Category: SyunyacErkir

  • Փարաջանովյան ցուցադրություն Կապանում

    Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում հուլիսի 10-ին բացվեց Սերգեյ Փարաջանովի արվեստին նվիրված ցուցադրություն։ Թանգարանի ցուցասրահներից մեկում ներկայացված էր 45 ցուցանմուշ՝ տիկնիկներ, գլխարկներ, կոլաժներ։ Կան նկարահանված և չնկարահանված ֆիլմերի էսքիզներ, իր ստեղծած Ջոկոնդաների շարքից երկուսը, արվեստի գործեր, որոնք բանտում է ստեղծել։ Ընդհանրապես Փարաջանովը անդրադարձել է տարբեր թեմաների, և ստեղծել մնայուն արժեքներ։

    Կոլաժներից մեկը խորագիր ունի՝ «Խանդի պահին պատռած հորս դիմանկարը»։ Ինչպե՞ս է այդ կոլաժի գաղափարը ծնվել։ Փարաջանովը պատմում էր, որ հոր մահից հետո մայրը պատահաբար գտել է նամակը, որ ամուսինը սիրուհուն է ուղղել, և այդ պատկառելի տարիքում, խանդով լցված, պատառոտել է ամուսնու յուղաներկ դիմանկարը։ Այդ փաստը Փարաջանովի համար դարձել է ներշնչանքի աղբյուր՝ ևս մի գործ ստեղծելու։ Այսօր արդյունքում ունենք այդ կոլաժը։

    Ինչպես բացման խոսքում նշեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, Փարաջանովն առհասարակ իր արվեստի մասին հատուկ բացատրություններ չէր տալիս։ Ասում էր․ «Մարդիկ թող իմ գործերը տեսնեն, ընկալեն այնպես, ինչպես նրանց մտքի թռիչքն է թույլ տալիս»։ Բայց Փարաջանովի արվեստի յուրահատկություններից մեկն էլ այն էր, որ դրա միջոցով բացահայտում ենք և՛ իրեն, և՛ իր աշխարհը, և՛ այն աշխարհը, որտեղ ինքն ապրում և ստեղծագործում էր։

    Փարաջանովի թանգարանը երեք տարի է, ինչ իրականացնում է մարզային ցուցադրություններ։ Քանի որ մայրաքաղաքից հեռու լինելով, շատերը հնարավորություն չեն ունենում այցելել Երևանում գտնվող տուն-թանգարանը, այս շրջիկ ցուցադրությունը փոքրիշատե հնարավորություն է ընձեռում գոնե որոշակի պատկերացում կազմել մեծն Փարաջանովի արվեստի մասին։ Դրանից զատ՝ Փարաջանովի կյանքի առանձին դրվագների մասին անիմացիոն ֆիլմ է ստեղծվել, որը ներկայացվեց ցուցադրության բացմանը ներկա արվեստասերներին։ Ցուցադրությունը կգործի երկու ամիս։

    Վահրամ Օրբելյան

  • Հայաստանը ցույց է տալիս Ադրբեջանին, որ պատրաստ է համակերպվել իր ցանկացած քաղաքացու գերության հետ․ փո

    Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվում պահվող մեր հայրենակիցների հարցում իշխանությունների հանցավոր անգործությունը ոչ միայն հարվածում է Հայաստանի հեղինակությանը, այլև Ադրբեջանին տալիս է վստահություն, որ իր գործողությունները լուրջ հակազդեցության չեն արժանանա, ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաև միջազգային ասպարեզում:

    Հայաստանը ցույց է տալիս Ադրբեջանին, որ պատրաստ է համակերպվել իր ցանկացած քաղաքացու գերության հետ։

    Բաքվում դատվում է հայի հավաքական խիղճն ու արժանապատվությունը, ինչը դեռ երկար ժամանակ իրեն զգացնել կտա»։

    Վահագն Սարոյան

  • Քրիստոսի արձանի շինարարությունը կանգնել է

    «News.5tv.am»-ի տեղեկություններով շուրջ մեկ շաբաթ է կանգնել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու միջոցներով կառուցվող՝ Հիսուս Քրիստոսի արձանի շինար…
  • ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» ՔԿՀ-ում այցելել են Արեգնազ Մանուկյանին

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

    Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։

    Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։

    Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Այցի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

  • Թվայնացված խայտառակություն. Ժաննա Անդրեասյանի հերթական կրթական ձախողումը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ հերթական անգամ հանրությանը ներկայացրեց «բարեփոխում», որը գործնականում վերածվեց կրթական խայտառակության։

    ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել էր մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգը, որը ներկայացվում էր որպես ժամանակակից, թվայնացված եւ քաղաքացիների կյանքը հեշտացնող համակարգ։ Նախարարությունը հայտարարում էր, թե կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաները փոխկապակցվել են, դիմորդների տվյալներն ու փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, իսկ ամբողջ գործընթացը կատարվելու է միասնական թվային հարթակում։

    Թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ էր։ Սակայն իրականությունը, ինչպես արդեն բազմիցս եղել է այս իշխանությունների «բարեփոխումների» դեպքում, բոլորովին այլ պատկեր ցույց տվեց։

    Համակարգի գործարկման հենց առաջին ժամերին ծնողները բախվեցին անհավատալի իրավիճակների։ Շատերի համար պարզվեց, որ պետական տվյալների բազայում իրենց երեխաները… պարզապես գոյություն չունեն։

    «Այսօր առավոտյան ժամը 9։00-ին երեխայիս գրանցելիս բացահայտեցի, որ նման անուն–ազգանունով երեխա չունեմ, մինչդեռ 16 տարի նրան մեծացրել եմ»,- գրել է ծնողներից մեկը։

    Մյուսը նշում է. «Ես անգամ չեմ հասել երեխային նույնականացնելու փուլին։ Խնդրում եմ՝ պատասխանատուները մի փոքր հետամուտ լինեն իրենց իսկ ստեղծած ծրագրին, որպեսզի կարողանանք ժամանակին գրանցվել»։

    Սոցիալական ցանցերում դժգոհությունների ալիքը ժամերի ընթացքում դարձավ զանգվածային. «MyEmis-ով աղջկաս ՀԾՀ–ն բացեց, բայց իմ տվյալները չկան, հետո գրում է, որ 18 տարին լրացած անձանց մուտքը արգելվում է, մինչդեռ աղջիկս 14 տարեկան է», «Գրանցվելիս պարզվում է, որ այդ տարիքի երեխա չունես», «Էջը կիսատ է բացվում, մասնագիտությունը հնարավոր չէ ընտրել, փաստաթղթերը չի բեռնում»:

    «Տվյալները չեն գտնվել», «Խնդրում ենք վերստուգել տվյալները եւ փորձել կրկին»՝ այս հաղորդագրություններն էին հերթով ստանում քաղաքացիները, մինչդեռ նախարարության հրապարակած հեռախոսահամարները, նրանց խոսքով, պարզապես չէին պատասխանում։

    Խնդիրը միայն տեխնիկական չէ։ Այն նաեւ կազմակերպչական խայտառակ ձախողում է։

    ԿԳՄՍ նախարարի թիվ 29-Ն հրամանը ստորագրվել է հունիսի 25-ին, սակայն պաշտոնապես հրապարակվել է միայն հունիսի 30-ին՝ ընդունելության մեկնարկից ընդամենը տասը օր առաջ։ Այդ ընթացքում ո՛չ քաղաքացիները, ո՛չ քոլեջները, ըստ բազմաթիվ արձագանքների, չեն հասցրել պատշաճ պատրաստվել նոր համակարգին։

    Ավելին՝ ծնողները բարձրացնում են նաեւ տրամաբանական հարցեր։ Եթե հայտագրումն ավարտվում է հուլիսի 24-ին, իսկ հաջորդ օրվանից արդեն սկսվում են ընդունելության քննությունները, ինչպե՞ս պետք է վերջին օրը հայտագրված դիմորդը հասցնի տեղեկանալ քննության օրվա մասին, եթե, ինչպես հենց քոլեջներն են ասում, դրա մասին տեղեկացվում են 3-5 օր հետո։

    Դժգոհ են նաեւ հենց ուսումնական հաստատությունները։ Քոլեջների ներկայացուցիչները նշում են, որ նույնիսկ իրենք չեն կարողանում հետեւել դիմորդների գրանցման ընթացքին, քանի որ համակարգը լիարժեք չի աշխատում։

    Առանձին խնդիր է նաեւ չափահաս դիմորդների ընդունելությունը։ Համակարգը, ըստ քաղաքացիների, թույլ չի տալիս, որ 18 տարին լրացած անձը սեփական անունից դիմի քոլեջ ընդունվելու համար՝ անընդհատ պահանջելով ծնողի տվյալներ կամ հայտարարելով, որ տվյալները չեն համադրվում։

    Այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ նախարարությունը խոսում էր թվայնացման, արդյունավետության եւ գործընթացների պարզեցման մասին։ Փոխարենը քաղաքացիները ստացան չաշխատող հարթակ, անհասանելի պատասխանատուներ, աննպատակ կորցրած ժամանակ եւ լիակատար անորոշություն։

    Սա առաջին դեպքը չէ, երբ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած նախարարության հերթական «բարեփոխումը» վերածվում է տեխնիկական եւ կառավարչական ձախողման։ Սակայն այս անգամ դրա գինը վճարում են հազարավոր դիմորդներ եւ նրանց ծնողները, որոնք պարզապես ցանկանում էին ժամանակին գրանցվել քոլեջ ընդունվելու համար։

    Հարցը մնում է բաց՝ եթե նախարարությունը չէր ապահովել համակարգի լիարժեք աշխատանքը, ինչո՞ւ էր այն գործարկվում ընդունելության մեկնարկի օրը՝ քաղաքացիներին դարձնելով հերթական չստուգված փորձարկման մասնակից։

    ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

    https://iravunk.com/

  • Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում

    «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ այսօր միաժամանակյա բողոքի ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների տարածքներում՝ պահանջելով նախաքննական մարմիններից բացել կապարակնիքները և թույլ տալ վերադառնալ աշխատանքի։

    Բողոքի ակցիա են անկացնում նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցները։

    Արդեն ութերորդ օրն է, ինչ Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ փակ են։ Ծառուկյանին ձերբակալելու օրը քննչական գործողություններ են իրականացվել նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում։ Կապարանակնքվել են Ծառուկյանին պատկանող մի շարք կառույցներ։

    Աշխատակիցների խոսքով՝ իրենք գտնվում են անորոշության մեջ։ Նրանք նշում են, որ ոստիկանները նույն օրը և նույն ժամին մուտք են գործել ընկերությունների տարածքներ, ինչից հետո աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել աշխատանքի։

    «Մենք ուզում ենք գոնե իմանալ՝ մեկ օրից, տասը օրից, թե ընդհանրապես երբ է բացվելու գործարանը։ Եթե չի բացվելու, գոնե ասեն, որ մարդիկ իրենց գլխի ճարը տեսնեն»,- ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց աշխատակիցներից մեկը։

    Նրանց խոսքով՝ փակման հետևանքով բազմաթիվ ընտանիքներ մնացել են առանց եկամտի, մինչդեռ շատերն ունեն վարկային պարտավորություններ, վճարում են բնակարանի վարձավճար և կոմունալ ծառայությունների վճարներ։

    Աշխատակիցները նշել են նաև, որ եթե պատասխան չստանան, կփակեն Երևան-Սևան մայրուղին։

    «Մենք միայն ուզում ենք աշխատել։ Եթե պետական մարմինները ստուգումներ են իրականացնում, թող դա արվի այնպես, որ աշխատակիցները չտուժեն»,- ասել է աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ դիմում են նաև վարչապետին՝ խնդրելով հնարավորինս արագ կարգավորել իրավիճակը։

    Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։

  • «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. ԱՄՆ-ում դա հասկացան․ Ալիև

    «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հերթական անգամ բարձրաձայնելով իրենց նկրտումների մասին։

    «ԱՄՆ-ում հասկացան, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավի հետ։ Նրանք շատ արդյունավետ աշխատեցին՝ կարողանալով բացատրել Հայաստանին, որ Հայաստանն ինքը ունի խաղաղության կարիքը։ Իհարկե, Սպիտակ տանը պատմական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը, Հայաստանի վարչապետի և ինձ հետ միասին, ստորագրեցինք համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը», -ասել է Ալիևը։

  • Իրանը եղել է և կմնա Հորմուզի նեղուցի տերը. Արաղչի

    Թեհրանը միշտ վերահսկողություն է իրականացրել Հորմուզի նեղուցի նկատմամբ, կշարունակի կառավարել այն նաև ապագայում։ Այդմասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

    «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

    Արաղչին մեկնաբանել է նաև այս ջրային զարկերակի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անվտանգության ապահովման դիմաց 20% տուրք գանձելու մտադրության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ «Անշուշտ, 20%-ը չափազանց շատ է: Մենք արդար կլինենք»,- նշել է Իրանի արտգործնախարարը։

  • «3+3» համագործակցության ձևաչափը պետք է լուծի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը․ Ալիև

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա) համագործակցության ձևաչափը պետք է լուծի ամբողջ տարածաշրջանի խնդիրները։

    «Կարծում եմ, որ այս փուլում կարևոր է, որ սա լինի լիարժեք վեց կամ հինգ կողմանի համագործակցություն: Մենք գիտենք, որ Վրաստանը չի միացել՝ շատ հստակ օրակարգով։ Այն չպետք է լինի ևս մեկ Մինսկի խումբ, որը գործում է որպես հովանոցային խումբ և զբաղվում է Ադրբեջանին և Հայաստանին բնորոշ հարցերով։ Ո՛չ, մենք պետք է լուծենք ամբողջ տարածաշրջանի՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները», – նշել է Ալիևը։

    Նրա խոսքով՝ Բաքուն այս հայեցակարգը համարում է հիմնարար։ «Եթե մյուս մայրաքաղաքներում նույն ընկալումը լինի, ապա կարծում եմ, որ հնգակողմ հանդիպումը, գոնե արտաքին գործերի նախարարների մակարդակով, պահանջված կլինի», – ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

     

  • ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել

    Եվրամիության ԱԳ նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կհաստատեն Հայաստանի համար ԵՄ առաքելության ստեղծումը՝ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար, ինչը փաստացի նշանակում է պայքար Ռուսաստանի ազդեցության դեմ։ Համապատասխան հայտարարությունը արել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ ժամանելով ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։

    «Նախարարները կհամաձայնեցնեն Հայաստանի հետ գործընկերության համար նոր առաքելության ստեղծումը, որը կզբաղվի այնտեղ նրանց դիմակայած հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարով», – ասել է Կալլասը։

    Բրյուսելի հայտարարություններում «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար» ասելով հասկացվում է ռուսական ազդեցությանը հակազդումը։ ԵՄ նմանատիպ առաքելություններ աշխատում են Ուկրաինայում և Մոլդովայում։