ներկա է նիստին։
Մեղադրյալների թվում են արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը, եպիսկոպոսներ Մուշեղ Բաբայանը, Հովնան Հակոբյանը, Մակար Հակոբյանը, Վահան Հովհաննիսյանը։
Գործը քննում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը։ Դատալսման այս փուլը կանցկացվի դռնփակ, քանի որ, ըստ դատավոր Հակոբ Մանուկյանի, կան մասնավոր կյանքին վերաբերող հանգամանքներ։
-
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան |
«Հայ ժողովուրդն է ընտրում հայոց հայրապետին, հեռացնելու ընթացակարգ չկա։ Աշխարհիկ մարդը չի կարող հեռացնել։ Եկեղեցին առանձին է, պետությունն առանձին»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը։ «Երբ որ դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզենաս, կարաս անես»,- հավելեց նա։ -
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Պարոն Վարդևանյանի մասին՝ քաջություն, արդարություն, խոհեմություն, բարություն, սկզբունքներ, սեփական կարծիք, արժեքային համակարգ, ընկերություն, մեր դեպքում՝ հայկակականություն»,-իր ելույթի ժամանակ բնութագրելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արամ Վարդևանյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Արամ Վարդևանյանը մասնագիտական առումով միջազգային ամենաբարձր չափանիշնեով, պատիվ կբերի ցանկացած երկրի ու կառույցի։
«Կլինի վարդևանյանը ԱԺ նախագահությունում՝ մեր քաղաքացիները, զավակները իրենց աչքի առաջ օրինակելի հայի, մարդու, պետական-հանրային գործչի կերպար կունենան»,- աաց Վարդնայանը՝ շեշտելով, որ իր համար պատիվ է վարդևանյանի նման ընկեր ունենալը։
Անցնելով ՔՊ-ի քաղաքականությանը՝ ընդդիմադիր պատգամվորն ասաց. «Մեր իրականությա գլխավոր հարցն այն չէ, թե Հայաստանը որքանով կկարողանա Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարել, այդպես ներկայացնում է ՔՊ-ն»։
Նա հայտարարեց, որ 1990 թվականից սկսած Հայաստանի արտաքին քաղաքականությունը եղել է հնարավոր բալանսավորած, կոմպլեմենտար, Հայաստանի ազգային շահերից բխող։
«2000-ականներին և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի՛, և Վրաստանի հետ մենք ուենցել ենք բնականոն հարաբերություններ։ Նույն տրամաբանությամբ՝ եվրախորհրդի անդամակցում, Հազամյակի, Լինսի ծրագրեր, Իրանի հետ գազամուղ, ենթակառուցվածներ, իսկ Ռուսաստանի հետ՝ ռազմավարական հարաբերությունները»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ վստահեցնելով՝ որ Հայաստանի ինքնուրույն քաղաքկանությունն ընդունում էին բոլորը։
նա չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանի պնդման հետ, թե ներկայում ամեն ինչ լավ է, քանի որ Արցախը չկա, Ադրբեջանցիները ՀՀ տարածքում են, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակ պահանջներ են ներկայացնում։
Ըստ Վարդանյանի ՀՀ իշխանությունը հանձնվել է Թուրքիայի և Ադրբեջանին , կատարում է բոլոր պահանջները՝ ժամանակ շահելու համար։
«Մեր գլխավոր օրակարգը, ոչ թե ՔՊ-ի հռչակածն է, այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը, ինքնուրույն քաղաքականություն վարելը, տարածաշրջանում գործոնի վերածվելը, իրոք ինքնիշխան լինելը»,- ասաց Վարդանյանը։