Category: SyunyacErkir

  • Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ

    Իրանի և Իրաքի միջև գտնվող «Շալամչեհ» սահմանային անցակետում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, 11-ը՝ վիրավորվել են։ Այդ մասին հայտարարել են իրանական Խուզեստանի նահանգի իշխանությունները՝ կատարվածի համար մեղադրելով ամերիկյան կողմին։

    Վերջին ժամերում պայթյուններ են լսվել իրանական տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ռամշիրում, որտեղ, ըստ տեղեկությունների, թիրախավորվել է ասֆալտի պահեստ, ինչպես նաև Ահվազում, Մահշահրում և Անդիմեշքում։

    Բուշեհր նահանգում ևս արձանագրվել է երկու պայթյուն՝ մեկը՝ գիշերվա ընթացքում, մյուսը՝ ավելի ուշ։

  • ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությո

    Հայաստանի կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության վավերացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

    Արձանագրությունը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին և փոփոխություններ է նախատեսում 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրում։

    Կառավարությունը որոշել է արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար դիմել Սահմանադրական դատարան։ Դրական որոշման դեպքում վավերացման մասին օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով։

    Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

     

  • Ալիևը հաստատել է, որ ռուս և գերմանացի պաշտոնյաները Բաքվում Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպումներ են

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի սկզբին ռուս և գերմանացի պաշտոնյաները Բաքվում գաղտնի բանակցություններ են անցկացրել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի շուրջ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախապես տեղեկացված չի եղել այդ հանդիպումների մասին և դրանց գոյության մասին իմացել է միայն The Times-ի հրապարակումներից հետո։

    Հուլիսի 21-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ալիևն ասել է, որ այդ տեղեկությունների հրապարակումից հետո դիմել է Ադրբեջանի սահմանային ծառայությանը, որն էլ, նրա խոսքով, «հաստատել է» հանդիպումների անցկացումը։

    «Հուլիսի 12-ին Բեռլին-Բաքու չվերթով Բաքու են ժամանել երկու հայտնի անձ՝ [Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա] Մերկելի վարչակազմի ղեկավար պարոն [Ռոնալդ] Պոֆալան և պարոն [Մաթիաս] Պլացեկը, որոնք վերադարձել են հուլիսի 14-ին։ Նույն օրը՝ հուլիսի 12-ին, Մոսկվայից Բաքու են ժամանել նաև Ռուսաստանի նախկին վարչապետ պարոն [Վիկտոր] Զուբկովը և Ռուսաստանի նախագահի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի ղեկավար պարոն [Վալերի] Ֆադեևը»,- ասել է Ալիևը։

    «Ո՛չ Գերմանիան, ո՛չ Ռուսաստանը մեզ այդ մասին չեն տեղեկացրել։ Այլ կերպ ասած՝ մեր տարածքն ուղղակի օգտագործվել է առանց մեր իմացության»,- հավելել է նա։

    Սա առաջին դեպքը չէ, երբ Պոֆալան և Պլացեկը ռուս պաշտոնյաների հետ գաղտնի հանդիպումներ են անցկացնում Ադրբեջանում։

    2025-ին տեղեկությունները, որ Բաքվում գաղտնի բանակցություններ են անցկացվել նույն անձանց, ինչպես նաև Բունդեսթագի պատգամավոր Ռալֆ Շտեգների մասնակցությամբ, լայն դժգոհություն էին առաջացրել Գերմանիայում։

    Զուբկովը և ռուսական պատվիրակության մյուս անդամներից մի քանիսը գտնվում են պատժամիջոցների տակ և համարվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորները։

    Չնայած, ըստ ամենայնի, Բաքուն տեղյակ չի եղել վերջին հանդիպման մասին, Ալիևը հայտարարել է «Եթե այս հանդիպումը նպաստի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին, ապա, իհարկե, մենք դա ողջունում ենք»։

    Այս հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ, Ալիևի խոսքով, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են՝ գրեթե մեկ տարի տևած լարվածությունից հետո։

    Լարվածությունն սկսվել էր 2024-ին Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանումից հետո, երբ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը սխալմամբ խոցել էր օդանավը, ինչի հետևանքով զոհվել էր 38 մարդ։

    Չնայած այդ հակասություններին՝ Ալիևը և ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շարունակել են Բաքուն ներկայացնել որպես հիմնականում չեզոք երկիր Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում, թեև Ալիևը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

    Երեքշաբթի իր ելույթում Ալիևն ասել է. «Մեր նպատակն այն է, որ պատերազմը դադարեցվի և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»։

  • Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրшխավորել Ռուսաստանի քաղաքացիներին․ Զախարովա

    Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրախավորել Ռուսաստանի քաղաքացիներին՝ աշխարհին ցուցադրելով իր դաժան նացիստական ​​ժպիտը, հայտարարել է Մարիա Զախարովան՝ խոսելով Կիրովում և Զապորոժիեում տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ։

    Նա հավելել է, որ Ռուսաստանը կոչ է անում բոլոր պատասխանատու կառավարություններին և միջազգային կազմակերպություններին չլռել Կիրովում և Զապորոժիեում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների մասին։

    tert.am

  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

    Նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։

    Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին շարունակական աջակցության համար: Վարչապետն ընդգծել է նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։

    Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին։ 

    Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Երկուստեք ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։

    ՀՀ կառավարություն

  • «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերութ

    Հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտությունների մասին հանրության շրջանում դեռևս բազմաթիվ թյուր պատկերացումներ կան, իսկ շատ երիտասարդներ նույնիսկ չեն պատկերացնում, թե այս ոլորտում ինչ մասնագիտություններ կարելի է ընտրել։ Մինչդեռ հանքարդյունաբերությունը երկրի տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարևոր դեր ունի։ Հենց այս կարծրատիպերը փոխելու և երիտասարդներին ոլորտին մոտեցնելու նպատակով Քաջարանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնած «Պատանի երկրաբանի ճամբարը», որի նպատակն է բարձր դասարանների աշակերտներին ծանոթացնել երկրաբանի մասնագիտությանը և հանքարդյունաբերության ոլորտին։

    Եռօրյա ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում ոչ միայն լսել մասնագիտական դասախոսություններ, այլև այցելել արտադրական հարթակներ։ Նախաձեռնությունն արդեն տվել է առաջին արդյունքները. անցած տարվա ճամբարի երեք մասնակիցներ այս տարի ընդունվել են Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։

    «Արմենպրես»-ի հետ զրույցում  Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի խոսքով՝ վերջին տարիներին նկատվում է երկրաբանության մասնագիտության նկատմամբ հետաքրքրության աճ, որում կարևոր դեր ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ոլորտի այլ ընկերությունների հետ ձևավորված սերտ համագործակցությունը։

    «Գործընկերների հետ համագործակցությունը հատկապես ակտիվ փուլ մտավ վերջին երեք-չորս տարիների ընթացքում, երբ հասկացանք, որ հասարակության շրջանում երկրաբանության մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը որոշակիորեն նվազել է։ Հասկանալի էր, որ առանց ոլորտի գործընկերների աջակցության և ներգրավվածության դժվար կլինի թե՛ որակյալ մասնագետներ պատրաստել, թե՛ բարձրացնել մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը։

    Բացի ուսումնական պրակտիկաներից և հրավիրյալ մասնագետների դասախոսություններից, որոշեցինք ավելի սերտ աշխատել նաև դպրոցների հետ։ Սակայն հաշվի առնելով մասնագիտության առանձնահատկությունները՝ մեկ կամ երկու այցը բավարար չէր աշակերտներին երկրաբանության բոլոր նրբություններն ու հնարավորությունները ներկայացնելու համար։ Այդ պատճառով էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ նախաձեռնեցինք Սյունիքի մարզի բարձր դասարանների աշակերտների համար ամառային ճամբարը»-ասաց Սարգիս Քելյանը։

    Նա նշեց, որ անցած տարվա ճամբարը մեծ հետաքրքրություն է առաջացրել. «Եթե խոսենք թվերով, ապա 30 մասնակիցներից երեքն արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից կդառնան մեր ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներ։ Ընդ որում, նրանցից մեկը մինչ ճամբարին մասնակցելը պատրաստվում էր իրավաբան դառնալ, սակայն արդյունքում ընտրեց երկրաբանությունը։ Եվս երեք մասնակից հայտնել են, որ ավարտելուց հետո նույնպես պատրաստվում են ընդունվել մեր ֆակուլտետ»:

    Քելյանը վստահեցրեց, որ սա ևս մեկ անգամ ցույց տվել, որ նախաձեռնությունը պետք է շարունակական լինի։ Այս տարի ճամբարին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 80 աշակերտ, որոնցից ընտրել են առավել մոտիվացված և ստեղծագործ մտածողություն ունեցողներին:

    Նրա խոսքով՝ ճամբարի գլխավոր նպատակը բարձր դասարանների աշակերտներին հանքարդյունաբերության և երկրաբանության իրական պատկերը ներկայացնելն է, որպեսզի նրանք տեղեկացված ընտրություն կատարեն։ Դեկանի գնահատմամբ՝ ծրագրի մեկնարկին մասնակիցների մեծ մասը ոլորտի մասին պատկերացում էր կազմել միայն առկա կարծրատիպերի հիման վրա, սակայն ճամբարից հետո նրանց վերաբերմունքն ու ընկալումները զգալիորեն փոխվել են։

    Ճամբարի մասնակից, Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Հովհաննիսյանը պատմեց, որ «Պատանի երկրաբանի ճամբարի» մասին իմացել է միայն այս տարի, երբ դպրոցում առաջարկել են մասնակցել ծրագրին։ Նրա խոսքով՝ անցյալ տարվա մասնակիցներն այնքան ոգևորված էին ներկայացրել իրենց տպավորությունները, որ ինքն էլ որոշել է միանալ նախաձեռնությանը։

    Մանեն նշում է, որ մինչ ճամբարին մասնակցելը հանքարդյունաբերության մասին որոշ տեղեկություններ ուներ, իսկ երկրաբանության վերաբերյալ գրեթե ոչինչ չգիտեր։ Երեք օրում մասնակցել է դասախոսությունների, հանդիպել ոլորտի մասնագետների, լսել նրանց փորձն ու ձեռք բերել նոր գիտելիքներ։

    «Ստացած գիտելիքներով փորձում եմ կիսվել նաև իմ համայնքում։ Տարբեր կրթական ծրագրերի մասնակցելուց հետո երեխաների համար հանդիպումներ եմ կազմակերպում, ներկայացնում անցած ճանապարհն ու խրախուսում նրանց ևս մասնակցել նման նախաձեռնություններին։ Նույն կերպ կներկայացնեմ նաև «Պատանի երկրաբանի ճամբարն» ու այստեղ ստացած գիտելիքները։

    Մանեն պատմեց, որ ամենամեծ տպավորությունն իր վրա թողել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ կատարած այցը։ Մինչ այդ հանքարդյունաբերությունը բոլորովին այլ կերպ էր պատկերացնում, չէր էլ ենթադրում, թե որքան մեծ են արտադրական տարածքներն ու այնտեղ կիրառվող տեխնիկան։ Այցից հետո, ինչպես ինքն է նշում, իր պատկերացումները լիովին փոխվել են, և հասկացել է, թե իրականում որքան մեծածավալ ու պատասխանատու աշխատանք է իրականացվում ոլորտում։

    Թեև այս պահին իրեն դեռ չի պատկերացնում երկրաբանի մասնագիտության մեջ, չի բացառում, որ ապագայում կարող է փոխել իր որոշումը։ Մանեի խոսքով՝ եթե հաջորդ տարի ևս մասնակցի ճամբարին, հնարավոր է վերջնականապես հետաքրքրվի երկրաբանությամբ և ընտրի այդ մասնագիտությունը։

     

  • Բաքվում ռուս և գերմանացի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է եղել՝ առանց Ադրբեջանի իմացության․ Ալ

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի կեսերին Բաքվում միաժամանակ գտնվել են նախկին ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներ, և հնարավոր է՝ նրանք հանդիպում են ունեցել՝ քննարկելու Ուկրաինայում շարունակվող պատերազմը։

    Ալիևը այս մասին ասել է Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները նախապես տեղեկացված չեն եղել այդ հանդիպման մասին։

    «Թռիչքների վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նման գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Բաքվում, սակայն մենք այդ մասին որևէ ծանուցում չենք ստացել ո՛չ Գերմանիայից, ո՛չ Ռուսաստանից»,- ասել է Ալիևը։

    Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է առանց երկրի իշխանություններին տեղեկացնելու։

    «Եթե այս հանդիպումը նպաստում է ուկրաինական-ռուսական պատերազմի ավարտին, մենք, իհարկե, ողջունում ենք դա»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

    Ալիևը հայտնել է, որ լրատվական հրապարակումներից հետո հանձնարարել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը հետաքննություն անցկացնել, որի արդյունքում տեղեկությունը հաստատվել է։

    Նրա խոսքով՝ հուլիսի 12-ին Բաքու են ժամանել նախկին գերմանացի պաշտոնյաներ Ռոնալդ Պոֆալան և Մաթիաս Պլատցեկը, որոնք Բեռլինից թռիչքով ժամանել են Ադրբեջան և հուլիսի 14-ին վերադարձել Գերմանիա։

    Ռոնալդ Պոֆալան 2009-2013 թվականներին զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի աշխատակազմի ղեկավարի և հատուկ հարցերով նախարարի պաշտոնները Անգելա Մերկելի կառավարությունում։ Ավելի ուշ նա ղեկավարել է գերմանա-ռուսական հարաբերությունների շուրջ գործող «Պետերբուրգյան երկխոսություն» ձևաչափը։

    Մաթիաս Պլատցեկը եղել է Բրանդենբուրգի նախկին վարչապետը և երկար տարիներ կապված է եղել Գերմանիա-Ռուսաստան հարաբերությունների զարգացման կողմնակիցների շրջանակների հետ։

    Ալիևի խոսքով՝ նույն օրը՝ հուլիսի 12-ին, Բաքու են ժամանել նաև Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը և Ռուսաստանի նախագահի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։

    Զուբկովը 2007-2008 թվականներին եղել է Ռուսաստանի վարչապետը, իսկ ներկայումս ղեկավարում է «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը։ Ֆադեևը 2019 թվականից ղեկավարում է Ռուսաստանի նախագահի խորհրդատվական մարմինը՝ Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհուրդը։

    Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ տեղեկություն չունի Բաքվում հնարավոր հանդիպման մասին, սակայն նշել է, որ վերջին ամիսներին Գերմանիան փորձում է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սկսել բանակցություններ։

    «Այս պատերազմի ավարտը կախված է միայն Ռուսաստանի կառավարությունից և Ռուսաստանի նախագահից։ Բանակցություններ սկսելու որոշումը միայն նրանից է կախված»,- ասել է Մերցը՝ հավելելով, որ Պուտինը շարունակում է հրաժարվել դրանից։

    Ալիևը կրկին հայտարարել է, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի։

    «Մեր հիմնական նպատակը այս պատերազմի ավարտն է և տարածաշրջանում խաղաղության ապահովումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

    Անի Վարդանյան

    https://armlur.am/

  • Կաթողիկոսը պաշտպանել է էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքները, իսկ ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի կ

    Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) խոր մտահոգություն են հայտնում և դատապարտում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, Թուրքիայի քաղաքացի Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի ձայնագրված արտահայտությունների կապակցությամբ, որոնցում նա, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել իր գրասենյակի աջակցությունը տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավում։

    «Այն հանգամանքը, որ ամենաբարձրաստիճան պաշտոնյան մի կազմակերպության, որի հիմնարար պարտավորությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությունն է, թեպետ և հպանցիկ, բայց այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնում աջակցելու նման խնդրանքին, խորապես մտահոգիչ է և պահանջում է անհապաղ ու հրապարակային պարզաբանում։

    Մենք գիտակցում ենք, թե ինչ հանգամանքներում են հնչել այդ հայտարարությունները։ Դրանք ստացվել են ռուս պրանկերների (pranker) կողմից, որոնք հեռախոսազրույցի ընթացքում ներկայացել են որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Զրույցը հրապարակվել է հուլիսի 8-ին։ Նշված պրանկերներն ունեն քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց թիրախավորելու փաստագրված պատմություն՝ հասարակական զգայուն հարցերի վերաբերյալ հայտարարություններ ստանալու նպատակով։ Մենք չենք արդարացնում նման խաբեության կիրառումը։ Ու թեև գիտակցում ենք, որ զրույցը հնարքով էր հրահրված, այնուամենայնիվ գլխավոր քարտուղարի խոսքերը բացահայտում են այնպիսի դիրքորոշում, որն անհամատեղելի է նրա պաշտոնի պարտականությունների հետ։

    Զրույցի ընթացքում գլխավոր քարտուղարը մեղադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականացնելու մեջ։ Այնուհետև նա համաձայնել է «ուսումնասիրել» («look into»), թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Հայաստանի վարչապետ ներկայացող անձին՝ Կաթողիկոսին պաշտոնանկ անելու հարցում։ Երբ գլխավոր քարտուղարը հարցրել է, թե արդյոք նա կարող է «փոխել Կաթողիկոսին», ՀՀ վարչապետ ձևացող անձը պատասխանել է, թե «դիտարկում է բոլոր հնարավոր ճանապարհները»։ Նա խնդրել է գլխավոր քարտուղարի աջակցությունը այն դեպքում, եթե այդ քայլը որևէ հանրային քննադատության արժանանա, ինչին գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Լավ, կանեմ առավելագույնը, կփորձեմ» («OK, I’ll do my best, I’ll try»)։ Զրույցի որևէ փուլում գլխավոր քարտուղարը չի առարկել, որ կրոնական առաջնորդի հարկադիր հեռացումը պետության կողմից կխախտի հենց այն հիմնարար ազատությունները, որոնց պաշտպանությանն է կոչված ԵԱՀԿ-ն։

    1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի VII սկզբունքը սահմանում է ԵԱՀԿ-ի հիմնարար հանձնառությունը՝ «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում` ներառյալ մտքի, խղճի, կրոնի կամ դավանանքի ազատությունը»։ Այդ հանձնառությունը բազմիցս վերահաստատվել է և պարտադիր է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և իրենց ներքին ու կանոնական գործերը ինքնուրույն կարգավորելու ազատությունը հանդիսանում են այդ երաշխիքի առանցքային բաղադրիչները։ Քանի որ գլխավոր քարտուղարին վերապահված է այդ հանձնառության պահպանման պատասխանատվությունը, նա նույնիսկ զուսպ աջակցություն չպետք է ցուցաբերի այնպիսի կառավարության, որը տրամադրված է պաշտոնանկ անել եկեղեցու առաջնորդին։

    Այս հայտարարությունները չեն կարող դիտարկվել մեկուսի։ 2025 թվականի մայիսից ի վեր Հայաստանի կառավարությունը համակարգված և շարունակական արշավ է իրականացնում ՀԱՍԵ դեմ, որը ժողովրդավարության և օրենքի գերակայության դեմ ուղղված ավելի լայն հարձակման մաս է։ Վարչապետ Փաշինյանը հրապարակայնորեն կոչ է արել հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, հրապարակել է նրան պաշտոնանկ անելու քայլերի «ճանապարհային քարտեզ», ինչպես նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների հասցեին։ Կաթողիկոսի և մի շարք եպիսկոպոսների նկատմամբ կիրառվել են երկրից դուրս գալու սահմանափակումներ, իսկ բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվել են քրեական մեղադրանքներով, որոնք, ըստ երևույթին, քաղաքական դրդապատճառներ ունեն։ Ամբողջության մեջ այս գործողությունները պետության կողմից կազմակերպված ջանքեր են, որոնց նպատակն է Եկեղեցին ենթարկել կառավարության կամքին՝ վտանգի տակ դնելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականի վեճի սովորական կողմ չէ։ 301 թվականին Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց ի վեր Եկեղեցին վճռորոշ դեր է ունեցել հայ ժողովրդի լեզվի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործում։ Այդ դերը Հայաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչված է որպես նրա «բացառիկ առաքելություն»։ Ի տարբերություն գլխավոր քարտուղարի պնդման, թե Կաթողիկոսը քաղաքականացնում է Եկեղեցին, նա իրականում ձգտել է կատարել հենց այդ Սահմանադրական առաքելությունը՝ պաշտպանելով հայ ժողովրդի, այդ թվում՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքները։ Հետևաբար, պետության կողմից Կաթողիկոսին պաշտոնանկ անելու ցանկացած փորձ խախտում է ոչ միայն Հայաստանի՝ կրոնի ազատության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև երկրի սահմանադրական կարգը։

    Հետևաբար՝ մենք կոչ ենք անում գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուին՝

    ● հրապարակայնորեն պարզաբանել և չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը կամ որևէ այլ կերպ միջամտել ՀԱՍԵ ներքին կառավարմանը,

    ● վերահաստատել ԵԱՀԿ հանձնառությունը Հայաստանում կրոնի կամ համոզմունքի ազատության պաշտպանության նկատմամբ՝ իր մարդկային չափանիշի շրջանակում ստանձնած պարտավորություններին համապատասխան,

    ● երկխոսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ՝ ապահովելու համար ՀԱՍԵ, նրա հոգևորականների և հավատացյալների իրավունքները լիարժեք պաշտպանությունը։

    Մենք պատրաստակամ ենք հանդիպել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ և մեր մտահոգությունները, և շարունակելու ենք ուշադիր հետևել կազմակերպության ղեկավարության գործունեությանը։ ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի կրոնի ազատության խախտումների դեմ պաշտպանական պատնեշ, այլ ոչ թե դրանց կամավոր աջակիցը։ Հրապարակված արտահայտությունների վկայությամբ՝ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն ձախողել է այս քննությունը և այժմ պարտավոր է հստակեցնել իր դիրքորոշումը»,- ասվում է հայտարարությունում։

    Ջոն Այբներ Նախագահ, Միջազգային քրիստոնեական համերաշխություն

    Յան Ֆիգել, Նախագահ, Եվրոպայում կրոնի ազատության ֆորում

    Ռաֆայել Իշխանյան Նախագահ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

    Սիրանուշ Սահակյան Նախագահ, Հայաստանի հելսինկյան կոմիտե

  • Հուլիսի 23-ին Մեղրի համայնքում հանդիսավոր մթնոլորտում մեկնարկեց 2026 թվականի ամառային զորակոչը

    Զորակոչի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում օրհնանքի, ողջույնի և ոգեշնչման խոսքերով հանդես եկան Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Սյունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արա Մկրտչյանը, Սյունիքի մարզի աշխատակազմի զորահավաքների բաժնի պետ Արտաշես Մարտիրոսյանը, Մեղրի համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը։

    Միջոցառման ընթացքում ներկաները միասնական աղոթք հղեցին առ Աստված՝ խաղաղ, անվտանգ և պատվով ծառայության համար։

    Համայնքի ղեկավարի կողմից նորակոչիկներին հանձնվեցին օրհնված խաչեր, աղոթագրքեր՝ ի նշան հավատքի և հայրենիքի հանդեպ զորացած պարտքի գիտակցման։

    Միջոցառումն ուղեկցվեց մշակութային գեղեցիկ կատարումներով․ նորակոչիկ Արմո Մկրտչյանը հանդես եկավ երգով, իսկ «Արևիք» արվեստի դպրոցի «ԽաչՄան» պարային համույթի սաները իրենց գեղեցիկ ազգային պարով միջոցառմանը հաղորդեցին տոնական շունչ։

    Բարի և խաղաղ ծառայություն մեր նորակոչիկներին։ Թող հայրենիքի հանդեպ ձեր հավատարմությունն ու նվիրումը միշտ ուղեկցվեն Աստծո օրհնությամբ, ամուր կամքով ու հաղթական վերադարձով հայրենի տուն։

  • ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով

    Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, սակայն ԵՄ-ի կողմից պատերազմը շարունակելուն դրդելու պայմաններում իրականացնում է հատուկ ռազմական գործողություն։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Մենք բաց ենք մնում բանակցային գործընթացի համար, սակայն այն պայմաններում, երբ եվրոպական մայրաքաղաքները շարունակում են դրդել կիևյան վարչակարգին պատերազմը շարունակելու, մենք նույնպես շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը, որտեղ արձանագրում ենք մեզ համար դրական դինամիկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

    Պեսկովը նաև նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի շուրջ շփումներ են իրականացվում, սակայն կարգավորման արագացման մասին խոսք չկա։

    «Ես տվյալ իրավիճակում չափազանց լավատեսություն չէի դրսևորի, շփումներն իրոք իրականացվում են։ Դա միշտ դրական է, սակայն որևէ նոր դինամիկայի կամ նոր արագացման մասին այժմ խոսք լինել չի կարող», – մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչն իրականացվող շփումները, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կայացած հանդիպումը։