2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել է 12,720 տեղ, որից 2,133-ը՝ անվճար, 10,587-ը՝ վճարովի։ Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
«Բուհ է ընդունվել 9 620 մարդ, որից անվճար հիմունքներով, ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը, 1 875 հոգի, վճարովի տեղերը զբաղեցրել է 7 799 դիմորդ։ Այս մասին հուլիսի 17-ին տեղի ունեցած հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը:
Ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին՝ ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում: Իր ընդունված կամ չընդունված լինելու մասին դիմորդը կարող է տեղեկանալ նաև մուտք գործելով dimord.am-ի իր էջ: Մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն մի քանի օրից կկազմակերպի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերի համար»,-նշել է նա:
Վերջին օրերին հաճախ ենք արձանագրում դեպքեր, երբ տարբեր բջջային եղանակային հավելվածներ, հատկապես Հայաստանի լեռնային և տուրիստական գոտիների համար, կանխատեսում են անձրև, մինչդեռ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումներով տվյալ տարածքներում տեղումներ չեն սպասվում։ Այս մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Այս տարբերությունները պայմանավորված են նրանով, որ եղանակային հավելվածների մեծ մասը հիմնվում է գլոբալ կանխատեսման մոդելների վրա և չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու տեղական առանձնահատկությունները։
Հայաստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումները կազմվում են օդերևութաբանական կայանների դիտարկումների, արբանյակային դիտարկումների բարձր լուծաչափով տարածաշրջանային մոդելների, և օդերևութաբանների մասնագիտական վերլուծության հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ կանխատեսել սպասվող եղանակային պայմանները։
Եթե ծրագրում եք այցելել հանգստի վայրեր, լեռնային կամ զբոսաշրջային գոտիներ, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով։
Կանխատեսումներին կարող եք հետևել ArmHydromet բջջային հավելվածում, ինչպես նաև պաշտոնական կայքում՝ meteomonitoring.am»,- ասված է գրառման մեջ:
Հուլիսի 17-ին նշվում է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը, որը ևս մեկ առիթ է արժևորելու ոլորտի յուրաքանչյուր աշխատակցի ներդրումն ու նվիրումը։ Օրվա առթիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում մեծարվել և պարգևատրվել են աչքի ընկած հանքագործները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին։
Հանդիպումը կայացել է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների շրջանակում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ որպես COP17-ի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, ներգրավված է համաժողովի կազմակերպման գործընթացում՝ համակարգելով և ապահովելով, որ միջոցառման շրջանակում պատշաճ ներկայացված լինեն տեխնոլոգիական նորարարությունները, կիրառական գիտական լուծումները և ոլորտի զարգացման ներուժը։
Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերին, տեղեկատվություն փոխանակել առաջնահերթությունների, հարակից միջոցառումների, ազգային տաղավարի տեխնոլոգիական ձևաչափի, ինչպես նաև համագործակցության և համաձայնեցված գործողությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համաժողովի օրերին պատվիրակությունների համար կապի և հեռահաղորդակցության անխափան աշխատանքի, թվային ենթակառուցվածքների պատրաստվածության և անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների ապահովման հարցերին։
Գևորգ Մանթաշյանը նշել է, որ COP17-ը Հայաստանի համար կարևոր հնարավորություն է ոչ միայն բարձր մակարդակով միջազգային միջոցառում կազմակերպելու, այլև երկրի տեխնոլոգիական և նորարարական ներուժը միջազգային գործընկերներին ներկայացնելու, ինչպես նաև կիրառական գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ու ներդրումների գրավչության նոր հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից։
Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համատեղ աշխատանքի հետագա քայլերը, նախանշել ժամկետներ և պայմանավորվել շարունակել համակարգված համագործակցությունը՝ համաժողովի կազմակերպման և բովանդակային պատրաստության աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով։
«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան։ Նշվում է, որ սա ժամանակավոր միջոցառում է:
«Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Թուրքիայից Ռուսաստան ներմուծվող կորիզավոր մրգերի խմբաքանակներում պարբերաբար հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասակար տարրեր»,- ասված է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով մերժվել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Ըստ այդմ՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չէր փոխարինվել։
«Փաստինֆո»-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշումը բողոքարկվել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։
Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
ԵՄ երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար անհրաժեշտ է՝ ձկնամթերք արտադրողները, ձկնաբուծական ընկերությունները գրանցված լինեն ԵՄ առևտրի և փորձագիտական համակարգում՝ TRACES-ում: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
«TRACES-ում գրանցվելու համար անհրաժեշտ է, որ տնտեսվարողները դիմում ներկայացնեն ՀՀ ՍԱՏՄ: Դիմում կարող է ներկայացվել և՛ փաստաթղթային տարբերակով, և՛ էլեկտրոնային եղանակով»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։
Կարգի համաձայն՝ տնտեսվարողների դիմումները կուսումնասիրվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո տնտեսվարողի մոտ ստուգում կիրականացվի, ապա տեսուչը տեղեկանք կկազմի պահանջներին համապատասխանության վերաբերյալ: Եթե խնդիրներ չարձանագրվեն, կազմակերպությունը կգրանցվի TRACES համակարգում։
Սպասված Հանդիպում թավջութակահար, «Կապան ֆեսթ» երաժշտական փառատոնի հիմնադիր, կազմակերպիչ Սևակ Ավանեսյանի հետ Մի քանի տարի հետո կուզենայի Կապան ֆեսթով զբաղվող նվիրյալներ տեսնել, դա արդեն երազանք է…
Կապանի միջազգային երաժշտական փառատոնը 11 օր շարունակ հանդիսատեսին մատուցեց որակյալ երաժշտություն։ Վարպետության դասեր, անդադար փորձեր՝ Սյունիքի հարավը մշակույթի կենտրոն դարձնելու համար։ Ֆեստի եզրափակիչ ակորդը վիեննական պարահանդեսն էր։ Այդ օրերի մասին ամփոփիչ տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը առանց մեկնաբանության։
ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Հարգելի՛ գործընկերներ, համակարգի վետերաններ,
Շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։
Մեր երկրի սեյսմիկ առանձնահատկությունները թելադրում են շարունակաբար զարգացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտի կարողությունները՝ համադրելով տարիների փորձն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ՝ ընդգծելով աղետների ռիսկի կառավարման, գիտական ներուժի և մասնագիտական պատրաստվածության առանցքային նշանակությունը։
Այսօր մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը՝ զարգացնելու կարողությունները, ամրապնդելու սեյսմիկ մշտադիտարկման հնարավորությունները, բարձրացնելու համայնքների պատրաստվածությունն ու ձևավորելու առավել անվտանգ միջավայր։
Այս համակարգի գործունեության կարևոր չափանիշը սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումն է՝ հանրության անվտանգության ապահովման տեսանկյունից, իսկ դրա ամենահուսալի երաշխիքը՝ մասնագիտական պատրաստվածությամբ և պատասխանատվության բարձր զգացումով մասնագետների աշխատանքը։
Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն ձեր բարեխիղճ ծառայության ու նվիրումի համար։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում»։