Category: SyunyacErkir

  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր ութերորդ

    Փառատոնը, Աստծո ամեն օր հանդիսատեսին գեղագիտական հաճելի պահեր պարգևելով, մոտենում է վերջնագծին:

    Հուլիսի 11-ի համերգային ծրագիրը «Առանց կապող լարերի» խորագիրն էր կրում: Սկզբում հանդես եկավ երաժիշտների քառյակը` Աննա Սարկիսովա (դաշնամուր) և թավջութակահարեր Նարեկ Հեքեքյան, Ալեքսանդր Շիրինյան-Ռոդե, Աստղիկ Սիրանոսյան, ովքեր կատարեցին չեխ կոմպոզիտոր Դավիթ Պոպպերի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը: Այնուհետև հնչեցին գերմանական դասական երաժշտության ռոմանտիզմի ժամանակաշրջանի գլուխգործոցներ:

    Կատարվեց Ֆրանց Շուբերտի քնարական և խորապես մարդկային «Դաշնամուրային տրիո No.1 սի բեմոլ մաժոր, օպուս 99» գործը: Դաշնամուր` Մարիաննա Շիրինյան, թավջութակ` Աստղիկ Սիրանոսյան, ջութակ` Անդրեյ Բարանով: Ի դեպ, սա Անդրեյ Բարանովի առաջին բեմելն էր փառատոնում և հանդիսատեսին հիացրեց արտահայտիչ կատարմամբ և բարձր տեխնիկական վարպետությամբ:

    Ընդմիջումից հետո հնչեց Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետը», որ կոմպոզիտորը գրել է բավականին երիտասարդ տարիքում և մինչև այժմ համարվում է կամերային երաժշտության ամենափայլուն ստեղծագործություններից:

    Դահլիճը բուռն ծափողջույններով դիմավորեց այդ ստեղծագործությունը կատարողներին` Հրաչյա Ավանեսյան, Էլլի Սու, Ժիլ Ապապ, Անդրեյ Բարանով, Պոլ Լուան, Լոան Կազալ, Ֆրանցիսկո Վիլլա, Սևակ Ավանեսյան:

    Երբ նվագն ավարտվեց, դահլիճը թնդաց ծափերից և բացականչություններից: Եվ որպես բիս` երաժիշտները կատարեցին ևս մի սրտամոտ ստեղծագործություն:

    Վահրամ Օրբելյան

  • Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

    Մենք երդվում ենք, որ վրեժ կլուծենք ձեր մաքուր արյան և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին և խոստացել վրեժ լուծել իր հոր համար։

    «Մեր նահատակ առաջնորդին ես ասում եմ. Մենք երդվում ենք, որ վրեժ կլուծենք ձեր մաքուր արյան և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար հանցագործներից և մարդասպաններից։

    Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անպայման կկատարվի։ Այս հանցագործները, որոնց անունները հայտնի են ամենաբարձրից մինչև ամենացածրը, իրենց գերեզմաններ կտանեն խաղաղ ավարտի չիրականացած հույսը։

    Նրանք պետք է իմանան, որ այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից։

    Անկախ նրանից, թե ես այստեղ եմ, թե ոչ, սա կիրականացվի, և շուտով աշխարհի ազատասեր ազգերը կկատարեն իրենց բաժինը այս աստվածային առաքելության մեջ»,-հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։

    tert.am

  • Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

    Սիրելի՛ հավատացյալներ

    Ուրախությամբ հայտնում ենք, որ ս.թ. հուլիսի 11–12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի կունենան Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողությունները, որոնք կկատարի Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։

    Հուլիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, կկատարվի եկեղեցու դռնբացեքի և նավակատիքի արարողությունը։

    Հուլիսի 12-ին՝ Պայծառակերպության տոնի օրը՝ ժամը 10:00-ին, կկայանա եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը։

    Սրտանց հրավիրում ենք բոլոր հավատացյալներին՝ աղոթքով և հոգևոր ուրախությամբ մասնակցելու այս օրհնաբեր արարողություններին և մեծ տոնին։

    Սյունյաց թեմ 

  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

    Փառատոնի յոթերորդ օրվա ծրագիրը «Քարտ բլանշ» խորագիրն էր կրում։

    Այն սկսվեց անակնկալով. ծրագրից դուրս հանդես եկավ քիչ առաջ Կապան ժամանած ֆրանսիացի ջութակահար Ժիլ Ապապը, ով հանպաստրաստից մի մեղեդի հնչեցրեց։

    Օրվա համերգային ծրագիրն ընդգրկում էր ուշ ռոմանտիզմից դեպի քսաներորդ դարի նոր երաժշտության ժամանակաշրջանը։ Առաջինը բեմահարթակում էին Մարիաննա Շիրինյանը (դաշնամուր) և Անդրեյ Գրիդչուկը (ալտ), ովքեր կատարեցին չեխ մեծ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկի «Հեքիաթ» ստեղծագործությունը։ Դա մի գողտրիկ երաժշտություն էր, որտեղ իրականությունը և երևակայությունը միահյուսվում են՝ ստեղծելով ռոմանտիկ մթնոլորտ։

    Հաջորդիվ կատարվեց Յոհան Բրամսի «Կլարնետի տրիո լա մինոր, օպուս 114» ստեղծագործությունը։ Չորս մասից բաղկացած այդ գործը հնչեցրին Մարիաննա Շիրինյանը (դաշնամուր), Անդրեյ Գրիդչուկը (ալտ), Միքայել Հախնազարյանը (ջութակ)։

    Համերգի երկրորդ բաժինը նվիրված էր 20-րդ դարի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկին՝ Դմիտրի Շոստակովիչին։

    Նախ հնչեց նրա «Դաշնամուրային կվինտետ սոլ մինոր, օպուս 57» ստեղծագործությունը, որ կոմպոզիտորի ամենանշանավոր կամերային գործերից մեկն է։ Բեմահարթակում էին Աննա Սարկիսովան (դաշնամուր), Հայկ Կազազյանը (ջութակ), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Անդրեյ Գրիդչուկը (ալտ), Միքայել Հախնազարյանը (թավջութակ)։

    Համերգի ավարտին հնչեց Շոստակովիչի «Օկտետը», որը վերջինս ստեղծել է ընդամենը տասնվեց տարեկանում։ Հինգ մասանի այդ ստեղծագործությունը կատարեցին Կարեն Շահգալդյանը, Հրաչյա Ավանեսյանը, Էլլի Սուն, Արման Սիմոնյանը, Անդրեյ Գրիդչուկը, Իբեն Թալմանը, Ֆրանցիսկո Վիլլան, Աստղիկ Սիրանոսյանը:

    Համերգային յոթերորդ օրը հանդիսատեսին հնարավորություն ընձեռեց ևս մեկ անգամ զգալ կամերային երաժշտության անկրկնելի ուժն ու գեղեցկությունը:

    Վահրամ Օրբելյան

  • Ամերիկյան ճարտարագիտական ընկերությունն ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

    Ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական AECOM ընկերությունն ուսումնասիրել է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (ԹՐԻՓՓ) տեղանքը։ 

    Այդ մասին հուլիսի 10-ին տեղեկացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

    «AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

    2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են համատեղ հռչակագիր։ Հռչակագրով հաստատվել է «Թրամփի ուղի» կամ TRIPP նախագիծը՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր։

  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն․ օր վեցերորդ

    Փառատոնը բնականոն հուն է մտել և շարունակում է գեղագիտական հաճույք պատճառել հանդիսատեսին։ Փառատոնի հուլիսի 9-ի օրն անցավ ջազի հնչյունների ներքո։ Նախ` ցերեկային համերգն ամբողջովին նվիրված էր «Kapan Fest» փառատոնի ջազային ֆակուլտետի նվագախմբի ելույթին (գեղարվեստական ղեկավար՝ ջազմեն, շեփորահար Տիգրան Սուչյան)։ Իսկ երեկոյան Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում «Բեկա Գոչիաշվիլի և ընկերներ» ջազային անսամբլն էր։

    Բեկա Գոչիաշվիլին վրացի ջազ դաշնակահար է, ծնվել է 1996 թ․ Թբիլիսիում։ Երիտասարդ տարիքից ցուցաբերելով բացառիկ տաղանդ՝ յուրացրել է ինչպես դասական, այնպես էլ ջազային երաժշտություն և արդեն պատանեկան տարիքում ելույթ է ունեցել միջազգային բեմերում։ 2010 թվականից բնակվում է Նյու Յորքում, որտեղ շարունակում է միջազգային ստեղծագործական գործունեությունը։

    Բեմահարթակում ջազն էր՝ տաք ու կրքոտ ռիթմերով, իմպրովիզացիաների ազատություն ապահովող հնարավորություններով, ինչն անկրկնելի մթնոլորտ էր ստեղծել դահլիճում։ Երկու ժամ շարունակ հանդիսատեսը ջազի անիմանալի հնչյունների աշխարհում էր և հերթական անգամ անկրկնելի տրամադրությամբ թողեց դահլիճը։

    Վահրամ Օրբելյան

  • Քանի օր է՝ Հայաստանում ակտիվորեն ֆաշիստական թեզ է շրջանառվում․ Ռուբեն Մելիքյան

    Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները․ սոցցանցի իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

    «Նախ, վերլուծենք այս թեզը տրամաբանության դիրքերից։ «Ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են մարդու հիմնարար իրավունքները։ Ուստի «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»։ Իսկ դա աբսուրդ է։

    Այժմ վերլուծենք այս թեզը բարոյականության դիրքերից։ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ու էական չէ, թե ո՛րն է այդ արժեքը՝ ռե՞յխը (ֆաշիզմի դեպքում), դասակարգային շահը (բոլշևիզմի դեպքում), թե՞ «ժողովրդավարությունը»։ Էականն այն է, որ ստեղծվի թշնամու կերպար, որն իբր ոտնձգում է «բարձրագույն արժեքին», ուստի պետք է ամեն գնով ոչնչացվի։ Շեշտադրվում է հենց «ամեն գնով»-ը։ Արժեքային բանաձևն էլ «նպատակն արդարացնում է միջոցն» է։ Իսկ դա հանրային բարոյականության ամեն տեսակ աղճատումների ունիվերսալ արդարացումն է, այսինքն՝ բարոյականության հակոտնյան։

    Անցնենք թեզի իրավական կողմին։ Այն օրը, երբ մեր երկրում իրավապահ համակարգը դուրս գա կախյալ վիճակից, նույն օրն այդ թեզն ակտիվորեն շրջանառողները կարող են մեղադրվել, օրինակ, սահմանադրական կարգի տապալման կոչի համար, քանի որ նրանց ասածը փաստացի նշանակում է դադարեցնել Սահմանադրության 1-ին հոդվածի գործողությունը («Հայաստանի Հանրապետությունը […] իրավական պետություն է»)՝ կեղծ հակադրություն ստեծելով նույն հոդվածում ամրագրված մեկ այլ դրույթի հետ («Հայաստանի Հանրապետությունը […] ժողովրդավարական […] պետություն է»)։

    Ուշադիր լինենք և արձանագրենք այդ ֆաշիստական թեզն ակտիվորեն շրջանառողներին։ Հուշեմ մի քանի բանալի բառեր՝ «Պուտին», «ինքնաշխանություն», «Կրեմլ», «ռսաստրուկ»»,- նշում է նա։

     

     

     

  • Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել սաուդացի գործընկերոջ՝ արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ, որի ընթացքում քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակումներից հետո տարածաշրջանային վերջին զարգացումները։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

    Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։

    Հեռախոսազրույցը Թեհրանի և տարածաշրջանի երկրների միջև շարունակական դիվանագիտական ​​շփումների մաս էր կազմում։

  • Հայաստանն ադրբեջանական մոդելով ու կամքով խեղելու քվե չունեք․ Տաթև Հայրապետյան

    Ալիևի փաստաբանի երեկվա հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ այդ փաստաբանը, որը համատեղության կարգով ՀՀ վարչապետ է, տեղը չի գտնում, չգիտի էլ՝ ինչ պետք է անի, ինչպես անի, որ Ադրբեջանի սրտով գնա։ Ասում է՝ փաստորեն էս քարտեզն էլ իրենց սրտով չէ, տեսնեմ էլ ոնց խեղեմ, իր օգտին փոխեմ, էլ ինչ անեմ․ գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

    «Այդ փաստաբանության ճանապարհին հորինվում են ամենապրիմիտիվ ու անհեթեթ «մուտիտները», թե բա սա չտանք, սա չեն տա։ Հանձնված ո՞ր հողակտորի դիմաց եք դուք բան ստացել Ադրբեջանից, ինչ տվել եք, փոխարենը դրա հազարապատիկ մեծացած ախորժակն եք ստացել։ Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց ազգային նոր նպատակն է»։ Նա չի տեսնում, որ Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունները գրեթե էլ չեն օգտագործում «Հայաստան» բառը, երբ Հայաստանի մասին են խոսում, հորինել են իրենց տված նոր անունը՝ զավթողական նկրտումներ ունեցող, ու դա են կիրառում։ Իսկ զավեշտն ու անհեթեթությունն այն է, որ Ալիևի հորինովի տերմինը, դրա ներքո դրվող քարտեզն իր մասշտաբներով ավելի մեծ է, քան «Քանդենք պետությունը» կուսակցության կողմից շարունակ փոփոխվող ՀՀ քարտեզը։

    Բացեք, փաստաբաններով կարդացեք Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հունիս ամսվա 80 հոդվածները, այդ թվում՝ պաշտոնյաների հայտարարությունները։ Չնայած՝ չէ, մի կարդացեք, դրանից հետո միգուցե ավելի ակտիվ սկսեք փաստաբանություն անել հակառակորդի օգտին, քանի որ, ոնց նայում եմ, ձեր ուղեղում գերակա են հենց ադրբեջանական խոսույթները, դուք դրանցով եք առաջնորդվում։

    Այդուհանդերձ՝ Ալիևին տված ձեր անվերջ, անթիվ խոստումների հաշիվը բավական է իմ երկրի, իմ պետության, իմ ազգային արժանապատվության հաշվին փակեք։ Ձեզ այդ քվեն չէին տվել ո՛չ 2018-ին, ո՛չ 2021-ին, ո՛չ էլ առավել ևս՝ 2026-ին, երբ հարկադրված էիք ընտրություններ կեղծել՝ իշխանություն պահելու համար։ Դուք Հայաստանն ադրբեջանական մոդելով ու կամքով խեղելու քվե չունեք»,- նշել է նա։

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

    Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։

    Հայոց Հովվապետն իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ուրախություն հայտնելով հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով և կարևորելով սփյուռքի հայորդյաց զորակցությունն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում։

    Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ թեև սփյուռքում ապրող հայորդիներն իրենց սրտերում մշտապես կրում են հայրենիքի սերը և հետևում երկրում տեղի ունեցող զարգացումներին, սակայն նման այցելությունները հնարավորություն են ընձեռում անմիջականորեն հաղորդ դառնալու իրենց հոգևոր ու ազգային ժառանգությանը, հայրենի սրբություններին, ինչպես նաև առ աչոք տեսնելու ներկա իրողություններն ու ամբողջական պատկերացում կազմելու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին՝ իրենց համայնք վերադառնալուց հետո առավել նվիրումով ծառայելու Հայոց Եկեղեցուն ու հայրենիքին, գործուն մասնակցություն բերելու ազգային-եկեղեցական կյանքին և ամուր պահելու կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։

    Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցի-իշխանություն հարաբերություններին և Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանն արդի ժամանակներում։