Գորիսի քաղաքապետին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է

Written by

in

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով մերժվել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Ըստ այդմ՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չէր փոխարինվել։

«Փաստինֆո»-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշումը բողոքարկվել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։

Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *