Category: ArmPulse

  • Էրդողանն անդրադարձել է Թրամփի հետ հանդիպմանը. Հարավային Կովկասի թեման օրակարգում չի եղել | Տարածաշրջան

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։

    Ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հարավային Կովկասի թեման, Էրդողանը պատասխանել է.

    «Այդ հարցը մեր օրակարգում չի եղել, սակայն մենք ցանկացած պահի կարող ենք պարոն Թրամփի հետ հեռախոսով կրկին քննարկել նմանատիպ թեմաներ»։

  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային՝ պաշտպանական համագործակցության համար | Քաղաքականություն

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային՝ պաշտպանական ոլորտում համագործակցության համար։

    Report-ի հարցին առցանց ձևաչափով պատասխանելով՝ Զելենսկին հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում արդեն իսկ շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանին և Թուրքիային համագործակցության համար՝ նշելով, որ ցանկանում է կրկնել այդ խոսքերը։

    «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Թուրքիային։ Մենք իսկապես սկսել ենք համագործակցել նաև պաշտպանական ոլորտում։ Թույլ տվեք այս պահին չմանրամասնել։ Սակայն երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը բավական արագ է զարգանում։ Խորին երախտագիտություն եմ հայտնում այդ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին»։

  • ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բայրամովի աղմկահարույց հայտարարությանը | Քաղաքականություն

    Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստորագրված շրջանակային համաձայնագրում: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը արձագանքել Ադրբեջանի ԱԳ նախարարի աղմկահարույց հայտարարությանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցմանը։

    Բայրամովը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել, ավելին, պնդել է, թե դրա մուտքի և ելքի կետերը գտնվելու են Ադրբեջանի տարածքում։

    «Զանգեզուրի միջանցքի՝  Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ Միացյալ Նահանգները նույնպես մասնակցում է այս գործընթացին։ Բանակցությունները հիմնականում ընթանում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի տարածքին։ Միևնույն ժամանակ, իրողությունն այն է, որ այս միջանցքի թե՛ մուտքի, թե՛ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- հայտարարել է Բայրամովը։

  • Մամուլից եմ տեղեկացել. Նարեկ Կարապետյանը` իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին | Քաղաքականություն

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի մասին տեղեկացել է մամուլից։ Նրա պնդմամբ՝ որևէ իրավապահ կառույցից պաշտոնական հրավեր կամ ծանուցում չի ստացել։

    Անդրադառնալով երկքաղաքացիության վերաբերյալ հնարավոր կասկածներին՝ Կարապետյանը շեշտել է, որ բոլոր համապատասխան երկրները հարցումներին ի պատասխան հաստատել են, որ ինքն իրենց քաղաքացի չէ։ Ինչ վերաբերում է զինծառայությունից խուսափելու թեմային, նա նշել է, որ մի քանի ամիս առաջ իրավապահներն իրեն կանչել են բացատրություն տալու, սակայն այժմ այդ հարցով որևէ նոր գործընթաց չկա։

    «Այսօրվա Հայաստանում իրավական հիմքի բացակայությունը դեռ պատճառ չէ, որ քրեական վարույթ չհարուցվի»,- ասել է նա՝ հավելելով, որ իշխանության ծրագրերը սին են։

    Նարեկ Կարապետյանը վերահաստատել է, որ իրենց քաղաքական ուժը խորհրդարան է գնում փոփոխություններ իրականացնելու և քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակով։ Խոսելով ընտրակաշառքների վերաբերյալ հնչող մեղադրանքների և ընտրությունների արդյունքների մասին՝ նա կասկածի տակ է դրել իշխանության լեգիտիմությունը.

    •  Կարապետյանի ձևակերպմամբ՝ իշխանական պատգամավորները կրում են «գողացված ձայների դրոշմը»։

    •  Նա նշել է, որ իրենց համար էական չէ ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելու հաշվին լրացուցիչ մանդատներ ստանալը, քանի որ առաջնայինը ընտրությունների օրինականությունն է։

    Անդրադառնալով խորհրդարանական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հարցին՝ դաշինքի առաջնորդը հայտնել է, որ քաղաքական ուժի ներսում դեռևս քննարկումներ են ընթանում։ Որոշումը կայացվելու է՝ ելնելով բացառապես քաղաքական նպատակահարմարությունից և այն հանգամանքից, թե այդ պաշտոնները որքանով կօգնեն սահմանափակել կառավարող մեծամասնության («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության) ազդեցությունը։

  • Հայաստանը Մարգարայի անցակետով 80 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան | Քաղաքականություն

    Հուլիսի 9-ին Բեյրութում տեղի է ունեցել Հայաստանի կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

    Մարդասիրական բեռը, որը կշռում է շուրջ 80 տոննա, ներառում է դեղորայք, բժշկական պարագաներ, սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Այն Լիբանան է տեղափոխվել ցամաքային ճանապարհով՝ հատելով Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը և անցնելով Թուրքիայի տարածքով։

    Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի Բարձրագույն օգնության հանձնաժողովի գլխավոր քարտուղար, գեներալ Բասսամ Նաբուլսին, ինչպես նաև պատգամավորներ և պետական այլ պաշտոնյաներ։

    • Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը բարեկամ Լիբանանի հետ՝ նշելով, որ այս օգնությունը երկու ժողովուրդների պատմական բարեկամության վկայությունն է: Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր ներդրումը Լիբանանի մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում։

    • Բասսամ Նաբուլսին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերված աջակցության համար՝ ընդգծելով, որ այն բարձր է գնահատվում Լիբանանի իշխանությունների և ժողովրդի կողմից։

  • Փաշինյանը Ծառուկյանին ձերբակալելով ինքն իրեն գերազանցեց․Սամվել Կարապետյան | Քաղաքականություն

    Փաշինյանը Ծառուկյանին ձերբակալելով ինքն իրեն գերազանցեց, համաշխարհային խայտառակություն էր դա։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսպես արտահայտվեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ  Սամվել Կարապետյանը։

    Լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանը գործում է ակտիվ և մեկուսացնում է ընդդիմության առաջնորդներին, Կարապետյանն ասաց, որ նման գործելաոճը հանգեցնում է բազմաթիվ սխալների ։ Նա վստահություն հայտնեց, որ այդ սխալները կլինեն ճակատագրական և կգա օրա, որ ընդդիմությունն իր խոսքը կասի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը։

    Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանի հանդեպ դրսևորված վերաբերմունքը ազդակ էր մյուս ընդդիմադիր առաջնորդներին, Կարապետյանը պատասխանեց․

    «Ես, Քոչարյանն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, և մեզ դրանով հնարավոր չէ վախեցնել։Հետևաբար, մեզ համար պետք է նոր, հետաքրքրի բան մտածեն»։

  • Կոկորդիլոսը ոչ ոքի չի վնասել. ԱԻՆ աշխատակից չի տուժել. ՆԳՆ | Հայաստան

    Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, թե հուլիսի 8-ին, երբ քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ, գնացել են Գագիկ Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսների ևս Կենդանաբական այգի տեղափոխելու, միջադեպ է տեղի ունեցել․ կոկորդիլոսը հարձակվել է ԱԻՆ աշխատակցի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց։

    ՆԳՆ-ից Аrmpulse.am-ին հայտնեցին, որ տարածվող լուրերը կեղծիք է։

  • Հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ ենք արտահանել աշխարհի 15 երկիր․Գևորգ Պապոյան | Էկոնոմիկա

    Կառավարության նիստում արձանագրվել է, որ հունիսին զբոսաշրջության ոլորտում գրանցվել է պատմական ռեկորդ, իսկ Արարատի մարզում՝  նշվել է, որ  ծիրանի մթերման գինը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 400-600 դրամի։

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն  էլ  ներկայացրել է արտահանման ընդլայնվող աշխարհագրությունը։ «Մենք հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ ենք արտահանել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր և բանջարեղեն՝ 8 երկիր։ Ընդ որում, այդ արտահանումները հնարավորություն են, ուզում եմ սա էլ արձանագրենք, որ մեր տնտեսվարողները պետք է հարմարվողականություն ցուցաբերեն։ Շուկաներից յուրաքանչյուրն ունի իր պահանջները կամ ճաշակների իր բանաձևը, և պետք է մեր արտահանողները հարմարվեն։ Պետք է ջանք դրվի, որպեսզի ապրանքը համապատասխանի շուկայի ստանդարտներին և պահանջներին, ուսումնասիրությունները արվեն պատշաճ, որպեսզի այդ խնդիրները չառաջանան»,-ասել է  Գևորգ Պապոյանը։

  • «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել | Քաղաքականություն

    «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

    Իրավապահ մարմինների վերջին գործողությունները կարևոր հիշեցում են․ հանրային մեծ նշանակություն ունեցող յուրաքանչյուր գործ պետք է լինի թափանցիկ, իրավաբանորեն անխոցելի, ապացույցներով հիմնավորված և հանրության համար համոզիչ։ Պետությունը չպետք է թողնի որևէ կասկած, որ օրենքը կիրառվում է ընտրովի, քաղաքական նպատակով կամ քաղաքական հաշվարկով։

     

    Միաժամանակ, իրավական պետությունում արդարադատությունը չի կարող լինել հատվածական։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ամբողջական իրավական և քաղաքական գնահատական տալ առնվազն 1998-2018 թվականներին ձևավորված և պետությունը զավթած քրեաօլիգարխիկ համակարգին՝ ընտրությունների համակարգային կեղծմանը, քաղաքական սպանություններին, ապօրինի քրեական հետապնդումներին, ազատազրկումներին, զանգվածային բռնաճնշումներին, խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներին, սեփականության իրավունքի զանգվածային խախտումներին, կոռուպցիոն և տնտեսական հանցագործություններին, ինչպես նաև Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի և այդ ժամանակաշրջանի մյուս ծանր պետական հանցագործությունների ամբողջական բացահայտմանը։

    Նույն իրավական գնահատականի առարկա պետք է դառնան նաև պետական գույքը պարտքի դիմաց օտարելու, ռազմավարական ենթակառուցվածքները կոնցեսիոն կամ այլ ձևերով օտար կառավարման հանձնելու, Հայաստանի էներգետիկ, տրանսպորտային և այլ կենսական ենթակառուցվածքները օտար պետության կամ նրա վերահսկողության ներքո գործող կառույցների վերահսկողությանը փոխանցելու բոլոր որոշումները։ Պետք է ստուգվի դրանց օրինականությունը, սահմանադրականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության և հանրային շահի սկզբունքներին։

     

    Այս պահանջը վաղուց այլևս բացառապես քաղաքական պահանջ չէ։ Այն ունի հստակ իրավական հիմք։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը փաստացի արձանագրեց պետության պատասխանատվությունը Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում տասը անզեն քաղաքացիների կյանքի իրավունքի խախտման համար։ Սա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն առանձին կատարողների, այլև քաղաքական և ինստիտուցիոնալ պատասխանատվության ամբողջական իրացումը։

    Հանրությունը սպասում է պետությունը զավթած ամբողջ համակարգի քաղաքական և իրավական լիարժեք գնահատականին։ Պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն այդ համակարգը սպասարկած պաշտոնատար անձինք, այլև այն քաղաքական կուսակցություններն ու քաղաքական ուժերը, որոնք ձևավորել, պահպանել և վերարտադրել են այդ համակարգը՝ պետական իշխանությունը ծառայեցնելով ոչ թե Սահմանադրությանը և հանրային շահին, այլ ամեն գնով իշխանության պահպանմանը, քաղաքական հետապնդումներին, կոռուպցիոն կառավարմանն ու Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների հետևողական ձևախեղմանը։

     

    Պետական ամբողջ մեքենան տարիներ շարունակ ծառայեցվել է ոչ թե իրավական և ժողովրդավարական հանրապետության կայացմանը, այլ դրա իմիտացիայի պահպանմանը։ Հենց այդ համակարգն է ծնել անպատժելիությունը, օլիգարխիան, ընտրական կոռուպցիան, քաղաքական բռնաճնշումները և պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության համակարգային քայքայումը։

     

    Միաժամանակ, Հայաստանը պետք է վերջնականապես փակի օլիգարխիայի վերադարձի ճանապարհը դեպի քաղաքականություն։ Քաղաքական իշխանությունը չի կարող դառնալ խոշոր կապիտալի ներդրումային նախագիծ, իսկ ժողովրդի քվեն՝ ֆինանսական ռեսուրսով ձեռք բերվող ապրանք։ Ժողովրդավարությունը պահանջում է այնպիսի իրավական սահմանափակումներ և ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնք կբացառեն կապիտալի, մենաշնորհների կամ արտաքին ազդեցության միջոցով պետական իշխանության յուրացման ցանկացած հնարավորություն և փորձ։

     

    Իրական արդարադատությունը հաստատվում է, երբ օրենքը գործում է համընդհանուր և ոչ ընտրովի, իսկ պատասխանատվության է ենթարկվում ոչ թե առանձին օլիգարխը և պաշտոնյան, այլ պետությունը զավթած ամբողջ համակարգը։ Միայն այդ դեպքում Հայաստանը կփակի քրեաօլիգարխիկ անցյալի էջը և կհաստատի իրավունքի, ժողովրդավարության ու պետական ինքնիշխանության վրա հիմնված իրական հանրապետություն։