Category: ArmPulse

  • Թուրքիայում «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է | Տարածաշրջան

    Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է։ Եկեղեցին զգալի վնաս էր կրել 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած 7.6-7.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։

    Եկեղեցին կառուցվել է 1876-ին և ունի 150 տարվա պատմություն։

    «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները կիրականացվեն պետության կողմից տրամադրված 5 մլն լիրայի (105.000 դոլար) աջակցությամբ:

    Երկրաշարժից հետո վնասվել և ավերվել է խորանի հատվածը։ Թաբաշն ընդգծել է, որ եկեղեցին այս շաբաթվա վերջին ամբողջությամբ փակ կլինի պատարագների համար։ 

    Վերականգնման շրջանակներում կնորոգվի եկեղեցու տանիքը, կվերականգնվի հատակը և կլուծվի առկա ջրահեռացման խնդիրը։ Կվերակառուցվեն խորանները, և անհրաժեշտ աշխատանքներ կկատարվեն վերանորոգման կարիք ունեցող պատերի տեսքը վերականգնելու համար։ Բացի այդ կվերականգնվեն նաև եկեղեցուն կից կառույցները, խանութները, որոնք ապահովում են եկեղեցու եկամտի աղբյուրը։

  • Համբարձում Մաթևոսյանը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ հանդիպել է Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ | Հասարակություն

    Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել ՇՄՆ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ։

    Հանդիպման ընթացքում երիտասարդները նախարարին են փոխանցել LCOY Armenia-ի շրջանակում՝ ավելի քան 100 երիտասարդների ու դեռահասների մասնակցությամբ մշակված Երիտասարդների ազգային հայտարարությունը։ Փաստաթուղթն ամփոփում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երիտասարդների առաջնահերթություններն ու առաջարկները։

    Նախարարն ընդգծել է երիտասարդների ներգրավվածության կարևորությունը բնապահպանական օրակարգերի ձևավորման գործում՝ նշելով․ «Երիտասարդների գաղափարները, նախաձեռնողականությունն ու նորարար մոտեցումները կարող են էական ներդրում ունենալ մեր երկրի բնապահպանական քաղաքականության մշակման և իրականացման գործում»։

  • Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը

    Խախտումների պատճառով արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
  • Կփոխվի կառավարության անդամների երդման տեքստը | Հայաստան

    «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն Ազգային ժողովի դեռևս օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում է։ Ըստ նախագծի, կփոփոխվի կառավարության անդամների երդման տեքստը։

    Նոր տեքստը կշարադրվի հետևյալ բովանդակությամբ․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»։

    Ըստ նախագծի հիմնավորման՝ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը, որոնք անհրաժեշտ պայմաններ են ժողովրդավարական և իրավական պտության համար։ Մինչ այս պահին գործող տեքստն ունի հետևյալ բովանդակությունը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:    

  • « Ստորագրված փաստաթղթերում չկա Զանգեզուրի միջանցք» եզրույթը» | Քաղաքականություն

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարությանը, որտեղ նա կրկին օգտագործել է ՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

    Պատգամավորը հիշեցրել է, որ ստորագրված փաստաթղթերում նման արտահայտություն չկա։

    «Կան ստորագրված փաստաթղթեր, հայտարարություններ, նույնիսկ՝ նախաստորագրված համաձայնագրի նախագիծ, և այդ բոլոր փաստաթղթերում որևէ տեղ չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը. նման բան չկա»,- ասել է Եղոյանը։

    Նա հիշեցրել է, որ Հայաստանի տարածքում գոյություն ունի ԹՐԻՓՓ նախագիծը, որի տակ դրված են Ադրբեջանի նախագահի, ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրությունները։

    «Դրան հաջորդել են այլ փաստաթղթեր ևս, այդ թվում՝ օրեր առաջ հրապարակված եռակողմ համատեղ հայտարարությունը՝ օգոստոսի 8-ի համաձայնության մեկամյակի առիթով, և այնտեղ ևս այդ արտահայտությունը չկա»,- ասել է Արման Եղոյանը։

     

  • Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանցի մասնագետները ՀՀ տարածքում աշխատանքներ են իրականացնում TRIPP նախագծի շրջանակու | Քաղաքականություն

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ընդգծելով, որ ըստ դրանց՝ ադրբեջանցի մասնագետները TRIPP նախագծի շրջանակներում վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենարանների տեղադրման վայրերը։

    Պատգամավորի դիտարկմամբ՝ Ալիևի հայտարարությունից պարզ է դառնում, որ ադրբեջանցի մասնագետներն ազատ գործում են Հայաստանում՝ իրականացնելով իրենց համար կարևոր նշանակություն ունեցող աշխատանքներ։

    Բացի այդ, Աբրահամյանը շեշտել է, որ Ալիևը խոսել է Հայկական ատոմակայանի փակումից հետո Հայաստանում սպասվող էներգետիկ ճգնաժամի մասին՝ ակնարկելով Ադրբեջանի կողմից լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Ըստ պատգամավորի՝ սա վկայում է այն մասին, որ ԱԷԿ-ի փակման հարցն արդեն քննարկվել ու լուծվել է, և այժմ քննարկվում են ադրբեջանական կողմի հետագա քայլերը։

  • Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին | Քաղաքականություն

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 12-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիի հետ։

    Դեսպանը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

    Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների՝ ռազմավարական գործընկերության մակարդակով զարգացման կապակցությամբ։ Քննարկվել են միջխորհրդարանական կապերի խորացման, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

  • Արարատի մարզում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը ժամեր անց գիտակցության չգալով մահացել է | Հասարակություն

    Օգոստոսի 5-ին կրակոց է հնչել Արարատի մարզում, որը ողբերգական ավարտ է ունեցել։ Այդ օրը ժամը 08:15-ի սահմաններում Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդ բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «ձախ գոտկային հատվածում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը հիվանդանոցից փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

    Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդի բնակիչ 67-ամյա Մելքոն Գ.-ն է, ով իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-Բ» 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է իր ձախ գոտկային հատվածին։

    Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Մելքոն Գ.-ն գիտակցության չգալով մահացել է։

  • Թուզլուջայի քաղաքապետ Թյուրքանը կոչ է անում խաղաղության և համագործակցության | Տարածաշրջան

     

     Թուրքիայի Թուզլուջայի քաղաքապետ Ահմեթ Սաիթ Սադրեթթին Թյուրքանը հայ-թուրքական սահմանի զրոյական կետում գտնվող Հալըքիշլա գյուղում գնահատականներ է տվել տարածաշրջանի պատմությանը, անվտանգությանը և երկու երկրների միջև հարաբերություններին։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

     Թյուրքանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ամուր համագործակցությունը օգուտ կբերի երկու կողմերին էլ: Թյուրքանն ասել է. «Որպես թուրք ժողովուրդ և տարածաշրջանի ժողովուրդ, մենք միշտ ասում ենք խաղաղություն, եղբայրություն և հանգստություն: Մենք հավատում ենք, որ նոր դարաշրջանում Թուրքիայի հետ համատեղ գործող բոլոր ժողովուրդներն ու պետությունները կհաղթեն»:

    Նա անդրադարձել է նաև ՀՀ վարշապետ Փաշինյանին և նրա  քայլերին դրական գնահատական տվել։
    Հայտնելով, որ ինքը դրական է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջերս ընդունված ուղերձներն ու որոշումները, Թյուրքանը նշել է, որ այդ քայլերը չափազանց կարևոր են տարածաշրջանում խաղաղ միջավայրի ստեղծման համար: 

    Նշելով, որ թուրքական կողմից մոտ 6 միլիարդ դոլարի ներդրումներ են կատարվել, Թյուրքանն ասել է, որ եթե սահմանը բացվի և հարաբերությունները կարգավորվեն, այդ ներդրումները նաև տնտեսական օգուտներ կբերեն հայ ժողովրդին.

    «Սահմանի այս կողմում մեծ ներդրումներ են կատարվում: Ինչո՞ւ մյուս կողմի ժողովուրդը նույնպես չպետք է օգտվի այս հնարավորություններից: Խաղաղությունն ու համագործակցությունը կապահովեն տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր զարգացումը»:

    Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան սահմանի անվտանգության միջոցառումներին, Թյուրքանը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը ուշադիր հետևում են սահմանին՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական համակարգեր:

    Իր խոսքը խաղաղության և եղբայրության ուղերձներով ավարտելով՝ Թյուրքանն ասել է. «Կեցցե՛ եղբայրությունը, կեցցե՛ գեղեցկությունը, կեցցե՛ տարածաշրջանի ժողովուրդների զարգացումը, առաջընթացը և խաղաղությունը։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ ավելի լավ կլինի»։

  • Օգոստոսի 12–13-ին սպասվում են միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ | Հասարակություն

    Օգոստոսի 12–13-ին մեզ սպասվում են միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։

     

    Վեց մոլորակների շքերթ

    Լուսաբացից առաջ երկնքում միաժամանակ կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Դիտարկումները լավագույնն է սկսել արևածագից մի քանի ժամ առաջ։

    Արեգակի լրիվ խավարում

    Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։

     

    Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում:

    Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

    Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կլինի նաև տարվա ամենագեղեցիկ ասուպային հոսքերից մեկի՝ Պերսեիդների առավելագույն ակտիվության շրջանը։ Մութ և պարզ երկնքի պայմաններում հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։

     

    Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի, քանի որ Լուսնի պայծառ լույսը չի խանգարի երկնային այս տեսարանին։