Category: ArmPulse

  • Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով | Քաղաքականություն

    Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

    «Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ (դատավոր՝ Լևոն Պետրոսյան)՝ քննիչի միջնորդությունը բավարարվեց մասնակի, և քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով»։

    Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում կայացնելու մասին։  

  • Ռուբեն Ռուբինյանին շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը | Քաղաքականություն

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեցզին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, որում, մասնավորապես, ասվում է.

    «Ձե՛րդ գերազանցություն,

    Մեծ ուրախությամբ տեղեկացա Ձեր՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու մասին։ Այս առիթով ցանկանում եմ հղել Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքները։

     

    Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարիների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները պահպանել են կայուն ու շարունակական զարգացում, և «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցությունը տվել է նշանակալի արդյունքներ։

     

    Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցությունը և նոր ներդրում ունենալու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացման գործում։

     

    Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում»։

  • Հայկ Կոնջորյանն ընտրվեց 9-րդ գումարման ԱԺ փոխնախագահ

    Քվեարկությանը մասնակցել են միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
  • Ուզբեկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով | Քաղաքականություն

    Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

    Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

    Ուղերձում ասված է.

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

    Ինձ համար մեծ ուրախություն է հղել Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակվելու առիթով։

    Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը, երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետևողական զարգացմանը։

    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

     

  • 9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում | Քաղաքականություն

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որի գրեթե բոլոր նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում։

    Մասնավորապես, վերանշանակվել են՝

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը,

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,

    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը,

    ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը,

    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը,

    Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը,

    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը,

    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

     

  • Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան | Հայաստան

    Դատախազը 2026 թվականի օգոստոսի 3-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 2003-2008 թվականներին ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ի (Հայկ Հարությունյան) վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների քրեական վարույթի շրջանակում դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի 18-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նախկին ոստիկանապետի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

    Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ Հ.Հ.-ն 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ.

    •  Կազմակերպել է «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հեռացնելու գործողությունները:

    •  Կազմակերպել է քաղաքի կենտրոնական հատվածներում քաղաքացիների կուտակումներն ու հնարավոր հետագա ցույցերը բացառելուն ուղղված գործողությունները, որոնցով էական վնաս է պատճառվել պետության և քաղաքացիների օրինական շահերին:

    Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Հ.Հ.-ն, հանդիսանալով ոստիկանության ղեկավար, դրսևորել է պաշտոնեական անփութություն՝ Կառավարության քննարկմանը չներկայացնելով «Չերյոմուխա 7», «Զարյա» և այլ հատուկ միջոցների կիրառման կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր:

    Հաշվի առնելով, որ Հ.Հ.-ն 2019 թվականին մահացել է, նրան մեղադրանք առաջադրելու մասին որոշումը հանձնվել էր օրինական ներկայացուցչին՝ վերջինիս կնոջը: Մեղադրյալի կինն առարկել է մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ՝ պահանջելով գործի քննություն:

    Դրանից հետո հսկող դատախազը մայր գործից անջատված քրեական վարույթի նյութերը վերադարձրել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու համար, ինչից հետո գործն ուղարկվել է դատարան:

  • Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 21 հազար խախտում | Հասարակություն

    Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր առմամբ 21 653 խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 388 տրանսպորտային միջոց:

    Երևանի պարեկները հաշվետու շաբաթվա ընթացքում արձանագրել են 5248 խախտում՝ տուգանային հրապարակ տեղափոխելով 170 ավտոմեքենա:

    Մայրաքաղաքում հայտնաբերված հիմնական իրավախախտումները.

    • Ոչ սթափ վարորդներ. 183 անձ,

    • Առանց վարորդական իրավունքի վկայականի. 153 անձ,

    • Չամրակապված վարել. 894 դեպք,

    • Վարելու ընթացքում ծխել. 699 դեպք,

    • Ղեկին հեռախոսից օգտվել. 383 դեպք,

    • Առանց մանկական նստատեղի (քարսիթ). 37 դեպք,

    • Հաշվառման համարանիշի խախտումներ. 36 դեպք,

    • Հետիոտնի խախտումներ (անթույլատրելի հատվածով անցում). 10 դեպք,

    • Տեխնիկական և փաստաթղթային խախտումներ. 85 մեքենա՝ տեխզննում չանցած, 68-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 40-ը՝ մգեցված (թաղանթապատված) ապակիներով, 13-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի:

    Բացի այդ, մայրաքաղաքում տարբեր կասկածանքներով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 72 անձ։

    Մարզերում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 16 405 խախտում։ Հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 218 ավտոմեքենա։

    Մարզերում գրանցված ցուցանիշները.

    • Ոչ սթափ վարորդներ. 313 անձ,

    • Առանց վարորդական իրավունքի վկայականի. 463 անձ,

    • Չամրակապված վարել. 4489 դեպք,

    • Սահմանված արագության գերազանցում. 2954 դեպք,

    • Ղեկին հեռախոսից օգտվել. 721 դեպք,

    • Վարելու ընթացքում ծխել. 605 դեպք,

    • Առանց մանկական նստատեղի (քարսիթ). 328 դեպք,

    • Հաշվառման համարանիշի խախտումներ. 68 դեպք,

    • Հետիոտնի խախտումներ. 81 դեպք:

    Տեխնիկական խախտումների թվում՝ 570 մեքենա շահագործվել է առանց տեխզննման, 493-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 150-ը՝ թաղանթապատված ապակիներով, իսկ 57-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի: ևս 19 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։

    Մարզերում տարբեր կասկածանքներով ձերբակալվել և ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ:

  • Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ | Հայաստան

    ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վարույթով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

    Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելը):

    «Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը»,- փոխանցել են Քննչական կոմիտեից։

    Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Ավետ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի մոտ ծեծի են ենթարկել մի խումբ անձինք, որոնց թվում են՝

    • Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը,

    • Նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը,

    • Աբովյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանը,

    • Նաիրի Հակոբյանի ընկերը՝ «Էլլարի Սաքո» մականվամբ հայտնի Սարգիսը,

    • Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և Ազատ Շահոյանը:

    Համացանցում տարածված տեսագրությունում երևում է, թե ինչպես են չորս տղամարդիկ մոտենում գետնին ընկած քաղաքացուն (ըստ աղբյուրի՝ Ավետ Կոնջորյանին) և ոտքերով ու բռունցքներով հարվածներ հասցնում նրան, որից հետո հեռանում են դեպքի վայրից:

    ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ միջադեպին նախորդել է վեճ․ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցրել։ Makaryan News-ի հրապարակած տեսանյութում արձանագրվել էր դրվագներից մեկը, թե ինչպես է Կոնջորյանը՝ պարեկային ավտոմեքենայի ուղեկցությամբ անցնելիս, սեռական բնույթի հայհոյանքներ ուղղում Հակոբյանի տան ուղղությամբ։

  • Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

    2026 թվականի օգոստոսի 3-ից Դավիթ Համբարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
  • Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ | Հայաստան

    ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Լուրը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

    Գերատեսչությունից տեղեկացրել են, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով։

    Ավետ Կոնջորյանի գործողությունների վերաբերյալ իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։

    Ըստ Իոաննիսյանի ներկայացրած հաղորդման՝ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով հնչեցվել են առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ, ինչն իր մեջ պարունակում է խուլիգանության հատկանիշներ։