Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին

Written by

in

Շարունակվում են ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները։

Նիստը վարողի իրավունքով ելույթ ունեցավ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող հայտարարություններին։

Ռուբինյանի խոսքով՝ պատգամավորը խոսում էր այնպիսի իրադարձությունների մասին, որոնց մասնակիցներից շատերը ներկա են եղել նիստերի դահլիճում։

«Պարո՛ն Քոչարյան, ես միշտ ինձ մի փոքր վատ եմ զգում ձեր ներկայությամբ կամ ձեզ հետ հեռակա զրուցելիս՝ ձեր հոր մասին խոսելիս, որովհետև աշխարհի ամենահաճելի բանը չէ որդուն ասել՝ գիտես, ես համարում եմ, որ քո հայրը վատ քաղաքական գործիչ է կամ վատ մարդ։ Բայց ես ստիպված եմ դա անել բացառապես այն պատճառով, որ դուք պատգամավոր եք, քաղաքական գործիչ եք և այստեղ եք»,- ասաց Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին։

Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանը խոսում է Մարտի 1-ի մասին՝ ակնկալելով, որ այդ օրերը չապրած երիտասարդները կհավատան իր ներկայացրած տարբերակին։

«Ես չեմ բացառում, որ դուք, այն ժամանակ լինելով երիտասարդ և ձեր հոր որդին, իրականությունը լավ չեք տեսել, կամ ձեր տանը միայն Հ1-ն էր միացված, և դուք հավատացել եք այն ամենին, ինչ ցույց էին տալիս։ Իշխանությունն այդպիսի հատկություն ունի՝ մարդուն իրականությունից կտրելու»,- նշեց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններին։

Ռուբինյանի խոսքով՝ այդ առավոտ մարդիկ քնած են եղել։

«Միակ բանը, որ արել են, քնելն է եղել։ Հատուկջոկատայինները եկել են և սկսել են դուբինկաներով ծեծել մարդկանց։ Մարդիկ փախել են, իսկ նրանց հետևից շարունակել են հարվածել։ Հիմա խնդրում եմ ինձ ասել՝ այդ մարդիկ ի՞նչ էին արել»,- ասաց նա՝ կոչ անելով համեմատել այդ դեպքերը վերջին տարիների իրադարձությունների հետ։

«Հետո էլ հրապարակում եք ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ վերցրեք իրերը, որպեսզի պաշտպանվեք։ Իհարկե, պետք է պաշտպանվեին, որովհետև դրանից մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները հարձակվել էին մարդկանց վրա։ Ի՞նչ էիք ուզում՝ չպաշտպանվեի՞ն։ Նրանք ձեր հորից էին պաշտպանվում»,- հայտարարել է Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts