Category: ArmPulse

  • Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ | Հասարակություն

    Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դերենիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    14 անշարժ գույք, որոնցից 9-ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում,

     Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1 անշարժ գույքի գնման իրավունք,

     8 տրանսպորտային միջոց,

     10 իրավաբանական անձանցում մասնակցություն,

     105 միլիոն 171 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

     124 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին | Հասարակություն

    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 20-ին։ Ժամը 20․40-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 50-ամյա տղամարդու։ Իր վարած «Մերսեդեսով» հանդերձ նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

     

    Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 6,29 գրամ հերոինով լցված չորս փաթեթ։

    Սա օպերատիվ տեղեկության իրացման միայն առաջին փուլն էր։ Տեղեկություն կար նաև, որ երևանցուն թմրամիջոցները պարբերաբար իրացրել են Նոր Խարբերդում բնակվող երկու օտարերկրացի տղամարդ։

     

    Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

    Հանցագործության ամբողջ շղթայի բացահայտմանն ուղղված հետագա աշխատանքն իրականացվեց իրավապահների ակտիվ համագործակցությամբ։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություններն արդյունք տվեցին օգոստոսի 31-ին։

    Հատուկ միջոցառման արդյունքում՝ 20 գրամ հերոինը 300 հազար դրամով իրացնելու պահին, 62-ամյա և 46-ամյա օտարերկրացիները ձերբակալվեցին։

    Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 46-ամյա օտարերկրացու բնակության վայրում։ Հայտնաբերվեցին 132 գրամ հերոին, կես գրամ ափիոն, 6,5 հաբ մեթադոն և հոգեմետ 20 դեղահաբ։

    Օտարերկրացիները կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել են բույսերի բազմազանության մշտադիտարկման աշխատանքներ | Հայաստան

    «Բույսերի բազմազանության մշտադիտարկումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում» ծրագրի շրջանակում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են իրականացրել «Խաչաձոր» տեղամասում։ Այս մասին հայտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցից։

    Մասնավորապես, մասնագետները հետազոտել են նախկինում տեղադրված փորձահրապարակները՝ նպատակ ունենալով գնահատել բուսական բազմազանության պահպանման վիճակը և դրա դինամիկ փոփոխությունները ժամանակի ընթացքում։

    Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համագործակցության շրջանակում։

  • Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է | Հասարակություն

    Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին որոշում է կայացվել ՀՀ քնչական կոմիտեում։

    Ըստ կայացված որոշման՝ ՀՀ քնչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հանցագործության դեպքի բացակայություն) որոշում է կայացվել մեղադրյալ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

    Անդրադառնալով որոշմանը՝ Ալեն Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դրանք շատ հետաքրքիր 2.5 ամիսներ էին, հատկապես ընկերների հարցում կյանքով մեկ վերահաստատման ու չսխալման առումով։

  • «Մի գդալ սեր»․ նոր ֆիլմը մեծ էկրաններին է | Մշակույթ

    «Այս օրվան եկել ենք գրեթե մեկ տարի։ Մեր առաջին նկարահանումը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 9-ին։ Շատ ճիշտ ժամանակահատվածում ենք հանձնում ֆիլմը լսարանի դատին։ Հույս ունենք, որ այն կհետաքրքրի, ջերմություն կփոխանցի՝ ստիպելով ժամանակ առ ժամանակ վերադառնալ դրան։ Սա Mitoyan Production-ի և HK Production-ի համատեղ աշխատանքն է։ Ունենք նաև Ազգային կինոֆոնդի աջակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մի գդալ սեր» ֆիլմի ռեժիսոր, սցենարի համահեղինակ Հրաչ Քեշիշյանը։

     Սցենարի մյուս հեղինակը Արտակ Ալեքսանյանն է։ Նրանք միասին Փոփի Ջ. Անդերսոնի «Կրքոտ խոհանոց» գրքի հիման վրա ստեղծել են ֆիլմի սցենարը։ Ի դեպ, սա Արտակ Ալեքսանյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, սակայն նա ակնարկեց, որ արդեն աշխատում են ևս մեկ ֆիլմի վրա։

    Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Անի Խաչիկյանը և Ներսես Ավետիսյանը։ Ըստ ռեժիսորի՝ Անի Խաչիկյանի հետ սա իրենց առաջին համատեղ ֆիլմն է, իսկ Ներսեսի հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Միաժամանակ, Քեշիշյանին ուրախացնում է այն փաստը, որ դերասանուհիներ Մարջան Ավետիսյանը և Նազենի Հովհաննիսյանը համաձայնել են նկարահանվել՝ անգամ չծանոթանալով մանրամասներին. Քեշիշյանի գործոնը բավարար էր։

    «Սա ռեժիսորի համար մեծագույն հպարտություն է։ Այդպես է եղել նաև Ռաֆայել Երանոսյանի և Գրիգոր Դանիելյանի, Լևոն Հարությունյանի և Արսեն Գրիգորյանի պարագայում»։ Պրոդյուսեր Միտոյանի խոսքով՝ միակ հրաժարվողն Իննա Խոջամիրյանն էր, սակայն Քեշիշյանը դա բացատրեց Իննայի կյանքի փոքրիկ դրամայով։ Մարջանը լրագրողների հետ զրույցում կատակեց՝ ասելով, որ այն բոլոր դերերը, որոնք կարող էր մերժել մյուս ռեժիսորներին, Քեշիշյանին չի կարող մերժել։

    Ֆիլմն ունի նաև երաժշտական գեղեցիկ ձևավորում։ Առանձնահատուկ է այն փաստը, որ ֆիլմի ենթագրերում իր մահից հինգ տարի անց կարող ենք հանդիպել Հայկոյի անունը։

    «Իմ լավ ընկեր Րաֆֆի Ալթունյանը մի օր ինձ հաղորդագրություն ուղարկեց, որին կցել էր Հայկոյի գրած մեղեդին։ Լսեցինք ու հասկացանք, որ այն հրաշալի ձևով համապատասխանում է ֆիլմին։ Արման Պարսամյանն էլ գործիքավորումն արեց, ինչի արդյունքում իմ լավ ընկեր Հայկոն կրկին ինձ հետ է։ Որպես գլխավոր սաունդթրեք ընտրել ենք Ռոլանդ Գասպարյանի «Մի գդալ սեր» երգը, որի շնորհիվ էլ ֆիլմը ստացավ իր անունը։ Պարզապես դրա քավեր տարբերակն ունեցանք Kami Friends-ի շնորհիվ։ Նրանց հետ ևս մեկ սաունդթրեք ենք ունենք։ Ինձ նաև միջազգային երգ էր պակասում։ Եվ հենց այդ ժամանակ Իվետա Մուկուչյանը թողարկեց իր անգլալեզու ալբոմը։ Այնտեղից էլ օգտագործեցինք «On My Mind» երգը։ Իսկապես տիեզերքը նպաստեց, որ ամեն ինչ մեր ցանկացածով դասավորվի։ Ֆիլմում հնչում է նաև Արսեն Գրիգորյանի երգը և այլ ստեղծագործություններ»։

    Ըստ Ներսես Ավետիսյանի՝ անկախ խոհարարի կերպարը մարմնավորելու ընթացքում խոհանոցի հանդեպ սեր իր մոտ չառաջացավ, սակայն նկարահանումներին մանրակրկիտ պատրաստվել է։ Ֆիլմում ամեն բան արված է սիրով։ Դերասանուհի Անի Խաչիկյանն անգամ իր տան սպասքն է օգտագործել նկարահանումների համար։ «Իմ տան ջերմությունն էի զգում, ինչը ինձ օգնում էր։ Սա էլ իմ «Մի գդալ սերն» է»։

    Առհասարակ, բոլոր դերասանները միաձայն պնդում են, որ Քեշիշյանը նկարահանման հրապարակում իրենց ազատություն է տալիս՝ թողնելով ինքնադրսևորվել։ Միաժամանակ, նա «երես է տալիս», սակայն նրա նկարահանման հրապարակում պետք է մաքսիմալ անկեղծ լինեն։

    Ֆիլմը նկարահանվել է Տավուշի մարզում։ Սակայն, ըստ նկարահանող խմբի, կարող էին նկարահանել Հայաստանի ցանկացած կետում, բայց Դիլիջանում նկարահանումներ իրականացնելն ամենահարմարն էր։ Թեպետ Քեշիշյանը ցանկություն ուներ ֆիլմը նկարահանել Սյունիքում։

    Ռեժիսորը վստահեցնում է, որ սա մի մեծ խմբի էներգիայի արդյունքն է։ «Օրինակ՝ Բոստոնի տեսարանը նկարահանել ենք Արտակ Ալեքսանյանի տանը, մեկ այլ տեսարան՝ մեր մեկ այլ թիմակցի տանը։ Ներսեսի կոշիկները, Անիի ափսեները և շատ այլ դետալներ փաստում են բոլորի սիրո մասին։ Անշուշտ, մենք կարող էինք տուն վարձակալել, բայց այս ամենի մեջ խորհուրդ կար»։ «Մի գդալ սերը» սեպտեմբերի 3-ից կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում:

  • Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ | Հայաստան

    Դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում,  հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախաղությունից:

    Քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Գ.-ն՝ որպես հրամանատար, անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով միջոցներ չի ձեռնարկել իրեն ենթակա ստորաբաժանումները՝ կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց  սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ և ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ:

    Մասնավորապես՝ Գ.Գ.-ն 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ: Հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել են ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել են փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որի հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում | Հայաստան

    ՀՀ ներքին գործերի նախարարությունը Կառավարության որոշմամբ սահմանված հնարավորության շրջանակում հրավիրում է աշխարհի լավագույն 50 բուհերում ուսումնառությունն ավարտած և Հայաստան վերադարձած երիտասարդներին՝ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ներդնելու ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում։ 

    «Ձեր կրթությունն ու միջազգային փորձը կարող են նպաստել համակարգում իրականացվող բարեփոխումներին, հանրային ծառայությունների որակի բարձրացմանն ու նորարարական լուծումների ներդրմանը։ 

    Եթե ցանկանում եք համալրել ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների շարքերը, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակն ու կոնտակտային տվյալները mia@gov.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով ավարտած բուհը, մասնագիտությունը և գործունեության նախընտրելի ուղղությունը։ 

    Ձեր գիտելիքը՝ ի նպաստ Հայաստանի անվտանգության և հանրային ծառայությունների զարգացման»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

  • Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն արգելել է 8 տարվա հնեցմամբ հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը | Էկոնոմիկա

    Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն (Պետստանդարտ) արգելել է 8 տարվա հնեցմամբ հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը, ներմուծումը և շրջանառությունը։
    Կոնյակի արտադրողը Հայաստանի Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ն է։
    Բելառուսի Պետստանդարտի վտանգավոր արտադրանքի ռեեստրի համաձայն՝ արտադրանքի վերաբերյալ կարգադրագիրը տրվել է 2026 թվականի օգոստոսի 26-ին, իսկ արգելքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 3-ին։

    Բելառուսական կողմը պարզել է, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքն իր մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև բելառուսական «Կոնյակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջներին։

    Մասնավորապես, լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ արտադրանքում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան կազմել է 0,14±0,01 գ/դմ³, մինչդեռ սահմանված նվազագույն ցուցանիշը 0,3 գ/դմ³ է։
    Պետստանդարտի տվյալներով՝ արտադրողի մակնշման մեջ հայտարարված անվանումը ոչ հավաստի է բնութագրում սննդամթերքը և թույլ րւ տալիս այն նույնականացնել որպես համապատասխան տեսակի արտադրանք։։

    Արտադրանքի նկատմամբ որոշում է կայացվել նաև համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության դադարեցման, ինչպես նաև արտադրանքը շրջանառությունից դուրս բերելու վերաբերյալ։

  • Քննարկվել է ՀՀ-Չեխիա ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը | Քաղաքականություն

    Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկի հետ։

    «Հանդիպման ժամանակ քննարկել ենք ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը։

    Ընդգծել եմ, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ ընդլայնել համագործակցությունը քաղաքային, երկաթուղային տրանսպորտի ոլորտում, այդ թվում՝ տեխնիկական խորհրդատվության, փորձի փոխանակման և չեխական ընկերությունների մասնակցության ուղղությամբ:

    Երկուստեք ընդգծել ենք երկու երկրների միջև կանոնավոր ավիափոխադրման կարևորությունը։

    Ներկայում Wizz Air ավիաընկերությունը Երևան-Պրահա ուղղությամբ իրականացնում է ուղիղ չվերթեր՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ։

    Չեխիայի Հանրապետության գործընեկերոջ հետ քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- ասվում է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ: