Category: MegaNews

  • Կադրային փոփոխություններ Երևանում. Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարը կտեղափոխվի՞ գործադիր

    Վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, որ Երևանի վարչական շրջաններում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ։ «Մեգանյուզ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս փոփոխությունները կանդրադառնան նաև Շենգավիթին. վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կշարունակի գործադիր իշխանության համակարգում։

    Եթե այս տեղեկությունները պաշտոնապես հաստատվեն, կարելի է արձանագրել, որ Շենգավիթը հրաժեշտ է տալիս մի ղեկավարի, ում հաջողվեց ընդամենը ամիսների ընթացքում փոխել աշխատանքի ոճն ու համայնքային կառավարման մշակույթը։ Թեև Տիգրան Գաբրիելյանի պաշտոնավարման ժամանակահատվածը կարճ էր, այն բավարար եղավ փաստելու, որ նրա գործունեությունը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ իրականացված ծրագրերով։

    Արդյունքներ՝ կարճ ժամկետներում

    Գաբրիելյանի աշխատանքի առանցքում սկզբից ևեթ եղել են բնակիչների հետ անմիջական շփումը, խնդիրներին արագ արձագանքելն ու աշխատակազմում միասնական թիմային մթնոլորտի ձևավորումը։ Այս ամիսներին Շենգավիթում կյանքի կոչվեցին մի շարք բարեկարգման և ենթակառուցվածքային ծրագրեր, լուծում ստացան տարիներով կուտակված խնդիրներ, որոնցից թերևս ամենանշանակալին ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր մանկապարտեզի շահագործումն էր։ Այս ամենը ցույց տվեց, որ համակարգված մոտեցման դեպքում նույնիսկ սեղմ ժամկետներում հնարավոր է տեսանելի արդյունքներ արձանագրել։

    Սակայն գլխավոր ձեռքբերումը միայն կառուցված շենքերն ու իրականացված ծրագրերը չէին. Տիգրան Գաբրիելյանին հաջողվեց ձևավորել փոխադարձ վստահության մթնոլորտ՝ թե՛ աշխատակազմում, թե՛ համայնքում։

    Շենգավիթցիների գնահատմամբ՝ նա դարձավ հասանելի ու բաց ղեկավար, ով նախընտրում էր խնդիրներին ծանոթանալ և լուծումներ տալ տեղում՝ անմիջապես հասցեատիրոջ հետ աշխատելով, այլ ոչ թե միայն կաբինետային կառավարմամբ։

    Նոր պատասխանատվություն և մարտահրավերներ

    Եթե գործադիր իշխանություն տեղափոխվելու որոշումն իրականություն դառնա, ապա Գաբրիելյանի համար սա կարելի է դիտարկել որպես նոր պատասխանատվության փուլ։ Պետական կառավարման համակարգում մշտապես պահանջված են այնպիսի կադրեր, ովքեր ունակ են արդյունավետ թիմ ձևավորել, արագ կողմնորոշվել ճգնաժամային իրավիճակներում և անձնական պատասխանատվություն ստանձնել ընդունվող որոշումների համար։ Հետևաբար, համայնքում կուտակած փորձն ու կառավարման կիրառված մոդելը կարող են օգտակար լինել արդեն պետական՝ ավելի լայն մակարդակի խնդիրների լուծման գործում։

    Անշուշտ, վարչական շրջանի համար նման փոփոխությունը հեշտ չի լինի։ Ցանկացած նոր ղեկավար համակարգ է բերում սեփական ձեռագիրն ու մոտեցումները, և ժամանակը ցույց կտա, թե ով կստանձնի այդ պատասխանատվությունը և ինչ հունով կընթանա Շենգավիթի զարգացման հաջորդ փուլը։

    Քանի դեռ պաշտոնական հայտարարություններ չկան, արձանագրենք մեկ փաստ. Տիգրան Գաբրիելյանը հասցրեց սեփական հետքը թողնել Շենգավիթում և իր աշխատանքով արժանանալ բնակիչների վստահությանը։ Իսկ դա հաճախ ղեկավարի գործունեության ամենաօբյեկտիվ գնահատականն է։

    «Մեգանյուզ»-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի հետ՝ շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Աշխատակազմից մեզ հայտնեցին, որ նա այս պահին գտնվում է խորհրդակցության, ինչի պատճառով արձագանք ստանալ չհաջողվեց։ Պաշտոնական պարզաբանումներ կամ համապատասխան որոշումներ հրապարակվելուն պես կներկայացնենք նոր մանրամասներ։

     

  • Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկու օր է՝ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, ծաղրում են, թե ինչպես «Ուժեղ Հայաստանի» 199 հոգանոց ցուցակը նոսրացավ, եւ ԿԸՀ-ին բացարկին ներկայացրին 105 հոգի։ Դրանից առաջ եւս մեկ անձ էր դիմում ներկայացրել, եւ ցուցակում այժմ մնացել է 93 անուն:

    ՔՊ-ական մեր աղբյուրները տեղեկացրին, որ չնայած իրենց ցուցակում նման մասշտաբների ինքնաբացարկներ չկան, սակայն դա չի նշանակում, որ նախընտրական ցուցակում ընդգրկվածներից ում հերթը հասավ, խորհրդարան է մտնելու կամ պաշտոն է ստանալու։

    Դիցուք, մարզպետների գրեթե մեծ մասը, որ արդեն մի քանի տարի է՝ պաշտոնավարում է, ցանկություն ունի մտնել ԱԺ, որ առնվազն եւս հինգ տարով լուծեն իրենց աշխատանքի հարցը, մանավանդ՝ 2028-ին մարզպետների ինստիտուտը լուծարվում է:

    Սակայն պարզվում է՝ միայն Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու։ Երեկ արդեն Վաղարշակ Հակոբյանն ինքնաբացարկ հայտնեց։ Հետո էլ են հնարավոր փոփոխություններ, ասենք` մի քանի ամիս հետո: Նորերի համար այս ամիսները նաեւ փորձաշրջան կլինեն, եւ Փաշինյանն ընթացքում կորոշի, թե ում պահել խորհրդարանում, ում տանել գործադիր։ Տոտալիտար երկրներում նման հարցերը միանձնյա են լուծվում:

  • «Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ կկալանավորեին». Ռոբերտ Քոչարյան

    Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձավ վերջին ամիսներին Փաշինյանի կողմից կիրառվող «սատկացնելու եմ» և այլ արտահայտություններին, դատավոր Սարգիս Պետրոսյանը միջամտեց. «Քաղաքական հայտարարություններ մի՛ արեք»: Քոչարյանն արձագանքեց. «Շատ կներեք, քաղաքական չէ, ինձ է վերաբերվում, իմ մասին է»: «Ձեզ է վերաբերվում, հանցանքի մասին հաղորդում ներկայացրեք»,- ասաց դատավորը: Քոչարյանը շարունակեց. «Եթե ես նման բան ասեի, հաջորդ օրն ինձ չէին կալանավորի՞: Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաստատ հաջորդ օրն ինձ կկալանավորեին»:

  • Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ

    ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Հայր և որդի Գալստյաններ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Քարակերտ, 5 հարկերի փող., թիվ 3)։

     

    ՇՎՏՄ-ից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

     

    Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

     

    Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

  • Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

    2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    «Դրանք են՝

    1.   2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    2.   3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    3.   բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    4.   ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    5.   ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    6.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

    7. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    8.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    9. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

    10.  2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձ, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    11. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    12.   2 դրվագ ընտրակաշառք տալու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    13.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք տալու ու ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    14.  8 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձի համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի 5 դրվագ ընտրակաշառք տալու և 1 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    15. բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    16.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    17.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    18.  ընտրակաշառք տալու և հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    19.  2 դրվագ ընտրակաշառք տալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    20.   ընտրակաշառք տալուն օժանդակելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    21. ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրվող 1 անձ, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    22.  3 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    23.  6 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 6 դրվագ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    24.  բարեգործության արգելքը խախտելու, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, բարեգործության արգելքը խախտելուն օժանդակելու համար մեղադրվող 2 անձի, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    25.  2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    26.   ընտրակաշառք տալու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    27.  2 դրվագ ընտրակաշառք տալու, բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 1 անձի, բարեգործության արգելքը խախտելուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    28.    ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    29.  ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    30.  ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    31.  16 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 14 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    32. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    33.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    34. ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու փորձի, 2 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու փորձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    35. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    36. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    37.  ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    38.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    39.   ընտրակաշառք տալու փորձի, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    40. բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    41.  ընտրակաշառք ստանալու փորձի համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    42. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

    43. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

    Մասնավորապես՝

    1. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
    2. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։
    3. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, երկու այլ անձանց հետ, խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին՝ սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ՝ քվեների դիմաց։
    4. «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, փաստացի իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք՝ իր կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ինչպես նաև, խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը, 200 հազար դրամ է փոխանցել մեկ քաղաքացու:
    5. «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, երկու անձի շահագրգռել է մասնակցել 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:
    6. «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի ղեկավարը, գրասենյակի պատասխանատուի հետ, երեք անձանց օժանդակությամբ, Արարատի մարզի 9 ընտրողի գումարի տեսքով առաջարկել և տվել են ընտրակաշառք:
    7. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար անձը նույն կուսակցության աջակցից գումարի տեսքով ստացել է ընտրակաշառք:
    8. «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, կնոջ հետ միասին, որպես ընտրակաշառք, խոստացել է հոգալ Սյունիքի մարզի բնակչի աչքերի վիրահատության գումարը:
    9. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցը Ստեփանավան քաղաքի բնակչին խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք:
    10. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատասխանատուն վարչական շրջանի բնակիչներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
    11. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
    12. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մասնաճյուղի պատասխանատուն, ներկայացուցիչների հետ նույն համայնքի բնակիչներին գումարի տեսքով տվել են ընտրակաշառք:
    13. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
    14.  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուն նույն համայնքի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
    15. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները խախտել են բարեգործության արգելքը՝ Գյումրու բնակչին տունը վերանորոգելու համար տվել են շինանյութ:
    16. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Սեբաստիա փողոցում գտվող նախընտրական շտաբի ղեկավարն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
    17. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աշխատանքները համակարգողը նույն համայնքի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
    18. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակիցն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
    19. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատասխանատուն, այլ անձանց հետ, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք, ինչպես նաև փորձել է խոչընդոտել անձի ազատ ընտրելու իրավունքի իրականացմանը:
    20.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցն օժանդակել է ընտրակաշառք տալուն և անձամբ ստացել է:
    21. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Ջերմուկ համայնքի պատասխանատուն, այլ անձանց հետ, ընտրողներին տվել է ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել է անձի ազատ ընտրական իրավունքի իրականացմանը:
    22. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, այլ անձանց հետ, ընտրողներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
    23. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք անդամները Լոռու մարզի Ալավերդի համայնքի բնակիչներին խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
    24. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից Լոռու մարզի Տաշիր քաղաքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ բարեգործության անվան տակ, անհատույց՝ հոգացել են վերջինների բնակարանի վարձավճարները:
    25. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները գումարի տեսքով խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
    26. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի Վեդի համայնքի տարածքային պատասխանատուն ընտրողներին խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք տալ:
    27. Ալավերդի համայնքի տարբեր բնակավայրերում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակների պատասխանատուն ընտրակաշառք տալու շուրջ նույն կուսակցության այլ անդամների հետ նախնական համաձայնությամբ Ալավերդի և Լոռի Բերդ համայնքների տարբեր բնակավայրերի մի խումբ ընտրողների մասնակցությունն ապահովելու և կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է տվել, ինչպես նաև խախտել բարեգործության արգելքը:
    28. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները Գյումրի համայնքի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք, իսկ ոմանց խոստացել դրանք տրամադրել փուլային տարբերակով:
    29. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անունից հանդես եկող անձը Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչներին ընտրակաշառք է տվել:
    30. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գործող գրասենյակի համակարգողը, բարեգործության անվան տակ, անհատույց պայմանով խոստացել և տվել է ընտրակաշառք:
    31. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները, նույն կուսակցության աջակիցների օժանդակությամբ, Լոռու մարզի բնակիչներին գումարի տեսքով տվել են ընտրակաշառք:
    32. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցն ընտրակաշառք է առաջարկել ընտրողին, ինչպես նաև խոստացել հոգալ վերջինիս ՌԴ-Հայաստան և հակառակ ուղղություններով ավիատոմսերի ծախսերը, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է:
    33. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրը կուսակցության պատասխանատու անձանց հետ ընտրողին առաջարկել է ընտրակաշառք, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է։
    34. «Հայաստան» դաշինքի համակիրը, ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ընտրողին առաջարկել է ընտրակաշառք։
    35. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցը ընտրակաշառք է առաջարկել ընտրողին, ինչպես նաև խոստացել հոգալ վերջինիս ՌԴ-Հայաստան և հակառակ ուղղություններով ավիատոմսերի ծախսերը, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է:
    36. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գորիսի տարածքային գրասենյակի ղեկավարն ընտրողներին որպես ընտրակաշառք առաջարկել է վճարել աչքերի վիրահատության համար նախատեսված գումարը։
    37. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքային շտաբի ներկայացուցիչը ընտրողին խոստացել է մարել վերջինիս կողմից բարձր տոկոսով վերցված վարկային պարտավորությունները:
    38. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք խոշորացված համայնքներում գործող գրասենյակի համակարգողները ընտրողներին ընտրակաշառք են տվել:
    39. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում գործող գրասենյակների համակարգողները ընտրողներին առաջարկել են ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
    40. «Հայաստան» դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
    41. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները գումարի տեսքով խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
    42. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրների կողմից Վանաձոր քաղաքի մի շարք քաղաքացիների խոստացել են գումարի տեսքով տալ ընտրակաշառք՝ ձևակերպելով որպես աշխատավարձ:
    43. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակիցների կողմից ընտրողին խոստացել են գումարի տեսքով տալ ընտրակաշառք, որը վերջինս ընդունել է»,- ասվում է հաղորդագրությունում:

     Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է

    Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը` 79 կգ քաշային Հարություն Ավետիսյանը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

    Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող պատանիների աշխարհի առաջնության այս քաշային կարգում Հարություն Ավետիսյանը պոկել է 135 կգ և հրել 166 կգ: Երկամարտի 301 կգ արդյունքով` Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է:

  • ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը

    Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվող տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից մեկի՝ WSIS Forum 2026-ի շրջանակում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է տարբեր երկրների կարգավորող մարմինների ղեկավարների մասնակցությամբ կայացած կլոր սեղանին։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

    Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղություններին, թվային ենթակառուցվածքների ընդլայնման առաջնահերթություններին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին և մարտահրավերներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության կիրառման ազդեցությանը և արագ փոփոխվող տեխնոլոգիական միջավայրին համապատասխան՝ կարգավորման նոր մոտեցումների ձևավորման անհրաժեշտությանը։

    ՀԾԿՀ-ի մասնակցությունը նման միջազգային միջոցառումներին ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի ներգրավվածությունը թվային օրակարգի ձևավորման և միջազգային համագործակցության զարգացման գործընթացներում։

    Ֆորումի շրջանակում Մեսրոպ Մեսրոպյանը հանդես է եկել նաև Leaders TalkX բարձր մակարդակի պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում իրականացված բարեփոխումները, գրանցված արդյունքներն ու զարգացման առաջիկա ուղղությունները։

    WSIS Forum 2026-ը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից մեկն է, որն անցկացվում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Ֆորումը համախմբում է պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային զարգացման, նորարարության և կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող առանցքային հարցերը։

  • Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է, որ նոր խոսնակը պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ։

    Այս փուլում արդեն քննարկվում են 3-4 թեկնածուների անուններ, սակայն Փաշինյանը վերջնական որոշում դեռևս չի կայացրել։

    Ըստ կառավարական աղբյուրների՝ վարչապետին ներկայացվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի երեք ներկայացուցիչների թեկնածությունները։ Խոսքը վերաբերում է ՔՊ երիտասարդական կառույցի անդամներ Էլինա Իշխանյանին, Մելանյա Հարությունյանին և Սյուզաննա Սայադյանին։

    Երեք թեկնածուներն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավներին՝ հայտնի «16 երգի» ներքո կազմակերպված ելույթների ընթացքում։

    Հավելենք, որ վարչապետի գործող մամուլի խոսնակ Նազելի Բաղդասրյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը և կրկին տեղափոխվել օրենսդիր՝ շարունակելով իր գործունեությունն Ազգային ժողովում։

  • Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

    Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները պատրաստ են անհրաժեշտության դեպքում դարձյալ հարվածել Իրանին՝ սպառնալիքները վերացնելու նպատակով։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։

    «Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Իրանում արշավի վերսկսմանը։ Եթե հարվածները շարունակելու անհրաժեշտություն առաջանա, ապա կշարունակենք և կհարվածենք ավելի մեծ ուժով»,- հայտարարել է Կացը։

    Նախորդ երկու գիշերների ընթացքում Միացյալ Նահանգները դարձյալ հարվածել են Իրանին, որն ի պատասխան գրոհել է Քաթարի, Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի տարածքներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։

  • Մբապեի գոլային շարքը շարունակվում է․ Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

    Այսօր մեկնարկեց ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը։ Բոստոնում հանդիպեցին Ֆրանսիայի ու Մարոկկոյի հավաքականները։

    Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների։ Գոլերի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն ու Ուսման Դեմբելեն։ Առաջին խաղակեսում Յասին Բունուն “որսաց” Մբապեի հարվածը 11 մետրանոցից։

    Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։

    Կիսաեզրափակիչում Դիդյե Դեշամի թիմը կհանդիպի Իսպանիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։

    Քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումներում Անգլիան կմրցի Նորվեգիայի հետ, իսկ Արգենտինան՝ Շվեյցարիայի։

    Մբապեի ռեկորդները

    Կիլիան Մբապեն դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն անցկացրել է Աշխարհի առաջնության 20 հանդիպում։ Ֆրանսիացի հարձակվողը մեկնարկային կազմում էր Մարոկկոյի դեմ հանդիպմանը։ Սա Մբապեի 20-րդ հանդիպումն էր մրցաշարում. 27 տարեկան և 201 օրական հասակում նա ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը հասել է այս նշաձողին։

    Ավելին, Մբապեն Դիդիե Դեշամի գլխավորությամբ մասնակցել է Աշխարհի առաջնության բոլոր 20 հանդիպումների, ինչը ևս ռեկորդ է՝ մեկ մարզչի գլխավորությամբ այդքան հանդիպում անցկացրած ֆուտբոլիստի համար։

    Մբապեն թարմացրեց Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում գոլերի ռեկորդը, որը պատկանում է հենց Կիլիանին։ Այսօրվա գոլը Մբապեի համար 12-րդն էր Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում։ Նա այս ցուցանիշով առաջատարն է՝ գերազանցելով բրազիլացի Ռոնալդոյին և Լեոնիդասին, որոնք փլեյ-օֆֆ խաղերում խփել են ութական գոլ։

    Armsport