Category: ArmPulse

  • «Մի գդալ սեր»․ նոր ֆիլմը մեծ էկրաններին է | Մշակույթ

    «Այս օրվան եկել ենք գրեթե մեկ տարի։ Մեր առաջին նկարահանումը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 9-ին։ Շատ ճիշտ ժամանակահատվածում ենք հանձնում ֆիլմը լսարանի դատին։ Հույս ունենք, որ այն կհետաքրքրի, ջերմություն կփոխանցի՝ ստիպելով ժամանակ առ ժամանակ վերադառնալ դրան։ Սա Mitoyan Production-ի և HK Production-ի համատեղ աշխատանքն է։ Ունենք նաև Ազգային կինոֆոնդի աջակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մի գդալ սեր» ֆիլմի ռեժիսոր, սցենարի համահեղինակ Հրաչ Քեշիշյանը։

     Սցենարի մյուս հեղինակը Արտակ Ալեքսանյանն է։ Նրանք միասին Փոփի Ջ. Անդերսոնի «Կրքոտ խոհանոց» գրքի հիման վրա ստեղծել են ֆիլմի սցենարը։ Ի դեպ, սա Արտակ Ալեքսանյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, սակայն նա ակնարկեց, որ արդեն աշխատում են ևս մեկ ֆիլմի վրա։

    Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Անի Խաչիկյանը և Ներսես Ավետիսյանը։ Ըստ ռեժիսորի՝ Անի Խաչիկյանի հետ սա իրենց առաջին համատեղ ֆիլմն է, իսկ Ներսեսի հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Միաժամանակ, Քեշիշյանին ուրախացնում է այն փաստը, որ դերասանուհիներ Մարջան Ավետիսյանը և Նազենի Հովհաննիսյանը համաձայնել են նկարահանվել՝ անգամ չծանոթանալով մանրամասներին. Քեշիշյանի գործոնը բավարար էր։

    «Սա ռեժիսորի համար մեծագույն հպարտություն է։ Այդպես է եղել նաև Ռաֆայել Երանոսյանի և Գրիգոր Դանիելյանի, Լևոն Հարությունյանի և Արսեն Գրիգորյանի պարագայում»։ Պրոդյուսեր Միտոյանի խոսքով՝ միակ հրաժարվողն Իննա Խոջամիրյանն էր, սակայն Քեշիշյանը դա բացատրեց Իննայի կյանքի փոքրիկ դրամայով։ Մարջանը լրագրողների հետ զրույցում կատակեց՝ ասելով, որ այն բոլոր դերերը, որոնք կարող էր մերժել մյուս ռեժիսորներին, Քեշիշյանին չի կարող մերժել։

    Ֆիլմն ունի նաև երաժշտական գեղեցիկ ձևավորում։ Առանձնահատուկ է այն փաստը, որ ֆիլմի ենթագրերում իր մահից հինգ տարի անց կարող ենք հանդիպել Հայկոյի անունը։

    «Իմ լավ ընկեր Րաֆֆի Ալթունյանը մի օր ինձ հաղորդագրություն ուղարկեց, որին կցել էր Հայկոյի գրած մեղեդին։ Լսեցինք ու հասկացանք, որ այն հրաշալի ձևով համապատասխանում է ֆիլմին։ Արման Պարսամյանն էլ գործիքավորումն արեց, ինչի արդյունքում իմ լավ ընկեր Հայկոն կրկին ինձ հետ է։ Որպես գլխավոր սաունդթրեք ընտրել ենք Ռոլանդ Գասպարյանի «Մի գդալ սեր» երգը, որի շնորհիվ էլ ֆիլմը ստացավ իր անունը։ Պարզապես դրա քավեր տարբերակն ունեցանք Kami Friends-ի շնորհիվ։ Նրանց հետ ևս մեկ սաունդթրեք ենք ունենք։ Ինձ նաև միջազգային երգ էր պակասում։ Եվ հենց այդ ժամանակ Իվետա Մուկուչյանը թողարկեց իր անգլալեզու ալբոմը։ Այնտեղից էլ օգտագործեցինք «On My Mind» երգը։ Իսկապես տիեզերքը նպաստեց, որ ամեն ինչ մեր ցանկացածով դասավորվի։ Ֆիլմում հնչում է նաև Արսեն Գրիգորյանի երգը և այլ ստեղծագործություններ»։

    Ըստ Ներսես Ավետիսյանի՝ անկախ խոհարարի կերպարը մարմնավորելու ընթացքում խոհանոցի հանդեպ սեր իր մոտ չառաջացավ, սակայն նկարահանումներին մանրակրկիտ պատրաստվել է։ Ֆիլմում ամեն բան արված է սիրով։ Դերասանուհի Անի Խաչիկյանն անգամ իր տան սպասքն է օգտագործել նկարահանումների համար։ «Իմ տան ջերմությունն էի զգում, ինչը ինձ օգնում էր։ Սա էլ իմ «Մի գդալ սերն» է»։

    Առհասարակ, բոլոր դերասանները միաձայն պնդում են, որ Քեշիշյանը նկարահանման հրապարակում իրենց ազատություն է տալիս՝ թողնելով ինքնադրսևորվել։ Միաժամանակ, նա «երես է տալիս», սակայն նրա նկարահանման հրապարակում պետք է մաքսիմալ անկեղծ լինեն։

    Ֆիլմը նկարահանվել է Տավուշի մարզում։ Սակայն, ըստ նկարահանող խմբի, կարող էին նկարահանել Հայաստանի ցանկացած կետում, բայց Դիլիջանում նկարահանումներ իրականացնելն ամենահարմարն էր։ Թեպետ Քեշիշյանը ցանկություն ուներ ֆիլմը նկարահանել Սյունիքում։

    Ռեժիսորը վստահեցնում է, որ սա մի մեծ խմբի էներգիայի արդյունքն է։ «Օրինակ՝ Բոստոնի տեսարանը նկարահանել ենք Արտակ Ալեքսանյանի տանը, մեկ այլ տեսարան՝ մեր մեկ այլ թիմակցի տանը։ Ներսեսի կոշիկները, Անիի ափսեները և շատ այլ դետալներ փաստում են բոլորի սիրո մասին։ Անշուշտ, մենք կարող էինք տուն վարձակալել, բայց այս ամենի մեջ խորհուրդ կար»։ «Մի գդալ սերը» սեպտեմբերի 3-ից կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում:

  • Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ | Հայաստան

    Դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում,  հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախաղությունից:

    Քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Գ.-ն՝ որպես հրամանատար, անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով միջոցներ չի ձեռնարկել իրեն ենթակա ստորաբաժանումները՝ կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց  սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ և ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ:

    Մասնավորապես՝ Գ.Գ.-ն 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ: Հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել են ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել են փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որի հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում | Հայաստան

    ՀՀ ներքին գործերի նախարարությունը Կառավարության որոշմամբ սահմանված հնարավորության շրջանակում հրավիրում է աշխարհի լավագույն 50 բուհերում ուսումնառությունն ավարտած և Հայաստան վերադարձած երիտասարդներին՝ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ներդնելու ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում։ 

    «Ձեր կրթությունն ու միջազգային փորձը կարող են նպաստել համակարգում իրականացվող բարեփոխումներին, հանրային ծառայությունների որակի բարձրացմանն ու նորարարական լուծումների ներդրմանը։ 

    Եթե ցանկանում եք համալրել ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների շարքերը, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակն ու կոնտակտային տվյալները mia@gov.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով ավարտած բուհը, մասնագիտությունը և գործունեության նախընտրելի ուղղությունը։ 

    Ձեր գիտելիքը՝ ի նպաստ Հայաստանի անվտանգության և հանրային ծառայությունների զարգացման»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

  • Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն արգելել է 8 տարվա հնեցմամբ հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը | Էկոնոմիկա

    Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն (Պետստանդարտ) արգելել է 8 տարվա հնեցմամբ հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը, ներմուծումը և շրջանառությունը։
    Կոնյակի արտադրողը Հայաստանի Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ն է։
    Բելառուսի Պետստանդարտի վտանգավոր արտադրանքի ռեեստրի համաձայն՝ արտադրանքի վերաբերյալ կարգադրագիրը տրվել է 2026 թվականի օգոստոսի 26-ին, իսկ արգելքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 3-ին։

    Բելառուսական կողմը պարզել է, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքն իր մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև բելառուսական «Կոնյակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջներին։

    Մասնավորապես, լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ արտադրանքում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան կազմել է 0,14±0,01 գ/դմ³, մինչդեռ սահմանված նվազագույն ցուցանիշը 0,3 գ/դմ³ է։
    Պետստանդարտի տվյալներով՝ արտադրողի մակնշման մեջ հայտարարված անվանումը ոչ հավաստի է բնութագրում սննդամթերքը և թույլ րւ տալիս այն նույնականացնել որպես համապատասխան տեսակի արտադրանք։։

    Արտադրանքի նկատմամբ որոշում է կայացվել նաև համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության դադարեցման, ինչպես նաև արտադրանքը շրջանառությունից դուրս բերելու վերաբերյալ։

  • Քննարկվել է ՀՀ-Չեխիա ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը | Քաղաքականություն

    Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկի հետ։

    «Հանդիպման ժամանակ քննարկել ենք ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը։

    Ընդգծել եմ, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ ընդլայնել համագործակցությունը քաղաքային, երկաթուղային տրանսպորտի ոլորտում, այդ թվում՝ տեխնիկական խորհրդատվության, փորձի փոխանակման և չեխական ընկերությունների մասնակցության ուղղությամբ:

    Երկուստեք ընդգծել ենք երկու երկրների միջև կանոնավոր ավիափոխադրման կարևորությունը։

    Ներկայում Wizz Air ավիաընկերությունը Երևան-Պրահա ուղղությամբ իրականացնում է ուղիղ չվերթեր՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ։

    Չեխիայի Հանրապետության գործընեկերոջ հետ քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- ասվում է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ:

  • Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով | Քաղաքականություն

    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

    «Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց ևս երկու ամսով։ Որոշումը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում»,- ասել է Խաչատրյանը։
    Սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում քննվել էր Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը։ Դատարանը որոշումը հրապարակել է սեպտեմբերի 4-ին։

    Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2026 թվականի հուլիսի 7-ին։ Դատարանն այդ ժամանակ բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանք կիրառելու վերաբերյալ։

  • ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ | Քաղաքականություն

    Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի և Պատգամավորների պալատի ղեկավարության հետ․ ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։ Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան ողջունել է Հանրապետության նախագահին և շնորհակալություն հայտնել պաշտոնական այցի և հանդիպման հնարավորության համար։

     Նա ընդգծել է, որ Հանրապետության նախագահի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների և բարեկամական կապերի հետագա զարգացմանը։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորվել են բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնց զարգացման գործում կարևոր դեր ունի նաև խորհրդարանական համագործակցությունը։

     Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացումը, երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների խթանումը։ Ընդգծվել է նաև միջազգային խորհրդարանական կառույցների, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները։

    Այս համատեքստում կարևորվել է համագործակցության խորացումը տնտեսության, զբոսաշրջության, գիտության, սպորտի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։ Հանրապետության նախագահը և Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահն անդրադարձել են նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դրանց պաշտպանության կարևորությանը՝ ընդգծելով ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։

     Հանդիպմանը կողմերը վերահաստատել են Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման պատրաստակամությունը։ Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Պալատի պատվո հյուրերի մատյանում։

  • Եվրախորհրդարանի կողմից հավանություն է տրվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը | Քաղաքականություն

    Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) հավանություն է տվել Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը:

    «Արմենպրեսս»-ի փոխանցմամբ Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած առաջարկը սեպտեմբերի 3-ին ընդունվել է առանց փոփոխությունների՝ 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։

    Առաջարկի համաձայն՝ Եվրոպական միությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։

    Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։

    Այս քայլը պայմանավորված է 2026 թվականի մայիսից Ռուսաստանի կողմից հայկական արտահանման մի շարք կարևոր ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներով։ Դրանք վերաբերում են, մասնավորապես, ալկոհոլային խմիչքներին, հանքային ջրերին, մրգերին և բանջարեղենին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դրանց տարանցմանը։

     

  • Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ | Հասարակություն

     Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Արարատի մարզի Մրգավան գյուղում գտնվող անհատ ձեռնարկատեր Պետիկ Միքայելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (հասցե՝ Նժդեհի 32) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

    Մասնավորապես, սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել պատշաճ խնամք, մաքրում, ախտահանում և կիրառել հիգիենայի մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումն ու միջատների դեմ պայքարը։ Բացի այդ, պատերը չեն եղել հարթ, անջրանցիկ ու լվացվող նյութերից, առաստաղները կառուցված չեն եղել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումն ու բորբոսի աճը կանխարգելող եղանակով, ինչպես նաև սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն ու մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում։

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։