Category: TIV 1

  • Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել |

    Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը գրել է.

    Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել

    պետականհասարակական կյանքի անխտիր բոլոր ոլորտներում, քրեաօլիգարխիան դիտելով պետության ու ժողովրդի իրական թշնամի։ Պարագլուխները պիտի մեկուսացվեն և պատժվեն։

    Այլ կերպ, վերջին հաշվով, մենք կկորցնենք անկախ պետականությունն ու վերականգման վերջին շանսը։
    ՀԱԵ֊ն պիտի դուրս բերվի մաֆիոզ շրջանակների ազդեցության տիրույթից։ Անհապաղ։
    Լ . Շ.

  • 2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն օգոստոսի 8-ի առիթով․

    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

    Մեկ տարի առաջ այս օրը` 2025 թվականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։

    Հիմա արդեն օգոստոսի 8-ի հանդիպումն անվանում ենք Խաղաղության գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ եւ Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որ որպես վկա ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահը, Խաղաղության հռչակագիր։ Այս անվանումները լիարժեք արտահայտում են այն արդյունքը, որ բերեց 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը տեսանելի եւ զգալի է բոլորին։

    2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլեւ տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։

    2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը։

    Բայց ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել-չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից։

    Հենց սրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի մեծագույն քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական արդյունքը․ մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում։ Սա չի նշանակում, թե ճանապարհը կատարյալ է եւ առանց վտանգների, սա նշանակում է, որ մեր որոշումներն են մեր հետագա ճակատագիրը կանխորոշող առաջնային գործոնը, ու սա պատմական շրջադարձ է։

    Նախորդող շրջանը եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները գալիս են համոզելու՝ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք՝ որպես պետություն եւ ժողովուրդ, տե՛ր կանգնել մեր ճակատագրին, եւ սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ։

    Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի կարեւորագույն արդյունքներից է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլեւ օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIPP նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։

    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

    Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, եւ այն ահա ձեր աչքի առջեւ է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որեւէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաեւ մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է, եւ դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն։

    Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, եւ այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։

    Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք, եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որեւէ խոսույթ։

    Ես նախագահ Թրամփին շնորհակալություն եմ հայտնում այս խաղաղության հաստատման գործում իր ներդրած անուրանալի ջանքի համար։

    Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թե բորբոքում է մեզ։

    Եւ թող խաղաղությամբ ննջեն հակամարտության բոլոր զոհերը։ Այլեւս երբեք։

    Կեցցե՛ խաղաղությունը։

  • Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին |

    2026 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են կառավարությունից։

    Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

    Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

    Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։

    Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

    Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

    Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը։

  • Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել |

    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

    Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։

    Զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։

    Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։

    Քննարկվել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։

  • Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը։

    Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության հնարավորություններին, առաջիկա ծրագրերին։

    Վարչապետին ներկայացվել է, որ Հայաստանում իրականացվող նախագիծը արտացոլում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև զարգացող տեխնոլոգիական համագործակցությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում համատեղ զարգացման համար։ Նշվել է, որ ՀՀ Կառավարությունը հանդես է գալիս որպես նախագծի ռազմավարական գործընկեր՝ աջակցելով Հայաստանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքի ձևավորմանը և Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։

    Հաջորդիվ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կառավարության անդամներ, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, «Firebird AI» կենտրոնի համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանը և Ռազմիկ Հովակիմյանը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլիացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, դիվանագետներ և այլք:

    Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել. «Նախ՝ թույլ տվեք այսօր բոլորիս շնորհավորել այս իրադարձության և ընդհանրապես օգոստոսի 8-ի առիթով, որովհետև ես զգում եմ, որ օգոստոսի 8-ը գնալով ավելի ու ավելի ծանրակշիռ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Եվ այն, ինչ հիմա այսօր տեղի է ունենում, իրականում շատ կարևոր, շատ ծանրակշիռ, բայց այդ կշռի մեջ բազում շերտեր ունեցող իրադարձություն է: Երկար ժամանակ մենք Կառավարությունում հրապարակային և ոչ հրապարակային քննարկում էինք արագության մասին մեր պատկերացումները փոխելու անհրաժեշտությունը և երբ նախորդ տարի Ռև Լեբարեդյանը, Ռազմիկ Հովակիմյանը, Ալեքսանդր Եսայանը պատմում էին մի տարվա, նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում նման նախագիծ իրականացնելու իրենց մտադրության մասին՝ պետք է խոստովանել, որ դա շատ տարօրինակ էր հնչում և անսովոր, բայց գոնե ես ցույց չէի տալիս իմ զգացողություններն այդ առումով:

    Եվ ահա այսօր մենք այստեղ ենք՝ ճշգրիտ պայմանավորված տեղում և ժամին: Բայց պետք է արձանագրել, թե ինչն է հնարավոր դարձրել այս ամենը: Իհարկե, ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում՝ Սպիտակ տանը, նախագահ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովը և նրա արդյունքն էական և առանցքային նշանակություն ունեն այսօրվա իրադարձության համար։ Ես հիշում եմ, որ նախորդ տարի սեպտեմբերին մենք ստիպված էինք արդարանալ, որ Միացյալ Նահանգներից վերադարձել ենք տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում ընդամենը մտադրությունների հուշագիր ստորագրած, որովհետև անընդհատ համոզիչ չէր թվում շատերին մեր այն փաստարկը, թե այդ մտադրությունների հուշագիրը ծանրակշիռ փաստաթուղթ է և շատ շուտով ունենալու է իր արդյունքը, և ահա արդյունքն այստեղ է։

    Արագությունների մասին խոսելով՝ ես նաև ուզում եմ ընդգծել, որ երբ նախորդ տարվա մայիսին գլխավոր խորհրդական Արյե Լայթսթոունը եկավ Երևան և ասաց, որ նախագահ Թրամփի ցանկությունն է, որ մենք մեկ ամսվա ընթացքում հասնենք խաղաղության գործարքի, մեր զգացողությունները կրկին նույն էին, մենք ասացինք՝ պատրաստ ենք անել մեզնից կախվածը: Եվ արեցինք մեզնից կախվածը, իհարկե, դա մի ամսում տեղի չունեցավ, բայց մոտ երկու ամսում տեղի ունեցավ:

    Եվ ես ուզում եմ կրկին ընդգծել 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ որպես շրջադարձային իրադարձություն Հայաստանի, Ադրբեջանի համար: Ես այսօր, ի դեպ, զանգահարել եմ Ադրբեջանի նախագահին, և մենք խոսել ենք այսօրվա իրադարձության կարևորության մասին, և սա իսկապես շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն է: Ես ուզում եմ, որ մենք ծափահարենք նախագահ Թրամփին այս օրն իրականություն դարձնելու համար։

    Պետք է արձանագրել, որ խաղաղությունը շրջադարձային է, ընդհանրապես մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։ Այդ իրադարձությունից հետո միջազգային գործակալությունները մեկը մյուսի հետևից վերանայում են Հայաստանի սուվերեն վարկանիշները, ըստ էության, շատ հստակ ուղերձ հղելով ներդրումային հանրությանը, որ Հայաստանն այն տեղն է, ուր կարելի է վստահ ներդրումներ անել։

    Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք միայն հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է, և որը ևս մեկ աստիճանով, իհարկե, բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ արագություններն ամբողջությամբ իրացնելու ճանապարհին նաև պետք է հասնեն իրենց կուլմինացիային»:

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել Հայաստանում այսպիսի կենտրոն ստեղծելու հարցում: «Համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ շատ մեծ ներդրում են ունեցել այսօրվա համար, բայց շատ կարևոր է այսօրվա իրադարձության տրամադրությունը, որովհետև ես հասկացա, որ մենք այսօր ավելի շատ խոսում ենք ապագայի, վաղվա մասին՝ հպարտ լինելով նրա համար, ինչն արդեն տեղի է ունեցել: Բայց այն, ինչ տեղի է ունեցել, շատ մեծ ակտիվ է և շատ կարևոր է, թե այդ հենքի վրա մենք դեպի ուր կշարժվենք։ Ես ուզում եմ ասել՝ շատ հետաքրքիր է, թե ինչպես են քաղաքական և տնտեսական պրոցեսներն իրար ուղեկցում: Եվ մեր իրականության մեջ, ճիշտ է, տեսական մակարդակում շատ է խոսվել դրա մասին` տնտեսության և քաղաքականության, ներդրումների և քաղաքականության փոխկապվածության, բայց իրականության մեջ մենք դա հաճախ չէ, որ տեսել ենք։ Եվ այսօրվա իրադարձությունը դրա շատ վառ օրինակ է։

    Մեր քաղաքական ռազմավարական հարաբերությունների հաստատումը Միացյալ Նահանգների հետ 2025 թվականի հունվարին, և այդ կետից սկսած իրադարձությունների արագացումն է։ Այսօր այստեղ ներկա է Ղազախստանի փոխվարչապետը, և ընդամենը նախորդ շաբաթ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ղազախստանի նախագահի հետ, երեկ մենք Ղազախստանի վարչապետի հետ աշխատանքային քննարկումներ ենք ունեցել, այսօր Ղազախստանի փոխվարչապետը ներկա է այստեղ, ինչը մեզ համար մեծ ուրախություն է, և շնորհակալ ենք այդ ներկայության համար: Այսօր Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները զարգանում են աներևակայելի տեմպերով, և սա շատ լավ օրինակ է, թե ինչպես է քաղաքականությունը փոխվում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես է քաղաքական ընկալումը փոխվում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես է պետություն հասկացությունն ինքն իրեն վերահաստատում Հայաստանի Հանրապետությունում», -նշել է երկրի ղեկավարը:

    Հայաստան-սփյուռք հարաբերությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանին ոչ թե կարեկցելու, այլ Հայաստանի զարգացմանը մասնակցելու և զարգացմանն իրենց նպաստը բերելու կարևորությունը. «Հարգելիներս, Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի, ես սա ասում եմ պաշտոնապես, Հայաստանի Հանրապետությունն ունի գործընկերության և գործակցության կարիք, և Հայաստանի Հանրապետությունը վստահելի գործընկեր է: Եվ ես ուզում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն հայտնել Կառավարության այս ուղերձին արձագանքելու համար։ Եվ սա իսկապես շատ բարձր եմ գնահատում և մեծ պատիվ է ինձ համար, որ մենք այսօր խոսում ենք բոլորովին ուրիշ օրակարգերի մասին, որը պետության օրակարգ է, որը կյանքի օրակարգ է, որը ապագայի օրակարգ է, և նրա համար, որ ապագան հիմա է, այստեղ է, այսօր է և դուք այսօր ձեր սեփական աչքերով տեսնում եք այդ ապագան:

    Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ ապագան ստեղծել են, շնորհակալ ենք»:

  • Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի |

    SpaceX-ը ծրագրում է Լուսնի վրա գործարաններ կառուցել՝ ծանր աշխատանքի մեծ մասը վստահելով ռոբոտներին։ Այս մասին ընկերության առաջին եռամսյակային զեկույցի ժամանակ հայտարարել է Իլոն Մասկը՝ նշելով, որ պատրաստվում են Լուսնի վրա «մեծ քանակությամբ բեռներ իջեցնել»։

    Այս ծրագրի մասին գործարարն առաջին անգամ խոսել էր փետրվարին, երբ SpaceX-ը գնեց 2023-ին իր իսկ հիմնադրած xAI ընկերությունը։

    Ըստ պլանի՝ լուսնային գործարաններն արտադրելու են Starmind AI արբանյակներ։ Ընկերությունը նպատակ ունի առաջիկա տարիներին Երկրի ուղեծրում գործարկել 1 միլիոն արբանյակներից բաղկացած Starmind ցանց, իսկ հետագայում ընդլայնել առաքելություններն ավելի հեռու տիեզերքում։

  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան |

    Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Այս մասին տեղեկացրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

    «Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։
    Կեցցե՛ մեր չքնաղ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա

  • Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

    «Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

    Այնուհետև Ա․Ա․-ն, օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինչպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։

    Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։

    2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։

    Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

    Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

    էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

    Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը, ինչպես նաև դրա իրականացման մեխանիզմների կատարելագործման, գործընթացների ճկունացման և արագացմանն առնչվող հարցեր։

    Կարևորելով ծրագրի դերը զբոսաշրջության զարգացման և մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում՝ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունը՝ նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

    TRIP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ բարձրացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մարզերի մրցունակությունը։

  • Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը

    Մենք էլ ենք ուզում, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն, բայց մենք Հայաստանը չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց, որը հազարավոր թելեր ունի կապված, և եթե այդ թելերից 1-ը, 2-ը, 3-ը կտրես, այդ ցանցը մի քիչ կարող է թուլանալ, բայց չի պատռվի, իր կենսականությունը չի կորցնի: Այդ մասին ԱԺ՝ օգոստոսի 7-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով իշխանության և ընդդիմության տարբերություններին:

    «Մենք չենք ասում՝ ա՛ռ քեզ կոմբայն, տո՛ւր մեզ իշխանություն: Մենք այդպես չենք ասում: Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, կոմբա՞յն է պետք, ուրեմն պետք է աշխատենք բոլորով, ստեղծենք արժեք, ձեր գեներացրած հարկերով գնանք և գնենք կոմբայն, տանք ձեզ, մյուս տարի ավելի արդյունավետ աշխատեք, նոր հողեր մշակեք, նոր հողերով նոր արժեք և այդպես շարունակ:

    Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ: Սա ֆունդամենտալ տարբերություն է: Դուք ուզում եք մարդկանց վարձով՝ որպես ժողովուրդ գործի ընդունել, ասել, ա՛յ, դուք կլինեք մեր ժողովուրդը»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմությունը ժողովրդին ասում է՝ մենք ձեզ կապահովենք գործով, դուք մեզ՝ ձայներով: