Category: ArmPulse

  • Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական երկրների դեսպաններին | Քաղաքականություն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին և նրանց հետ քննարկել «Թրամփի ուղի» նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

     

    Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի և արաբական երկրների միջև ձևավորված են պատմական և մշակութային ամուր կապեր։ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական կապերի խորացման ուղղությամբ նոր նախաձեռնությունների առաջմղմամբ։

  • Ռուսաստանը հանցագործություն է գործել մեր պետության դեմ․ Կոբախիձե | Քաղաքականություն

    Միակ պետությունը և միակ կողմը, որն իրականացրել է Վրաստանի տարածքների օկուպացիան, բնականաբար, Ռուսաստանի Դաշնությունն է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

    «Ինչ վերաբերում է օկուպացիային, այստեղ ամեն ինչ բացարձակապես պարզ է։ Այս կապակցությամբ բազմաթիվ հայտարարություններ են արվում, և այս հարցն այլևս լրացուցիչ պարզաբանումների կարիք չունի։ Իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն իրականացրել է Վրաստանի տարածքի 20%-ի օկուպացիան, ինչը հանցագործություն էր վրացական պետության և մեր ժողովրդի դեմ։ Սա բացահայտ հանցագործություն է, որը կատարվել է վրաց պետության և վրաց ժողովրդի դեմ։ Դա օկուպացիա էր, որին հաջորդեց այսպես կոչված ճանաչումը», –ասել է Կոբախիձեն, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։   

  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է | Հասարակություն

     

    Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտից շտապօգնության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցությամբ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարան է տեղափոխվել շորի մեջ փաթաթված իգական սեռի նորածին։

    Բժշկական ինստիտուտից տեղեկացնում են, որ նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ նեոնատոլոգ Լ․ Ս․ Վարդապետյանի կողմից փոքրիկի վիճակը գնահատվել է ծանր․ արձանագրվել է մարմնի ցածր ջերմաստիճան (30°C) և շնչառական խանգարումներ։

    «Նորածինն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել է մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն՝ Bubble CPAP համակարգի միջոցով, նշանակվել են համապատասխան հետազոտություններ և բուժում։ Նորածնի քաշը 2550 գրամ է, հասակը՝ 48 սմ։ Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը»,- հայտնել են ծննդատնից։

    Դեպքի վերաբերյալ ահազանգը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին։ Ահազանգը փոխանցվել է ոստիկանության քրեական և համայնքային ստորաբաժանումներին, որոնք այժմ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Գևորգ Մելիքսեթյանն ազատվել է ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից | Քաղաքականություն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Մելիքսեթյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Մելիքսեթյանին 2026 թվականի օգոստոսի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

  • Ուկրաինան այս գիշեր հարվածել է Վորոնեժի Wildberries-ի պահեստներին | Տարածաշրջան

    Ուկրաինան այս գիշեր հարվածել է Վորոնեժի Wildberries-ի պահեստներին։ Գիշերը հրդեհված երկու պահեստներից երկրորդում հրդեհը մարվել է, հայտարարել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։

    «Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։ Մեր հրշեջների նվիրվածության շնորհիվ մենք կարողացանք կանխել հավելյալ վնասները», – հավելել է նա։

    Նահանգապետը նաև իր և մարզային կառավարության ցավակցությունն է հայտնել գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհված տղամարդու ընտանիքին, իսկ  վիրավորներին մաղթել է արագ ապաքինում։

    Գուսևը նախկինում հայտնել էր, որ տարածաշրջանը հարձակման է ենթարկվել 15 անօդաչու թռչող սարքի միջոցով, իսկ Վորոնեժի մոտ երկու խոշոր պահեստներ հրդեհվել են, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ երկուսը՝ վիրավորվել։

    Wildberries-Russ-ը հայտնել է, որ Վորոնեժի մարզում գտնվող իր լոգիստիկ օբյեկտները տարհանվում են։ Գուսևը ավելի ուշ հայտնել է, որ պահեստներից մեկում հրդեհը մարվել է 16,000 քառակուսի մետր տարածքում, մինչդեռ երկրորդում հրդեհը տեղայնացվել է 75,000 քառակուսի մետր տարածքում։ 

  • Արարատ Միրզոյանին շնորհավորել է Հորդանանի արտաքին գործերի նախարարը | Քաղաքականություն

    Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ,հայտնում են ԱԳՆ-ից։

    «Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և համատեղ աշխատել խաղաղության, կայունության և միջազգային գործընկերության մեր ընդհանուր հանձնառությունն առաջ մղելու ուղղությամբ»,- ասված է Հորդանանի ԱԳ նախարարի ուղերձում։

     

     

  • Հայ աշակերտները երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում | Մշակույթ

    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է, որ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում մեր աշակերտները երկու բրոնզե մեդալ են շահել, իսկ թիմային պայքարում 120 երկրի մեջ զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիային, Հոնկոնգին, Պուերտո Ռիկոյին և Իսպանիային։

    Հայաստանի թիմի մասնակիցները ներկայացնում են Երևանի, Գյումրու և Վանաձորի պետական դպրոցները և ընտրվել են ներհայաստանյան փուլում 170 աշակերտից։

  • «Մենք ունենք պատրաստի նախագիծ՝ Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման գծեր կառուցելու համար՝ Հայաստանի միջոցով» | Քաղաքականություն

    Նախիջևանում Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ, երբ իրենք   առաջ էին քաշում , այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարն ու նախաձեռնությունը, առաջին հերթին ենթադրում էին տրանսպորտային հատվածը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

    «Սակայն այսօր մենք այն քննարկում ենք ավելի լայն շրջանակներում։ Մենք ունենք պատրաստի նախագիծ՝ Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման գծեր կառուցելու համար՝ Հայաստանի միջոցով»,- հայտարարել է Ալիևը։

     

  • Մաշտոցի պողոտայում մեքենան բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին | Հասարակություն

    Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Արամի փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Խրին Արմանի վարած «Audi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արշակ Գասպարյանի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկություններ, տուժածներ չկան, բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին։ 

    Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Audi»-ի վարորդը եղել է ոչ սթափ, տևական ժամանակ փորձել է պարեկների մոլորեցնել և սթափության թեստ չհանձնել։

  • Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է | Հասարակություն

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 22։32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

    Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։