Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) հավանություն է տվել Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը:
«Արմենպրեսս»-ի փոխանցմամբ Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած առաջարկը սեպտեմբերի 3-ին ընդունվել է առանց փոփոխությունների՝ 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։
Առաջարկի համաձայն՝ Եվրոպական միությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։
Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։
Այս քայլը պայմանավորված է 2026 թվականի մայիսից Ռուսաստանի կողմից հայկական արտահանման մի շարք կարևոր ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներով։ Դրանք վերաբերում են, մասնավորապես, ալկոհոլային խմիչքներին, հանքային ջրերին, մրգերին և բանջարեղենին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դրանց տարանցմանը։
Leave a Reply