Category: ArmPulse

  • Հայաստանում բոլորը գիտակցում են, որ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները և Ադրբեջանի հետ վերջնականապես չինստիտուցիոնալացված խաղաղությունը սպառնալիքներ են․Ռուբինյան | Քաղաքականություն

    Հայաստանում բոլորը գիտակցում են, որ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները և Ադրբեջանի հետ վերջնականապես չինստիտուցիոնալացված խաղաղությունը սպառնալիքներ են։ Այս մասին Ազգային ժողովում  հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

    Ռուբինյանը կարծիք է հայտնել, որ մեր սպառնալիքները գալիս են, առաջինը՝ Ադրբեջանից։

    «Ադրբեջանի հետ մենք ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չէ և վերջնականապես ինստիտուցիոնալացված չէ։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ լիարժեք խաղաղության բացակայությունը միանշանակ և աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»,- ասել է Ռուբինյանը։

    Աժ նախագահի գնահատմամբ՝ սպառնալիք է նաև Թուրքիայի հետ սահմանի փակ լինելն ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Նա ասել է, որ մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև անմիջական հարևանի հետ փակ սահման ունենալն առնվազն տնտեսական սպառնալիք է, իսկ հաստատված դիվանագիտական հարաբերություններ չունենալն առնվազն դիվանագիտական սպառնալիք։

    «Մենք տեսնում ենք սպառնալիքը և ուզում ենք վերացնել կամ չեզոքացնել այն»,- ասել է ԱԺ նաժագահը։

    Նրա խոսքով՝ իշխանության և ընդդիմության մոտեցումների տարբերությունն այն է, որ իշխանությունը փորձում է արձանագրված սպառնալիքները չեզոքացնել և դրանց լուծումներ գտնել։

     

  • Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին | Հասարակություն

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել էր տեղեկատվություն Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ապօրինի պահվող գայլի վերաբերյալ։

    Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Ծովագյուղ համայնքի բնակիչ Մ․Ա․-ն իր տան բակի փակ շինությունում, առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության, պահում է երկու գայլ։

    Օգոստոսի 4-ին ԲԸՏՄ տեսուչների և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի մասնագետների համատեղ ջանքերով մեկ արու և մեկ էգ գայլերը անվտանգ տեղափոխվել են այգի, որտեղ կենդանիներն անցել են առաջնային անասնաբուժական զննում, պատվաստվել և չիպավորվել են։
    Ներկայումս կենդանիները գտնվում են մասնագիտական մշտադիտարկման ու պատշաճ խնամքի ներքո։
    Քաղաքացու նկատմամբ նշանակվել է 150,000դր չափով վարչական տուգանք։

  • Իրանն ու Օմանն առաջընթաց են գրանցում Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության երթուղիների ստեղծման շուրջ բանակցություններում | Քաղաքականություն

     Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանն ու Օմանն առաջընթաց են գրանցում Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության երթուղիների ստեղծման շուրջ բանակցություններում։ Տեղեկատվությունը փոխանցում է Mehr-ը։

    Էսմայիլ Բաղային ասել է, որ երկու ափամերձ պետությունների միջև բանակցություններն ընթանում են ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական մակարդակներում և նվիրված են նավերի համար անվտանգ մուտքի ու ելքի երթուղիների որոշմանը՝ հաշվի առնելով երկու երկրների ինքնիշխան իրավունքներն ու անվտանգության շահերը։

    Նա հավելել է, որ վերջնական արդյունքների մասին կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո։

  • ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ | Քաղաքականություն

    Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում։

    Ուղերձում նա բարձր է գնահատել Ազգային ժողովի նվիրվածությունը ԵԽԽՎ աշխատանքներին՝ ընդգծելով, որ Ռուբեն Ռուբինյանի երկարամյա ներգրավվածությունը վեհաժողովում, այդ թվում՝ որպես փոխնախագահ և ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ամուր հիմք է ստեղծում երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման համար։

    Պետրա Բայրը վերահաստատել է ԵԽԽՎ շարունակական աջակցությունն ու պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու Հայաստանի Ազգային ժողովի հետ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով։ Նա նաև նշել է, որ անհամբեր սպասում է Ռուբեն Ռուբինյանի մասնակցությանն այս տարվա հոկտեմբերին Հռոմում կայանալիք Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, ինչպես նաև ձևավորված գերազանց համագործակցության շարունակությանը։

  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը | Քաղաքականություն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը։

    Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի առաջնահերթություններին, տարբեր ուղղություններով ակնկալվող արդյունքային ցուցանիշներին, նախատեսվող միջոցառումներին և այլ հարցերի։ Քննարկման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել առաջարկություններով և դիտարկումներով։

    Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում լրամշակել նախագիծը, որը Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողով։

  • Մհեր Գրիգորյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը և դրա իրականացման կարևորությունը | Քաղաքականություն

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդական Արյե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա էր նաև ՏրանսԿասպյան ձեռնարկությունների հիմնադիր նախագահ Կոնստանտին Սոկոլովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը:

    Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունություն ապահովման տեսանկյունից:

    Կողմերը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը և դրա իրականացման կարևորությունը՝ կարևորելով նաև ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

  • «Բջնի»-ն չի ունեցել ոչ մի դրամի հարկային պարտք․ Խաչատուր Սուքիասյանի խոսնակ | Բիզնես

    Այս օրերին որոշ շահագրգիռ շրջանակներ կրկին կեղծ հրապարակումներ են տարածում՝ պնդելով, թե իբր «Բջնի» գործարանն ունեցել է հարկային պարտավորություններ։ Այս մասին գրել է «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում։

    «Այս օրերին որոշ շահագրգիռ շրջանակներ կրկին փորձում են շահարկել Սերժ Սարգսյանի կողմից «Բջնի» հանքային ջրերի գործարանի խլման թեման. կեղծ հրապարակումներ են տարածում՝ պնդելով, թե իբր գործարանն ունեցել է հարկային պարտավորություններ։ Հիշեցնում եմ ևս մեկ անգամ. «Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել և գործել է բացառապես հաշիվ-ապրանքագրերով՝ օրենքի տառին լիովին համապատասխան։ Բոլորը գիտեն, որ գործարանը խլվել է, և խլվել է հորինված պատճառներով: Գործարանն ամիսներ շարունակ ստուգվել է, անգամ մեկ դրամի հարկային պարտավորություն չի ունեցել: «Բջնին» խլվել է այն տարիներին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի օրոք»,-գրել է նա։

  • Վահագն Ալեքսանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ | Քաղաքականություն

    Վահագն Ալեքսանյանը 62 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ փոխնախագահ։

    Քվեարկությանը մասնակցել են միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

    Ընդդիմադիր խմբակցություններից ընտրությանը մասնակցել է «Ուժեղ Հայաստան»-ը՝ նախապես հայտարարելով, որ դեմ է քվեարկելու։ Միաժամանակ, «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։