Category: SyunyacErkir

  • Ուկրաինան հարձակվել է Ուդմուրտիայում գտնվող Ռոսռեզերվի նավթաբազայի վրա

    Հուլիսի 27-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հասել են Ուդմուրտիա։ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտարարել է տարածաշրջանի վրա «վերջին շրջանի ամենամասշտաբային» ԱԹՍ հարձակման մասին։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան։ Astra-ի ուսումնասիրած ականատեսների կադրերի համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի թիրախը Ուդմուրտիայի Կամբարկայի շրջանի Բորոկ ավանում գտնվող Ռոսրեզերվի «Պրիորիտետ» կոմբինատն էր (նախկինում հայտնի որպես «Գորիզոնտ»)։ Սա փակ տիպի ռազմավարական օբյեկտ է, որն իրականացնում է նավթաբազայի գործառույթներ։ Ձեռնարկությունը գտնվում է զինվորականացված պահպանության տակ և նախատեսված է արտակարգ իրավիճակների կամ ռազմական կարիքների համար վառելիքի, նավթամթերքի ու քսայուղերի պաշարների երկարաժամկետ պահպանման համար։ Ռոսրեզերվի կոմբինատի վրա հարձակումը հաստատել է նաև ուկրաինական Supernova+ մոնիթորինգային ալիքը։

    Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է պետական սահմանից 1300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ուդմուրտիայի, ինչպես նաև Յարոսլավլի մարզի «նավթային օբյեկտներին» հասցված հարվածների մասին։ «Իրականացվում է հեռահար պատժամիջոցների ծրագիրը, և կրճատում ենք պատերազմը ֆինանսավորելու Ռուսաստանի հնարավորությունները», — հավելել է նա։

    Հրթիռային հարձակման սպառնալիքի պատճառով Ուդմուրտիայում «Վտանգավոր երկինք» ազդանշանը տրվել էր առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում։ Իժևսկի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը, քաղաքում կանգնեցվել էր նաև հասարակական տրանսպորտի երթևեկությունը։ Հետագայում հանրապետության ղեկավարը մի քանի անգամ հայտնել է ԱԹՍ-ների սպառնալիքի մասին։

    Հարձակման պատճառով էվակուացվել են Սարապուլում գտնվող Wildberries-ի տեսակավորման կենտրոնի և լոգիստիկ համալիրի աշխատակիցները։ Ընկերությունից պարզաբանել են, որ քայլերն իրականացվել են «անվտանգության պահանջներին համապատասխան կերպով»։ Ավերածությունների մասին չի հաղորդվել։ Վաճառողների պորտալում հայտարարություն է հայտնվել այն մասին, որ Սարապուլի և Իժևսկի պահեստները ապրանքներ չեն ընդունում։ Ընկերությունում խոստացել են օբյեկտի աշխատանքի վերականգնման մասին տեղեկացնել լրացուցիչ կերպով։

  • Իրանն Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ներառել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում․ Բաքուն արձագանքել է

    Իրանն Ադրբեջանի «AzTV» պետական հեռուստաալիքն ընդգրկել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

    Նշվում է, որ նման որոշման պատճառ կարող էին դառնալ, ինչպես ազգային անվտանգությանը հակասող կեղծ լուրերի հրապարակումը, այնպես էլ Իսրայելի հետ հարաբերություննրերը։

    Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները երկրի տարածքում անօրինական են հայտարարել իրանական «Səhər» հեռուստաալիքի և «Mehr» լրատվական գործակալության, ինչպես նաև դրանց ներկայացուցիչների գործունեությունը։

  • TRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա Ալավերդյան

    Իրավապաշտպանը պնդում է` ԱՄՆ-ն իր տասնամյակների ծրագիրն է ցանկանում իրականացնել՝ Ռուսաստանին դուրս մղելով տարածաշրջանից։

    ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. TRIPP նախագիծն ուղղակի սահմանափակում է Հայաստանի Հանրապետության շփումներն Իրանի հետ և կտրում Ռուսաստանից։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

    Նա նշեց՝ ամերիկացի քաղաքագետ, սոցիոլոգ և պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկին դեռևս 30 տարի առաջ Հարավային Կովկասը համեմատել է Բալկանների հետ: Նա կարծում էր, որ ԱՄՆ-ն պետք է գերիշխի այս տարածաշրջանում՝ խնդիր դնելով Ռուսաստանին դուրս մղել այստեղից։ Ուստի ԱՄՆ-ն, ըստ Ալավերդյանի, իր տասնամյակների ծրագիրն է ցանկանում իրականացնել։

    «Եթե մարդիկ կասկածում են, պարզապես թող քարտեզին նայեն»,- ասաց նա։

    Քաղաքագետ Միհրան Շահզադեյանը հավելեց՝ քանի դեռ նախագծի իրավական կարգավորումները պարզ չեն, ապա դա լուրջ մտահոգություններ է առաջացնում Իրանի և Ռուսաստանի համար։

    «Ալիևն ասում է «Զանգեզուրի միջանցք», ինչո՞ւ չի օգտագործում «Թրամփի ուղի» եզրույթը․ սա լուրջ հարված է Հայաստանի համար, Ադրբեջանը ստանալու է վերահսկողության շատ ուժեղ լծակներ»,- նշեց քաղաքագետը։

    Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

    Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

     

  • Ուկրաինական զինուժի հարվածների հետևանքով ԼԺՀ–ում 2 մարդ է զոհվել, 7–ը` վիրավորվել

    Լուգանսկում Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է ուղևորատար ավտոբուսի վրա։

    ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ուկրաինական զինված ուժերի հարվածների հետևանքով ԼԺՀ–ում 2 մարդ է զոհվել, 7-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

    «Վաղ առավոտյան Պերևալսկում քաղաքացիական բեռնատար է հարձակման ենթարկվել, զոհվել է 41-ամյա վարորդը։ Պերվոմայսկ քաղաքային օկրուգում նեոնացիստները հարվածել են գազի ծառայության ավտոմեքենային։ Վարորդը տեղում զոհվել է, ևս երեք աշխատակից` վիրավորվել»,- գրել է Պասեչնիկը «Մաքս» հարթակի իր ալիքում։

     

    Նա հավելել է, որ բեռնատար ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով ամուսնական զույգ է տուժել Նովոայդարի մունիցիպալ շրջանում, ևս մեկ տղամարդ վիրավորվել է իր մարդատար ավտոմեքենային հասցված հարվածի հետևանքով։

    Նրա խոսքով՝ Լուգանսկում ուղևորատար միկրոավտոբուս է հարձակման ենթարկվել, վիրավորում է ստացել 43-ամյա վարորդը։ Բացի այդ, քաղաքում ԱԹՍ-ն հարվածել է կայանված բեռնատար ավտոմեքենային, ոչ ոք չի տուժել։

    Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

    Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

    Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

  • Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավ

    Բաքվում այսօր մեկնարկել է Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

    Մրցումային առաջին օրը գորգ դուրս կգան հետևյալ ըմբիշները՝

    48 կգ Արարատ Ավետիսյանը,

    55 կգ Գեղամ Եղիազարյանը,

    65 կգ Վազգեն Մնացականյանը,

    80 կգ Վահե Հովեյանը,

    110 կգ Խաչիկ Խաչատրյանը:

    Մ-17 ԱԱ. 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը մեկնարկում 7-4 հաշվով առավելության հասավ իրանցի ըմբիշի նկատմամբ՝ հաղթական 4 միավորը վաստակելով բառացիորեն վերջին 2-3 վայրկյանին։

  • Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

    Թեհրանը Կիևին մեղադրել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի հարվածելու համար, որի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրն անպատասխան չի թողնի այս հարձակումը։

    «(Խմբ.՝ Ուկրաինայի նախագահ) Զելենսկին հարձակվել է իրանական առևտային նավի վրա՝ սպանելով մեկ նավաստու։ ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, որը կատարվել է Իսրայելի հրահանգով՝ Եվրոպան իր պատերազմի մեջ ներքաշելու համար», – գրել է Արաղչին X հարթակում։

  • Կիևի «մակաբույծի» հարվածն իրանական նավին անպատասխան չի մնա. Արաղչի

    Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է, որ Կասպից ծովում իրանական նավի վրա «Կիևի մակաբույծի» հարվածն անպատասխան չի մնա։

    «ԵՄ ներկայացուցիչ Կալլասի և արտաքին գործերի նախարար Լավրովի հետ զրույցների ընթացքում ես հստակ հասկացրել եմ, որ այն, ինչ արել է Կիևի այս մակաբույծը, չի կարող անպատասխան մնալ», – գրել է նա X-ում։

    Հուլիսի 25-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։

  • Աղասի Հակոբջանյանի հիշատակի օրն է

    Մեզանից հեռացավ 2020 թ. հուլիսի 27-ի ուշ երեկոյան, երբ դեռ 62 տարեկան էր, երբ դեռ բազմաթիվ ծրագրեր ուներ…

    Նրա տեղը թափուր մնաց ոչ միայն ընտանիքում, գերդաստանում, Սիսիան համայնքում, այլև ընկերության մեջ, «Սյունյաց երկրի» նվիրյալների փաղանգում…

    Իսկ նրա մարդկային նկարագիրը եղել ու շարունակում է մնալ ընդօրինակման արժանի:

    Լույս իջնի շիրմիդ, Աղասի Մամիկոնի:

  • Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին

    Թուրքական ընկերությանը պատկանող AGN Ragnar բեռնատար նավը ռուսաստանյան անօդաչու թռչող սարքի հարվածի է ենթարկվել ուկրաինական Սուլինա նավահանգստից դուրս գալիս։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

    Հարձակման հետևանքով նավը զգալի վնասներ է կրել։

    Նույն օրը Ուկրաինան հարվածել է Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին։

    news.am

  • Կարեն Լազարյանի դիմումը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝«Խնդրում եմ ինձ հրավիրել հարցաքննության»

    Հարգելի պարոն Նահապետյան

    Արդեն երկրորդ անգամ՝մայրաքաղաքային ինչ որ լրատվամիջոցներով տարածվում են «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ին առնչվող և ինձ վարկաբեկող տեղեկություններ:

    Երկու դեպքում էլ վկայակոչվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իբր գտնվող փաստերը:

    Մի կողմ թողնենք հարցը, թե ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտեի տրամադրության տակ գտնվող և նախաքննական գաղտնիք համարվող նյութերը հայտնվում լրատվամիջոցների ձեռքում, եթե, իհարկե, վերջիներս չեն ստում՝ հղում կատարելով Հակակոռուպցիոն կոմիտեին:

    Խնդիրն այն է, որ այդկերպ ավելի է սաստկանում անձիս դեմ մոտ մեկուկես տարի առաջ պատվիրված ու ծավալվող արշավը: Ընդ որում՝ այդ նպատակով, անգամ ոչ իրավասու անձանց կողմից, ինչ –ինչ ապացույցներ կորզելու համար օգտագործելով ոչ իրավաչափ և հանցավոր մեթոդներ, որին Դուք հավանաբար տեղյակ եք առնվազն մամուլի հրապարակումներից:

    Դա էլ թողնենք մի կողմ:

    2009-25 թվականներին՝ 16 տարի, ինքս եմ գլխավորել «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը: Եվ այդ կրթօջախի գործունեության համար ինքս եմ նախևառաջ պատասխանատու:

    Տեղեկացնում եմ՝ մինչև այժմ հրապարակված բոլոր տեղեկություններն ամբողջապես սուտ են, հորինված են, ենթադրված են, իրականության հետ որևէ աղերս չունեցող են, զրպարտչական բնույթ կրող ու մեր տարիների գործունեությունը վարկաբեկող են:

    Զրպարտության, ապատեղեկատվության և սուտ մատնությունների արշավը, ինչպես տեսնում եմ, չի դադարելու, քանի դեռ յուրաքանչյուր՝ այսպես կոչված բարձրացված հարցի վերաբերյալ Դուք չեք իմացել ճշմարտությունը:

    Ուստի և խնդրում եմ Ձեր հանձնարարությունը՝ ինձ կանչելու-հրավիրելու հարցաքննության:

    Հայտարարում եմ՝ լուծարված քոլեջում չէր կարող տեղ գտնել անգամ 1 դրամի կամ մեկ գույքի կորուստ, չէր կարող տեղ գտնել ՀՀ գործող օրենքներից որևէ պահանջի խախտում:

    Ի դեպ, պաշտոնավարմանս տարիներին՝ մեր իսկ նախաձեռնությամբ ու անձնական կապերի շնորհիվ, մոտ 100 մլն դրամի աջակցություն ենք բերել քոլեջին՝ դրամի տեսքով, գույքի տեսքով, շինաշխատանքների տեսքով:

    Այսինքն՝ մեր գերխնդիրը քոլեջին ու կրթական գործին ծառայելն է եղել և ոչ թե քոլեջի միջոցները, այդ թվում՝ սովորողների ուսման վճարը, մեր անձին ծառայեցնելը, ինչպես կատարվեց մեզանից հետո:

    Սույն դիմումով նաև ակնկալիքս եմ հայտնում, որ հայտնի անձանց կողմից Ձեզ հաղորդած տեղեկությունները չհաստատվելու և չապացուցվելու պարագայում՝ սուտ մատնության հեղինակները նույնպես պատասխանատվություն կկրեն օրենքի ամբողջ խստությամբ:

    Առայժմ այսքանը:

    Հարգանքով՝

    Կարեն Լազարյան

    26 հուլիսի 2026 թ.