Ազատ լուրեր․04․08․26/15․30/
Category: FreeNews
-
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձերդ Գերազանցությանը ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։
Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար՝ օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում։
Ձերդ Գերազանցության անցյալ տարվա սեպտեմբերին Ճապոնիա կատարած այցը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունների խորացման համար։
Հաջորդ տարի լրանում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, և ես անհամբեր սպասում եմ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և զարգացմանը՝ Ձերդ Գերազանցության հետ սերտ համագործակցության շրջանակներում։
Անկեղծորեն մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հետագա հաջողություններ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության բարգավաճում»։
-
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
Շարունակվում են ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները։
Նիստը վարողի իրավունքով ելույթ ունեցավ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող հայտարարություններին։
Ռուբինյանի խոսքով՝ պատգամավորը խոսում էր այնպիսի իրադարձությունների մասին, որոնց մասնակիցներից շատերը ներկա են եղել նիստերի դահլիճում։
«Պարո՛ն Քոչարյան, ես միշտ ինձ մի փոքր վատ եմ զգում ձեր ներկայությամբ կամ ձեզ հետ հեռակա զրուցելիս՝ ձեր հոր մասին խոսելիս, որովհետև աշխարհի ամենահաճելի բանը չէ որդուն ասել՝ գիտես, ես համարում եմ, որ քո հայրը վատ քաղաքական գործիչ է կամ վատ մարդ։ Բայց ես ստիպված եմ դա անել բացառապես այն պատճառով, որ դուք պատգամավոր եք, քաղաքական գործիչ եք և այստեղ եք»,- ասաց Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին։
Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանը խոսում է Մարտի 1-ի մասին՝ ակնկալելով, որ այդ օրերը չապրած երիտասարդները կհավատան իր ներկայացրած տարբերակին։
«Ես չեմ բացառում, որ դուք, այն ժամանակ լինելով երիտասարդ և ձեր հոր որդին, իրականությունը լավ չեք տեսել, կամ ձեր տանը միայն Հ1-ն էր միացված, և դուք հավատացել եք այն ամենին, ինչ ցույց էին տալիս։ Իշխանությունն այդպիսի հատկություն ունի՝ մարդուն իրականությունից կտրելու»,- նշեց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններին։
Ռուբինյանի խոսքով՝ այդ առավոտ մարդիկ քնած են եղել։
«Միակ բանը, որ արել են, քնելն է եղել։ Հատուկջոկատայինները եկել են և սկսել են դուբինկաներով ծեծել մարդկանց։ Մարդիկ փախել են, իսկ նրանց հետևից շարունակել են հարվածել։ Հիմա խնդրում եմ ինձ ասել՝ այդ մարդիկ ի՞նչ էին արել»,- ասաց նա՝ կոչ անելով համեմատել այդ դեպքերը վերջին տարիների իրադարձությունների հետ։
«Հետո էլ հրապարակում եք ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ վերցրեք իրերը, որպեսզի պաշտպանվեք։ Իհարկե, պետք է պաշտպանվեին, որովհետև դրանից մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները հարձակվել էին մարդկանց վրա։ Ի՞նչ էիք ուզում՝ չպաշտպանվեի՞ն։ Նրանք ձեր հորից էին պաշտպանվում»,- հայտարարել է Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին։
-
Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ տեխնոլոգիաների ոլորտն արդեն երկար ժամանակ Հայաստանում զարգացումներ է ունենում։ «Բայց պիտի ասեմ նաև, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ առնչվելու հնարավորություն ունենք։ Իհարկե, մեծ աշխատանք է արված, Հայաստանում հիմա արդեն գործում է ենթակառուցվածք, որն ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի»,- ասել է վարչապետը։
Երկրի ղեկավարը հիշատակել է Երևանի պետական համալսարանի սուպերհամակարգչային կենտրոնը, «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարանը, Firebird ընկերության կողմից օրերս գործարկվելիք արհեստական բանականություն գործարանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեխնոլոգիաների հետ համահունչ քայլելը Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է։ «Բայց այս առումով մենք պետք է նաև ուշադիր և հաղորդակից լինենք այն գլոբալ բանավեճերին, որոնք տեղի են ունենում տեխնոլոգիաների առնչությամբ` այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեխնոլոգիաների ներդրումը ոչ թե պակասեցնի մարդկանց աշխատելու և վաստակելու հնարավորությունը, այլ հակառակը՝ հնարավորինս ավելի հեշտ և արդյունավետ դարձնի այն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ գործադիրը բավականին հագեցած օրակարգ ունի տեխնոլոգիաների ոլորտում։ «Այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և տևական խնդիրներ, որոնք կառավարման, պլանավորման և որոշումներ կայացնելու անհրաժեշտություն են առաջացնում, բայց սա առաջիկա աշխատանքային օրակարգ է, որին կանդրադառնանք Կառավարության ծրագրի նախագծի քննարկման և ընդունման համատեքստում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահելու համար և հավելել, որ դա ընկալել է որպես բացառիկ հնարավորություն՝ ծառայելու պետությանը։ Նախկին նախարարը համոզմունք է հայտնել, որ Դավիթ Թադևոսյանը նախարարի պաշտոնում հաջողելու է՝ հաշվի առնելով գիտելիքներն ու փորձը, և հայտնել իր աջակցությունն այդ գործում։
Իր հերթին, նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և տրված հնարավորության համար։ «Ես այս պաշտոնը ստանձնում եմ՝ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Փորձելու եմ կիրառել մաքսիմալ ջանքերը՝ հպարտությամբ և լիարժեք կատարված աշխատանքի զգացումով այս պաշտոնը հաջորդ նախարարին թողնելու համար»,- ասել է նախարարը։
-
Իմ կինը «ՀայՓոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյան
Իմ կինը 5 տարի շարունակ աշխատել է «ՀայՓոստ»-ում, եղել է վարչության ղեկավար, հետո եղել է մրցույթ, որից հետո մրցութային խորհուրդը ընտրել է տնօրեն:
Այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե Կոնջորյանի կինը 2024 թվականի նոյեմբերին նշանակվել է «ՀայՓոստ»-ի տնօրեն, որտեղ նա ստանում է 3․6 մլն դրամ՝ այս համատեքստում որպես համեմատություն հիշեցնելով, որ վարչապետը 1․6 մլն դրամ է ստանում, ՀՀ նախագահը՝ 1․5 մլն:
«Իմ կինը «ՀայՓոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է: Երբևէ «ՀայՓոստ»-ի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը: Իմ կինը երբևէ ամենացածր աշխատավարձ ստացող պաշտոնյան է «ՀայՓոստ»-ում»,- ասաց նա:
Կոնջորյանը նաև հիշեցրեց, որ «ՀայՓոստ»ը 100 տոկոսով ինքնաֆինանսավորվող կառույց է, և որ իր կինն ու «ՀայՓոստ»-ի մյուս աշխատակիցները պետբյուջեից չեն վարձատրվում:
-
Հայտնի է Կառավարության նոր կազմը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.
Դավիթ Թադևոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է հրամանագրում:
Նախագահի մյուս հրամանագրերով՝ նախարարների պաշտոնակատարներ Դավիթ Խուդաթյանը, Սուրեն Պապիկյանը, Համբարձում Մաթևոսյանը, Արփինե Սարգսյանը, Ժաննա Անդրեասյանը, Արարատ Միրզոյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Ավանեսյանը, Արսեն Թորոսյանը, Գևորգ Պապոյանը, Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում:
-
Հայտնի է Կառավարության նոր կազմը․ ՀՀ վարչապետը հաստատել…
Հայտնի է Կառավարության նոր կազմը․ ՀՀ վարչապետը հաստատել…
-
Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- ասվում է հրամանագրում:
-
Ռուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակել
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ օգոստոսի 3-ի կարգադրություններով ԱԺ նախագահի խորհրդականներ են նշանակվել Գրետա Զորունցը և Արման Բարխուդարյանը։
Լուսինե Բեկչյանը և Էլինա Իշխանյանը նշանակվել են Ազգային ժողովի նախագահի օգնականներ։
-
Գևորգ Պապոյանը կշարունակի ղեկավարել Էկոնոմիկայի նախարարությունը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,- ասվում է հաղորդագրության մեջ: