Category: SyunyacErkir

  • Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

    Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվում է իրականացնել 19 միջոցառում՝ լճի էկոլոգիական հավասարակշռության բարելավման, կենսաբազմազանության պահպանության, կեղտաջրերի մաքրման, ռեկրեացիայի զարգացման և «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով։

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։

    Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի պահանջներից և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման տարեկան ու համալիր ծրագրերով սահմանված նպատակներից։

    Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի գեոքաղաքական մեծ նշանակություն՝ որպես տարածաշրջանային քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուր։ Այն նաև կարևոր դեր ունի Հայաստանի ջրային հաշվեկշռում և կլիմայական համակարգում։

    «Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Նրա պահպանությունը բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր է»,-նշված է հիմնավորման մեջ։

    Ծրագրով նախատեսված միջոցառումները հիմնված են մի քանի հիմնական սկզբունքների վրա՝ Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկելը, լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը, էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացումը, կենսաբազմազանության պահպանության գերակայությունը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների կիրառումը։

    2027 թվականի տարեկան ծրագրի շրջանակում առանձնացվել են միջոցառումներ, որոնք ուղղված են Սևանա լճի որակական և քանակական հիմնախնդիրների կարգավորմանը։ Ակնկալվում է լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանում, կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կենցաղային և շինարարական թափոնների կառավարման կատարելագործում։

    Ծրագրում ներառված է նաև Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրման միջոցառում։ Դրա շրջանակում նախատեսվում է գյուղական առափնյա համայնքներում ժամանակակից մաքրման կայանների տեղադրում։ Նշված աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակում։

    Նախագծով նախատեսվում է նաև սահմանել Սևանա լճի էկոլոգիական կայունությունը չխախտող և լճի ջրային դրական հաշվեկշիռն ապահովող ջրթողումների ու անվերադարձ ջրառումների պլանները, ինչպես նաև Սևանա լճից ջրթողումների և ջրառումների տարեկան առավելագույն չափաքանակը՝ ամսական կտրվածքով։

    Հիմնավորման համաձայն՝ ոռոգման նպատակով ջրառի պլաններն ու ընթացիկ գրաֆիկները, ջրառի և ջրբացթողումների ամսական առավելագույն չափաքանակները, ինչպես նաև ջրօգտագործման հայտերը յուրաքանչյուր տարի ձևավորվում են ջրօգտագործողների ներկայացրած հայտերի հիման վրա և պայմանավորված են եղանակային պայմաններով ու ոռոգման համակարգերի շահագործման խնդիրներով։

    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Սևանա լճի էկոհամակարգի պահպանության, վերականգնման և կայուն օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը, լճի և դրա ջրհավաք ավազանի կենսաբազմազանության պահպանությունը, ափամերձ ջրածածկ տարածքների, կենցաղային և շինարարական թափոնների կառավարման բարելավումը, ռեկրեացիայի կայուն զարգացումը և «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործումը։

    Նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա էական ազդեցություն չի ունենա։

    Հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի հուլիսի 25-ը։

     

  • Սամվել Մարտիրոսյանի «Ապրեցնող կարոտ» խորագրով անհատական ցուցահանդես

    Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

    Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ,պրոֆեսոր, քանդակագործ Սամվել Մարտիրո…

  • Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ անհամաձայնություն կա․ Euractiv

    ԵՄ երկրները կարող են համաձայնության չգալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ առանձին սահմանափակումների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով, հայտնել է Euractiv պորտալը։

    «Դեսպանները պատրաստվում են հերթական բարդ փոխզիջմանը, երբ խոսքը հասնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին», — նշվել է հրապարակման մեջ։

    Վիճահարույց հարցերից մեկը դարձել է ռուսաստանցի զինծառայողների՝ ԵՄ մուտքի արգելքը։ Բալթյան երկրների առաջարկած նախաձեռնությանը միության ոչ բոլոր պետություններն են աջակցել։ Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը հանդես են եկել սահմանափակումների մեղմացման օգտին, ինչի հետևանքով բոլոր մարտական գործողությունների մասնակիցների համար կարճաժամկետ վիզաների լիակատար արգելքի առաջարկը փոխարինվել է ավելի նեղ տարբերակով։

    Բացի այդ, ԵՄ երկրները քննարկում են սահմանափակումներ էներգետիկ ոլորտում։ Փաթեթում կարող է ներառվել ռուսական նավթի գործող գնային շեմի սառեցումը, սակայն պետությունները դեռևս չեն համաձայնեցրել նման միջոցի ժամկետները։ Բացի այդ, Հունաստանը կողմ է հանդես գալիս ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ ռուսական հեղուկացված բնական գազի փոխադրման հնարավորությունը պահպանելուն։

  • Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»

    Հուլիսի լույս 9-ի գիշերը ԱՄՆ -ը հարվածել է Իրանը Ռուսաստանին և Չինաստանին կապող երկաթուղային կամրջին։ Այդ մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը։ Կամուրջը գտնվում է Իրանի հյուսիս-արևելյան Գոլեստան նահանգի Աքքալա շրջանում՝ Թուրքմենստանի հետ սահմանային գոտում։ Ըստ տեղեկությունների, այդ երթուղով Ռուսաստանը և Չինաստանը «դեպի Իրան ռազմավարական նշանակության բեռնափոխադրումներ են կատարում»։

    Իրանի դեմ թե անցյալ տարվա, թե այս տարվա փետրվարի վերջին սկսած իսրայելա-ամերիկյան հարձակումներից ի վեր դա առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգները թիրախավորել են Իրան-Ռուսաստան հաղորդակցությունը ապահովող այդ կամուրջը։ Ընդ որում, դա տեղի է ունեցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը տարածելուց ժամեր հետո, երբ նախագահ Թրամփը, ամենայն հավանականությամբ, դեռևս Վաշինգտոնի ճանապարհին էր։

    Այդ ռազմագործողությունը կարևոր է ոչ այնքան առարկայական, որքան՝ քաղաքական նշանակությամբ․ կամուրջը կարելի է վերանորոգել, բայց ուղերձը, որ Միացյալ Նահանգները հղել է Ռուսաստանին և Չինաստանին, ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ միջազգային հարաբերություններում էական փոփոխություն չի լինի։ Հատկանշական է նաև, որ Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը, որ Անկարայում անոնսավորել է ԱՄՆ նախագահը, անցած օրվա ընթացքում այդպես էլ չի կայացել։

    Իրանը Ռուսաստանին և Չինաստանին կապող երկաթուղային կամրջի հրթիռակոծումը կարելի է գնահատել նաեւ ազդակ Ադրբեջանին, որտեղ ամիսներ առաջ հայտարարել են Արաքսի վրայով ավտոմոբիլային կամրջի բացումը Իրանի պաշտոնական ներկայացուցիչների հետ բացելու մասին։ Ապրիլի վերջին այդ նույն տեղանքում Ադրբեջանը և Ռուսաստանը անցկացրել են տնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստ։

    Բաքվի և Մոսկվայի միջև արդեն մի քանի տարի է՝ քննարկվում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի» հարցը։ Այն ենթադրում է, որ Սանկտ Պետերբուրգը երկաթուղային կապ կունենա Պարսից ծոցի հետ։ ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը այդ նախագծին մշտապես քննադատաբար է մոտեցել։ Թուրքմենստանի սահմանի մոտ իրանական երկաթուղային կամրջի հրթիռակոծումը կարող է Ադրբեջանին «ինչ-որ բան հուշել»։ Եթե առաջիկայում Աղբենդի կամրջի պաշտոնական բացում տեղի չունենա, ուրեմն Ադրբեջանը հրաժարվում է Իրան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»։

     

  • Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք

    Նովոսիբիրսկի մարզի իշխանությունները հուլիսի 8-ից տարածաշրջանում բարձր պատրաստվածության ռեժիմ են սահմանել վառելիքի պակասի պատճառով:

    Ըստ պաշտոնական հրամանագրի՝ ռազմավարական նշանակություն չունեցող ոլորտների գործատուներին խորհուրդ է տրվում աշխատակիցներին փոխադրել հեռավար աշխատանքի՝ վառելիքի սպառումը նվազեցնելու նպատակով:

    Բնակիչներին նույնպես կոչ է արվում սահմանափակել անձնական տրանսպորտով տեղաշարժը, իսկ երթևեկելու անհրաժեշտության դեպքում՝ նախապես հոգալ վառելիքի բավարար պաշարի մասին:

    Նշենք, որ դեռ հունիսի վերջից մարզի որոշ բենզալցակայաններում արդեն սահմանափակվել էր վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց, և այս սահմանափակումները կգործեն մինչև բարձր պատրաստվածության ռեժիմի պաշտոնական չեղարկումը:

  • Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա

    Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է առաջացել Ազովի երկու նավթամբարում` հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Սլյուսարը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։

    Հրդեհ է բռնկվել նաև Տագանրոգի ծովային նավահանգստում: Վիրավորների մասին տեղեկություններ չկան։

    Անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Ազովի շրջանի Կագալնիկ գյուղի վարչական շենքը, տեղական իշխանությունների տվյալներով՝ բռնկված հրդեհից տուժածներ չկան: Դրոնների թիրախում է եղել նաև Ազովի օպտիկամեխանիկական գործարանը կամ «ԴոնՏերմինալ» ՍՊԸ նավթամբարը։

    ԱԹՍ-ի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել Կրասնոդարի երկրամասի «Իլսկի» նավթավերամշակման գործարանում։

  • Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ

    65 կգ քաշային Արեն Հայրապետյանը 6:5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Բաշիր Վերդիևին և դուրս եկավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ։

    Վաղը կկայանա եզրափակիչը՝ Իվան Դիմովի (Մոլդովա) դեմ։

    tert.am

  • Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

    Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 14 վագոն պրոպան և 5 վագոն պարարտանյութ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Նախկինում նույն երթուղով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել է 1026 տոննա պրոպան, 414 տոննա անտրացիտ, 133 տոննա ալյումին, շուրջ 8000 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկացորեն և ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ։

    Բացի տարանցիկ փոխադրումներից, Ադրբեջանի տվյալներով՝ երկիրը նաև անմիջականորեն Հայաստանին է մատակարարում սեփական էներգակիրները։ Նշվում է, որ Հայաստան արտահանման քանակը եղել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5000 տոննա AI-92 և AI-95 տեսակի բենզին։

  • Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

    Մոսկվայի Կապոտնյա շրջանում, որտեղ տեղակայված է նավթավերամշակման գործարանը, հրդեհ է բռնկվել: Դեպքին նախորդել է հակաօդային պաշտպանության աշխատանքը, երբ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր հինգ անօդաչու թռչող սարքերի խոցման մասին:

    Մինչդեռ Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է գործարանի տարածքում հրդեհի փաստը՝ պնդելով, որ արտակարգ պատահարներ չեն գրանցվել:

  • Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

    Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալի, որը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել էր Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել վեց դամբարան ու աղբյուր: Այդ մասին հայտնում  է Ermenihaber-ը՝ վկայակոչելով Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղեկությունը:  

    Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։ 2026-ի հուլիսի 10-ին իրավապահ մարմինները կասկածյալին նախ բերման են ենթարկել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ապա կալանքի միջնորդությամբ վերջինիս ուղարկել են դատարան։ Այս պահին ընթանում են միջադեպի բոլոր հանգամանքները պարզելուն ուղղված աշխատանքներ: