Category: MegaNews

  • Երևանի խաղահրապարակում հայտնաբերված նորածին աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ

    Այսօր՝ օգոստոսի 10-ին, առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։

    Մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում նորածին աղջկան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, կապել են պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», ժողովրդին ավելի հայտնի Ռազմիկ Աբրահամյանին ծննդատուն, որտեղ էլ բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մոր ինքնությունը։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումն ավարտվել է

    Ազգային ժողովն օգոստոսի 10-ին շարունակել է ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը։

    Ընդդիմադիր ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

    Պատգամավորները շարունակել են ելույթներ ունենալ հարցի շրջանակում։

    ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Ներքաղաքական որոշ հարցերի անդրադառնալուց հետո Աննա Գրիգորյանն ընդգծել է Արամ Վարդևանյանի մարդկային և մասնագիտական բարձր որակները։ Նա տեղեկացրել է՝ «Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը։

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության դիրորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա նույնպես անդրադարձել է թեկնածուի մասնագիտական բարձր որակին և աշխատանքային գործունեությանը, խոսել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության նպատակներից։

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի որոշում»,- ասել է խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ խմբակցությունը բավարար թվով ձայներ կտա թեկնածուին։

    Եզրափակիչ ելույթում Արամ Վարդևանյանն անդրադարձել է գործընկերների ելույթներին, շնորհակալություն հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու, իսկ «Հայաստան» խմբակցությանը՝ աջակցության համար։ Նա նաև ներկայացրել է իր աշխատանքային ուղին։

    Գաղտնի քվեարկության կարգը ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

  • «Օրենքի ուժը պետք է արտահայտվի իրավունքի գերակայությամբ, ոչ թե շոուներով». Փաստաբան Սոսե Չանդոյան

    Փաստաբան Սոսե Չանդոյանը գդում է. 

    Իրավապահ մարմինների կողմից Արգամ Աբրահամյանի նկատմամբ իրականացված կոշտ ձերբակալման ձևաչափը խիստ անընդունելի է և անհամատեղելի իրավական պետության հասկացության և առհասարակ կառուցակարգերի հետ։

    Արգամ Աբրահամյանը հանրային ու պետական կառավարման ոլորտում երկար տարիների փորձ ունեցող նախկին պաշտոնյա է, Արտաշատի նախկին քաղաքապետ և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ով իր գործունեությամբ հանրության կողմից ճանաչվել է որպես կրթված, գրագետ, զուսպ, հավասարակշռված և հանրային պատասխանատվություն ստանձնած գործիչ, մարդ, ում հասարակ գյուղացին անգամ իրոք սիրում ու ընդունում է:

     

    Անկախ նախաձեռնված քրեական վարույթի հանգամանքներից կամ իրավական գործընթացից՝ անձի նկատմամբ ուժի կիրառումը պետք է լինի բացառապես անհրաժեշտ, հիմնավորված և համաչափ։

    Եթե անձը չի ցուցաբերում դիմադրություն կամ չի ներկայացնում անմիջական վտանգ, նրան գետնին պառկեցնելու և նման կոշտ եղանակով ձերբակալելու անհրաժեշտությունն ու տվայլ գործողությունը  հատուկ ընտրված երաժշտությամբ տեսանյութի տեսքով հանրայնացնելն առնվազն լուրջ հարցեր է առաջացնում՝ հիմնավորելով քաղաքական հրահանգը:

    Իրավապահ մարմինների գործառույթը օրենքը պահպանելն է, ոչ թե շրջանցելը և շոուներկայացումներ կազմակերպելը:

    Օրենքի ուժը պետք է արտահայտվի իրավունքի գերակայությամբ, ոչ թե ուժի ցուցադրմամբ:

  • «Հրապարակ». Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ

    «Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վրեժն ու ատելությունն այնքան մեծ է, որ անգամ նրա համախոհների նկատմամբ է որս սկսվել։

    Մեզ ասացին, որ Ծառուկյանի կալանավորումից հետո իրավապահներն արդեն հետաքրքրվում են նրան աջակցություն հայտնող, ակցիաների մասնակցող շարքային քաղաքացիներով։ Այցելում են նրանց կամ կանչում բաժիններ, փորձում վախները բռնել, հետ պահել աջակցության ակցիաներին մասնակցելուց։

    Մեզ այս մասին պատմող քաղաքացին եւս վախեցավ անունն ասել, պատմեց, որ իրեն էլ են իրավապահները կանչել, հետաքրքրվել՝ ինչու, ինչ նկատառումներով է մասնակցում բողոքի ակցիաներին։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

     

  • Մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում․ Փաշինյանի ուղերձն օգոստոսի 8-ի առիթով

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել օգոստոսի 8-ի առիթով:

    «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

    Մեկ տարի առաջ այս օրը` 2025 թվականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։

    Հիմա արդեն օգոստոսի 8-ի հանդիպումն անվանում ենք Խաղաղության գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ եւ Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որ որպես վկա ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահը, Խաղաղության հռչակագիր։ Այս անվանումները լիարժեք արտահայտում են այն արդյունքը, որ բերեց 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը տեսանելի եւ զգալի է բոլորին։

    2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլեւ տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։

    2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը։

    Բայց ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել-չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից։

    Հենց սրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի մեծագույն քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական արդյունքը․ մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում։ Սա չի նշանակում, թե ճանապարհը կատարյալ է եւ առանց վտանգների, սա նշանակում է, որ մեր որոշումներն են մեր հետագա ճակատագիրը կանխորոշող առաջնային գործոնը, ու սա պատմական շրջադարձ է։

    Նախորդող շրջանը եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները գալիս են համոզելու՝ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք՝ որպես պետություն եւ ժողովուրդ, տե՛ր կանգնել մեր ճակատագրին, եւ սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ։

    Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի կարեւորագույն արդյունքներից է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլեւ օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIPP նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։

    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

    Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, եւ այն ահա ձեր աչքի առջեւ է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որեւէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաեւ մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է, եւ դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն։

    Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, եւ այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։

    Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք, եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որեւէ խոսույթ։

    Ես նախագահ Թրամփին շնորհակալություն եմ հայտնում այս խաղաղության հաստատման գործում իր ներդրած անուրանալի ջանքի համար։

    Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թե բորբոքում է մեզ։

    Եւ թող խաղաղությամբ ննջեն հակամարտության բոլոր զոհերը։ Այլեւս երբեք։

    Կեցցե՛ խաղաղությունը»։

  • Ձեր համեմատ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը «փոքրիկ ձկներ են», դուք ՔՊ-ի «ծովահրեշն եք»

    Ձեր համեմատ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը «փոքրիկ ձկներ են», դուք ՔՊ-ի «ծովահրեշն եք»

  • Իրապես խայտառակություն էր, որ Վեհափառի օրհնությունը չհնչեց ԱԺ-ի առաջին նիստին. Վարդևանյան

    Իրապես խայտառակություն էր, որ Վեհափառի օրհնությունը չհնչեց ԱԺ-ի առաջին նիստին. Վարդևանյան

  • Ռուբինյանից առաջարկ եմ ստացել, կգլխավորեմ ԱԺ աշխատակազմը. Դավիթ Համբարյան

    Ռուբինյանից առաջարկ եմ ստացել, կգլխավորեմ ԱԺ աշխատակազմը. Դավիթ Համբարյան

  • Մարզպետից պատգամավոր դարձած ՔՊ-ականը պնդում է, որ «Կաթողիկոս չունենք, եթե ունենայինք, ԱԺ կգար»

    Մարզպետից պատգամավոր դարձած ՔՊ-ականը պնդում է, որ «Կաթողիկոս չունենք, եթե ունենայինք, ԱԺ կգար»

  • Երբ ձեր հայրը նախագահ էր, 2008-ին հորս հրավիրեցին ԱԱԾ, գնաց, երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին

    Երբ ձեր հայրը նախագահ էր, 2008-ին հորս հրավիրեցին ԱԱԾ, գնաց, երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին