Category: SyunyacErkir

  • Նոր գիտակրթական ծրագիր՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախաձեռնությամբ

    Կապանի լեռնահարստացման  կոմբինատը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում է «GEO MAP-CAMP. քարտեզագրելով Հայաստանի ապագան» գիտակրթական նախագիծը՝ հանքարդյունաբերության ոլորտին, տարածաշրջանում նրա զարգացման բնագավառին առնչվող։

    Հուլիսի 24-ին ծրագրի մեկնարկը տեղի ունեցավ «Ոսկե Կապան» համալիրում։

    Մասնակցում էին «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը, կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես  Հովհաննիսյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Աշխարհագրություն», «Երկրաբանություն», «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժինների ուսանողներ, Սյունիքի մարզի դպրոցականներ։

    Ցուցադրվեց տեսահոլովակ՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի անցած ուղին ներկայացնող։

    Բացման խոսքով հանդես եկան  «Կապանի լեռնահարստացման  կոմբինատ» ՓԲԸ կառավարման խորհրդի նախագահ  Սասուն Ավետիսյանը, Երևանի պետական  համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր ողջունեցին գիտակրթական այդ նախաձեռնությունը։ Բանախոսների խոսքում կարևորվեցին գործատու-բուհ համագործակցությունը, կրթության և աշխատանքի միջև ամուր կապերի ստեղծումը։

    Սասուն Ավետիսյանը մասնավորապես նշեց, որ ներկայացվող ծրագրով ամուր հարթակ է ստեղծվում երիտասարդների, ապագա մասնագետների և գիտական ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ապագայում թարմ գաղափարներով ներդրում կունենան հանքարդյունաբերության զարգացման ոլորտում։ Նաև հավելեց, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր ոլորտի զարգացումն անհնար է պատկերացնել առանց նորարարության և երիտասարդների ներգրավվածության։

    Այնուհետև ցուցադրվեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի համագործակցության վերաբերյալ տեսահոլովակ։

    ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի համագործակցությունը, ըստ տեղի ունեցած միջոցառումների, ներկայացրեց ֆակուլտետի կայուն զարգացման ծրագրերի համակարգող Պապին Մուրադյանը։

    Այնուհետև «GEO MAP-CAMP» ծրագիրը ներկայացրին ֆակուլտետի PR պատասխանատու Իրինա Սահակյանը և Պապին Մուրադյանը։

    Ծրագրին նվիրված միջոցառումները կտևեն երեք օր։

    Վահրամ Օրբելյան

  • Արաղչին քննադատել է Թրամփի հայտարարությունը՝ իրանական ակտիվների բռնագրավման միջոցով նավերին հասցված

    Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Մերձավոր Արևելքում նավերին և բեռներին հասցված վնասը փոխհատուցելու համար իրանական սառեցված միջոցների հնարավոր օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Sky News-ը՝ հղում կատարելով Արաղչիի խոսքերին։

    Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը՝ ապագա պահանջները ծածկելու համար, որոնք դրանց հետ անմիջականորեն կապված չեն, ստեղծում է «վտանգավոր նախադեպ»։

    «Նրանք, ովքեր ողջունում են նման գործողությունները կամ դրանցից օգուտ են քաղում, պետք է հիշեն՝ հենց որ կառավարություններն օրինականացնեն բռնագրավումը, ոչ մեկի ակտիվներն այլևս անվտանգ չեն լինի։ Ստեղծված քաոսը չի լինի ոչ հաճելի, ոչ խաղաղ», — հայտարարել է Արաղչին։

    Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ դիտարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, ներառյալ այնպիսի հարվածները, որոնք մասշտաբով կարող են գերազանցել «Epic Fury» գործողությունը։

    Միևնույն ժամանակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ կոչ է արել նախագահին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Հանրապետական կուսակցության մի քանի ներկայացուցիչներ աջակցել են բանաձևին՝ հակառակ կուսակցության ղեկավարության դիրքորոշմանը։

  • Իրանը հայտարարել է Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու մասին

    Անցած գիշեր Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հարվածներ են հասցրել Բահրեյնի ԱՄՆ Շեյխ Իսա ավիաբազային և Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազային՝ հա…
  • Ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի․ Դավիթ Ղազինյան

    Շատ ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի, նախ դա պետք է չլիներ, որ հետո պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գայի, այս մասին դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողներին ասել է Դավիթ Ղազինյանը։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ չի կիրառվել ո’չ գրավ, ո’չ բացակայության արգելք։

    Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։

    tert.am

  • ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը

    2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։

    2026 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել 41.6 մլրդ դրամ հարկ։ Սա ավելի քան ԿՐԿՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

     Այս տպավորիչ աճը տարվա ընթացքում արդյունավետ աշխատանքի, բարենպաստ շուկայական պայմանների և ճիշտ կառավարման արդյունք է։

     Ընկերությունը շարունակելու է աշխատել նույն բարձր տեմպով՝ պետության համար ապահովելով նույնքան ծանրակշիռ ու կայուն արդյունքներ։

  • Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտգործնախարարների հանդիպման շրջանակում բանակցություններ է վարել Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ։

    Հանդիպման մասին այլ տեղեկատվություն երկու կողմերն էլ դեռ չեն տարածել։

  • Իրանցի փորձագետ. «Սյունիքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգության դեպքում Իրանն անտարբեր չի մնա»

    Հուլիսի 22-23-ին Կապանում տեղի ունեցած Հայաստան–Իրան համաժողովին մասնակցած՝ Իրանի պատվիրակները, համաժողովի աշխատանքների ավարտից հետո, հանդիպում են ունեցել «Սյունյաց երկիր» պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ։

    Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության կազմում էին ճանաչված վերլուծաբաններ ու փորձագետներ Ալի Ռեզա Նազիֆը, Էհսան Մովահեդիանը, Մեհտի Սայեֆ Թաբրիզին, Շաիբ Բահմանը, Սեիդ Մեհտի Հյուսեինը։

    Հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, ով ողջունեց հանդիպման մասնակիցներին, ինչպես և համառոտ տեղեկություններ փոխանցեց Հայաստան—Իրան՝ ավարտված համաժողովի արդյունքների մասին։

    Այնուհետև կողմերը զրուցեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

    Սամվել Ալեքսանյանը՝ խմբագրակազմի և պարբերականի հետևորդների անունից, վերստին դատապարտեց Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սանձազերծած ագրեսիան, որը, փաստորեն, նոր փուլ է թևակոխել վերջին օրերին։

    Հանդիպման ընթացքում խոսակցություն ծավալվեց հատկապես TRIPP նախագծի շուրջ։

    ԻԻՀ ներկայացուցիչները վերահաստատեցին այդ նախագծի հանդեպ իրենց երկրի վերաբերմունքի անփոփոխությունը, որն արտահայտվել էր դեռևս 2025 թ օգոստոսի 8-ից հետո, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին հայտնի փաստաթղթերը։ Ասել է թե՝ TRIPP–ը շարունակում է մնալ կարմիր գիծ Իրանի Իսլամական Հանրապետության համար, եթե այն պետք է խոչընդոտի Հայաստան–Իրան բազմադարյա հաղորդակցության ուղիներին ու շփումներին, եթե այն սպառնալիք կստեղծի Իրանի անվտանգության համար։

    Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց փաստեր՝ վերջին 100 և ավելի տարիներին՝ Մեղրու տարածքով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև անխոչընդոտ ճանապարհ բացելու ուղղությամբ վերոնշյալ երկու պետության  գործադրած ջանքերի վերաբերյալ, որոնք միշտ էլ մերժվել են հայկական իշխանությունների կողմից։

    Ուստի և տեղի ունեցողը, ինչպիսի անվամբ ու փաթեթավորմամբ էլ ներկայացվի, ադրբեջանաթուրքական դարավոր երազանքի իրագործում է նշանակում, ինչպես և ընկալվում է Սյունիքում։

    TRIPP նախագծի իրականացմամբ, դատելով հրապարակված փաստաթղթերից, Սյունիքը փաստորեն կվերածվի աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հատման ասպարեզի՝ դրանից բխող հնարավոր բոլոր հետևանքներով։

    Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական մյուս փոփոխություններին և արտահայտեցին գրեթե միասնական տեսակետ՝ առանց Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հնարավոր չի լինի տարածաշրջանում հասնել կայուն և երկարաժամկետ խաղաղության։

    Անդրադառնալով տարածաշրջանում եվրոպական կառույցների դերակատարությանը, պարբերականի խմբագիրը մասնավորապես նշեց՝ «Եվրոպայի վերաբերյալ մեր ավանդական դրական ընկալումները վերջին տարիներին, կարելի է ասել, էական տրանսֆորմացիայի է ենթարկվել։ Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն անտարբեր պահվածքը, որ որդեգրել են եվրոպական կառույցները՝ Արցախում քրիստոնեական սրբավայրերի դեմ պետական մակարդակով իրականացվող վանդալիզմի կամ մշակութային ցեղասպանության հանդեպ։ Ակնհայտ է նաև Եվրոպայի երկերեսանիությունը Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում՝ առավելություն տալով Ադրբեջանի շահերին»։

    Տարածաշրջանում հաստատվող խաղաղության վերաբերյալ նույնպես Սյունիքում այլ պատկերացում կա։ Քանի դեռ Սյունիքի հազարավոր հեկտար հողատարածքներ օկուպացված են, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է տարբեր պահանջներ ներկայացնել ՀՀ–ին, քանի դեռ շինծու մեղադրանքներով հայ գերիները տառապում են Ադրբեջանի զնդաններում, քանի դեռ պղծվում են Արցախի քրիստոնեական սրբավայրերը, քանի դեռ Հայաստանն ադրբեջանցիների պատկերացմամբ Արևմտյան Ադրբեջան է՝ խաղաղություն ասվածն ավելի շատ շարունակական զիջումների կամ շարունակական կապիտուլյացիայի տպավորություն է թողնում։

    Մինչդեռ՝ սյունեցիների համար ավելի բաղձալի արժեք, քան իրական խաղաղությունն է՝ չկա ու չի կարող լինել, որը պայմանավորված է և՛ երկրամասի աշխարհագրական դիրքով, և՛ հազարամյակների պատմությամբ։

    Նշվեց նաև՝ անհնար է չնկատել տարածաշրջանում ՌԴ դիրքերի թուլացումն Արցախյան 3-րդ պատերազմից հետո, իսկ առաջացող վակուումը, ըստ էության, լրացնում են Ադրբեջանն ու Թուրքիան։

    Այդ հանգամանքը, ինչպես և ԱՄՆ–ի կողմից Իրանի դեմ հնարավոր ցամաքային ագրեսիան կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր սպառնալիքների դեմ–հանդիման։

    Փորձագետներն այդ առումով ուշագրավ  տեսակետ հայտնեցին՝ Սյունիքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգության դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունն անտարբեր չի մնա։

    Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշակի անդրադարձ են ունենում նաև երկրամասի ժողովրդագրական վիճակի վրա, որը ներկայումս երկրամասին սպառնացող ամենամեծ վտանգն է: Ուստի և շատ կարևոր է մարզի տնտեսության զարգացումը, այդ թվում՝ հայ–իրանական բարեկամության ու համագործակցության շնորհիվ։

    Սյունիքում ողջունում են ցանկացած ներդրումային ծրագրի իրականացում, եթե դրանք չեն վնասելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

    Հանդիպման ընթացքում քանիցս անդրադարձ կատարվեց հայ–իրանական բարեկամությանը, որը դիմացել է դարերի փորձություններին, որին խոչընդոտող որևէ նախագիծ չպետք է տեղ գտնի երկու երկրների հարաբերություններում։

     

     

  • Կիբեռոստիկանությունը զգուշացնում է iMessage-ի միջոցով կատարվող զեղծարարության մասին

    Հայաստանի ներքին գործերի նախարարության Կիբեռոստիկանությունը քաղաքացիներին զգուշացնում է iMessage-ի միջոցով կատարվող զեղծարարության մասին։

    «Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային Ոստիկանության» անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։ Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է կառուցի տարածած հաղորդագրության մեջ։ 

     

  • Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 23-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ:

    Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, մասնավորապես վերաբերելի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ իրավունքներին:

    Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ հաճախ ստանում են արագ լուծումներ:

    «Տարբեր բնակավայրերում բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ համատեղ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրները կարող են արագ ստանալ իրենց լուծումները»,- ասել է Պաշտպանը:

    Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում շարունակելու է բարձրացնել քննարկված հարցերը` առաջարկելով դրանց համար լուծումներ:

  • Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել

    Բեռլինում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների հաջորդ օրը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության, «զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը»։ Վարչապետ Փաշինյանը և կանցլեր Մերցը անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև «երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին»։

    Բաքվի պաշտոնական քարոզչությունը Ալիևի Բեռլին այցը գնահատել է որպես «Գերմանիայի կողմից Ադրբեջանի՝ որպես միջին տերության կարգավիճակի անուղղակի ճանաչում»։ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները, մինչդեռ, տրամագծորեն հակառակ տպավորություն են փոխանցել։ Նրանք ուշադրություն են դարձրել իրողությանը, որ «գերմանական առաջատար լրատվամիջոցները Ալիևի այցը գրեթե չեն լուսաբանել, գերմանա-ադրբեջանական հարաբերությունների թեմայով հեռուստաբանավեճեր, վերլուծաբանական բնույթի քննարկումներ չեն կազմակերպվել»։

    Փաշինյան-Մերց հեռախոսազրույցի մասին ադրբեջանական կողմը դեռևս տեսակետ չի արտահայտել։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Գերմանիան Ադրբեջանի հետ համագործակցությունը նախապայմանավորում է հայ-ադրբեջանական փաստացի փաստացի խաղաղության ինստիտուցիոնալացմամբ։ Անշուշտ, այդ գործընթացը դիտարկվում է ավելի լայն՝ Եվրամիություն-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա կապակցվածության, համատեքստում։

    Կարելի է վստահության մեծ չափաբաժնով ասել, որ Ալիևի Բեռլին այցը կազմակերպվել է նրան «դարձի բերելու» համար։ Ադրբեջանը վերջերս տրանսպորտային կապակցվածության հարցերով Բրյուսելում կազմակերպված խորհրդաժողովից «դժգոհ է մնացել»։ Իշխանական լրատվամիջոցները գրել են, որ Եվրամիությունը «ուրիշի ռելսերի հաշվին ուրիշին լավություն է անում»՝ ակնհայտորեն նկատի ունենալով Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա կապակցվածությանը Հայաստանի ներգրավելու միտումները։

    Գործնականում ի՞նչ արդյունքի է հասել Գերմանիայի կանցլերը, առայժմ դժվար է կանխատեսել։ Բայց Ալիևի հետ բանակցությունների հաջորդ օրը կանցլեր Մերցի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը, ամենայն հավանականությամբ, վկայում է, որ «միջին տերության», այն է՝ Հարավային Կովկասի առաջատար երկրի, կարգավիճակի հարցում Ալիևը «փոխադարձ ընկալման» չի արժանացել։