Category: ArmPulse

  • Ռուբինյանն ու Ստեֆանչուկը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները | Քաղաքականություն

    Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։

    Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։

    Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն ռադայի միջև համագործակցության օրակարգին՝ կարևորելով խորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը և փոխգործակցության նոր հնարավորությունների օգտագործումը։

    Քննարկվել են նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող թեմաներ։

  • Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ | Հայաստան

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2010-2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևանի հասցեներից մեկում գտնվող 2500 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխության գործընթացը հակաօրինական ճանապարհով ավարտին հասցնելու և այն ապօրինի կերպով քաղաքապետի տեղակալի որդուն օտարելու նպատակով կազմել և քաղաքապետին է ներկայացրել կեղծ տվյալներ:

    Բացի այդ, վերջինս ռեստորանային համալիրներից մեկի զբաղեցրած հողամասի մի հատվածի նկատմամբ ՍՊ ընկերության իրական շահառու՝ ՀՀ 3-րդ նախագահի թիկնազորի պետի կնոջ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, Ուսանողական այգու տարածքում ընկերության կողմից կառուցված շինության վերաբերյալ կազմել է կեղծ եզրակացություն, և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված նորմերին հակառակ՝ հողամասն ավելի քան 24 մլն դրամով ապօրինի օտարվել է հիշյալ ընկերությանը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին ու օրինական շահերին:

    Նախաքննության ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

  • Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը | Բիզնես

    Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը, որի ընթացքում վեց կրոնավոր իսրայելցի հրեաներ թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի  Սուրբ մուտքի վրա և քարեր են նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։Այս առիթով Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբը հանդես է եկել պաշտոնական  հայտարարությամբ։

    «Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը, որի ընթացքում վեց կրոնավոր իսրայելցի հրեաներ թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի  Սուրբ մուտքի վրա և քարեր են նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։ Այս ծանր միջադեպը միանում է Երուսաղեմի հայ համայնքի դեմ ուղղված ոտնձգությունների, ահաբեկման և բռնարարքների շարունակական շարքին։

    Այսպիսի կրկնվող հարձակումները խորացնում են այն մտահոգությունը, թե դրանց հեղինակները գործում են անպատժելիության մթնոլորտում։ Թեև այս արարքները չեն ներկայացնում իսրայելական հասարակությունն իր ամբողջությամբ, պատասխանատուների նկատմամբ հետևողական օրենքի կիրարկման և դատական հետապնդման բացակայությունը նպաստում է նման հարձակումների շարունակությանը։ 

    Կոչ ենք անում Իսրայելի նախագահ պարոն Իցհակ Հերցոգին՝ հրապարակայնորեն դատապարտել այս հարձակումը և վերահաստատել Իսրայելի պետության հանձնառությունը՝ այն է՝ պաշտպանել Երուսաղեմի և Իսրայելի բոլոր կրոնական և ազգային համայնքների անվտանգությունը, արժանապատվությունն ու հիմնարար իրավունքները»։

  • Արարատ Միրզայանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ | Քաղաքականություն

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից։

    Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական բնույթի գործընկերության օրակարգի զգալի ընդլայնումն ու արձանագրված շոշափելի արդյունքները: Անդրադարձ է կատարվել հետագա ծրագրերին:

    Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սինհայի անձնական ներդրումը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման ու երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:                                        

     

  • Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով | Քաղաքականություն

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

    Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։  

    Ուղերձում ասված է. 

    «Ձերդ Գերազանցություն, 

    Մեծ հաճույքով իմացա Ձեր վերանշանակման մասին։ Այս առիթով ցանկանում եմ հղել իմ անկեղծ շնորհավորանքները։

    Չինաստանը և Հայաստանը վայելում են երկարամյա ավանդական բարեկամություն։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարի առաջ, երկկողմ հարաբերությունները պահպանել են ամուր և կայուն աճ, իսկ գործնական համագործակցությունը տվել է բեղմնավոր արդյունքներ։

     Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության և փոխշահավետ սկզբունքներով, խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում և շարունակաբար հարստացնելու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։

    Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր ջանքերում»:

     

  • Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի | Հայաստան

    «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են գլխավոր տնօրենի տեղակալները, մասնաճյուղերի տնօրենները, Երևան քաղաքի էներգաիրացման և սպասարկման դեպարտամենտի ղեկավար կազմը, ինչպես նաև շահագործման շրջանների ղեկավարները։

    Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

    Քննարկման սկզբում կառավարիչը տեղեկացրել է, որ օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանրային լսում։ Առաջիկա շաբաթների ընթացքում Կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի։   Սահմանված կարգով կիրականացվի շուկայական արժեքի գնահատում, սեփականատերերը պաշտոնապես կծանուցվեն, կստանան փոխհատուցում, որից հետո ընկերությունը պետական գրանցում կստանա՝ որպես 100% պետական սեփականություն։

    Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է, որ թեև բաշխման ցանցում պլանային աշխատանքների իրականացման միջին տևողությունը կրճատվել է, սակայն իրականացվող աշխատանքների արդյունավետության և վերահսկողության տեսանկյունից դեռևս կան խնդիրներ։

    Ժամանակավոր կառավարիչը նշել է, որ բոլոր տեսուչները պարտավոր են 24 ժամ հասանելի լինել քաղաքացիներին և արագ արձագանքել բոլոր վթարների դեպքում՝ ապահովելով բաժանորդների անխափան էլեկտրամատակարարումը և պատշաճ իրազեկումը՝ վթարային և պլանային աշխատանքների վերաբերյալ։  

    Վթարավերականգնողական աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ տրվեն ոչ թե ժամանակավոր, այլ վերջնական և արդյունավետ լուծումներ՝ կանխարգելելով վթարների հնարավոր կրկնությունը։

    Քննարկվել է նոր բաժանորդների՝ բաշխման ցանցին միանալու հայտերի ահռելի քանակը, ինչը մեծապես պայմանավորված է նաև ապրիլի վերջերին նոր բաժանորդ դառնալու սակագների էական նվազեցմամբ (մինչև 40%)։ Վերջին 2 ամսվա ընթացքում շուրջ 2500 նոր բաժանորդ է միացել բաշխման ցանցին, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 35%-ով։

    Նոր բաժանորդների ցանցին միացման աշխատանքներն այս պահին իրականացվում են տարբեր եղանակներով, այդ թվում՝ կապալառու ընկերությունների միջոցով, ընկերության սեփական կարողություններով, ինչպես նաև նոր կնքված կապալի պայմանագրերով։

    Ռոմանոս Պետրոսյանը նաև անդրադարձել է օրերս Երևանի Պապ թագավորի անվան փողոցում տեղի ունեցած մալուխագծի վթարին, որի առնչությամբ ՀԷՑ-ում ներքին հետաքննություն է իրականացվում։

    «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հետևողական է լինելու ՀՀ բոլոր համայնքներում իրականացվող բարեկարգման աշխատանքների պատշաճ իրականացմանը՝ կանխելու ընկերության սեփականության հանդիսացող էլեկտրամալուխների վնասումը և դրանց հետևանքով առաջացող հնարավոր վթարները։

    Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է.

    «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ճգնաժամային կառավարման շրջափուլն այսօրվանից փոխակերպում ենք կայուն զարգացման մասշտաբային գործընթացի»։

     

  • Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է իր հետ կապված խոսակցություններին | Հայաստան

    Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է իր հետ կապված խոսակցություններին և սոցցանցի էջում գրել հետևյալը․

    «Հետևելով Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ հարկ եմ համարում

    ներկայացնել պարզաբանումներ «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության և իմ պաշտոնավարմանն

    առնչվող հարցերի վերաբերյալ։ Հուսով եմ՝ ներկայացված փաստերը կնպաստեն

    թեմայի շուրջ ձևավորված թյուրընկալումների վերացմանը։

    1. Իմ ղեկավարության ընթացքում

    Հայփոստը պետական բյուջե է վճարել 1 միլիարդ ՀՀ դրամ դիվիդենտ (հիմք՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2141-Ա որոշում)։

    2. 2025 թվականի արդյունքներով` ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը (ընկերության EBITDA-ն) եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը, առավել ևս պետությունը փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն)։

     

    3. Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների՝ իմ

    ղեկավարության ընթացքում` 2025 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է

    շուրջ 900 միլիոն դրամով (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն):

    4. Ես վերջին գոնե թե 10 տարիների Հայփոստի ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ։ Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ:

    5. 2024 թվականին ինձ վճարված շուրջ 5 միլիոն դրամը, որն իմ հայտարարագրում ներկայացվել է որպես «այլ եկամուտ», օրենքով սահմանված մայրության նպաստ է։

     

    6. Հարկ եմ համարում հիշեցնել, որ ստանձնել եմ Հայփոստի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները 2024 թվականի նոյեմբերի 22-ին։ Հետևաբար, 2024 թվականի տարեկան ֆինանսական ցուցանիշների կամ նախորդող գործընթացների (սակագների վերանայում և այլն) պատասխանատվություն կրել օբյեկտիվորեն հնարավոր չէ։

     

    Կոչ եմ անում զերծ մնալ փաստերի կամայական մեկնաբանություններից և հարցերը դիտարկել

    բացառապես մասնագիտական տիրույթում»։

  • Ճապոնիայի կառավարությունը 153 միլիոն դոլար կհատկացնի երկրաշարժի հետևանքների վերացման համար | Հասարակություն

    Ճապոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից կհատկացնի 24,2 միլիարդ իեն (մոտ 153 միլիոն ԱՄՆ դոլար) Կումամոտոյի պրեֆեկտուրայում հուլիսի 28-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքների վերացման համար։Որոշման մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

    «Նախարարների կաբինետը որոշում է ընդունել օգտագործել ընդհանուր առմամբ 24,2 միլիարդ իեն՝ Կումամոտոյի երկրաշարժին արձագանքելու համար»,- ասել է նա։

    Միջոցների մեծ մասը կուղղվի տուժած շրջաններում վերականգնողական և վթարային աշխատանքներին, որոնք կներառեն նաև ճանապարհային ենթակառուցվածքներն ու կամուրջները, տուժածներին ժամանակավոր կացարանների տրամադրմանը, ինչպես նաև նյութական օգնությանը՝ տարհանման կենտրոններում սննդի և մահճակալների տեսքով։

    Հուլիսի 28-ին տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժը դարձավ երկրում վերջին տարիների ամենահզորներից մեկը։

  • Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ և ՀՀ միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը․ Սլովենիայի վարչապետ | Քաղաքականություն

    Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.

    «Ձերդ Գերազանցություն, Սլովենիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից թույլ տվեք հղել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր կարևոր պարտականությունների կատարման գործում։

    Ընտրությունների արդյունքները հստակորեն արտացոլում են հայ ժողովրդի հանձնառությունն իրենց երկրի եվրոպական ուղուն։ Սլովենիան շարունակում է մնալ Եվրոպական միության և Հայաստանի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը։ Գովելի են նաև Ձեր նշանակալի ջանքերն ու նվիրվածությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության առաջխաղացման գործում։

    Համոզված եմ, որ կբացվեն բազմաթիվ հնարավորություններ մեր հարաբերությունները հետագայում ամրապնդելու համար։ Ես անհամբեր սպասում եմ մեր քաղաքական երկխոսության խորացմանը և երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր երկու ազգերի։ Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը»։

  • Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին | Քաղաքականություն

    Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

    Լատվիայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

    «Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ Ձեզ հետ աշխատանքի շարունակականությունը՝ մեր երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների»,- գրել է նախարարը։