Category: ArmPulse

  • Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը․Լևոն Ազիզյան | Հասարակություն

    Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը: Այս մասին գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

    Կլիմայի փոփոխությունն ու մթնոլորտում ածխաթթու գազի (CO₂) խտության աճը կարող են նվազեցնել գյուղատնտեսական մշակաբույսերի մեջ կարևոր սննդարար նյութերի պարունակությունը։ Արդյունքում մարդկությունը կարող է բախվել ոչ միայն սննդամթերքի քանակի, այլև դրա որակի խնդրին՝ այն երևույթին, որը գիտնականներն անվանում են «թաքնված սով»։

    «Թաքնված սով» ասելով՝ նկատի ունեն այն իրավիճակը, երբ մարդը ստանում է բավարար քանակությամբ կալորիաներ, սակայն նրա օրգանիզմում առկա է կենսական նշանակություն ունեցող միկրոտարրերի և վիտամինների պակաս։ Սա հատկապես վտանգավոր է այն տարածաշրջաններում, որտեղ մարդկանց սննդակարգը հիմնականում հիմնված է մի քանի մշակաբույսերի՝ բրնձի, ցորենի, եգիպտացորենի և այլ հացահատիկների վրա։

    Հետազոտությունները ցույց են տալիս, որ մթնոլորտում CO₂-ի մակարդակի բարձրացումը կարող է փոխել բույսերի քիմիական կազմը։ Ածխաթթու գազի ավելցուկի պայմաններում շատ մշակաբույսեր ավելի արագ են կուտակում կենսազանգված, սակայն դրանց հյուսվածքներում նվազում է սպիտակուցի, երկաթի, ցինկի և մի շարք վիտամինների խտությունը։

    Դա պայմանավորված է բույսերի ֆոտոսինթեզի և նյութափոխանակության առանձնահատկություններով։ Լրացուցիչ ածխածինը խթանում է ածխաջրերի առաջացումը, սակայն մյուս սննդարար տարրերի պարունակությունը նույն համամասնությամբ չի ավելանում։ Արդյունքում բույսը կարող է ունենալ առողջ տեսք և ապահովել բարձր բերքատվություն, բայց դրա սննդարար արժեքը կլինի ավելի ցածր։

    Գիտնականների ամենամեծ մտահոգությունը վերաբերում է այն մշակաբույսերին, որոնք հանդիսանում են միլիարդավոր մարդկանց սննդակարգի հիմքը։ Օրինակ՝ հացահատիկային մշակաբույսերում երկաթի և ցինկի պարունակության նվազումը կարող է մեծացնել սակավարյունության (անեմիայի) և այլ առողջական խնդիրների վտանգը, հատկապես այն երկրներում, որտեղ բազմազան սննդակարգը սահմանափակ է։

    Միաժամանակ մասնագետները շեշտում են, որ ածխաթթու գազը բերքի սննդարար արժեքի փոփոխության միակ պատճառը չէ։ Բույսերի սննդային որակի վրա ազդում են նաև օդի ջերմաստիճանի բարձրացումը, երաշտները, հողերի դեգրադացիան և գյուղատնտեսական տեխնոլոգիաների փոփոխությունները։

    Խնդրի լուծման համար գիտնականները դիտարկում են մի շարք ուղղություններ՝ սկսած բարձր սննդարար արժեք ունեցող նոր սորտերի ստեղծումից մինչև ագրոտեխնոլոգիաների կատարելագործում և հողերի ավելի արդյունավետ կառավարում։ Հեռանկարային մոտեցումներից մեկը բիոֆորտիֆիկացիան է՝ բույսերի այնպիսի սորտերի ստեղծումը, որոնք ունակ են ավելի շատ վիտամիններ և միկրոտարրեր կուտակել։

    Այսպիսով, ապագայի պարենային անվտանգությունը կախված է ոչ միայն գյուղատնտեսության կողմից արտադրվող սննդի քանակից, այլև դրա սննդարար արժեքից։ Կլիմայի փոփոխության պայմաններում բերքի սննդային որակի պահպանումը դառնում է համաշխարհային պարենային համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկը։

  •  Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու․Փաշինյան | Քաղաքականություն

     Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին։

    «ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհի մասին և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, երբ Հայաստանը այլընտրանքներ չունենա։

    Հայաստանը միշտ և բոլոր հարցերում պետք է այլընտրանքներ ունենա։ Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,- ասել է Փաշինյանը։

    Իրեն ուղղված այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը շնորհավորել է իրեն,Փաշինյանը պատասխանել է․

    «Չի ուզել, չի շնորհավորել»։

  • Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը

    Հայաստանի հիմնը հնչել է ի պատիվ Ջանես Նազարյանի։
  • Ո՞ւմ նկատի ունեք կաթողիկոս ասելով, ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում. վարչապետ | Քաղաքականություն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադարձել է Գարեգին Բ-ին օգոստոսի 2-ին ԱԺ անդրանիկ նիստին հրավիրելու հարցին։

    «Ո՞ւմ նկատի ունեք կաթողիկոս ասելով, ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում»,- ասել է վարչապետը։

    Ով է լինելու հյուրը հարցին՝ վարչապետը պատասխանել է․

    «Տեղյակ չեմ՝ ով է լինելու հյուրը»

  • Էլեկտրաէներգետիկական շուկայում նոր փոփոխություններ | Հայաստան

    Հուլիսի 29-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կարգավորող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ, տեղեկացնում են հանձնաժողովից:

    Փոփոխությունների փաթեթը նպատակ ունի կատարելագործել էլեկտրաէներգետիկական շուկայի կարգավորումները՝ հստակեցնելով բեռնաթափման համակարգային ծառայությունների մեխանիզմները, պարզեցնելով էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության վարչարարությունը, բարելավելով մատակարարման պայմանագրերի և վճարային հարաբերությունների կարգավորումը:

    Մասնավորապես՝

     վերանայվել է բեռնաթափման համակարգային ծառայության հաշվարկման մեխանիզմը՝ սահմանելով դրա հաշվարկման նոր մոտեցում գնման երաշխիք ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող էլեկտրակայանների համար,

    հստակեցվել են Համակարգի օպերատորի լիազորություններն ու ընթացակարգերը, այդ թվում՝ կարգադրությունների տրամադրման, փոփոխման և չեղարկման մասով,

     պարզեցվել են էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության և շուկայի կառավարման ծրագրում (ՇԿԾ) գրանցման ընթացակարգերը՝ վերացնելով մի շարք վարչարարական պահանջներ և հստակեցնելով ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

     երկարացվել են մեծածավալ հայտերի ուսումնասիրման ժամկետները, եթե դրանք ներառում են 100-ից ավելի հաշվառման համալիր,

     մատակարարման պայմանագրերի լուծման համար սահմանվել է միասնական՝ 30-օրյա նախազգուշացման ժամկետ,

    հստակեցվել են էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տարբեր կետերում գործունեության իրականացման կարգավորումները, ինչպես նաև մրցակցային շուկա սպառողների պարտադիր մուտքի ժամկետները,

     կատարելագործվել են վճարումների և ֆինանսական երաշխիքների հետ կապված կարգավորումները, ներառյալ երաշխիքների իրացման ընթացակարգերը,

    Ընդունված փոփոխությունները միտված են բարձրացնելու էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության արդյունավետությունը, ապահովելու առավել հստակ և կանխատեսելի կարգավորումներ, նվազեցնելու վարչարարական բեռը և նպաստելու շուկայի բնականոն զարգացմանը։

    Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի օգոստոսի 1-ից։

  • Ամբերդ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներ | Հայաստան

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և Ամբերդի համայնքապետարանի աշխատակազմի 2 ղեկավարների օժանդակութամբ իրականացրել ձևական աճուրդ, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

    Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, հանդես գալով որպես աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար, օրենքի խախտմամբ, ձևական աճուրդի միջոցով Ամբերդ համայնքին պատկանող՝  գյուղատնտեսական նշանակության տարբեր մակերեսներով 8 հողամասերը վաճառել է իրեն և հարազատներին՝ եղբայրներին, հորը, իսկ համայնքապետարանի վարչական շենքի դիմաց գտնվող պուրակը վաճառել է կնոջը: Հետագայում՝ նախաքննության ընթացքում, այն նվիրատվության կարգով վերադարձվել է  համայնքին:

    Համայնքապետարանի նախկին ղեկավարն ու 2 աշխատակիցներն ընդունել են  իրենց վերագրվող հանցանքները և վերականգնել պետությանը պատճառված վնասը. վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի  հարուցվել:

  • ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Լիլիթ Մակունցը | Քաղաքականություն

    Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Լիլիթ Մակունցը։

    Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը 2025 թվականի օգոստոսի 29-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ 2021-2025 թվականներին նա եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

    Մինչ այդ Մակունցը ստանձնել է նաև Մշակույթի նախարարի պարտականությունները, եղել է ԱԺ պատգամավոր։

     

  •  ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լուսինե Բադալյանն է | Քաղաքականություն

     ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությույան կողմից ընտրվել  Լուսինե Բադալյանը։ Այս մասին հայտնել է հենց Բադալյանը՝ ավելացնելով, որ ընտրությունն, իհարկե, պետք է կատարի Ազգային Ժողովը։ Բադալյանը հավելել է նաև, որ կուսակցության ընտրությունները բավականին թեժ են անցնում ու ընտրությունների արդյունքներն էլ անկանխատեսելի են։

    «Առողջապահության հանձնաժողովը տարբերվում է մյուս հանձնաժողովներից, էստեղ մասնագիտական փորձ, կրթություն է պետք, թեև ես չունեմ նման փորձ և գիտելիք, դրա համար էլ հարցերը հիմանակում այդ ուղղությամբ են լինում»։

    Անդրադառնալով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ տարաձայնություններին՝ նա ասել է,  որ իրականում եթե ունեցել են բանավեճեր կամ անհամաձայնություններ՝ դրանք եղել են ոլորտի քաղաքականության մշակման շուրջ։

    «Բայց ես կարծում եմ, որ նման բանավեճերը օգտակար են։ Դրանով ժողովրդի մտահոգությունն ես փոխանցում»,- ասել է Լուսինե Բադալյանը։

     

  • Կայա Կալլասը կրկին կոչ է  արել Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին | Քաղաքականություն

     X-ի իր էջում Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը գրել է, որ կրկին կոչ է  արել Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին:

    «Այսօր ես հեռախոսազրույց ունեցա Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ՝ քննարկելով Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմը, որը Մոսկվան վերջին օրերին ավելի է սրել։

    Պարսից ծոցում մարտական ​​գործողություններից հրաժարվելը  կարող է միջնորդներին ժամանակ տալ՝ գտնելու դիվանագիտությանը վերադառնալու ուղին և կանխելու վերադարձը լայնածավալ պատերազմին։

    Ես հստակեցրեցի, որ Թեհրանում ֆրանսիացի դիվանագետների դեմ ագրեսիան անընդունելի է։ ԵՄ բոլոր անդամ պետությունները դատապարտել են այս գործողությունները։

    Ես վերահաստատեցի իմ կոչը Իրանին դադարեցնել Ռուսաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը։ Մոսկվան Ուկրաինայում քաղաքացիական զոհերի գնալով ավելի մեծ թիվ է պատճառում, և նրա ստացած ցանկացած մատակարարում օգնում է նրան սպանել ավելի շատ խաղաղ բնակիչների։ Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի»,- գրել է Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: