Փառատոնի յոթերորդ օրվա ծրագիրը «Քարտ բլանշ» խորագիրն էր կրում։
Այն սկսվեց անակնկալով. ծրագրից դուրս հանդես եկավ քիչ առաջ Կապան ժամանած ֆրանսիացի ջութակահար Ժիլ Ապապը, ով հանպաստրաստից մի մեղեդի հնչեցրեց։
Օրվա համերգային ծրագիրն ընդգրկում էր ուշ ռոմանտիզմից դեպի քսաներորդ դարի նոր երաժշտության ժամանակաշրջանը։ Առաջինը բեմահարթակում էին Մարիաննա Շիրինյանը (դաշնամուր) և Անդրեյ Գրիդչուկը (ալտ), ովքեր կատարեցին չեխ մեծ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկի «Հեքիաթ» ստեղծագործությունը։ Դա մի գողտրիկ երաժշտություն էր, որտեղ իրականությունը և երևակայությունը միահյուսվում են՝ ստեղծելով ռոմանտիկ մթնոլորտ։
Հաջորդիվ կատարվեց Յոհան Բրամսի «Կլարնետի տրիո լա մինոր, օպուս 114» ստեղծագործությունը։ Չորս մասից բաղկացած այդ գործը հնչեցրին Մարիաննա Շիրինյանը (դաշնամուր), Անդրեյ Գրիդչուկը (ալտ), Միքայել Հախնազարյանը (ջութակ)։
Համերգի երկրորդ բաժինը նվիրված էր 20-րդ դարի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկին՝ Դմիտրի Շոստակովիչին։
Նախ հնչեց նրա «Դաշնամուրային կվինտետ սոլ մինոր, օպուս 57» ստեղծագործությունը, որ կոմպոզիտորի ամենանշանավոր կամերային գործերից մեկն է։ Բեմահարթակում էին Աննա Սարկիսովան (դաշնամուր), Հայկ Կազազյանը (ջութակ), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Անդրեյ Գրիդչուկը (ալտ), Միքայել Հախնազարյանը (թավջութակ)։
Համերգի ավարտին հնչեց Շոստակովիչի «Օկտետը», որը վերջինս ստեղծել է ընդամենը տասնվեց տարեկանում։ Հինգ մասանի այդ ստեղծագործությունը կատարեցին Կարեն Շահգալդյանը, Հրաչյա Ավանեսյանը, Էլլի Սուն, Արման Սիմոնյանը, Անդրեյ Գրիդչուկը, Իբեն Թալմանը, Ֆրանցիսկո Վիլլան, Աստղիկ Սիրանոսյանը:
Համերգային յոթերորդ օրը հանդիսատեսին հնարավորություն ընձեռեց ևս մեկ անգամ զգալ կամերային երաժշտության անկրկնելի ուժն ու գեղեցկությունը:
Վահրամ Օրբելյան
Leave a Reply