Category: SyunyacErkir

  • Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

    Ռոսսելխոզնադզորը հուլիսի 14-ից 21-ն անցկացրած ստուգումների արդյունքում արգելել է Հայաստանից արտահանվող՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող կաթնամթերքի իրացումը Ռուսաստանում։

    Ըստ գերատեսչության՝ հայկական կաթնավերամշակման ձեռնարկությունների ստուգման ժամանակ իբր հայտնաբերվել են դեռևս 2023-2024 թվականներին արձանագրված խախտումների կրկնություններ, որոնք վերաբերում են հետագծելիության համակարգերին, հումքի և պատրաստի ապրանքների անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը, ինչպես նաև արտադրական հսկողության ծրագրերին։

    Ստուգումների ընթացքում պարզվել է, որ Ռուսաստան արտահանվող արտադրանքի համար օգտագործվել է վարակված անասնագլխաքանակից ստացված կաթ։ Բացի այդ, չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախնական հավաստիացումներին՝ արձանագրվել են երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքեր՝ բարձր յուղայնությամբ արտադրանք պատրաստելու համար։

    Ռոսսելխոզնադզորում նշել են, որ Հայաստանում մինչև օրս պատշաճ կերպով չի կարգավորվել կաթի ծագումն ու անվտանգությունը հաստատող համակարգը՝ հատկապես ֆիզիկական անձանցից մթերվող հումքի մասով, ինչի հետևանքով կառույցը միջոցներ է ձեռնարկել ռուսաստանյան շուկայում վտանգավոր մթերքի հայտնվելը թույլ չտալու համար։

  • Իրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին

    Իրանի զինված ուժերը անցյալ գիշեր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հարվածներ են հասցրել Բահրեյնում ԱՄՆ-ի «Շեյխ Իսա» և Հորդանանում «Ալ-Ազրաք» բազաներին՝ խոցելով վառելիքի պահեստարանները և պահեստները։ Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Իրանի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել վառելիքի պահեստներին, պահեստարաններին և սարքավորումներով մեծ անգարներին ու ամերիկյան ահաբեկչական բանակի ուժերի տեղակայման վայրերին Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում։

    Գործողության ընթացքում անօդաչուներով գրոհի են ենթարկվել նաև ինքնաթիռների վերանորոգման ու սպասարկման անգարները և Հորդանանի «Ալ-Ազրաք» բազայում ամերիկյան բանակի տեղակայման վայրերը», – ասված է հայտարարությունում։ 

     

  • Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

    Սյունիքի մարզկենտրոն Կապանում հուլիսի 23-ին պաշտոնապես մեկնարկեց «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագիրը։

    Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱՊՀ անդամ պետությունների և գործընկեր կազմակերպությունների պատվիրակներ, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդներ, երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ:

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ Կապանին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» պատվավոր կոչման շնորհումը ոչ միայն քաղաքի ներուժի ճանաչումն է, այլև Հայաստանի երիտասարդական քաղաքականության և միջազգային համագործակցության նկատմամբ վստահության վկայություն։

    Նրա խոսքով՝ խորհրդանշական է, որ 2026 թվականին հենց Սյունիքի մարզն է հյուրընկալում ԱՊՀ երկու կարևոր նախաձեռնություն. Կապանը կրում է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք», իսկ Մեղրին՝ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» պատվավոր կոչումները։

    Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» նախաձեռնությունը կարևոր հարթակ է միջպետական համագործակցության, երիտասարդների ակտիվ ներգրավվածության և փոխադարձ վստահության ամրապնդման համար։

    Անդրադառնալով Հայաստանի երիտասարդական քաղաքականությանը՝ նախարարի տեղակալն ընդգծեց. «Հայաստանը հետևողականորեն իրականացնում է երիտասարդության պետական քաղաքականություն՝ հիմնված մասնակցության, հավասար հնարավորությունների և մարդկային ներուժի զարգացման սկզբունքների վրա»:

    Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սյունիքի մարզպետը։

    Բացման արարողության կարևորագույն պահերից մեկը «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» հավաստագրի պաշտոնական հանձնումն էր։ ԱՊՀ անդամ երկրների չորս երիտասարդ հանդիսավոր կերպով Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին փոխանցեցին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» հավաստագիրը:

    Հավաստագիրը ստանալուց հետո ելույթ ունեցավ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ ընդգծելով, որ քաղաքի համար այս կարգավիճակը ոչ միայն մեծ պատիվ, այլև պատասխանատվություն է։

    «Կապանը պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող, դինամիկ զարգացող քաղաք է, որի ներկան ու ապագան կերտվում են նաև այստեղ ապրող ու արարող մարդկանց շնորհիվ։ Այդ ամենում առանձնահատուկ դեր ունեն մեր երիտասարդները, ովքեր նոր գաղափարների, նախաձեռնությունների և առաջընթացի իրական կրողներն են։ Այս կարգավիճակը բացառիկ հնարավորություն է ԱՊՀ անդամ երկրների երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների հետ նոր կապեր ստեղծելու, փորձի փոխանակման և երկարաժամկետ համագործակցություն ձևավորելու համար»,- նշեց համայնքապետը։

    Գևորգ Փարսյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք առաջադրելու նախաձեռնության և ցուցաբերած վստահության համար։

    Բացման արարողության շրջանակում տեղի ունեցավ նաև «Հայկական ժառանգություն. Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» թեմային նվիրված փոստային նամականիշը  շրջանառության մեջ դնելու և մարելու արարողությունը։

    320 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Կապան քաղաքի համայնապատկերը՝ ֆուտբոլ խաղացող երեխաներով, զբոսնող երիտասարդներով և քաղաքի խորհրդանիշ ձյունածածկ Խուստուփ լեռով։ Նամականիշի աջ հատվածում պատկերված է «Կապանը` ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» լոգոտիպը, իսկ ներքևի մասում առկա է «ԿԱՊԱՆԸ` ԱՊՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» գրառում:

    Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։

    Պաշտոնական արարողությունն ավարտվեց տոնական համերգով։ Կապանի մշակույթի կենտրոնում ելույթ ունեցավ Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Հնչեցին Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի և այլ հայ կոմպոզիտորների սիրված ստեղծագործությունները՝ հանդիսավոր ավարտ հաղորդելով Կապանի համար պատմական նշանակություն ունեցող օրվան։

     

    Իզա Ասծատրյան

     

     

  • Նոր գիտակրթական ծրագիր՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախաձեռնությամբ

    Կապանի լեռնահարստացման  կոմբինատը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում է «GEO MAP-CAMP. քարտեզագրելով Հայաստանի ապագան» գիտակրթական նախագիծը՝ հանքարդյունաբերության ոլորտին, տարածաշրջանում նրա զարգացման բնագավառին առնչվող։

    Հուլիսի 24-ին ծրագրի մեկնարկը տեղի ունեցավ «Ոսկե Կապան» համալիրում։

    Մասնակցում էին «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը, կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես  Հովհաննիսյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Աշխարհագրություն», «Երկրաբանություն», «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժինների ուսանողներ, Սյունիքի մարզի դպրոցականներ։

    Ցուցադրվեց տեսահոլովակ՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի անցած ուղին ներկայացնող։

    Բացման խոսքով հանդես եկան  «Կապանի լեռնահարստացման  կոմբինատ» ՓԲԸ կառավարման խորհրդի նախագահ  Սասուն Ավետիսյանը, Երևանի պետական  համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր ողջունեցին գիտակրթական այդ նախաձեռնությունը։ Բանախոսների խոսքում կարևորվեցին գործատու-բուհ համագործակցությունը, կրթության և աշխատանքի միջև ամուր կապերի ստեղծումը։

    Սասուն Ավետիսյանը մասնավորապես նշեց, որ ներկայացվող ծրագրով ամուր հարթակ է ստեղծվում երիտասարդների, ապագա մասնագետների և գիտական ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ապագայում թարմ գաղափարներով ներդրում կունենան հանքարդյունաբերության զարգացման ոլորտում։ Նաև հավելեց, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր ոլորտի զարգացումն անհնար է պատկերացնել առանց նորարարության և երիտասարդների ներգրավվածության։

    Այնուհետև ցուցադրվեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի համագործակցության վերաբերյալ տեսահոլովակ։

    ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի համագործակցությունը, ըստ տեղի ունեցած միջոցառումների, ներկայացրեց ֆակուլտետի կայուն զարգացման ծրագրերի համակարգող Պապին Մուրադյանը։

    Այնուհետև «GEO MAP-CAMP» ծրագիրը ներկայացրին ֆակուլտետի PR պատասխանատու Իրինա Սահակյանը և Պապին Մուրադյանը։

    Ծրագրին նվիրված միջոցառումները կտևեն երեք օր։

    Վահրամ Օրբելյան

  • Արաղչին քննադատել է Թրամփի հայտարարությունը՝ իրանական ակտիվների բռնագրավման միջոցով նավերին հասցված

    Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Մերձավոր Արևելքում նավերին և բեռներին հասցված վնասը փոխհատուցելու համար իրանական սառեցված միջոցների հնարավոր օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Sky News-ը՝ հղում կատարելով Արաղչիի խոսքերին։

    Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը՝ ապագա պահանջները ծածկելու համար, որոնք դրանց հետ անմիջականորեն կապված չեն, ստեղծում է «վտանգավոր նախադեպ»։

    «Նրանք, ովքեր ողջունում են նման գործողությունները կամ դրանցից օգուտ են քաղում, պետք է հիշեն՝ հենց որ կառավարություններն օրինականացնեն բռնագրավումը, ոչ մեկի ակտիվներն այլևս անվտանգ չեն լինի։ Ստեղծված քաոսը չի լինի ոչ հաճելի, ոչ խաղաղ», — հայտարարել է Արաղչին։

    Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ դիտարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, ներառյալ այնպիսի հարվածները, որոնք մասշտաբով կարող են գերազանցել «Epic Fury» գործողությունը։

    Միևնույն ժամանակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ կոչ է արել նախագահին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Հանրապետական կուսակցության մի քանի ներկայացուցիչներ աջակցել են բանաձևին՝ հակառակ կուսակցության ղեկավարության դիրքորոշմանը։

  • Իրանը հայտարարել է Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու մասին

    Անցած գիշեր Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հարվածներ են հասցրել Բահրեյնի ԱՄՆ Շեյխ Իսա ավիաբազային և Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազային՝ հա…
  • Ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի․ Դավիթ Ղազինյան

    Շատ ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի, նախ դա պետք է չլիներ, որ հետո պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գայի, այս մասին դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողներին ասել է Դավիթ Ղազինյանը։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ չի կիրառվել ո’չ գրավ, ո’չ բացակայության արգելք։

    Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։

    tert.am

  • ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը

    2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։

    2026 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել 41.6 մլրդ դրամ հարկ։ Սա ավելի քան ԿՐԿՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

     Այս տպավորիչ աճը տարվա ընթացքում արդյունավետ աշխատանքի, բարենպաստ շուկայական պայմանների և ճիշտ կառավարման արդյունք է։

     Ընկերությունը շարունակելու է աշխատել նույն բարձր տեմպով՝ պետության համար ապահովելով նույնքան ծանրակշիռ ու կայուն արդյունքներ։

  • Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտգործնախարարների հանդիպման շրջանակում բանակցություններ է վարել Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ։

    Հանդիպման մասին այլ տեղեկատվություն երկու կողմերն էլ դեռ չեն տարածել։

  • Իրանցի փորձագետ. «Սյունիքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգության դեպքում Իրանն անտարբեր չի մնա»

    Հուլիսի 22-23-ին Կապանում տեղի ունեցած Հայաստան–Իրան համաժողովին մասնակցած՝ Իրանի պատվիրակները, համաժողովի աշխատանքների ավարտից հետո, հանդիպում են ունեցել «Սյունյաց երկիր» պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ։

    Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության կազմում էին ճանաչված վերլուծաբաններ ու փորձագետներ Ալի Ռեզա Նազիֆը, Էհսան Մովահեդիանը, Մեհտի Սայեֆ Թաբրիզին, Շաիբ Բահմանը, Սեիդ Մեհտի Հյուսեինը։

    Հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, ով ողջունեց հանդիպման մասնակիցներին, ինչպես և համառոտ տեղեկություններ փոխանցեց Հայաստան—Իրան՝ ավարտված համաժողովի արդյունքների մասին։

    Այնուհետև կողմերը զրուցեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

    Սամվել Ալեքսանյանը՝ խմբագրակազմի և պարբերականի հետևորդների անունից, վերստին դատապարտեց Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սանձազերծած ագրեսիան, որը, փաստորեն, նոր փուլ է թևակոխել վերջին օրերին։

    Հանդիպման ընթացքում խոսակցություն ծավալվեց հատկապես TRIPP նախագծի շուրջ։

    ԻԻՀ ներկայացուցիչները վերահաստատեցին այդ նախագծի հանդեպ իրենց երկրի վերաբերմունքի անփոփոխությունը, որն արտահայտվել էր դեռևս 2025 թ օգոստոսի 8-ից հետո, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին հայտնի փաստաթղթերը։ Ասել է թե՝ TRIPP–ը շարունակում է մնալ կարմիր գիծ Իրանի Իսլամական Հանրապետության համար, եթե այն պետք է խոչընդոտի Հայաստան–Իրան բազմադարյա հաղորդակցության ուղիներին ու շփումներին, եթե այն սպառնալիք կստեղծի Իրանի անվտանգության համար։

    Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց փաստեր՝ վերջին 100 և ավելի տարիներին՝ Մեղրու տարածքով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև անխոչընդոտ ճանապարհ բացելու ուղղությամբ վերոնշյալ երկու պետության  գործադրած ջանքերի վերաբերյալ, որոնք միշտ էլ մերժվել են հայկական իշխանությունների կողմից։

    Ուստի և տեղի ունեցողը, ինչպիսի անվամբ ու փաթեթավորմամբ էլ ներկայացվի, ադրբեջանաթուրքական դարավոր երազանքի իրագործում է նշանակում, ինչպես և ընկալվում է Սյունիքում։

    TRIPP նախագծի իրականացմամբ, դատելով հրապարակված փաստաթղթերից, Սյունիքը փաստորեն կվերածվի աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հատման ասպարեզի՝ դրանից բխող հնարավոր բոլոր հետևանքներով։

    Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական մյուս փոփոխություններին և արտահայտեցին գրեթե միասնական տեսակետ՝ առանց Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հնարավոր չի լինի տարածաշրջանում հասնել կայուն և երկարաժամկետ խաղաղության։

    Անդրադառնալով տարածաշրջանում եվրոպական կառույցների դերակատարությանը, պարբերականի խմբագիրը մասնավորապես նշեց՝ «Եվրոպայի վերաբերյալ մեր ավանդական դրական ընկալումները վերջին տարիներին, կարելի է ասել, էական տրանսֆորմացիայի է ենթարկվել։ Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն անտարբեր պահվածքը, որ որդեգրել են եվրոպական կառույցները՝ Արցախում քրիստոնեական սրբավայրերի դեմ պետական մակարդակով իրականացվող վանդալիզմի կամ մշակութային ցեղասպանության հանդեպ։ Ակնհայտ է նաև Եվրոպայի երկերեսանիությունը Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում՝ առավելություն տալով Ադրբեջանի շահերին»։

    Տարածաշրջանում հաստատվող խաղաղության վերաբերյալ նույնպես Սյունիքում այլ պատկերացում կա։ Քանի դեռ Սյունիքի հազարավոր հեկտար հողատարածքներ օկուպացված են, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է տարբեր պահանջներ ներկայացնել ՀՀ–ին, քանի դեռ շինծու մեղադրանքներով հայ գերիները տառապում են Ադրբեջանի զնդաններում, քանի դեռ պղծվում են Արցախի քրիստոնեական սրբավայրերը, քանի դեռ Հայաստանն ադրբեջանցիների պատկերացմամբ Արևմտյան Ադրբեջան է՝ խաղաղություն ասվածն ավելի շատ շարունակական զիջումների կամ շարունակական կապիտուլյացիայի տպավորություն է թողնում։

    Մինչդեռ՝ սյունեցիների համար ավելի բաղձալի արժեք, քան իրական խաղաղությունն է՝ չկա ու չի կարող լինել, որը պայմանավորված է և՛ երկրամասի աշխարհագրական դիրքով, և՛ հազարամյակների պատմությամբ։

    Նշվեց նաև՝ անհնար է չնկատել տարածաշրջանում ՌԴ դիրքերի թուլացումն Արցախյան 3-րդ պատերազմից հետո, իսկ առաջացող վակուումը, ըստ էության, լրացնում են Ադրբեջանն ու Թուրքիան։

    Այդ հանգամանքը, ինչպես և ԱՄՆ–ի կողմից Իրանի դեմ հնարավոր ցամաքային ագրեսիան կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր սպառնալիքների դեմ–հանդիման։

    Փորձագետներն այդ առումով ուշագրավ  տեսակետ հայտնեցին՝ Սյունիքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգության դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունն անտարբեր չի մնա։

    Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշակի անդրադարձ են ունենում նաև երկրամասի ժողովրդագրական վիճակի վրա, որը ներկայումս երկրամասին սպառնացող ամենամեծ վտանգն է: Ուստի և շատ կարևոր է մարզի տնտեսության զարգացումը, այդ թվում՝ հայ–իրանական բարեկամության ու համագործակցության շնորհիվ։

    Սյունիքում ողջունում են ցանկացած ներդրումային ծրագրի իրականացում, եթե դրանք չեն վնասելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

    Հանդիպման ընթացքում քանիցս անդրադարձ կատարվեց հայ–իրանական բարեկամությանը, որը դիմացել է դարերի փորձություններին, որին խոչընդոտող որևէ նախագիծ չպետք է տեղ գտնի երկու երկրների հարաբերություններում։